Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Նախագահը Մտածելու Բան Ունի

$
0
0

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Պաշտօնաթող նախագահը բարոյական իրաւունք ունի քննադատելու գործող իշխանութիւններին, նոյնիսկ եթէ դրա ճարտարապետն է: Նա միշտ կարող է դա պատճառաբանել նրանով, թէ իր հոգեզաւակ իշխանութիւնը շեղուել է իր հունաւորած ճանապարհից եւ գնում է լրիւ սխալ ուղղութեամբ: Մինչդեռ իշխող քաղաքական ուժը, որը եղել է պաշտօնաթող նախագահի յենարանը, նրա պաշտօնավարման ժամանակաշրջանում արուածն ու չարուածը քննադատելու բարոյական իրաւունքը չունի, այն պարզ պատճառով, որ ուղղակի եւ ամբողջական պատասխանատուութիւն է կրում դրանց համար: Քննադատել դա, նշանակում է խոստովանել, որ գիտակցաբար կատարել ես սխալներ եւ ոչինչ չես արել՝ դրանք կանխելու համար: Իսկ, ինչպէս յայտնի է, յանցագործից աւելի յանցագործ է նա, ով միտումնաւոր անգործութիւն է ցուցաբերել այն կանխելու հարցում:
Ըստ այդմ՝ ՀՀԿն Ռոբերտ Քոչարեանին իր պաշտօնավարման շրջանում վարած տնտեսական քաղաքականութեան համար մեղադրելու բարոյական իրաւունքը չունի, որովհետեւ այդ քաղաքականութիւնը վարուել է հէնց իր միջոցով՝ միաժամանակ թէ՛ օրէնսդիր եւ թէ գործադիր իշխանութիւնների մակարդակով, որտեղ ՀՀԿն միշտ կազմել է մեծամասնութիւն: Մինչդեռ Հանրապետական կուսակցութեան «իսթեբլիշմենթ»ը (համակարգը-Խմբ.) կա՛մ չի ցանկանում ընդունել այս տարրական ճշմարտութիւնները, կա՛մ, հասկանալով հանդերձ, մտնում է իր համար արգելուած գօտի եւ արհեստական տեսարաններ, ինտրիգներ (մեքենայութիւններ-Խմբ.) ստեղծում՝ նոր կեղծ օրակարգ առաջ քաշելու համար՝ թերեւս անգամ ուշադրութիւն չդարձնելով, որ դրանով ուղղակի տկարամիտ է դարձնում քաղաքական ու քաղաքագիտական միտքը եւ պրակտիկան Հայաստանում:
Երբ Էդուարդ Շարմազանովը երկրորդ նախագահի քննադատութիւններին պատասխանում է՝ նրան համարելով «անցեալում մնացած», կարելի է հասկանալ: Դրանով յստակ քաղաքական վերաբերմունք է արտայայտւում ոչ թէ Քոչարեանի հետ համատեղ անցեալին, այլ նրա նկրտումներին ու ապագայում համատեղուելու հեռանկարին: Բայց որեւէ տրամաբանութիւն չունի, թէ ինչու է, օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսեանը մինչեւ 2008թ. իրականացուած շինարարական քաղաքականութիւնը համարում փուչիկ, այն դէպքում, երբ, լինելով Կենտրոնական բանկի նախագահ, նաեւ ինքն է իր չափով փչել այն: Ցանկացած դէպքում դրանից չես փախչի: Հնարաւոր չէ փախչել սեփական կենսագրութիւնից: Եթէ գիտակցելով հանդերձ, որ այդ քաղաքականութիւնը վնասակար է, Տիգրան Սարգսեանը շարունակաբար փչել է այդ փուչիկը, մնում է եզրակացնել, որ նա դա արել է՝ առնուազն հասկանալով, որ այն անպայման պայթելու է՝ աղէտաբեր հետեւանքներով: Դրանից յետոյ որեւէ նշանակութիւն չունի, թէ որքան համոզիչ փաստարկներով ու գոյնզգոյն դիագրամներով (ձեւերով-Խմբ.) է նա փորձելու հիմնաւորել իր պնդումները շինարարութեան փուչիկի վնասակարութեան մասին: Ընդհակառակը՝ որքան դրանք տպաւորիչ են արւում, այնքան տպաւորիչ են դառնում սեփական սխալի կամ յանցաւոր անգործութեան ծաւալները:
Բայց վարչապետը գոնէ այնքան խոհեմութիւն ունեցաւ, որ Քոչարեանի առաջին արձագանգից յետոյ հարկ համարեց նշել, թէ ինչպէս ինքը, այնպէս էլ ՀՀԿն պատասխանատուութիւն է կրում այդ ժամանակաշրջանում կատարուածի համար: Բայց երբ ինքն իրեն նոյն ցեխի մէջ նետել է շտապում արդէն էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմէն Մովսիսեանին, պարզ է դառնում, որ սկլերոզը (կարծրախտը-Խմբ.)՝ ոչ թէ անհատական, այլ խմբակային, համակարգային երեւոյթ է ՀՀԿում: Tert.am-ին տուած հարցազրոյցում այսօր Մովսիսեանը, արդարացնելու համար Ռուսաստանի հետ գազային համաձայնագրերի ստորագրումը եւ ընդգծելու համար դրա առաւելութիւնները, կրկին համեմատութիւններ է կատարել Քոչարեանի ժամանակաշրջանի հետ: «Պարոն Քոչարեանի կողմից նախաձեռնուած գոյք-պարտքի դիմաց գործարքից այս գործարքը, մեղմ ասած, շահեկանօրէն տարբերւում է: Տարբերւում է ոչ միայն նրանով, որ գոյացած պարտքի կէսն իր վրայ վերցրեց ռուսական կողմը կամ նրանով, որ երկարատեւ ժամանակահատուածի համար գազի գնի կանխատեսելի լինելը լուրջ ձեռքբերում է տնտեսութեան մէջ ներդրումների խթանման համար, այլ, որ սա իսկապէս մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակուած գործարք է, որն իր հետեւից ոչ թէ թողնելու է այդպէս էլ կենդանանալու հնարաւորութիւն չստացած մահացած հսկայ ձեռնարկութիւններ, այլ իրականում կեանք է տալու բազմաթիւ նախաձեռնութիւնների», ասել է նա: Մովսիսեանն այն քիչ նախարարներից է, որոնք վայելել են թէ՛ նախորդ եւ թէ ներկայիս նախագահների վստահութիւնը, եւ միշտ եղել է իշխանական կոնիւնկտուրայի (լծակների-Խմբ.) մաս: Աւելին՝ նա էներգետիկայի ոլորտի նախարար է նշանակուել 2001ին եւ պահպանել այդ պաշտօնն առ այսօր՝ չնայած այդ ընթացքում կառավարութեան կազմի բազմաթիւ փոփոխութիւններին: «Գոյք պարտքի դիմաց» գործարքը, որը կատարուել է 2002թ., կայացել է ոչ միայն կառավարութիւնում նրա ներկայացուածութեան պարագայում, այլեւ նրա անմիջական մասնակցութեամբ: Որովհետեւ այդ գործարքով, ի թիւս 5 խոշորագոյն ձեռնարկութիւնների, ռուսներին է յանձնուել նաեւ Հրազդանի æԷԿի ողջ գոյքահամալիրը: 2006թ. արդէն Մովսիսեանի ամբողջական ներգրաւուածութեամբ ու մասնակցութեամբ (որովհետեւ նա էր հիմնական բանակցողներից մէկը) ռուսների հետ կնքուեց այսպէս կոչուած «Գոյք պարտքի դիմաց» գործարքը, որն ամբողջութեամբ էներգետիկ ոլորտին էր առնչւում: Այդ գործարքով երեք տարի կայուն գնով ռուսական գազ ստանալու եւ 52 տոկոսով թանկացած գազը սպառողների համար սուբսիդաւորելու (օժանդակելու-Խմբ.) դիմաց կառավարութիւնը «Գազպրոմ»ին յանձնեց Հրազդանի ՊՇԷԿի 5րդ էներգաբլոկը, Իրան-Հայաստան գազամուղը: 2006թ. Ապրիլի 6ին հրաւիրած ասուլիսում պարոն Մովսիսեանն այս գործարքը որակեց լաւագոյններից մէկը՝ այն նոյն բացատրութիւններով, որոնցով փորձում էր հիմնաւորել գազային վերջին կապիտուլեացիոն (անձնատուութեան-Խմբ.) համաձայնագրերի ստորագրումը:
Մովսիսեանը սկսել է խաղալ անսկզբունքայնութեան այս կրակի հետ՝ թերեւս կարծելով, թէ մեծ ծառայութիւն է մատուցում նախագահին եւ վարչապետին: Սակայն նա, վարչապետի պէս, ընդամէնը ինքն իրեն ծուղակն է գցել: Բանն այն է, որ նրանք երկուսով մտածելու լուրջ առիթ են տալիս արդէն Սերժ Սարգսեանին՝ եթէ այսքան հեշտութեամբ նրանք կարողանում են «տակառ գլորել» նախկին նախագահի վրայ, ապա ի՞նչ են անելու իր հետ, եթէ այսքանից յետոյ ինչ որ հրաշքով ապագայ նախագահը ցանկանայ այսպիսի «հաւատարիմ» կադրերի հետ գործ ունենալ: Սա պատասխանատուութեան կոռոզիայի (քայքայումի-Խմբ.) ամենավառ դրսեւորումն է, որից քայքայւում է ողջ կառավարման համակարգը: Ռոբերտ Քոչարեանն ինքը այս «ժանգի» զոհերից մէկն է: Որովհետեւ որոշ դէպքերում, քննադատութեան մեխը դնելով քննադատուող սուբյեկտի (ենթակայի-Խմբ.) կամ անձի, տուեալ դէպքում՝ Տիգրան Սարգսեանի բարոյական կերպարի վրայ, նա ուղղակի ցոյց է տալիս, որ ժամանակին իրեն շրջապատել է նման կերպար ունեցող պաշտօնեաներով եւ այդ առումով վարել է անպատասխանատու կադրային քաղաքականութիւն:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles