ՆՈՒԱՐԴ ԱԼԵՔՍԱՆԵԱՆ
«ԱՍՊԱՐԷԶ».- Լեւոն Խեչոյեան ժամանակակից ամէնէն տաղանդաւոր արձակագիրներէն մէկն է: Ցաւով իմացանք, որ ան կը տառապի քաղցկեղէ: Բուժման համար Գերմանիա գացած Խեչոյեանի հայրենիք վերադարձը կարելի դարձնելու համար Հայաստանի կառավարութիւնը իր պիւտճէէն ութ միլիոն դրամ յատկացուց: Տաղանդաւոր արձակագիրի մասին «Ազգ»ի մէջ լոյս տեսած այս տեղեկագրութիւնը կը ներկայացնենք իբրեւ մասնակի ծանօթացում հեղինակին:
Օրերս Արցախում էր ժամանակակից հայ արձակի նշանաւոր դէմքերից մէկը՝ Լեւոն Խեչոյեանը: Ստեփանակերտի «Գրիգոր Նարեկացի» համալսարանում կայացած հանդիպմանը մասնակցում էին Արցախի գրական ընտանիքի անդամներ, գրողի արուեստի եկրպագուներ, լրագրողներ, ուսանողներ:
Դեռեւս 1989 թուականին, Լեւոն Խեչոյեանը, երբ «Գարուն» ամսագրում երեւաց իր առաջին գործով՝ «Խնկի Ծառեր» վիպակով, արդէն սկսուել էր Արցախեան ազգային–ազատագրական շարժումը: Դա բոլորովին ուրիշ ժամանակ էր, ուր ամէն ինչ պէտք է ունենար ճշմարտութեան դրոշմ:
«Խնկի Ծառերը» հեղինակի տոհմի, գերդաստանի պատմութիւնն է, բայց տաղանդաւոր գրողի ձեռամբ դարձաւ նաեւ մեր դիմանկարը, ուր անցեալն ու ներկան թէեւ յաճախ յայտնւում են նոյն ժամանակում, բայց ժամանակները չեն խառնում եւ իրենցով երեւացրած ապագայի տեսլականը հէնց մեր երթի շարունակութիւնը պիտի դառնար: Երեւան գալով փոթորկուն ժամանակում, «Խնկի Ծառերը» կարողացաւ ժամանակի փորձութիւնն իր մէջ տարալուծել եւ իր բաժին յիշեցումն անել. անարմատ ծառը երբեք սաղարթ չի տայ: Երբ պատերազմ եղաւ մեր աշխարհում, Լեւոն Խեչոյեանը դարձաւ իր հայրենիքի զինուորը: Պատերազմից յետոյ երեւացին նրա պատմուածքների ժողովածուները, իսկ «Սեւ Գիրք, Ծանր Բզէզ» վէպն արժանացաւ ՀՀ «Ոսկէ Եղէգն» պետական մրցանակին:
ԼՂՀ գրողների միութեան վարչութեան նախագահ Վարդան Յակոբեանը իր ուրախութիւնը յայտնեց օրուայ հանդիպման առթիւ, Լեւոն Խեչոյեանի հայ գրականութիւն բերած արձակը համարելով մեր դասականների արուեստի լաւագոյն աւանդոյթների նոր շարունակութիւն:
«Նրա ստեղծագործութիւնների մէջ շարժւում է պատմութեան ու ժամանակի արիւնը: Սպիտակ թղթի վրայ սեւ թանաքով նկարւում է մի պատկեր, որը մնայուն է հայ գրականութեան մէջ: Գեղարուեստական գրականութիւնը պատկեր է, որի հիմքը կոնֆիլկտն (ընդհարումը-Խմբ.) է: Կարողանալ մտածողութիւնը ներառել մէկ բառակապակցութեան կամ բառի մէջ, հէնց դա է այն գաղտնիքը, որ Աստուած դնում է իր ընտրեալների մէջ», իր խօսքում նշեց Վարդան Յակոբեանը, յաւելելով, որ Լեւոն Խեչոյեանի ստեղծագործութեան առանձնայատուկ որակներից մէկն էլ արագ տեղաշարժն է բառից բառ, որը տանում է գեղարուեստական մտքի դինամիկայի (շարժման-Խմբ.):
Լեւոն Խեչոյեանի արձակը լոկ հայկական միջավայրում չէ, որ հնչեղ է: Նրա գործերը թարգմանուել են մի շարք լեզուներով: Մարդկային ցաւը հասու է բոլորին եւ այդ ցաւի արծարծումը, նրա խորքը տեսնելու մղումը նոյնքան հոգեհարազատ է բոլորին, ուստի արուեստագէտը իր ստեղծագործութեամբ, իր արարումով դառնում է նաեւ այլ ժողովուրդների մտերիմն ու հոգեկիցը: Վերջերս նրա գործերի ուկրաիներէն թարգմանութեան առթիւ հայկական մամուլում եւ մասնաւորաբար «Ազգ»ում, հրապարակումներ եղան՝ ուկրաինացի գրողների, մտաւորականների կարծիքներ, որոնք ոչ միայն հիացական էին, այլեւ ունէին հէնց մեր կողմից առաջ քաշուած ու մեզ համար էլ կարեւորագոյն մի խնդրի շեշտադրում: Լեւոն Խեչոյեանի գործերը մարդուն տրուած եւս մէկ հնարաւորութիւն են՝ լրջօրէն խորհելու ինքն իր մասին, ելքեր փնտռելու:
Խօսքն ագուցել աննշան թուացող մանրուքին եւ այն դարձնել մարդկային որակ, ապրած կեանքը բնորոշող յատկանիշ, նաեւ ճակատագիր, թերեւս միայն ստեղծագործական մեծ շնորհքի ուժով է հնարաւոր:
Գրողի ստեղծագործութեան գեղագիտական սկզբունքը ինքնաճանաչողութիւնն է, այսինքն՝ մարդերգութիւնը, դրանով է նա արարում իր աշխարհը, հետեւում իր հերոսների կեանքին, նրանց արարքները քննութեան ենթարկում: Մարդու հոգում տեղ գտած ցաւի մասին գրելը հէնց անսահման սէրն է մարդու հանդէպ: Թող որ մարդը յաճախ կեանքի դրամատիկ իրավիճակներում իրեն դրսեւորի թոյլ եւ ուժեղ որակներով, ինքնահաշտութեան ճանապարհը չի կորսուել, որ դարձ է դէպի ինքն իրեն, իր մարդեղէն աւազանը սեփական հոգում գտնելու խիզախութիւնը: Խոստովանենք. սա սովորական մահկանացուից շատ ջանքեր է պահանջում, բայց յաջողութեան պարագայում նրան պահում է Աստծուն մերձ, այսինքն՝ օրհնեալ…
Ահա այս դժուարին ինքնավերադարձի մասին է Լեւոն Խեչոյեանի խօսքը. «Սիրիր քո մերձաւորին» պատուիրանը նրա համար ընդարձակում է ե՛ւ խօսքի տիրոյթները, ե՛ւ այդ խօսքն ընդունողների շրջանակը: Բառը նրա համար նոյն ատոմն է, որն իր տրոհմամբ բերում է հզօր էներգիա եւ Լեւոն Խեչոյեանի ստեղծագործութիւնում բառի ամէն նոր տրոհումը վերածւում է խօսքի զօրեղութեան:
Հանդիպմանը խօսք ասաց նաեւ բանասիրական գիտութիւնների թեկնածու, արձակագիր Կիմ Գաբրիէլեանը: Նշենք, որ նրա գիտական ատենախօսութեան թեման եղել էր «Լեւոն Խեչոյեանի Ստեղծագործութեան Գեղագիտական Առանձնայատկութիւնները»: Խեչոյեանի հետ ունեցած երկար տարիների մտերմութիւնը, բնականաբար, օգնում է նրա ստեղծագործութեան տանող ճանապարհը անցնել առաւել գունեղ, ուստի բանախօսի խօսքը համեմուած էր հետաքրքրական մանրամասներով: Կիմ Գաբրիէլեանը նաեւ նշեց, որ Լեւոն Խեչոյեանն աւարտել է «Մհերի Դուռը» վէպը, որի վրայ աշխատել է 15 տարի եւ թերեւս շուտով ընթերցողները հնարաւորութիւն կ՛ունենան ծանօթանալու գրքին:
Իր ելոյթում Լեւոն Խեչոյեանը նշեց.
«Խուսափում եմ հանդիպումներից, ելոյթներից, քանզի կարծում եմ, որ գրողի ամենալաւ ելոյթը հէնց իր գիրքն է, որն ուղարկում է ժողովրդին: Բայց Արցախում ակամայ խախտում եմ այս աւանդոյթը ու սիրով եմ հանդիպումներ ունենում եւ ելոյթ ունենում: Գրողի գործը դժուար է, տառապալի: Հին ժամանակներում վանական միաբանութիւններում վանահայրերը հերթով կանգնում էին «հսկումի»: Ի՞նչ է դա. ողջ գիշեր վանահայրը պէտք է ծնկաչոք աղօթեր եկեղեցում, որ չարը, թշնամին իր հայրենիքին չմօտենայ, չվնասի երկիրը: Գրողը, արուեստագէտը հէնց «հսկում»ի ելած վանահայրն է, ով իր ստեղծագործութեամբ ուզում է չարն ու թշնամին հեռացնել իր երկրից: Գիւղաբնակները գիտեն, որ ամենամութ ու փոթորկուն գիշերներին շունը մի քանի բերան հաչում է խաւարի ուղղութեամբ, գայլահոտ չկայ, բայց շունը կանխաւ վախեցնում է գազանին: Իմ կարծիքով գրողն էլ նոյնն է անում, ընդվզում՝ ընդդէմ չարի, որպէսզի ժողովուրդը խաղաղ «հսկուի»: Աստուած դրա համար է ստեղծել արուեստագէտին:
Աշխարհի մեծագոյն լաւատեսն է գրողը, թէ՛ մտահոգութեամբ, թէ՛ ապագային ուղղուած խօսքով: Լեւոն Խեչոյեանը դա հաստատում է նաեւ ապրած կեանքով: Արցախեան գոյապայքարի մասնակից է գրողը, ասել է թէ դարձել է ազատութեան զինուոր, կամեցել իր մասնակցութեամբ պահ առաջ աւարտել պատերազմը, պահ առաջ խաղաղութիւն հաստատել: Իր հայրենիքի կենաց ու մահու պայքարին մասնակցի դիրքորոշումն այսօր էլ անսասան է՝ խաղաղութեամբ, ազատութեամբ յաղթելու հաւատով:
«ԱԶԳ»