ԳԱՌՆԻԿ ԱՍԱՏՐԵԱՆ
Եւրոպական մի քաղաքից ինքնաթիռով տուն էի գալիս: Կողքիս նստած էր մի միջահասակ հայ կին իր թոռնիկի հետ: Հինգ-վեց տարեկան տղայ, որն անընդհատ ինչ որ բան էր ուզում տատիկից ու տեղում անհանգիստ պտտւում էր, հարց էր տալիս, ջուր էր ուզում ու թափում, մի խօսքով՝ կնոջ հոգին հանում էր: Ուղեկիցս «տուրիստ» էր գալիս Լոս Անջելեսից՝ իր բարեկամներին տեսակցելու: Իր ասելով՝ իննսունականների սկզբին ընտանիքով գաղթել էին Միացեալ Նահանգներ: Էջմիածնից էր, տնային տնտեսուհի, բայց խօսքի մէջ ամէն մի բառից յետոյ կրկնում էր «մայ գադ, մայ գադ», իսկ պատասխանները անխտիր համեմում էր «օքէյ»ով՝ կարծես, այդ բառերից մի տեսակ հաճոյք էր ստանում, ասես երեսովս էր տալիս, թէ՝ «տե՛ս, ես ամերիկացի եմ արդէն», չնայած, առաւել քան վստահ եմ, որ անգլերէն հազիւ երկու բառ կարողանար իրար կապել: «Ամերիկանիզմները» հանած, տիկինը խօսում էր Էջմիածնի շրջակայ գիւղերի անապակ բարբառով՝ «ուզըմ եմ», «ուտըմ եմ», «ըզգըմ եմ» («ընենց լաւ եմ ըզգըմ ինձ, օր մերոնց պտի տենամ») եւ այլն:
Նկատելով իմ հետաքրքրութիւնը թոռան (æեքի էր անունը) հանդէպ (փորձում էի իմանալ ի՛նչ է մտածում այդ մանչուկը, ի՛նչ գիտի), կինը մի թեթեւ իրեն հաւաքեց, կարծես թռիչքի էր պատրաստւում, ու հանդիսաւոր արտաբերեց՝ «սիթիզեն բալես ա է՜», ու յետոյ, դառնալով տղային, խանդաղատանքով շոյեց նրա գլուխն ու քնքուշ շշնջաց՝ «վա՜յ, մեռնե՛մ սիթիզեն բալիս բոյին»: Ես գիտէի, որ ով ծնւում է Ամերիկայում, միանգամից այդ երկրի քաղաքացի է դառնում, բայց որ այս «սիթիզենները» այդպիսի յարգանք ու պատիւ են վայելում իրենց ընտանիքում, որ ինչ որ ընտրեալ կաստայի (դասակարգի-Խմբ.) պէս մի բան են դարձել, առաջին անգամ էի տեսնում… Յետոյ, մի որոշ ժամանակ անց հայկական հեռուստաալիքներից մէկով «սիթիզեն բալա»ի գովքը եւս մի անգամ հնչեց իմ ականջում, ու ես հասկացայ, որ դա կայուն կարծրատիպ է նոր աշխարհում ապաստան գտած հայ տարագիրների մտայնութեան մէջ ու խօսքում:
Պատկերն այսպիսին էր. լրագրողը նկարահանող խմբի հետ գտնւում էր մի հայ ընտանիքում: Դատելով կահաւորանքից ու տան պատերից՝ Հոլիւուդի կամ Գլենդելի, (կամ էլ նմանատիպ մի այլ քաղաքի) ստուարաթղթէ հանրակացարանաձեւ մի բնակարան էր, որոնք հայ գաղթականները վարձում են համեմատաբար էժան գնով: Ընտանիքը սեղանի շուրջ- բոլորը նստած ու կանգնած քէֆի մէջ էր՝ տանը երեխայ էր ծնուել: Ու ներս է մտնում տատիկը, մի ծեր կին՝ նորածին թոռանը գրկած. բոլորը դառնում են նրան, իսկ վերջինս, զգալով ընդհանուրի ուշադրութիւնը, շուռ է գալիս դէպի նկարահանող սարքն ու հրճուանքով մի քանի անգամ մանկանը թեթեւ թռցնելով, մոգական խօսքի պէս արտասանում՝ «վայ իմ սիթիզեն բալա, իմ սիթիզեն բալա, սիթիզեն բալա»: Պառաւի՝ հրճուանքից խելագարուած աչքերում ես մի վայրկեան նկատեցի ինքնաթիռի կնկայ այդ «երեսով տալու», այսպէս ասած, «ջիջիլ գցելու» (ճըննեցնելու-Խմբ.) կայծը, բայց, փառք Աստծու, սա «մայ գադ, մայ գադ» չասաց (հաւանաբար, դեռ չէր սովորել): Պարզուեց, որ «սիթիզեն բալան» դարձել է ոչ միայն կաստային բնորոշում, այլեւ, միեւնոյն ժամանակ, ինչ որ պատուանունի արժէք է ստացել: Ով ծնել է այդպիսի «սիթիզեն բալա», նա երջանիկ է, որովհետեւ հաղորդակցուել է բարձր կաստային, ծնունդ է տուել հրաշամանուկի: Յիշեցի հին հնդկական ազնուականութեան կոչումը՝ դուիջատեա, այսինքն՝ երկու անգամ ծնուած (մի անգամ մօրից, մի անգամ էլ անցնելով ձեռնադրման ծէսը, որը իւրովի ծնունդ է համարւում): Փաստօրէն, այս «սիթիզեն բալեքը» նոյնպէս դուիջատեա են, մտածեցի ես, աշխարհ են գալիս ու միանգամից անցնում բարձրագոյն կաստայի «ձեռնադրման» փուլը, ասել է թէ՝ ԱՄՆ քաղաքացիութեան արարարողակարգը՝ ինիցիացիան:
Մասնագիտութեան եւ աշխատանքի բերումով շփուելով բազում առաջաւորասիական ժողովուրդների հետ՝ ներառեալ նրանց սփիւռքի ներկայացուցիչների, այդ թւում ԱՄՆում ապրող, ես երբեք չեմ նկատել նման հրճուանք ու հպարտութեան այդպիսի լիաթոք զգացում ո՛չ պարսիկի, ո՛չ թուրքի, ո՛չ էլ քրդի մէջ. ծնուել է երեխան, փառք Աստծու, ու վերջ, իսկ նրա կարգավիճակը որեւէ կերպ ոչ մէկին չի հետաքրքրում:
Փաստօրէն, ինչքա՜ն պէտք է մարդ դատարկ լինի հոգով, ի՜նչ աստիճան պէտք է կտրուած լինի իր հողից ու ջրից, ինչքա՜ն պիտի այլասերուած ու աղճատուած լինեն նրա ազգային ինքնութեան, հպարտութեան, սեփական էթնիկ (ցեղային-Խմբ.) տարածքին պատկանելութեան զգացմունքները, որ հորթային հրճուանքով ուրախանայ, որ իր շառաւիղը դարձել է մի այլ երկրի քաղաքացի՝ թէկուզ ԱՄՆի նման պետութեան:
Ու ես ակամայից այդ հայ կանանց աչքերի խորքում տեսայ մեր ողջ պատմութեան ողբերգական պատկերը՝ գաղթերը, տարբեր դարերում հայրենալքման հսկայ ալիքները, հայրենիքի յանձնումը, ամրոցների յանձնումը… Այդ «ջիջիլային» սատանայական կայծից մէկ էլ ինձ պարզ դարձաւ, թէ ինչու հարիւր տարի առաջ Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, բնակեցուած լինելով հայերով, այսօր փոքրացել, մնացել է մի փոքրիկ հատուած՝ ի դէմս Հայաստանի Հանրապետութեան եւ Արցախի: Իրաւ էլ, ետ նայելով մեր պատմութեանը, սրտի ցաւով տեսնում ես, որ այն, աւա՜ղ, յաղթանակների պատմութիւն չէ, այլ մեծ ու փոքր գաղթերի ժամանակագրութիւն… Ու ես կրկին հասկացայ, որ ջարդերն ու հետապնդումները, պատերազմներն ու արհաւիրքները, սոցիալ-կենցաղային դժուարութիւնները հայրենալքման ամենակուլ այս մոլուցքի մէջ խաղացել են շատ չնչին դեր, որ հայի տեւական իղձը միշտ էլ եղել է «սիթիզեն բալա»ի դիւթիչ տեսլականը, որի համար ո՛չ էթնիկ կենսատարածքը, ո՛չ պետականութիւնը, ոչ էլ ազգային արժանապատուութիւնը ոչ մի նշանային արժէք չեն ունեցել: Դրանք տեւապէս միայն խանգարիչ հանգամանքներ են եղել: Այդ պատճառով էլ հայ նոր տարագիրների շրջանում ընդունուած չէ Հայաստանի մասին խօսել որպէս պետութեան, այլ միայն որպէս իրական կամ մտացածին արատների կենտրոնատեղի: Հայրենասիրութեան չափանիշ են դարձել խօսքային կլիշէները (կրկնութիւնները-Խմբ.) միայն, որոնք առաւել ցայտուն արտայայտուած են իրանահայոց մէջ: «Վա՜յ, Հայաստանի սմբուկն ու լօլիկը (երբեմն նաեւ «կանաչին») ի՜նչ համեղ են…», «Վա՜յ, Մասիսը որ տեսնում եմ, հոգիս փառաւորւում ա…» եւ նման դատարկ ու արդէն անեկդոտի նիւթ դարձաձ փուչ արտայայտութիւններ:
Ըստ էութեան, մեզանում վաղուց արդէն սին «հայրենագովութիւնը» նոյնացել է հայրենիքին նուիրուածութեան հետ: Մեր ենթագիտակութեան մէջ խորապէս արմատացած է գործն ու անեղծ ազգային դիրքորոշումն ու վարքը սնանկ խօսքերով փոխարինելու կործանիչ երեւոյթը: Մի ծանօթ ունէի, որի ուշքն ու միտքը տարիներ ի վեր «ըստեղից պրծնելն» էր, չնայած կարդացել էր Լէոյի ու Մանանդեանի հատորներն ու սիրում էր տեղի-անտեղի հայոց պատմութեան այս կամ այն դրուագի մասին իր կարծիքը յայտնել եւ նոյնիսկ՝ հարկ եղած դէպքում, մարդկանց հայրենասիրութեան դասեր տալ: Իր յայտարարագրուած հայեացքներով հաւատաւոր կուսակցական, ազգայնական էր իմ այդ ծանօթը ու հիմա իր մուրազին հասել է՝ Գլենդելում է ապրում: Թէ ինչ է այս մարդն իրենից ներկայացնում, վաղուց էր ինձ պարզ. այսպիսի հազարաւորները կան: Բայց մի բանից ես խորապէս ապշեցի՝ այն, որ նման մարդիկ շատ պարարտ ու միանգամայն բնական հող ունեն մեր իրականութեան մէջ՝ կարծես, իրենց տարերքում են գտնւում, կարծես, մեր ողջ ժողովուրդն է այդպիսին… Նոր էի վերադարձել մեր ամբիոնում կազմակերպուող հերթական արշավախմբից Արեւմտեան Հայաստան ու մի օր պատահաբար յայտնուեցի ինչ որ «հաց»ի սեղանի շուրջ, որտեղ ներկայ էր իմ այդ ծանօթը:
Ես, ի միջի այլոց, պատմում էի Մուշի, Մոկսի, Դերսիմի, քրդերի, պղծուած գերեզմանների, քանդուած եկեղեցիների մասին ու մէկ էլ, յիշելով այդ ազգայնական-կուսակցականի սէրը հայոց հնութիւնների հանդէպ, դիմեցի նրան, թէ՝ «բա դո՞ւ ինչու չես գնում էդ տեղերում ման գաս, հոգիդ փառաւորես»: «Ո՞նց գնամ», հեգնախառն ժպտաց ազգայնականը, «բա ես ընենց կարո՞ղ եմ գնալ, կդիմանա՞մ… Միայն զէնքով ես պիտի մտնեմ Էրգիր»: Ես սպասում էի, որ հիմա հոմերական քրքիջ կը բարձրանայ, ինքս էլ էի պատրաստւում մի թեթեւ խնդալ, բայց, տեսնելով սեղանակիցներիս լուռ ու հանդիսաւոր դէմքերը, ժպիտը սառեց դէմքիս: Որսացի նոյնիսկ նրանցից ոմանց կշտամբալից հայեացքը ինձ՝ կարծես, դաւաճանական արարք եմ թոյլ տուել՝ յանդգնելով առանց զէնքի «Էրգիր» մտնել: Ենթադրում եմ, որ շատերն այդ պահին նոյնիսկ նախանձում էին իմ ծանօթին, որ ինչու իրենք աւելի շուտ գլխի չընկան արտասանելու այդ մոգական մանթրան՝ «Զէնքով Էրգիր մտնել»… Լաւ է հնչում չէ՞, հերոսակա՜ն եւ էպիկակա՜ն: Ու այսպիսի մարդկանց սերունդներ են ծնւում ու գնում՝ ոչինչ չտալով մեր էթնոսին ու երկրին, բայց շատ բան փախցնում երկուսից էլ: Ու աշխարհով մէկ ցաքուցրիւ եղած մեր ցեղը օտար ափերում, «Էր-գիր»ի կարօտը սրտում ապրում է «սիթիզեն բալա»ի երազներով… Կենացն է խմում իր հեռաւոր հայրենիքի, անարգանքի սիւնին գամում «երկիրը քանդողներին ու թալանչիներին», ներբողեան երգում հայոց հողին ու նրա առատ բերքին՝ չգիտես ինչու, նախ եւ առաջ «լօլիկին ու սմբուկին» (ծիրանն, օրինակ, ինչո՞վ է վատ), արտասուալից աչքերով յիշում Արարատի վեհաշուք տեսարանը իրիկնամուտին, ու այսպէս շարունակ… Անցնում է ժամանակը, ծուխ են դառնում օրերը (Չարենցի ասած), բայց աշխարհը «եարին» չի մնում, որովհետեւ աշխարհ չկայ, ամայութիւն է… Ովքեր գէթ մի անգամ մասնակցել են լոսանջելեսեան հարսանիքներին կամ մի երկու րոպէ (աւել հնարաւոր չէ) դիտել են դրանց հեռուստահաղորդումները, կարող են գոնէ ընդհանուր գծերով պատկերացնել, թէ ինչ «աշխարհ» է դա:
Աշխարհը մարդու համար ցեղն է իր էթնիկ տարածքում: Դրանք առանց իրար օտարւում են՝ ցեղը առանց տարածքի եւ տարածքն առանց ցեղի: Աւանդական հասարակութիւններում տղամարդու հասցէին հնչած բարձրագոյն գովեստը «աշիրեթի (ցեղի) տղայ» կոչումն է: Քրդերն ասում են՝ «կուռէ աշիրէ»: Ցեղի շրջանակներում է մարդս մարդ, դրանից դուրս նա ոչինչ է. ուստի մեծագոյն պատիժը ցեղից վտարումն է: «Ցեղի տղայ» լինելը ոչ միայն պատիւ է, այլեւ մեծ պատասխանատուութիւն: Այդ կոչումը ամէն մարդ ձգտում է պահպանել մինչ իր կեանքի վերջին շունչը՝ երբեք չլքելով կենսատարածքն ու չհարելով օտար հանրոյթներին՝ ինչ արհաւիրքներ էլ գլխին չգան: Այսպիսին է «ցեղի տղայ»ի հաւատամքը: Այսօր Հայաստանում ու Արցախում ապրող իւրաքանչիւր մարդ (լինի հայ, թէ եզդի, թէ մի այլ ազգի ներկայացուցիչ) «ի պաշտօնէ» «ցեղի տղայ» է, ու նա՛ պէտք է լինի մեր պետութեան ուշադրութեան ու հոգածութեան կիզակէտում: Հէնց այս «ցեղի տղան» է մեր «լաւ գալիքի գանգրահեր մանուկը», հայ հնագոյն էթնոսի յարատեւութեան գրաւականը, Հայաստան երկիրը շէնացնողն ու նրա սահմանների իրական պաշտպանը: «Սիթիզենները»՝ լինեն «բալա» թէ արդէն հասուն մարդիկ, այս սխեմայի մէջ տեղ չունեն: Ազգի իդէալը, միակ յոյսն ու ապաւէնը «ցեղի տղան» է՝ իր շիտակ ու ազնիւ գաղափարով, որը հիմնուած է միայն հողի ու ցեղի դիալեկտիկական (տրամաբանական-Խմբ.) երկմիասնութեան դրոյթի վրայ:
Իսկ ահա ես մտածում եմ՝ լաւ, բա ի՞նչ է լինելու այս «սիթիզեն բալաներ»ի հետ, ինչ որ բան տալո՞ւ են նրանք մեր ժողովրդին արդեօք, կամ՝ իրենց նոր հայրենիքին թէկուզ: Այն, որ էս «բալեքը» մի երկու սերունդ յետոյ հայից բան չեն ունենալու, կասկածից դուրս է, բայց ցաւն էն է, որ նրանցից շատերը չեն լինելու նոյնիսկ ԱՄՆի օրինաւոր քաղաքացիներ, որովհետեւ դաստիարակւում են հայկական Սփիւռքի գետոյական ամենաստորին ենթամշակոյթի վրայ՝ հայաստանեան պրիմիտիւ ու անքանքար սերիալների արգահատելի կերպարների՝ «ճպլներ»ի, «մառիշներ»ի, «հալալ-զուլալներ»ի վրայ: Եւս երկու սերունդ ու այս «սիթիզեն բալաներ»ի «առաւել սիթիզեն բալեքը» հայութեան հետ կ՛ունենան շատ յարաբերական կապ: Ու, փա՛ռք Աստծու, որ այդպէս է լինելու, քանզի այս «սիթիզեններ»ի որեւէ ներթափանցում Հայաստանի ընկերային ու մանաւանդ քաղաքական կեանք ուղղակի բոլոր առումներով սպառնալիք է դառնալու մեր ազգային անվտանգութեանը՝ որպէս անտիմշակոյթի կրողներ, գետոյական մտայնութեան ու արեւմտեան սուբկուլտուրայի (ենթամշակոյթի-Խմբ.) խորթ ու յոռի բարքերի տարածողներ, որպէս ապապետական էլեմենտներ եւ, ի վերջոյ, օտար ծառայութիւնների ազդեցութեան գործակալներ:
Այստեղ, իմ աշակերտուհին, որին ես թելադրում էի այս տողերը, բացականչեց. «Ընկե՛ր Ասատրեան, ախր դուք լրիւ սեւացրիք այս խեղճերին»: Երիցս ո՛չ: Ես էդ «խեղճեր»ի որեւէ մեղք այստեղ չեմ էլ տեսնում, չէ՛ որ նրանց փոխարէն Ընտրութիւնն արդէն արուել է: Եւ հաւատացէ՛ք, սա ընտրութիւն չի եղել բնաւ Հայաստանի եւ ԱՄՆի միջեւ կամ Հայաստանի եւ Եւրոպայի միջեւ: Այս ընտրութիւնը սահմանների երկայնքով չի ընթանում: «Սիթիզեններ»ի կաստան արդէն իսկ ապրում է այնպիսի մի միջավայրում, որտեղ առհասարակ բացակայում է Ընտրութեան գաղափարը: Կարծում եմ, հասկանալի է, որ ընտրութիւնը փեփսի-քոլայի ու սփրայթի, իսկ, մեծ հաշուով՝ հանրապետականների ու դեմոկրատների միջեւ Ընտրանքի պատրանք է լոկ, քանզի այդպիսի «ընտրութեան» համակարգում ի սկզբանէ բացակայում են աւանդական հոգեւոր արժէքները: Այս առումով պատահական չէ, որ հայ տարագիրներից շատերը, դժուարութեամբ թաքցնելով գոհունակութիւնը, իսկ իրականում ներքուստ արդարացնելով իրենց քայլը, սովորաբար ասում են. «Մէկ ա, շուտով Հայաստանում էլ ա ըտենց լինելու»: Ո՛չ, «ըտենց» չի լինելու: Եթէ անգամ միջազգային կառոյցների ճնշման ներքոյ մեզանում ընդունուեն բոլոր հակաքրիստոնէական եւ հակաաւանդական օրէնքները:
Այսպէս՝ «բալա», «բալա» ասելով՝ ակամայից մարդ յիշում է խորհրդային ժամանակների «ինժեներ-բալա»ին՝ ոչ միայն որպէս երգ, այլ՝ կոնցեպտ, գաղափար: Պատկերացնում ես հայրենիքում ապրող, հայրենիքը շէնացնող, «ուսում ստացած», «մօր պարծանք» տղային, որը երկրի աղն է, ժայռակոփ հիմքը, այն ժամանակուայ «ցեղի տղան»: Էն «բալան» ո՜ւր, էսօրուայ «բալան» ո՜ւր: Էսօրուանը «սիթիզեն»ն ու մէկ էլ յայտնի ռաբիզ երգչի ռեֆրենը՝ «բալե՜ս, բալե՜ս…»:
Վստահ եմ, հայկական նոր պետականութեան կայացմանն ու մեր կենսատարածքների պահպանմանն ուղղուած կարեւոր խնդիրներից մէկը պէտք է լինի այս «սիթիզեն բալեք»ից ոչ հեռու ապագայում մեր երկիրը ապահովագրելու քաղաքականութեան մշակումը: Բարեբախտաբար այս «բալեք»ը, ի տարբերութիւն «աշիրեթի տղերք»ի, կրում են ոչ թէ նորմալ հայի (նոյնիսկ նորմալ մարդու) անուն (ասենք՝ Յակոբ, Սարգիս, Վարդան, Արշաւիր, Արշակ, Յուսիկ, Յասմիկ, Հայկուհի եւ այլն), այլ, ի մեծի մասամբ, երկվանկ «կլիչկաներ» (յապաւումներ-Խմբ.), որոնք հեշտացնելու են նրանց տարբերակումը (իդենտիֆիկացիան) բազմութեան մէջ (Դոնի, Դենի, Ռոնի, æեկի, æեսի, Էդի, Մենի, æոնի, æենի եւ այլն):
Սա, իհարկէ՝ որպէս տխուր կատակ:
Յընթացս նշեմ, որ մեր ժողովուրդը (մանաւանդ պարսկահայութիւնը) մի եզակի յատկութիւն ունի, այն է՝ նորածնի անուանակոչութեան ժամանակ ի նկատի է առնում ոչ թէ սեփական հանրոյթի ու իր հաւատքի ու կրօնի աւանդոյթները, այլ, նախ եւ առաջ, թէ ինչպէս է նորածնի անունը հնչելու օտարի «բերնին մէջ» (արեւմտահայերէն ասած)՝ ամերիկացու, ռուսի եւ այլն: Նման երեւոյթ ես չեմ նկատել որեւէ այլ ժողովրդի մօտ, որովհետեւ բոլորը թքած ունեն, թէ ինչպէս են արտասանելու իրենց երեխաների անունները օտարները. նրանց համար կարեւոր է առաւելապէս, թէ որքանով է այդ անունը համապատասխանում իրենց աւանդութեանը եւ ինչ պատմական, կրօնական ու հոգեւոր լիցք է այն իր մէջ պարունակում: Հաւատս, անկեղծ ասած, չի գալիս, որ ինչ որ մարդ՝ Դոնի, Դենի կամ Ռոնի անունով, կարողանայ որեւէ լուրջ բան ստեղծել իր կեանքում. նա միշտ էլ մնալու է Դոնի, Դենի կամ Ռոնի…
Ի վերջոյ, պէտք է յիշել միշտ, որ իւրաքանչիւր էթնիկ հանրոյթ, թէկուզ շատ փոքր, որն ունի պետութիւն եւ կենսատարածք, այդ կենսատարածքի պահպանման համար իր Ազգային Գաղափարի մէջ պէտք է անպայման ունենայ ծաւալապաշտական տարրեր, այսինքն՝ կենսատարածքի ընդլայնման յստակ եւ գործնական ծրագրեր: Չի կարելի միայն պահպանել հողը, պէտք է ձգտել ընդլայնել այն. այդ դէպքում այդ հողը կը պահպանուի, գոնէ՝ անփոփոխ:
Իսկ «սիթիզեն բալա»ի գաղափարն ու գաղափարախօսութիւնը արմատապէս հակոտնեայ է ոչ միայն կայսերական մղումներին, այլեւ հայրենիքի, հողի գաղափարին, կենսատարածքի գաղափարին, ինքնութեան գաղափարին, ազգային արժանապատուութեան գաղափարին…
Եւ պէտք է վերստին նկատի ունենալ, որ չկայ այլ արժէք, քան մեր էթնոսի կենսատարածքը, ասել է թէ՝ Հայաստանի Հանրապետութիւնը եւ Արցախը: Ուրիշ արժէք հայի համար չի կարող գոյութիւն ունենալ: Հայի գերնպատակը պիտի լինի ապրել այդ տարածքում ու պահպանել այն, ինչպէս մօրը. մնացած ամէն ինչը միֆ է, օդ, հեքիաթ, բորբոքուած ուղեղի զառանցանք՝ հայրենասիարական ճառերն էլ, «Ստամբուլը արեան ծով» դարձնելն էլ, «զէնքով Էրգիր մտնելն» էլ, «սմբուկի ու լօլիկի համն» էլ, «Մասիսի պատկերից նուաղելն» էլ՝ ամէն ինչ: Հայի ամենամեծ Գործն այսօր, նրա հայրենասիրական մեծագոյն ակտը արարելն է Հայաստանում: Եւ ՈՉ ՄԻ պատճառ չի կարող արդարացնել հայրենալքութեան երեւոյթը, էլ չեմ ասում «սիթիզեն բալաներ»ի կուլտիւացիան (կրթումը-Խմբ.):