Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Միգուցէ Ճիշդը Լռե՞լն Է

$
0
0

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

«ԱՌԱՋԻՆ ԼՐԱՏՈՒԱԿԱՆ».- ՀՅԴ Երեւանի կառոյցի ղեկավար, հրապարակախօս Լիլիթ Գալստեանը, անդրադառնալով հարցին՝ 2013ից Հայաստանն աւելի շատ ձեռքբերումներո՞վ, թէ՞ կորուստներով է դուրս գալիս, նշեց.
«2013ը… Փորձում եմ հասկանալ, շրջանակել… փախչող է պատկերը, չգիտեմ ուր տանող, անստոյգ ու խարխափ, դառը ու հաստատ՝ ցաւացնող: Ցինիզմը, սուտը, քծնանքն ու աղմուկը շատ, այնքան շատ է, որ խլացնում է բանականութեան, ճշմարտութեան խոնարհ ձայնը:
Բառերն արժէզրկուել են, չարչրկուել, մաշուել, մեր ձեռքը կրակն ընկել… Ձեռքբերումներ… Ծիծաղելի է… Էդ բառը դիսոնանսի (անհամապատասխան, խառնաձայնութեան-Խմբ.) մէջ է մեր իրականութեան հետ:
Ու հարցեր… Նոյն հարցերը՝ բոլոր ժամանակներում: Մեզ ցաւալիօրէն հետապնդող, ճակատագիր ու ամօթ դարձած հարցերը՝ ի՞նչ անել, ո՞րն է ելքը, ինչո՞ւ մեր անցած բոլոր ճանապարհները մեզ տեղ չեն հասցնում, ինչո՞ւ մեր իմաստուն ու թանկ տեսակի բարոյականութիւնն ու խիղճը մեզ ինքնամաքրումի չի դրդում, ինչո՞ւ ենք շարունակում խուլ ու կոյր ձեւանալ՝ անկիրք վիճակագրի պարտականութեամբ բաւարարուելով սոսկ մեր նահանջներն արձանագրելով, ինչո՞ւ ենք շարունակ ճզմուել-յարմարուելով այնպէս տեղաւորւում մեզ բաժին ընկած կաղապարում, որ մեր դէմքը դիմագիծ չունի, իսկ մեր հայեացքը՝ հորիզոն… Ու աղմո~ւկ, ու բառե~ր՝ ցպահանջ, արժէզուրկ:
Ամաչում եմ խոստովանել՝ այս տարի առաջին անգամ հայեացքս սառեց ովկիանոսից այն կողմ…
2013ին Գիւմրիից՝ վիրաւոր ու մոլորուած Գիւմրիից 23,000 մարդ է հեռացել, գրեթէ նոյնքան տարաւ երկրաշարժը… Հայաստանը փոքրանում է, կծկւում… բառերն արժէզուրկ են, լսող չկայ… միթէ՞ ճիշդը լռելն է…
Ծանր տարուայ մէջ նաեւ լուսաւոր օրեր են եղել՝ լաւ գրքի, երաժշտութեան, գտած նախադասութեան, սիրելու, 15 աստիճան ցրտին անկախութեան 23րդ տարում Ազգային ժողովի պատերից դուրս պետութեան վախճանի համար կռիւ տուող մի քանի տասնեակ երիտասարդների պատկերով:
Բայց, միեւնոյն է, ես, մենք անուրախ ենք, մեր երթն անստոյգ է ու խարխափ, չգիտես ուր տանող, մեր ոտքերի տակ հողը սահում է, Տէրը չկայ, երկրի աղը պակասել է, մեր քրտինքը մեր հողի վրայ չի ընկնում…
Իսկ կեանքն, այնուամենայնիւ, հրաշալի է, թանկ, ու պիտի սիրուն ապրել, արժանապատիւ, մարդկայնօրէն՝ մտածում է մեզանից իւրաքանչիւրը:
Եօթ տարեկան լինես թէ՝ եօթանասուն, տարեմուտին անհնար է այլ կերպ մտածել. պարտաւոր ես նորոգել լաւատեսութիւնդ ու հաւատալ, որ որքան էլ նօսրացած լինեն մեր խիղճն ու իմաստնութիւնը, այնուամենայնիւ, մեր ցեղի ազնուական ու յամառ տեսակը պարտադրում է հաւատալ, որ մեր նահանջները վերջ ունեն, որ ցինիկների ու զօռբաների ժամանակներն անցնելու են, գալիս է քարեր հաւաքելու ժամանակը:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles