Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

«Կարմիր Խնձորը» Որդ Է Ընկել

ԽՈՐԷՆ ԱՐԱՄՈՒՆԻ

Տիկին Հայուհին աշխատանքից նոր էր տուն եկել, ըստ սովորութեան, սուրճը դրել, հեռուստացոյցը միացրել, նստել էր բազմոցին, ուսին դրած հեռախօսը կզակով պահել, մի ձեռքին գաւաթ, միւսին՝ հեռուստացոյցի վահանակ, խօսում, սուրճ էր խմում ու միաժամանակ հեռուստացոյցի կայաններն էր վերիվար անում:
- Աղջի, Շուշ, էս մեր տելեվիզըրներից, բացի սերիալ ուրիշ բան չես տենում, մի ժամ ա փոխում եմ, նայելու բան չկայ:
- Խի չկայ, աղջի, էս ա, նայում եմ, գցիր Հ1ը, լաւ էլ հաղորդում ա, էրեխէն հո տանը չի՞, – լսուեց լսափողից:
- Ինչի՞, էլի իրար կոտորո՞ւմ են:
- Չէ, ցաւդ տանեմ, նայիր, աղջկայ տեր ես, վաղը միւս օրը քեզ պէտք ա գալու:
- Հա, լաւ, լաւ, ապրես, գործիդ նայիր, եղաւ, եղաւ:
Կիսակլոր հարթակի վրայ համակրելի երիտասարդը մի ձեռքին խօսափող, միւսին նշումների վահանակ, հարցադրումներով դիմում էր աջ ու ձախ կողմում կանգնած տարբեր մասնագիտութիւնների տէր իգական ու արական սեռի ներկայացուցիչներին, այդ թւում նաեւ մի հոգեւորականի: Բոլորն էլ համարեա ներկայանալի հագուկապով, անկաշկանդ, երբեմն յարձակողական, երբեմն մեղմ ու հանգիստ իրենց տեսակէտներն էին արտայայտում հաղորդավարին յուզող հարցերի կամ առաջ քաշած խնդիրների շուրջ:
Հայուհու սարսափած հայեացքը պահի տակ, այնպէս սեւեռուեց հեռատեսիլին, որ կողքից նայողին կը թուար, թէ թուրքն է յարձակուել:
«Վայ, գրողը տանի», բարձրաձայն ասաց Հայուհին ու ինքն իրեն լսելի ձայնով շարունակեց. «Ինչի մասին ասես խօսում են, չե՞ն մտածում էրեխէք են նայում»: Ապա սուրճի բաժակը դրեց սեղանին, աչքի ծայրով նայեց դստեր սենեակի դռանը, փակ էր, տեղը բազմոցի վրայ ամրապնդեց ու հեռուստատեսիլի ձայնը մի քիչ բարձրացրեց:
Հաղորդման մասնակիցներից, համարեա ամենատարեցը գրոհեց խօսքը չաւարտած երիտասարդ մասնակցի վրայ.
«Վաթսունհինգ տարեկան կին եմ, հարս եմ բերել, յարգելով մեր հայկական հին աւանդոյթները, երկու օր յետոյ «կարմիր խնձորը» քաւորով, սազ ու զուռնայով տարել ու համայն աշխարհին ապացուցել ենք, որ հարսս մաքուր, ազնիւ ու բարեպաշտ ընտանիքի աղջիկ է եղել, ի՞նչ է, վա՞տ է, վերջապէս հայ ենք, դա հայկական ադաթ ա, հարեւաններիս, բարեկամներիս ու հարազատներիս մօտ համ ի՛մ երեսն եմ պարզ արել, համ հարսինս, համ էլ՝ տղայինս, սրա մէջ ի՞նչ վատ բան կայ, որ…»:
«Բարի, թոյլ տուէք դիմենք մասնագէտ գինեկոլոգին (կնախտաբանին-Խմբ.), տեսնենք դրա լաւն ու վատը ո՞րն է», ասաց հաղորդավարն ու գլխի շարժումով խօսքը տուեց բժշկին:
«Տիկին, դուք տեղեա՞կ էք, որ միայն այս տարի Չինաստանից Հայաստան է ներկրուել շուրջ չորս հարիւր կիլոգրամ կուսաթաղանթ, տեղեա՞կ էք, որ օրը քանի արհեստական կուսաթաղանթ է տեղադրւում ամուսնացող աղջիկների օրգանիզմում, քաւ լիցի, չեմ ուզում վիրաւորել, բայց ի՞նչ երաշխիք ունէք, որ ձեր հարսի «կարմիր խնձորը» որդնած չի եղել»:
«Այ քեզ բան, ամէն ինչ լսել էինք, էս մէկը՝ չէ՛», նորից ինքն իրեն մասնակից դարձրեց տիկին Հայուհին ու զանգահարեց ընկերուհուն.
- Աղջի, Շուշ, որդնած կարմիր խնձորս ո՞րն ա: Հա, լաւ, հասկացանք, բայց ախր էս տելեվիզըրի բան չի: Էս ինչ օրի հասանք, Շուշ ջան:
- Լաւ, քեզ դեբիլի (ապուշի-Խմբ.) տեղ մի դիր, շարունակութիւնը լսիր, կրկնութիւն է, ես արդէն մի անգամ նայել եմ:
«Հլա մի սրան նայիր, երկրորդ անգամն ա նայում», նախանձի տպաւորութիւն թողնելով, փնթփնթաց Հայուհին ու կլանուեց հաղորդումով:
- Մա, Չինաստանից լիքը թաղանթ են բերել, ինձ կառնե՞ս, – իր սենեակից դուրս եկաւ տասներկուսը չբոլորած աղջնակն ու դիմեց մօրը:
- Գնա՛, էդ քո խելքի բանը չի, գնա դասերդ արա:
- Ինչի՞, թաղանթն ի՞նչ ա որ, մա:
- Ասացի էդ քո խելքի բանը չի, վարագոյր ա, զանավեսկա, փարդա, դէ հիմա գնա՛, դասերդ արա, – աղջնակին սաստեց մայրն ու հետեւեց հաղորդման շարունակութեանը:
- Բժիշկ ջան, ես իմ հարսին հաւատում եմ, թե ով ինչպէս է մտածում, դա ինձ չի հետաքրքրում, -  քիչ թէ շատ զգաստացած, վրդովուեց տարեց կինն ու հպարտութեան կեցուածք ընդունեց:
- Լաւ, եկեք խօսքը տանք, Հայոց առաքելական եկեղեցու ներկայացուցչին: Հայր սուրբ, դուք, այսինքն մեր առաքելական եկեղեցին, ինչպէ՞ս է վերաբերւում այս հարցին:
- Սիրելի ժողովուրդ, յարգարժան հաւատացեալներ, այնքան նուրբ ու զգայուն հարց էք բարձրացրել, որի մասին խօսելը մինչեւ այսօր էլ քննադատութիւնների տեղիք է տալիս: Լաւ իմացէք եւ յիշէք, որ մենք հայ ենք, քրիստոնեայ ժողովուրդ, աւանդոյթները հէնց այնպէս, պատահական չեն դառնում որեւէ ժողովրդի սեփականութիւնն ու դարեր շարունակ գոյատեւում: «Կարմիր խնձորը» մեր ժողովրդի մէջ դիտուել է որպէս պատուի, մաքրութեան ու սրբութեան խորհրդանիշ: Աստուած մարդ ստեղծելիս ոչ մի աւելորդ բան նրա մարմնի մէջ չի դրել, եթէ մի բան դրել է, ուրեմն դա պէտք է: Նորից եմ կրկնում, կուսաթաղանթը քրիստոնէութեան մէջ դիտւում է որպէս սրբութեան, մաքրութեան ու պարկեշտութեան խորհրդանիշ, դա է պատճառ դարձել, որ դարեր շարունակ մենք մեծ ծիսակատարութեամբ ենք այն ներկայացրել մերձաւորներին եւ ժամանակի ընթացքում դա այնքան ենք արժեւորել, որ դարձել է պաշտամունքի առարկայ:
- Ի՞նչը, հայր սուրբ, կուսաթաղա՞նթը, – հոգեւորականին ընդհատեց երիտասարդ մասնակիցը:
- Այո, բայց ինչո՞ւ էք զարմանում:
- Հայր սուրբ, Մարիամ Մագդաղինացին ամուսնացած չէր, ոչ էլ կոյս էր, ինչո՞ւ սրբացրին:
Հայուհին կրկին համար հաւաքեց.
- Այ քեզ բան, խելագարուել կարելի ա, Շուշ ջան:
- Հա, ինչ ես կրակ բռնել:
- Աղջի, Շուշ, առնանդամի պաշտամունք լսել էինք, հասկացանք, հա, իսկականից էլ պաշտելու բան ա, բա էս կուսաթաղանթի պաշտամունքը ով մոգոնեց:
- Դէ, վարդապետ ա էլի, ինչ գիտի կինը ինչ ա, կոյսն ինչ ա: Դեռ դու շարունակութիւնը նայիր, շարունակութիւնը:
- Մի րոպէ, Շուշ ջան, ինչքան գիտեմ հեթանոսական Հայաստանում չբեր կանայք գնում իրենց հեշտոցը քսում էին առնանդամի քանդակներին, «ֆալլուս» են ասում, միայն մեր քաղաքի՝ Էջմիածնի Ազգագրական թանգարանի առաջ տաս-քսան հատ հէնց էնպես՝ անտէր անտիրական գցած ա, Երեւանի կենտրոնում էլ կայ, գիտե՞ս:
- Հայուհի ջան, էդ գեօզալ ապրանքին ով ա բանի տեղ դնում որ, ով ա գնահատում որ: էդ աննման «ֆալլուսներ»ը գցին փողոցները, թաբու դարձած կուսաթաղանթը սրբացրին:
- Շուշ ջան, մէկը լինի ասի՝ այ վարդապետ, այ հայր սուրբ, ուրիշ ասելիք չունե՞ս: Սիրուն տղայ ես, գնա՛, ամուսնացիր, ընտանիք կազմիր, քեզ ով չի առնի, համ էլ կ՛իմանաս կուսաթաղանթը ինչ բան ա, պաշտամունքի արժանի՞ ա, թէ՞ չի… էդ անտէրդ էլ պահում ես, որ պաշտամունք դարձնե՞ս, էսպես որ գնայ, մի օր խաչի տեղ դրան դէմ կտաք… ասենք էրնեկ չէր: Մեղայ քեզ Աստուած, մեղայ, մեղայ: Լաւ, Շուշ ջան, կը զանգեմ, տենամ ինչ ա լինում:
- Կը ներէք, հայր սուրբ, եթէ Աստուած մարդուն ստեղծելիս աւելորդ ոչինչ չի դրել, ուրեմն թլպատումն էլ է սխալ, միջամտեց մինչ այդ լուռ ու ամօթխած նստած երիտասարդ մի աղջիկ:
- Դա հրէաների մօտ է ընդունուած…
- Այո, բայց Աստուածաշնչի մէջ դրա մասին խօսւում է, – հայր սուրբին ընդհատեց հարց տուողը:
- Փոխանակ մի բան էլ աւելացնեն, կրճատում են, նպա՞ստ ա, աշխատավա՞րձ ա, ի՞նչ ա, – ինքն իրեն տրտնջաց Հայուհին ու աւելացրեց, – Աստծու տուած բարիք ա, ձեր ի՞նչ գործն ա, կ՛ուզենք կը կտրենք, կ՛ուզենք կ՛երկարացնենք, դա ձեզ տուած չի:
- Լաւ, խնդրում եմ ուշադիր, այսօր տաղաւար ենք հրաւիրել մի կնոջ, որն ունի մի զաւակ, ամուսնալուծուել է, ամիսներ է ինչ իր մինուճարի հետ գիշերում է փողոցում:
Ծափահարութիւններով դիմաւորենք նրան, – ասաց հաղորդավարն ու ընդառաջ գնաց դիմակաւորուած հիւրին, որը երկար ծափահարութիւնների ներքոյ տաղաւար է մտնում ու առաջնորդւում է դէպի իր բազմոցը:
- Կարո՞ղ էք ասել, թէ ինչո՞ւ էք յայտնուել փողոցում, – հաղորդավարը միանգամից հարցը ուղղեց դեռ բազմոցին տեղ չգրաւած նոր հիւրին ու շարունակեց, – գուցէ կոյս չէ՞ք եղել, կամ… լաւ, դուք ասէք, ինչո՞ւ, ինչո՞ւ էք յատնուել փողոցում, – հարցը աւարտեց նա ու կարեկցաբար մօտեցաւ «զոհին»:
- Ամուսնութեան երկրորդ իսկ օրն իմացայ, որ սխալ եմ գործել, զգացի որ ես ամուսնուս կողքին ոչ թէ կին, այլ գործիք եմ, – գլուխը կախ պատասխանեց դիմակաւոր կինը:
- Շատ կը ներէք, դուք կո՞յս էիք, – ընդհատեց հաղորդավարը:
- Այո:
- Իսկ կարմիր խնձոր տարե՞լ էին:
- Այո:
- Լաւ, բա ի՞նչն էր պատճառը, որ դուք յայտնուեցիք փողոցում:
- Սիրուհի էր պահում, ինձ ծեծում էր, չէր աշխատում…
- Կարո՞ղ ես դրանց հիմնական պատճառը ասել, ինչո՞ւ էր սիրուհի պահում:
- Ասում էր՝ դու չես կարողանում ինձ բաւարարես այնպէս, ինչպէս որ ես եմ ուզում, յետոյ իրա ուզած ձեւով ինչ ուզում անում էր ու վերջում էլ ծեծում էր:
- Վայ, գետինը մտնես կին, բա էդ ասելու բան ա, հայը կը կանգնի տելեւիզըրի առաջ ու տէնց բան կասի՞… էսքան տարի բա մենք ո՞նց ենք եօլա գնացել, – տրտնջաց Հայուհին ու աչքերը կկոծեց:
- Այսինքն ի՞նչ, ձեր ամուսինը ձեզանից ի՞նչ էր ուզում, որ դուք չէիք համաձայնւում ու չէիք կարողանում նրան բաւարարել, կարո՞ղ էք ասել, – այս անգամ հաղորդավարը աւելի մօտեցաւ նրան ու հայեացքով շրջեց դահլիճով մէկ:
- Չեմ կարող ասել, ամաչում եմ:
- Ինչքան ես իմացայ, խօսքը օրալ սեքսի մասին է, հա՞, – հաղորդավարը շատ հանգիստ դիմեց զոհին, այնպէս, ինչպէս մէկը ինչ որ մէկից հասցէ կը հարցնէր:
- Այո, եւ ամբողջ օրը սեքսից բացի նրան ուրիշ ոչինչ չէր հետաքրքրում, – հեկեկաց «զոհը»:
- Հայ սուրբ, դուք ի՞նչ պատասխան կը տայիք այս հարցին:
- Մա, մա, օրալը ի՞նչ ա, – իր սենեակից նորից դուրս պրծաւ աղջնակն ու փարուեց մօրը:
- Էդ ի՞նչ ես նայում, նորից միացրե՞լ ես, – հայուհին ետ շպրտեց աղջկան, բռնեց երեխայի թեւից, քարշ տուեց դէպի սենեակ, – քեզ տուած չի էսպիսի բաներ նայես, անջատիր, տլեվիզըրը անջատիր քեզ ասում եմ, գնա՛ պառկիր, – ինքը անջատեց երեխայի սենեակի հեռատեսիլն ու շտապեց հետեւել հաղորդման շարունակութեանը:
- Մա, ժամը եօթն ա, շուտ ա, – հեռուից լսուեց աղջնակի ձայնը:
- Ուրեմն նստիր դասերդ արա, տլեվիզըրը չմիացնես, նստիր, – գոռաց Հայուհին ու նորից հայեացքը սեւեռեց հեռատեսիլին:
- …Ամուսինը տան թագաւորը, իսկ կինը՝ թագուհին է, խօսքը շարունակեց հոգեւոր հայրը, – կինը դեռ պսակադրութեան ժամանակ, սուրբ խորանի առաջ, աւետարանի մօտ խոստովանում է, որ ինքը հնազանդ…
- Այսինքն՝ ստրո՞ւկ, – հայր սուրբին ընդհատեց վրդոված մէկը:
- Կը ներէք, քսանմեկերորդ դարում ենք ապրում, – միջամտեց բժիշկը, – կնոջ եւ տղամարդու իրաւունքները պէտք է յարգուեն հաւասարաչափ: Որեւէ ակտ որեւէ մէկի կողմից, եթէ փոխհամաձայնուած չէ, դա բռնութիւն է, խոշտանգում: Լաւ գիտէք, որ մեր հասարակութեան մէջ դա դեռ չի յարգւում ու կինը մեզ մօտ յաճախ խոշտանգւում, անգամ ամուսնացած կինը իր իսկ ամուսնու կողմից բռնաբարւում է: Իսկ այն ինչ վերաբերւում է նորմալ, կամ եթէ կ՛ուզէք ասել «ոչ նորմալ», օրալ սեքսին, դա նորութիւն չէ, աւելի քան երեք հազար տարուայ չինական ժայռապատկերներն են խօսում այդ մասին: Մեզ մօտ դա եղել է ամօթալի, իսկ օգտուողները երբէք չեն բարձրաձայնել: Նորից եմ ասում, դա պէտք է լինի սիրոյ հիմքի վրայ եւ երկու կողմի ցանկութեամբ:
- Բժիշկ ջան, բա ո՞ւր մնաց հայի պատիւը, չէ որ մենք ունենք մերը աւանդոյթներն ու ադաթները:
- Յարգարժան տիկին, չեմ ուզում վիրաւորել, բայց աւանդական սեքսը ո՞րն է, որտե՞ղ են դասաւանդում, մեր աւանդական սեքսի մասին, գուցէ եւ ցուցադրում են, հա՞: Յամենայնդէպս, ես տեղեակ չեմ:
- Ի միջի այլոց, այո, – բժշկին ընդհատեց հաղորդավարն ու շարունակեց, – այո, մեր դպրոցներում դասընթացներ կան սեքսի մասին, որտեղ ցաւալիօրէն դասաւանդում են ոչ թէ արհեստավարժ մասնագետներ, այլ՝ ֆիզկուլտի (մարմնամարզանքի-Խմբ.) դասատուները:
- Կներէ՛ք, – ընդհատեց բժիշկը, – որպէս մասնագէտ, գիտեմ, որ ոչ մի մարզաձեւում տասը րոպէում այդքան էներգիա չի ծախսւում, ինչքան տասը րոպէ սեքսում, երեւի դա որպէս մարզաձեւ է դասաւանդւում ու մեր ֆիզկուլտի դասատուներն էլ մարզում են, հա՞, – քմծիծաղ տուեց բժիշկը:
Դահլիճի բարձր ծիծաղը, որն աւելի շատ նման էր քրքիջի, մի կերպ զսպելուց յետոյ խօսքը շարունակեց հաղորդավարը.
- Մեզ մօտ, դահլիճում ներկայ են ուսանող-ուսանողուհիներ, գուցէ նաեւ, երիտասարդներ, որոնց տասնութն անգամ չի բոլորուել, կը ցանկանայի հաշուի առնել այս երեւոյթն ու լինել կոռեկտ եւ մի քիչ էլ զուսպ: Իսկ դուք՝ տիկին, որպէս մայր ու տատիկ, կը ցանկանայի՞ք դպրոցում դասաւանդուէր այնպիսի առարկայ, որտեղ աշակերտներին կծանօթացնէին սեքսի, կամ այսպէս ասած, մարդու հասունացման շրջանում նրա մօտ առաջ եկող բնական այնպիսի պահանջների մասին, որոնց շուրջ խօսելը, մինչ օրս, գոնէ մեզ մօտ, թաբու է:
- Ոչ, ի հարկէ ոչ, նրանք կը մեծանան ու ժամանակին ամէն ինչ կ՛իմանան, ես որ դպրոցում չեմ սովորել, ի՞նչ ա, երեխայ չե՞մ ունեցել, երեխայ էլ ունեմ, թոռ էլ, դեռ ծոռ էլ կը տեսնեմ, ֆիզկուլտի դասատուն ի՞նչ իրաւունք ունի իմ աղջիկ թոռանս հետ էդպիսի բաների մասին խօսի, հալա մէկը լինի հարցնի՝ էդ մարդը ինչքանո՞վ է բարոյական:
- Աղջի, Սոնա, Սոնա, հլա արի:
- Հա, մամ:
- Սոնա ջան, ֆիզկուլտի ժամերին ի՞նչ էք անում:
- Ֆիզկուլտ, մամ:
- Էդ ժամերին ուրիշ էլ ինչ էք անում:
- Ոչինչ մամ:
- Ճիշդն ասա, ֆիզկուլտի դասատուն ուրիշ բաների մասին չի՞ խօսում:
- Չէ, մա, ինչի մասին պիտի խօսայ:
- Բա չի՞ ասում, որ երեխան ոնց ա ծնւում:
- Չէ մա, չի ասում, բայց ես գիտեմ:
- Գնա կորի, քեզ հարցնող չկայ, դեռ ի՞նչ ժամանակդ ա, գնա քեզ ասում եմ:
- Մա, տեսել եմ, կոմպում (համակարգիչ) ամէն ինչ կայ:
- Այ քեզ բան, էս ա, հայրդ որ գայ…
- Չէ, մա, խնդրում եմ, մի ասա, չասես մա, խնդրում եմ, էլ չեմ նայի, խնդրում եմ, չասես:
- Դէ որ խոստանում ես, գնա ու դասերդ լաւ սովորիր:
Սոնան մինչեւ ուշ երեկոյ չքնեց, վախենում էր, չլինի թէ մայրը պապային ասի ու…
Հայհուհին եւս՝ մտահոգուած երեխայի ճակատագրով, քունը չտարաւ: Յաջորդ օրը երեխայի հետ գնաց դպրոց, տեղեկանալու՝ իրօք դպրոցում սեքսի մասին առարկայ կա՞յ, թէ՞ ոչ, իսկ եթէ կայ, ո՞վ է դասաւանդում եւ ինչե՞ր են սովորեցնում:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles