Հեղինակ՝ Գեն Մադաուս
(Gene Maddaus)
Թարգմանութիւն՝ «Սիվիլնեթ»ի
(Սկիզբը տեսնել մեր երէկուան թիւին մէջ):
Կելէն Չէյզին հանդիպել էր մի քանի տարի առաջ Մարտիրոսեանի միջոցով: Կելէն ու Մարտիրոսեանը ծանօթացել էին Լոս Անջելեսի «Թերմինալ այլանդ» բանտում՝ 1990ականների սկզբին: Երբ Կելէն ձերբակալուել էր, նա հասկացել էր, որ իրեն Չէյզն է մատնել:
Լոս Անջելես արտայանձնուելուն պէս՝ Կելէն զանգահարում է իր հին ընկեր Մարտիրոսեանին՝ Քեռն շրջանի բանտից եւ երդւում վրէժխնդիր լինել: Այդ հեռախօսազանգը ձայնագրւում է եւ յայտնւում «Weekly»ի տրամադրութեան տակ: «Նա մեզ մատնել է: Ակնյայտ է՝ նա մատնել է մեզ: Դու խօսում ես նրա հետ: Դուք գիտէք, որ դու եւ քո բոսը եւ նա, հաւանաբար ձեր կեանքի մնացած մասը կ՛անցկացնէք գուլագում: Եւ վեջս չէ, եթէ նոյնիսկ ձեզ հետ գամ», ասել էր Կելէն Մարտիրոսեանին:
Մարտիրոսեանն ասում է, որ չգիտի՝ ինչի մասին է խօսում Կելէն, եւ ցանկանում է, որ Կելէն իմանայ՝ ինքը կապ չունի նրան մատնելու հետ: Կելէն չէր հաւատում:
Աւելի վաղ՝ 2010ին, Չէյզը ձերբակալուել էր Նեւադայում՝ Սոցիալական անվտանգութեան ծառայութեան կողմից առաջադրուած մեղադրանքով: Կալանքի տակ գտնուելիս նա մէկ անգամ եւս կառավարութեան հետ համագործակցելու ցանկութիւն է յայտնում: Չէյզն ազատւում է մի քանի շաբաթից եւ ի վերջոյ ընդունում իր մեղքն այն հարցում, որ վարկի դիմելիս սոցիալական անվտանգութեան կեղծ համար է օգտագործել: Նրան փորձաշրջան է տրւում:
Կելէն վստահ էր, որ Չէյզն իրեն մատնել էր սեփական պատիժը կրճատելու համար: Նա մեղադրում էր Մարտիրոսեանին իրեն չնախազգուշացնելու համար: Նա աներկբայ համոզուած էր, որ Մարտիրոսեանը տեղեկատուութիւն է տուել. «Իմ վերջին տարիները փչացրեց. որովհետեւ տղամարդու նման չկարողացաւ մի քանի տարի նստել սոցիալական ապահովութեան իր այդ գործի համար: Ես ինձ խոստացայ, որ նա իր կեանքի մնացած տարիները պիտի անցկացնի գուլագում. նա ինձ չոքացրեց, ես էլ նրան կը չոքացնեմ»:
Երեք ամիս անց Կելէն բանտից նամակ է գրում Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանութիւն: Նամակում, որը հասել է նաեւ «Weekly»ի խմբագրութիւն, Կելէն պնդում է, որ Մարտիրոսեանն ու մէկ այլ անձ, որի անունը փոխուած էր, 2008ին իրեն վարձել են Մոսկուայում վրացի մի գործարարի սպանելու համար: Զեկոյցից, այլ փաստաթղթերից ու հարցազրոյցներից ելնելով՝ միւս մարդը Չէյզն է:
Կասկա Կալանդարիշվիլի անունով գործարարը ներգրաւուած էր նաւթի եւ գազի արդիւնաբերութեան մէջ, եւ Կելէի խօսքով՝ գործարարը վիճել էր Մարտիրոսեանի ռուսաստանցի ղեկավարի հետ:
Կելէի պնդմամբ՝ ինքը սպանութիւն գործելու մտադրութիւն երբեք չի ունեցել, եւ ինչ որ պահի Մարտիրոսեանն ու Չէյզը յետ են կանչել հրահանգը: Կ՛ելէի խօսքով՝ ինքն այս ամէնը պատմել է ՀԴԲին, սակայն նրանք իրենց սեփական լրտեսի նկատմամբ հետաքննութիւն անցկացնելու շահագրգռուածութիւն չեն ցուցաբերել: Կելէի յայտարարութիւնները հասել են Մոսկուայի ոստիկանութեան հետախոյզ Դմիտրի Միրոնովին, որը հետաքննութիւն է սկսել:
Կալանդարիշվիլին, իրականում, սպանուել էր իր տան կողքին՝ Մոսկուայի հեղինակաւոր թաղամասերից մէկում, 2009ի Փետրուարին: Ռուսական լրատուամիջոցների համաձայն՝ 47ամեայ տղամարդը կէսգիշերի մօտ զբօսանքի էր հանել իր շանը, երբ մարդասպանը մօտեցել եւ կրակել է նրա գլխին: Մէկ այլ թերթ էլ գրել էր. «Շունը չկարողացաւ պաշտպանել գործարարին մարդասպանից»:
Միրոնովը կապ է հաստատում Լոս Անջելեսի ոստիկանութեան վարչութեան հետախոյզների հետ եւ նրանց խնդրում հարցաքննել Կելէին, որը կալանքի տակ էր Լոս Անջելեսում: Միրոնովը ցանկանում էր, որ ԱՄՆ ոստիկանները որեւէ բան պարզէին, թէ ինչ կապ կայ Կելէի եւ Մարտիրոսեանի, Չէյզի ու Ռուսաստանի նաւթային բիզնեսի միջեւ:
Լոս Անջելեսի ոստիկանութեան վարչութեանը տրամադրուած հարցերի շարքում էին Մարտիրոսեանի եւ Չէյզի մասին հարցերը, ներառեալ՝ «Որտե՞ղ էին այդ պահին Չէյզն ու Մարտիրոսեանը»:
Նա ենթադրել չէր կարող, որ այս երկուսը պատրաստւում էին նուաճել Հոլիվուդը:
Մարտիրոսեանն ու Չէյզը Հոլիվուդում յայտնուեցին վեց ամիս անց՝ 2011ի Սեպտեմբերին՝ Թորոնթոյի միջազգային կինոփառատօնում ֆիլմի ազդագրով: Նրանք ընկերութիւն էին հիմնել՝ «Envision Entertainment»ը, որի տրամադրութեան տակ կար 250 միլիոն դոլար: Այն պէտք է ֆիլմեր արտադրեր երկու փոքր բիւջէ ունեցող «Էքշն» ժանրի ֆիլմերի պրոդիւսերների՝ Ռանդալ Էմեթի եւ Ջորջ Ֆուրլայի հետ: 2012ին մէկ այլ ազդագրով նրանց ֆոնդը հասել էր 525 միլիոն դոլարի:
Ազդագրերն իրականում այնքան էլ ճշմարիտ չէին: Չկար որեւէ «ֆոնդ», եւ թուերն աւելի շուտ ընտրուել էին էֆեկտի եւ ոչ թէ յստակութեան համար՝ «Envision»ի փոխնախագահ Գրանտ Կրամերի համաձայն: Սակայն այս զոյգը լուրջ փողեր էր մղում կինոարտադրութիւն: Շուտով խոշոր բիւջետային ֆիլմերում նրանց անունները սկսեցին նշուել որպէս գլխաւոր պրոդիւսեր (ֆիլմի հեղինակների շարքում Մարտիրոսեանը նշւում էր որպէս Ստեփան Մարտիրոսեան: Նրա խօսքով՝ ինքն իր անունը աննշան է փոխել՝ խուսափելու «Գուգլ»ում իր անուան հետ կապուած քոքայինի գործից):
Մարտիրոսեանն ու Չէյզն ասում են, որ իրենց նախագծերում մեծամասամբ իրենք են ներդրումներ անում, այսպէս՝ «Կենդանի Մնացածը»ում՝ 80 տոկոս, «Երկու Ատրճանակ»ում՝ 80 տոկոս եւ «Փախուստի Պլան»ում՝ 50 տոկոս (գլխաւոր դերակատարներ՝ Սիլվեսթեր Ստալոնէ եւ Առնոլդ Շուարցնեգեր):
Գրանտ Կրամերն ասում է, որ տարիներ շարունակ կինոյի բիզնեսում ներկայացրել է Չէյզի շահերը: Կրամերը, որը նման է դերասան Օուեն Վիլսոնին եւ յայտնի է 1984ի «Պնդամարմինները» սեքս-կատակերգութիւնում իր գլխաւոր դերով, Չէյզի հետ ծանօթացել է անշարժ գոյքի ոլորտում նախագծերի միջոցով: Նա հրաւիրել է Չէյզին նկարահանման
հարթակներ եւ խրախուսել, որ նրա ռուս նուիրատուները ներդրում անեն: Բելիզ կատարած շրջագայութեան ընթացքում Չէյզը ծանօթացել է Էմեթի եւ Ֆուրլայի հետ եւ դրանով ընթացք տուել գործին:
Որպէս պրոդիւսերներ՝ Չէյզն ու Մարտիրոսեանը շատ տարբեր էին: Չէյզը յաճախ նկարահանման հրապարակում էր: Որպէս կինոյի մոլի երկրպագու՝ նա խորանում էր ֆիլմարտադրութեան մանրամասների մէջ՝ յաճախ համաձայնելով ծախսել աւելի մեծ միջոցներ, եթէ, նրա կարծիքով, դա կը լաւացնէր ֆիլմի որակը: Չէյզի խօսքով՝ իր ղեկավարման ոճը յանգում է այն համոզմանը, որ «նկարահանման հարթակում իւրաքանչիւր ոք իրենց աշխատակիցն է»:
Մարտիրոսեանն աւելի քիչ մասնակցութիւն էր ցուցաբերում նախագծերի իրականացմանը, սակայն սիրում էր լուսանկարուել կինոաստղերի հետ: IMDB-ի Մարտիրոսեանի էջին կարելի է տեսնել նրա լուսանկարները Ռոբերտ դէ Նիրոյի, Բրիւս Ուիլիսի, æեսիկա Ալբայի, Նիկոլաս Քէյջի եւ այլ աստղերի հետ: Փաստը, որ նա աւելի աստղապաշտ էր, քան Չէյզը, բացատրւում է նրանով, որ նա մեծացել էր Խորհրդային Միութիւնում՝ դիտելով ամերիկեան պիրատական ֆիլմեր (ինչպէս ինքն է ասում, իր սիրուած ֆիլմերի շարքում էին «Թռիչք Կկուի Բնի Վրայով» եւ «Կնքահայրը» ժապաւէնները):
Պրոդիւսերները յաջողել են միայն մէկ ֆիլմում՝ անցեալ տարի էկրան բարձրացած «Դիտման վերջը» ժապաւէնում, մինչդեռ մնացածները կատարեալ ֆիասկօ (ձախողութիւն-Խմբ.) էին: Urth Caffe-ում տեղի ունեցած հանդիպմանը նրանք խոստովանում են, որ մինչեւ այժմ բաւական մեծ գումարներ են կորցրել:
«Մենք աւելի քան 50 միլիոն դոլար ենք ներդրել, որը չենք ակնկալում, որ հետ կը գայ: Մարկ Ուոլբերգի եւ Դենզել Վաշինգտոնի «Երկու Ատրճանակ» ֆիլմը յաջողութիւն չունեցաւ վարձոյթում: «Արատաւոր Քաղաք» ֆիլմն արժեցաւ 35 միլիոն դոլար եւ ԱՄՆում հաւաքեց ընդամէնը 20 միլիոն դոլար», ասում է Չէյզը:
«Մենք ցնցուած էինք: Ունէինք երեք մեծ աստղ՝ Ռասել Քրոուն, Քեթրին Զետա Ջոնսն ու Մարկ Ուոլբերգը: Ֆիլմն անյաջողութեան մատնուեց: Շատ ցաւալի է», ասում է Մարտիրոսեանը:
«Պատճառը ռեժիսորն ու սցենարիստն են: Մենք հանդիպեցինք որպէս ֆինանսական գործընկերներ, որոնք չեկեր էին դուրս գրում, եւ այդ ժամանակահատուածում ֆիլմերին չէինք յատկացնում այն ուշադրութիւնը, որը պէտք էր: Մենք կարծում էինք, որ մարդիկ, որոնց չեկ էինք դուրս գրում, տեղեակ էին՝ ինչ են անում», ասում է Չէյզը:
Նրանք դասեր են քաղել ժամանակի սխալներից, ասում է Մարտիրոսեանը: «Եթէ մտադիր ենք ֆիլմ արտադրել, պէտք է վերահսկենք այն սկզբից մինչեւ վերջ, չենք կարող լինել պասիւ (կրաւորական-Խմբ.) ներդրողներ», ասում է նա: Ներկայում նրանց նախագծերի թւում են ֆիլմեր, որոնք հիմնուած են Hasbro երկու խաղերի վրայ:
«Պատրաստւում ենք խելացի մօտենալ գործին: Վերջին երկու տարում շատ բան ենք սովորել: Մեր կորուստները մեզ հետ չեն պահում: Մեր կորուստներն իրականում խթանել են լաւ ֆիլմեր արտադրելու մեր ցանկութիւնը», ասում է Չէյզը:
Նրանց գործընկեր Գրանտ Կրամերի համար վերջին երկու տարին զուարճալի էր: Տարիներ շարունակ ֆիլմերի նկարահանման համար պայքարող Կրամերը ներգրաւուած է 14 նախագծում: «Ինձ համար ուրախալի է, որ ունեմ գործընկերներ եւ կարող եմ ֆանտաստիկ նախագծեր իրականացնել», ասում է նա:
Այդ մեծ կարողութեան աղբիւրները, այդուհանդերձ, նրա համար մութ են մնում: Նրա գործընկերները յաճախ մնում են արթուն մինչեւ առաւօտեան ժամը 4ն ու զրուցում Ռուսաստանում բնակուող մարդկանց հետ: Երբեմն անհետանում եւ գնում են աշխարհի հեռաւոր վայրեր: Կրամերը տեսել է նամակներ Վլադիմիր Պուտինից եւ լուսանկարներ, որոնցում Չէյզը դուրս է գալիս ուղղաթիռից՝ Աֆրիկայի սուրճի պլանտացիաներից (մշակավայրերէն-Խմբ.) մէկի վրայ: Չէյզի մասին էլ Կրամերն ասում է, որ նա սիրում է խորհրդաւոր լինել. «Շատ քիչ բան գիտեմ»:
Իսթվան Քելէն որոշ գաղտնիքներ բացայայտեց 2011ի Օգոստոսի 9ին Լոս Անջելեսի ոստիկանութեան վարչութեան հետ զրոյցում: Կելէն խնդրահարոյց վկայ է, այդուհանդերձ: Նա մարդասպան է, եւ այդ ժամանակահատուածում վճռական էր Ռեմինգթոն Չէյզից վրէժխնդիր լինելու հարցում: Այդուհանդերձ, նրա ասած շատ բաներ հաստատել է նրա հետ համամեղադրեալ Աթիլա Բերքեսին:
Կելէն ասել է հետախոյզներին, որ Չէյզն ու Մարտիրոսեանն իրեն վարձել էին 2006ին Չէյզին՝ Նամիբիա շրջագայութեան ժամանակ օգնելու նպատակով: Չէյզը փորձում էր «սեւ ադամանդներ» ձեռք բերել եւ «թիկունք»ի կարիք ունէր: Բերքեսին միացել է խմբին յետագայի շրջագայութիւնների ժամանակ: Բերքեսին իր զեկոյցում տեղեկացրել է, որ Չէյզը «Համեր» էր վարում, վարձել էր շքեղ ափամերձ առանձնատուն Քէյփթաունում, սնւում էր թանկարժէք ռեստորաններում եւ ունէր միլիոնատիրոջ կեցուածք:
35ամեայ յաղթանդամ Բերքեսին այնտեղ էր Չէյզին գողերից պաշտպանելու նպատակով: Նա նաեւ ասել է, որ Չէյզը երբեմն իրեն խնդրում էր թալանել ադամանդի բիզնեսում ներգրաւուած գործընկերներին: Մոնտէ Կառլօ շրջագայութեան ժամանակ Չէյզը նրան խնդրում է մի զբօսանաւ թալանել, որի վրայ կար 1.5 միլիոն եւրօ: (Բերքեսին պնդում էր, որ երբեւէ յանցագործութիւն չի գործել Չէյզի համար, այլ պարզապէս նրան օգտագործել է շքեղ արձակուրդներ վայելելու համար):
Կելէն նմանատիպ պնդում է անում Լոս Անջելեսի ոստիկանութեան հետ զրոյցում: Նրա խօսքով՝ երբ Չէյզն ու Մարտիրոսեանը նրան խնդրում են մեկնել Մոսկուա գործարարին սպանելու համար, նա նման բան անելու մտադրութիւն երբեք չի ունեցել: Կելէն տեղեկացնում է ոստիկանութեանը, թէ իրեն ասել էին՝ Կալանդարիշվիլին շանտաժի էր ենթարկում Մարտիրոսեանին եւ Չէյզի ռուսաստանցի գործատուին: Նա պնդում էր, որ չգիտէր, թէ ով է գործատուն:
Կելէն պատմում է, որ փորձել է սպանութեան համար գումարի մի մասը՝ 50,000 դոլարը, նախօրօք վերցնել, միւս 50,000ը՝ դրանից յետոյ: Այդուհանդերձ, Մարտիրոսեանն ու Չէյզը հրաժարւում են՝ ասելով, որ նրան կը վճարեն գործից յետոյ: Կելէն պատմում է, որ Մարտիրոսեանին հանդիպել է Մոսկուայում. վերջինս իրեն տուել է երկու հրացան եւ ցոյց տուել շքեղ բնակարանը, որում բնակւում էր Կալանդարիշվիլին: Ռուսաստանի դեսպանութիւն գրած նամակում Կելէն նշել է, որ շատ է նկարահանել Կալանդարիշվիլիին՝ ապացուցելու, որ գործ է անում:
«Ես նրանց մշտապէս խաբել եմ այն հարցում, թէ ինչու «սպանութիւնը» չէր կարող իրականացուել», գրել է Կելէն: Նա նաեւ դեսպանութեանը տրամադրել է Կալանդարիշուիլիի մեքենայի պետհամարանիշները՝ շօշափելի ապացոյց առ այն, որ նա ներգրաւուած է գործում: Մոսկուա կատարած մի քանի շրջագայութիւնից յետոյ Կելէն ասում է, որ Մարտիրոսեանը յուսալքուել է եւ չեղեալ է յայտարարել սպանութիւնը: Դրանից յետոյ երկար ժամանակ անց, ըստ Կելէի, նա իմացել է, որ Կալանդարիշվիլին սպանուել է: Լոս Անջելեսի ոստիկանութեան հետ նամակագրութիւնում Մոսկուայի ոստիկանութիւնը, թւում էր, ձգտում է գնալ տեղեկութիւնների հետքերով: «Բնականաբար, դա կը լինի միջազգային մեծ հետաքննութիւն: Մենք կարծում ենք, որ Կելէն էր այս սպանութեան կատարողը», գրում է Միրոնովը:
Կարճ ժամանակ անց, այդուհանդերձ, անսովոր մի բան պատահեց: ԱՄՆի դատախազութիւնը դադարեցրեց Կելէի եւ նրա յանցակիցների՝ զինուած թալանի գործի քննութիւնը: Դատախազները պարզաբանեցին, որ այդպէս են վարուել, քանի որ ՀԴԲն ցանկանում էր պաշտպանել իր լրտես Չէյզին:
Դատախազները վստահ էին, որ պէտք է պաշտպանող կողմին փոխանցէին Չէյզի կրիչների կրկնօրինակը, ՀԴԲն վստահ էր, որ դա ոտնձգութիւն է Չէյզի անձնական տեղեկատուութեանն ու անվտանգութեանը: Բացատրութեան մէջ տարօրինակն այն է, որ Կելէն եւ միւս մեղադրեալները քաջածանօթ էին Չէյզին: Կելէն նրան վաղուց էր ճանաչում եւ գիտէր, թէ կոնկրետ ում հետ է խօսում զինուած թալանի մասին, ըստ պնդումների, տեղի ունեցած խօսակցութիւններում:
Այդուհանդերձ, Կելէն եւ նրա համամեղադրեալները ազատ արձակուեցին: Կելէն հետ ուղարկուեց Վիեննա: Բերքեսին հարցազրոյց է տուել հունգարական լրատուամիջոցի՝ ասելով, թէ ՀԴԲն կեղծել է իր դէմ ցուցմունքները, բայց նաեւ խոստովանելով, որ «իրենք էլ հրեշտակ չեն»:
Մոսկուայի ոստիկանութիւնից ու նրա «մեծ միջազգային հետաքննութիւնից» նոյնպէս բան չստացուեց: Պարզ չէ, թէ ինչու, սակայն պարզ է, որ հետաքննութեան մէջ առանցքային վկան Կելէն է: Բայց քանի որ հետապնդման սպառնալիքն ու ցմահ ազատազրկումն այլեւս նրա գլխին կախուած չէին, նա Չէյզի դէմ հետաքննութեան հետ համագործակցելու մտադրութիւն չունէր: Էլեկտրոնային նամակագրութեան մէջ Կելէն մեղադրում է ՀԴԲին իրեն կեղծ մեղադրանքներով մէկ տարուց աւելի ազատազրկելու համար: Սակայն նա չի մեղադրում Ռեմինգթոն Չէյզին: Փոխարէնը նա ասում է, որ իրեն խաբել է ուրիշ մէկը, որը որպէս Չէյզ է ներկայացել:
«Ընդունում եմ, որ չմտածուած ենթադրութիւն եմ արել այն հարցում, որ դա Չէյզն է: Ցաւում եմ, բայց չեմ կարող այլեւս օգնել», նշել է Կելէն «Weekly»ին ուղղուած նամակում: ՀԴԲն հրաժարուել է մեկնաբանել գործը: Գլխաւոր դատախազ Իւոն Գարսիան նոյնպէս հրաժարուել է հարցազրոյց տալ:
Ստեֆան Մարտիրոսեանի երազած ֆիլմը Հայոց Ցեղասպանութեան մասին ժապաւէնն է՝ Հայաստանի «Շինդլերի Ցուցակը»: Նա սցենարիստ է վարձել սցենարը գրելու համար եւ այն ներկայացրել Մարտին Սքորսեզէին: Չնայած վերջինս ասել է, որ ուրիշ գործերով է զբաղուած՝ Մարտիրոսեանը ռեժիսորի հետ զրոյցը համարում է կինոյում իր կարիերայի ամենավառ պահերից մէկը: «Ես կարծում էի՝ նա գանգստեր է… Չէի կարող ենթադրել, թէ ինչ մեծ հոգեւոր արժէքներ կրող մարդ է նա: Մենք քննարկեցինք հայոց պատմութեան ողբերգական պահերը: Նա իսկապէս շատ լաւ տեղեկացուած էր»:
Յայտնի պատճառներով՝ Չէյզը եւ Մարտիրոսեանը կը նախընտրէին դուրս մնալ ուշադրութեան կենտրոնից: Նրանք համաձայնեցին այս հարցազրոյցը տալ՝ համոզուած լինելով, որ այլընտրանք չունեն:
Այնուհանդերձ, շատ մարդկանց պէս, նրանց պատուի հարցն էր մէջտեղում: Նրանց անունները յայտնուել են մեծ էկրաններին՝ ֆիլմերի սկզբնական դրուագներում: Ահա թէ ինչի համար են նրանք այժմ սրճարանում կինոգործակալի հետ՝ փորձելով նրան բացատրել՝ ինչու են իրենց մեղադրում Մոսկուայում կատարուած պատուերով սպանութեան մէջ: Թէեւ կառավարութիւնը երբեւէ նրանց անունները հրապարակայնօրէն չի կապել Կելէի գործի հետ, Չէյզը բացէիբաց յայտարարում է, որ ինքը լրտես է եղել:
«Կելէն եւ նրա թիմը մտադիր են գնալ այնտեղ, սպանել նրան, ով էլ որ լինէր բնակարանում եւ վերցնել գումարը: Երբ ես տեղեկացայ այս ամէնի մասին, կապուեցի Հետաքննութիւնների դաշնային բիւրոյի հետ: Ի՞նչ պէտք է անել», ասում է Չէյզը: Վերջինս ենթադրում է, որ Կելէն եւ նրան պաշտպանողները բազմաթիւ անհեթեթ մեղադրանքներ են սարքել իր դէմ, քանի որ ցանկանում են բանտից դուրս գալ: «Նրանք յօրինել են ծիծաղելի հեքիաթներ եւ փորձում են ինձ վարկաբեկել հնարաւորինս շատ», ասել է Չէյզը:
Պատմութիւնն աւելի անհասկանալի է դառնում, երբ Չէյզը փորձում է բացատրել Կելէի հետ իր վաղեմի յարաբերութիւնները:
Այսպէս, ըստ նրա՝ պէտք է հետ գնալ 35 տարի, երբ ինքը սկսեց աշխատել դաշնային իշխանութիւնների համար: «Ես բարեկամացայ իրաւապահ մարմինների հետ», կրկնում է Չէյզը մի քանի անգամ: Նա ասում է, որ շրջել է ամբողջ աշխարհով կառավարութեան շահերի համար՝ հետապնդելով ահաբեկիչներին: Իր առաջադրանքներից մէկը Կելէի հետ նրա «աֆղանցի ընկերներ»ի մասին խօսելն էր:
«Կելէի մասին ամենակարեւոր բանն այն էր, որ նա իսկապէս մօտ էր աֆղանցի ահաբեկիչներին», ասում է Մարտիրոսեանը: Չէյզի խօսքով՝ Կելէի հետ ամբողջ յարաբերութիւնների նպատակը լաւ ծուղակ պատրաստելը եւ ահաբեկչութեան մասին տեղեկութեան ձեռքբերումն էր: Չէյզը Կելէի հետ իր Աֆրիկա մեկնելու հիմնական շարժառիթ է նշում ահաբեկչական ցանցերի եւ մաքսանենգ զէնքի տարանցման օղակների միջեւ կապի բացայայտումը: «Ամէն օր մենք Աֆրիկայում նրանց հետ էինք, իսկ դաշնային իշխանութիւնները հիւրանոցում մեր կողքի սենեակում էին», ասում է Չէյզը:
Ըստ Չէյզի՝ ադամանդի գործը հիմնական պատմութեան մի մասն է: «Մենք հետաքրքրուած չէինք ադամանդի գործով, Աֆրիկայում մնալով: Ես տեղեակ չէի ադամանդի գործից», ասում է Չէյզը:
(Դատարանում Կելէի հետ Մարտիրոսեանը ադամանդների վերաբերեալ մի շարք նկատառումներ է արել: Նա նշել է, որ Չէյզը հազարաւոր դոլարներ է կորցրել Աֆրիկայում ադամանդի գործով: «Նա ինձնից գողացել է 27,000 դոլար, իմ ադամանդները կորցրել է Հարաւային Աֆրիկայում: Տեղեակ էք, ինչ եղաւ իմ գումարների հետ», ասում է Մարտիրոսեանը):
Մարտիրոսեանը Մոսկուայի սպա-նութեան գործով հարցաքննութեան ժամանակ ասել է, որ երբեւէ չի լսել Կալանդարիշվիլիի անունը: Հարցազրոյցի ժամանակ Մաքսին Լէօնարդը՝ կինոգործակալը, հանգիստ էր, ուշադիր նայում էր ներքեւ՝ իր հեռախօսին: Սակայն խօսակցութեան ընթացքում, նրա աչքերն աւելի ու աւելի էին լայնանում: Ի վերջոյ՝ նա ստիպուած էր ընդհատել խօսակցութիւնը:
«Կարո՞ղ ենք այստեղ կանգնել», չափազանց քաղաքավարի բրիտանական ակցենտով ասաց նա: Այս ամէնը ինչ որ անհաւանական, զարմանալի բան է: Դուք չէք ցանկանո՞ւմ, որ սա լինի: Որեւէ մէկը չի ցանկանո՞ւմ այն, ինչ արդէն վերջին 30 րոպէն ես լսում եմ, ամէն դէպքում, տղաներ, ձեր մասին տպագրուած նմանատիպ պատմութիւնները Հոլիւուդում օգտագործւում են ֆիլմերի ստեղծման մէ»ջ, ասում է Լէօնարդը:
Նրանք փորձեցին փարատել Լէօնարդի մտահոգութիւնները, սակայն նա ամենեւին էլ չէր կատակում: «Այս ամէնի բացայայտումը սարսափելի վտանգաւոր է», ասում է նա:
(Շար. 2 եւ վերջ)