«ԱԿՈՒՆՔ»
1915թ. Մայիսի 27ին Տեղահանութեան մասին օրէնքով միլիոնաւոր հայերի ստիպեցին տուն-տեղ թողնել եւ գաղթել:
Որոշ աղբիւրներում որպէս «էթնիկ զտում» որակուած Հայոց Ցեղասպանութեան ժամանակ Թուրքիայի վիլայէթներում բնակուող գրեթէ բոլոր հայերը կոտորածների միջով անցան: Այս կոտորածներից անմասն չմնացին նաեւ այդ ժամանակ Այնթապում բնակուող հայերը:
Գրող-հետազօտող Ալի Քոչումը «Տիգրիս» լրատուական գործակալութեանն է հաղորդել նախքան Ցեղասպանութիւնը Այնթապում բնակուող հայերի պատմութեան եւ կենցաղի վերաբերեալ հաւաքած արխիւային տեղեկութիւնները:
«Նոր ազատ միտք» միութեան նախագահ, միեւնոյն ժամանակ գրող-հետազօտող Ալի Քոչումը նշելով, որ սրանից 100-110 տարի առաջ Այնթապի բնակչութիւնը կազմում էր մօտ 83 հազար, որից մօտ 35 հազարը հայեր էին, 40 հազարը՝ թուրքեր, իսկ մնացածը՝ տարբեր ինքնութեան կրողներ, ասել է, որ այս ժողովուրդները ձուլման քաղաքականութեան արդիւնքում կորցրել են իրենց ինքնութիւնը: Քոչումը յայտնել է, որ այդ ժամանակ այս ժողովուրդները Այնթապում խճանկար էին կազմում եւ միմեանց նկատմամբ յարգալից վերաբերմունք ցուցաբերում. «Այնթապում հայերի ձեռքում էին կենտրոնացած արհեստի կարեւոր ճիւղերը: Այնթապի ջուլհակութիւնը, որը շատ հին պատմութիւն ունի, անցել էր հայերի ձեռքը: Այս արհեստի գործատուներն ու ենթավարպետները, որոնք մանում, ներկում, ճնշման տակ էին դնում, հայեր էին: Նախկին Զինջիրլի Բեդեսթան, Միլլեթ, Իքի Քափըլը եւ Էմիր խաների (իջեւանատուն) սենեակները տարբեր հայ առեւտրականների գրասենեակներն էին»:
ԱՅՆԹԱՊԻ ԱՌԵՒՏՈՒՐՆ
ԱՄԲՈՂæՈՒԹԵԱՄԲ
ՀԱՅԵՐԻ ՁԵՌՔՈՒՄ ԷՐ
Ըստ Քոչումի՝ այդ ժամանակ Այնթապի ողջ առեւտուրը հայերի ձեռքում էր կենտրոնացած, իսկ թուրք առեւտրականները զբաղւում էին միջնորդութեամբ. «Հայերը Ամերիկա էին արտահանում պիստակ, սեւ խաղող, Այնթապի ձեռքի աշխատանքներ, լցոնելու համար նախատեսուած սմբուկ, Եգիպտոս, Ալժիր եւ Մարոքօ՝ վարդ, դեղձ, դեղին սաֆեան, Եւրոպա՝ բնական դեղին ներկ, ածիկ, մշակուած փորոտիք: Այս առեւտրականները երկրի տարբեր ծայրերում վաճառում էին տեղական այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են տարատեսակ կտորներ, օճառ, պղնձէ աշխատանքներ, զարդեր, խաղող, թուզ, դոշապ: Երաժշտական այգիներում եւ խաղատներում անգամ թուրքական ոճով սազ նուագողները հայ էին: Հայերը, ջանք ու եռանդ չխնայելով, ստեղծում էին նկարի պէս բնական, նուրբ եւ աչք շոյող Այնթապի ձեռագործ աշխատանքներ, իրականացնում էին դրամի շրջանառութիւն»:
ՀԱՅԵՐԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ
ԱՅՆԹԱՊԻ ԱՄՐՈՑԻ
ՏԱԿ ԳՏՆՈՒՈՂ æՐԱՆՑՔՈՒՄ
Քոչումը նշում է, որ այս յարաբերութիւնները շարունակուել են մինչեւ 1893-1895թթ., եւ երբ հայերը սկսել են իրենց դպրոցներում մայրենի լեզուով դասաւանդել, յարաբերութիւնները սկսել են վատանալ: Քոչումը մատնանշելով, որ նման իրավիճակն անհանդուրժելի էր, յայտնում է, որ հայերն այդ ժամանակ «Բալթայի ճակատամարտ» կոչուող պատերազմով ապստամբեցին: Հայերն այդ ժամանակ Այնթապի վարժարանի գտնուած վայրում դրօշ էին պարզել. «Այնթապում ապստամբութիւն ծագեց, որը յայտնի է որպէս Բալթայի ճակատամարտ: Այդ ժամանակ Այնթապում կային հայկական դպրոցներ, վարժարաններ եւ բժշկական ֆակլուլտետ: Խօսում էին օսմաներէն: Միմեանց նկատմամբ յարգանք էին տածում:
1979թ. տեղի ունեցած «Իդէալիստների օջախներ»ի յարձակումների արդիւնքում հրեաներն այստեղից գնացին: Նրանց ասում էին՝ «կեղտո՛տ հրեայ, չափդ ճանաչիր»: Հրեաներն ունեցած-չունեցածը վաճառեցին եւ գնացին, սակայն հայերի պարագայում այդպէս չէր. նրանք սեփական կեանքը փրկելու վախից տուն-տեղը թողեցին եւ գնացին: «Հայաստանի Հանրապետութիւն» ցուցատախտակ կախեցին: Երբ այս դէպքը տեղի ունեցաւ, այնթապցիների ձեռքին բահեր ու բրիչներ կային, իսկ հայերը զինւում էին: Իրար կոկորդ էին կրծում: Այնթապցիները, չկարողանալով իրադրութիւնը վերահսկել, օսմանեան զինուորներին են օգնութեան կանչում, որոնք գալիս եւ ճնշում են ապստամբութիւնը: Ապստամբութիւնը ճնշելուց յետոյ որոշ հայերի յաջողւում է փախչել, իսկ նրանց, ովքեր չեն կարողանում փախչել, օսմանեան զինուորները սպանում են Այնթապի ամրոցից ներքեւ գտնուող ջրանցքում»:
ՍԱ ՊԵՏԱԿԱՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ Է,
ՈՐԸ ՊԵՏՈՒԹԻՒՆԸ ՎԱՐՈՒՄ Է ԱՆՑԵԱԼԻՑ Ի ՎԵՐ
Վերադառնալով 1915 թուականին՝ Քոչումը շեշտեց, որ հայերի հանդէպ համակարգուած կոտորածների քաղաքականութիւն են վարել, այնուհետեւ աւելացրեց՝ եթէ Թուրքիան ընդունի 1915թ. կոտորածը, ապա ստիպուած է լինելու հայերին վերադարձնել Այնթապում եւ այլ վայրերում թողած ունեցուածքը: Քոչումն ընդգծելով, որ պետութիւնը փոխհատուցման գաղափարի հետ չի հաշտուելու, ասաց. «Ազգայնական գաղափարներն են մարդկանց այս վիճակին հասցրել: Այժմ էլ փորձում են քրդերի եւ այլ հատուածների նկատմամբ նոյնը կիրառել: Սրանք հասարակ դէպքեր չեն, անցեալից ի վեր պետութեան վարած քաղաքականութիւնն է»:
«Տիգրիս» լրատուական
գործակալութիւն