Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հայաստանի Անկախութեան Առասպելը

$
0
0

ԹԱԹՈՒԼ ՅԱԿՈԲԵԱՆ

Քսանհինգ տարի առաջ, երբ Հայաստանը մտնում էր անկախութեան ճանապարհ, նրա առաջ երկու հիմնական ուղղութիւն էր բացւում:
Առաջին՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը ինչ որ լուծում է գտնում դեռեւս մխացող արցախեան հակամարտութեան համար, ինչպէս նաեւ Թուրքիայի եւ թուրքերի հետ՝ «լեզու գտնում»: Այս ուղղութիւնը պաշտպանում էին անկախութեան առաջին շրջանի մի շարք պետական-քաղաքական գործիչներ, ինչպէս օրինակ Վազգէն Մանուկեանի կառավարութեան փոխվարչապետ Կտրիճ Սարդարեանը կամ Հրանդ Բագրատեանի կառավարութեան կրթութեան նախարար Աշոտ Բլէյեանը: Այս ուղղութեան ջատագովներից էին, անշուշտ՝ վերապահումներով, բազմաթիւ այլ գործիչներ, ինչպէս օրինակ պատմաբան-լեզուաբան Ռաֆայէլ Իշխանեանը, գրող Վանօ Սիրադեղեանը, առաջին նախագահ Լեւոն Տէր Պետրոսեանը, առաջին վարչապետ Վազգէն Մանուկեանը:
Երկրորդ՝ Հայաստանի համար առաջնահերթ է հողահաւաքն ու Հայ Դատի հետապնդումը, որ առանց երրորդ ուժի՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը անկարող են դիմակայել թուրք-ադրբեջանական ծաւալապաշտութեանը: Այս ուղութիւնը պաշտպանում էր Սփիւռքը գրեթէ առանց վերապահումների, հայ աւանդական կուսակցութիւնները, իշխանութիւնը կորցնող եւ Մոսկուայից կառչած Կոմկուսը, ռուսախօս հայ ինտելիգենցիան (մտաւորականութիւնը-Խմբ.): Այլ խօսքով, այս ուղղութիւնը կարելի է համարել երրորդ ուժի վրայ յենուող, այսինքն՝ մեր յոյսերը պիտի դնենք երրորդ պետութիւնների հնարաւոր եւ ենթադրեալ օգնութեան վրայ: Զօրի Բալայեանը այս ուղղութեան կարկառուն եւ անփոխարինելի ներկայացուցիչն էր (է): Որպէս երրորդ ուժ՝ բոլորի մտքում Խորհրդային Միութեան փլատակներից վեր բարձրացող Ռուսաստանն էր (է):
Քսանհինգ տարի առաջուայ վէճը նորութիւն չէր հայ ժողովրդի պատմութեան համար: Նման քննարկում ծաւալուել է Իսրայէլ Օրու ժամանակ, 19րդ դարի կէսերից յետոյ, երբ առաջին անգամ միջազգայնացուեց Հայկական Հարցը, Հայոց Ցեղասպանութիւնից յետոյ եւ Առաջին Հանրապետութեան գոյութեան երկուսուկէս տարիներին:
Հայաստանի՝ Մաքսային միութիւն մտնելու Մոսկուայի որոշումը տհաճ նորութիւն էր, բայց անակնկալ չէր:
Հայաստանը չի կարող անկախ, ինքնիշխան պետութիւն դառնալ, քանի դեռ հայաստանցիներն ու հայ ժողովուրդը չեն կարողանում գտնել թուրքերի եւ ադրբեջանցիների հետ համակեցութեան նուազագոյն որեւէ մակարդակ: Անշուշտ, արտաքին անկախ քաղաքականութիւն իրականացնելու համար չափազանց կարեւոր է ժողովրդավարական, օրէնքի գերակայութիւնը յարգող պետութիւն, արդար ճանապարհով ընտրուած նախագահ եւ խորհրդարան ունենալ: Բայց նոյնիսկ այդ պայմաններում, միեւնոյնն է, արտաքին սահմանների աւելի քան 80 տոկոսը փակ պետութեան համար, որը չունի ռազմավարական դաշնակիցներ, այլ ունի թուացեալ բարեկամ պետութիւններ, անհնար է իրականացնել արտաքին անկախ քաղաքականութիւն:
Մենք կարող ենք մինչեւ հոգու խորքը վիրաւորուել, երբ լսում ենք «Հայաստանը Ռուսաստանի վասալն (կամակատարն-Խմբ.) է», «Հայաստանը Ռուսաստանի համար սապոգի (երկարաճիտ կոշիկի-Խմբ.) տեղ է» եւ նման այլ նուաստացնող արտայայտութիւններ: Մենք կարող ենք ուրախանալ, որ մեր արտգործնախարարը նոր մակադրակի է բերում Հայաստան-Պերու յարաբերութիւնները, հպարտանք, որ դեսպանութիւններ ունենք Վիետնամում եւ Ինդոնեզիայում: Ընդդէմ կամ ի հակադրութիւն թուրք-ադրբեջանական դաշինքի գուցէ մենք էլ կարող ենք ստեղծել Հայաստան-Իրան-Թուրքմենստան եւ Հայաստան-Իրան-Յունաստան մեռելածին դաշինքները, սակայն երկարատեւ կտրուածքով՝ մեր երեխաների եւ Հայաստանի ապագան չարագուշակ կարող է լինել, եթէ շարունակենք շրջապատուած մնալ նման թշնամական ատամ կռճտացնող հարեւանութեամբ:
Ասել եւ ասում ենք, որ Թուրքիան է մեղաւոր, որ այդ երկիրն է Հայաստանի հանդէպ իրականացնում շրջափակման եւ մեկուսացման թշնամական քաղաքականութիւն: Ասել եւ ասում ենք, որ Արցախի հարցում Ադրբեջանն է մեղաւոր, այդ երկիրն է սպառազինութիւնների մրցավազք պարտադրում, սպառնում կոտորել հայ ժողովրդին: Բայց այդ ամէնը դառնում է ի զուր տեղը մեծ աղմուկ, երբ Հայաստանը շարունակւում է մնալ շրջափակուած, խորանում է նրա կախումը Ռուսաստանից, իսկ հանրապետութիւնից ամէն տարի հեռանում են տասնեակ հազարաւոր քաղաքացիներ:
Այն պահին, երբ հայերը, որպէս հաւաքականութիւն, կը գիտակցեն եւ կը հասկանան, որ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի համար ճակատագրական ուժ են՝ դրանից բխող ծանրագոյն հետեւանքներով, այդ ժամանակ կարող է ծնուել կամ գտնուել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հնարաւոր համակեցութեան գոնէ նուազգագոյն մակարդակը:
Տասնեակ հազարներով հայերը լքում են հայրենիքը, բայց Հայաստանը չի կարող լինել այլուր, քան Թուրքիայի եւ Ադրբեջանի հարեւանութեամբ: Գուցէ դաժան է հնչում, բայց սա է իրականութիւնը: Իսկ իրականութիւնը գիտակցելը ոչ ամօթ բան է, առաւել եւս՝ դաւաճանութիւն կամ վախկոտութիւն:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles