ԱՆՆԱ ՄՈՒՐԱԴԵԱՆ
«Մի տարի էր սեւով էի մնում՝ բռնեցին, բայց նոր փաստաթղթերս արդէն պատրաստ են ու վաղը թռնում եմ», պատմում է «Հետք»ին 25ամեայ Արմինէն:
Միգրանտների բառապաշարում «սեւով» մնալ՝ նշանակում է ապօրինի ապրել օտար երկրում: Արմինէն մօտ երեք տարի է, որ լքել է Հայաստանը. մեկնել է Բելգիա, ամուսնացել: Այնտեղ ապրում էր սկեսրոջ ու ամուսնու հետ:
«Իմ գործի ուսումնասիրութիւնը երկու տարի տեւեց, բայց մերժեցին, երրորդ տարին էլ սեւով մնացի՝ մինչեւ աւտոբուսի մէջ բռնեցին», պատմում է նա:
Բելգիայում անօրինական միգրացիան կանխելու համար խիստ հսկողութիւն կայ սահմանուած: Յատկապէս տրանսպորտի մէջ մշտապէս ստուգում են փաստաթղթերը, որի արդիւնքում էլ Արմինէին բռնել էին:
Արմինէն պատմում է, որ Հայաստանից գնալու համար յատուկ մարդիկ կան, որոնց վճարում են՝ իրենց համար «ճիշդ» պատճառաբանութիւններ յօրինելու համար: «Օրինակ, սկեսուրս Մարտի 1ի գործով է գնացել, գրում ես, որ քո երկրում քեզ հետ լաւ չեն վերաբերւում, անձնական խնդիրներ ունես: Յետոյ յանձնաժողով կայ, որն ուսումնասիրում է փաստաթղթերդ, որ հասկանայ՝ թոյլ տայ քեզ ապրելու այդ երկրում, թէ ո»չ, ասում է նա:
Արմինէն ասել է, որ Բելգիայում ազգական ունի, որտեղ կարող է ապրել, այդ պատճառով նրան ճամբար չեն ուղարկել, սակայն այն մարդկանց, ովքեր տուեալ երկրում ոչ ոք չունեն, հիմնականում ուղարկում են ճամբարներ: Բելգիայում նրան ամսական վճարել են 200 դոլար:
Պետութեան կողմից կազմակերպուած ճամբարները մանրամասնօրէն նկարագրուած են Ջոն Սթայնբեքի «Ցասման Ողկոյզներ» Նոբելեան մրցանակի արժանացած վէպում: Թէպէտ այնտեղ պատկերուած է ամերիկեան իրականութիւնը՝ 20րդ դարի սկզբին, սակայն սկզբունքային առումով դրանք նոյնն են՝ միայն թէ վրաններին փոխարինում են փոքրիկ տնակները:
Ըստ Հայաստանում դեռեւս գործող աւանդոյթի՝ Արմինէին «կամ» էին տեսել մի երիտասարդի համար, ով ապրում էր «եւրոպաներ»ում: Ապագայ ամուսնուն տեսել էր միայն նկարով ու ինտերնետով էլ շփուել էին: Երկար չէր մտածել ու ինքնաթիռի տոմսը՝ որպէս հարսանեկան նուէր գրպանում, ճանապարհուել էր դէպի իր համար հեռու-անյայտ «եւրոպաներ»ը: Նրա բախտը բերել էր ու ամուսնու հետ լեզու էր գտել. իրար հաւանել էին ու ընտանեկան կեանքում ոչ մի խնդիր չկար:
«Բայց ընկերուհիս նոյն ձեւով Ֆրանսիա էր պսակուել՝ 6 ամսից հետ եկաւ. մարդը նարկոման, ալկաշի մէկն էր դուրս եկել, էդ բոլոր ծախսերն էլ ընկել էր խեղճի տնեցիների վրայ», ասում է նա:
Երբ Արմինէին մերժել էին կարգավիճակ տալ, նա յետ չէր վերադարձել, որովհետեւ, իր ասածի պէս՝ «սեւով» ապրել հնարաւոր էր: Նա պատմում էր. «Շատ տեղեր կան, որտեղ կարող ես առանց փաստաթղթի աշխատել՝ աման լուալ, տուն մաքրել եւ այլն, վատ էլ չեն վճարում՝ ամսական 1000 եւրօ, ու գործատուներին էլ է ձեռ տալիս, որովհետեւ մեր համար պետութեանը հարկ չեն վճարում»:
Եւրոպա ժամանած ներգաղթեալները այդ պետութիւնների բիւջէի հաշուին տարիներով մնում են ճամբարներում եւ այլուր՝ մի կողմից լրացուցիչ բեռ լինելով այդ երկրների համար, միւս կողմից՝ կորցնելով իրենց մասնագիտական հմտութիւնները, քանի որ չունենալով կարգավիճակ եւ չիմանալով լեզու՝ աշխատանք են գտնում միայն սեւագործ աշխատաշուկայում:
Արմինէն մասնագիտութեամբ դիմայարդար է, սակայն ամուսնուն օգնելու համար ժամանակ առ ժամանակ այնտեղ աման է լուանում ռեստորաններում եւ ոչ մի ցանկութիւն չունի Հայաստանում ապրելու եւ բացատրում է. «Որովհետեւ փողը կայ, աշխատանքը կայ, յարգանքն էլ՝ վրադիր, ո՞վ է մեզ էստեղ բանի տեղ դնում: Մնացողներին իմ կողմից կասէք յաջող, պետութեանն էլ՝ որ իր քաղաքացուն մարդի տեղ դնի, այլ ոչ թէ՝ էշի»:
Համաձայն «ՀՌԿԿ-Հայաստան»ի 2011թ. անցկացրած հարցումներին, հեռանալ ցանկացողների հիմնական պատճառաբանութիւնը երկրի քաղաքական համակարգի հանդէպ անվստահութիւնն է:
Արմինէին հանդիպեցի քաղաքի մարդաշատ վարսավիրանոցներից մէկում, որտեղ գտնուող մօտ 10 հոգուց 6ը ճամպրուկային տրամադրութիւններով էին:
Պատկառելի արտաքինով մի միջին տարիքի կին պատմեց, որ 15 տարի առաջ մեկնել է Սանկտ Պետերբուրգ ու երկու տարին մէկ գալիս է Հայաստան՝ ազգականներին տեսութեան:
«Բայց Եւրոպա չեմ ուզում գնալ, որովհետեւ չեմ սիրում ողորմութիւն խնդրել», ասում է նա:
Վարսաւիրի օգնական Միհրան Սայադեանը, որ Սանկտ Պետերբուգից եկել էր «էժանով» վարսաւիրութիւն սովորելու, ասում էր, որ այնտեղ նրանց հեգնում են՝ ասելով. «Հայաստանում երեւի մենակ Սերժն ա մնացել»:
Նրան ընդմիջում է մէկ այլ յաճախորդ, ով շարունակաբար կրկնում էր՝ «երկիրս երկիր չի» ծեծուած խօսքը. «Գիւղում պոմիդոր-բադրիջան ենք մշակում, որ մի կերպ ապրենք, բայց էտի ապրել չի, մի վարկը վերցնում ենք, որ միւսը փակենք. հարսանիքի վարկ, կնունքի ու պարարտանիւթի վարկ, ինչ վարկ ասես էլ չլսեցինք, բա սա երկի՞ր ա. մի հատ դրանց ասէք, թող գան տեսնեն գիւղացին ոնց ա ապրում»:
Թէպէտ միգրացիոն ոլորտը կարգաւորելու եւ յետվերադարձի միգրացիան խթանելու համար կառավարութիւնը 2012-2016թթ. համար ընդունել է հայեցակարգ եւ մշակել գործողութիւնների ծրագիր, այդուհանդերձ, Հայաստանից մեկնողների եւ չվերադարձողների թիւը, որ մի քանի տարի կանգ էր առել, վերջին տարիներին նորից սկսել է աճել:
2006թ. միգրացիան նոյնիսկ ունեցել է դրական սալտօ՝ 22 հազար մարդ եկել է Հայաստան: Այդուհանդերձ, 2009թ. սկսած միգրացիան երկրում սկսեց արձանագրել բացասական սալտօ՝ կազմելով մօտ 25 հազար մարդ: 2013թ. Յունուարի 1ի տուեալներով՝ անցած տարուայ կտրուածքով Հայաստանից մեկնել են 2 մլն. 230 հազար եւ ժամանել են 2 մլն. 190 հազար մարդ, այսինքն Հայաստանը լքել են 42 հազար մարդ: Վերջին հինգ տարիներին Հայաստանից մշտապէս հեռացել են մօտ 140 հազար մարդ:
Մշակութային մարդաբան, ազգագրագէտ Աղասի Թադէոսեանը «Հետքին» ասում է, որ միգրացիայի բացասական կողմերից մէկը երեւոյթի ոչ թէ քանակական կողմն է, այլ՝ որակականը, քանի որ, երբ երկիրը լքում են որակեալ մշակութային կապիտալ ունեցող մարդիկ, ազգային մակարդակով խնդիր է առաջանում՝ հասարակական կեանք կազմակերպելու առումով:
«Օրինակ, լաւ մաթեմատիկոսների կամ ֆիզիկոսների մեծ արտահոսքի դէպքում խնդիրը նոյնիսկ համալսարանում դասաւանդողների քիչ քանակութիւնը չէ, այլ այն, որ որոշակի պահից յետոյ երկրի մշակութային կապիտալի վերարտադրութիւնը դինամիկ ձեւով խզումներ է ունենում, այսինքն որակի կրիտիկական զանգուածի պահպանման հարց կայ, ու եթէ որեւէ տեղ դրա սահմանը գերազանցւում է, այդ հասարակութիւնները կորցնում են իրենց զարգացման հնարաւորութիւններն ու աւելի մեծ է լինում հաւանակութիւնը, որ նրանք կախման մէջ կը լինեն ուրիշ հասարակութիւններից», մեկնաբանում է նա:
Թադէոսեանը նշում է, որ միգրացիան ունի նաեւ բազմաթիւ դրական կողմեր, մասնաւորապէս, երկկողմանի միգրացիայի դէպքում՝ մարդիկ այլ երկրում աշխատելուց եւ յետ վերադառնալուց յետոյ բերում են ձեռք բերած փորձառութիւնն ու մշակութային կապիտալը, որը կարելի է դիտարկել որպէս Հայաստանի մշակութային կեանքում կապիտալի ներդրում:
«Նրանք անձնական աճ են ունենում, իսկ ձեռք բերուած նոր որակները ներդրւում են ոչ միայն մասնագիտական ոլորտում, այլեւ առօրեայում, ասում է նա, որովհետեւ այդ նոյն մարդիկ՝ դրսում ունենալով լայն բազմամշակութային շփումներ, փոխում են ոճի, հագուստի, սննդի եւ տարատեսակ այլ ոլորտների նկատմամբ ունեցած վերաբերմունքը եւ Հայաստան գալով՝ դառնում մշակութային միջնորդներ»:
Ու թէպէտ յետ վերադարձողները քիչ են, սակայն այդպիսիք կան: 16ամեայ Անայիսը, որ ծնուել է Ֆրանսիայում, «Հետքին» ասում է, որ չի ցանկանում ապրել այնտեղ: Նրա ծնողները երկիրը առաջինը լքողների շարքում են. մեկնել են մօտ 20 տարի առաջ, իսկ ինքը առաջին անգամ Հայաստան է եկել անցեալ տարի ու այնպէս է հաւանել, որ ծնողներին ստիպել է, որ միւս տարի իրեն ուղարկեն Հայաստան: Անայիսը այստեղ սովորում է տեղական քոլեջներից մէկում ու ապրում հօրեղբօր տանը: «Էնտեղ հազար ձեւի մարդիկ կան, ու ինձ դուր չի գալիս էնտեղի վարքն ու բարքը, ինձ էստեղ աւելի դուր եկաւ ու մնալու եմ», պատճառաբանում է Անայիսը,
Անայիսի հետ համաձայն է 22ամեայ Մելինէն, որը Հայաստանը ութ տարի առաջ լքած նախկին ոստիկանի դուստր է: Նրա ծնողներն ապրում են Սանկտ Պետերբուրգում, որտեղ հայրը դարձել է գովազդային գործակալ, իսկ ինքն այստեղ ազգականներին տեսութեան գալով՝ սիրահարուել է ու պատրաստւում է ամուսնանալ:
«Ես էնտեղ իմ «ափսէում» ինձ չէի զգում, մերոնք չեն ուզում գալ, բայց ես ամուսնանում եմ ու կը մնամ ստեղ. փառք Աստծոյ՝ ամէն ինչ էլ ունեն», պատմում է նա: Նրա ամուսինը ձուկ է աճեցնում մօտակայ գիւղերից մէկում ու ապրուստի միջոցներից չեն դժգոհում:
Յետվերադարձի միգրացիան խթանելու, ինչպէս նաեւ արտագաղթի ուղղութեամբ խորհրդատուական բնոյթի ծառայութիւններ մատուցելու համար այս տարուայ Յունուարից կառավարութեան 4ամեայ հայեցակարգի շրջանակներում մեկնարկել է ԵՄ «Աջակցութիւն շրջանակաձեւ միգրացիային եւ վերաինտեգրմանը Հայաստանում» 3 տարի տեւողութեամբ եւ մէկ միլիոն եւրօ արժողութեամբ ծրագիրը, որն իրականացւում է չեխական «People in Need» կազմակերպութեան միջոցով:
Ըստ ծրագրի, Հայաստանի չորս՝ Արմավիր, Սիւնիք, Վայոց ձոր եւ Արարատ մարզերի Զբաղուածութեան պետական ծառայութիւն կենտրոններին կից բացուել են միգրացիոն ռեսուրս-կենտրոններ, որոնց նպատակն է Հայաստանից մեկնել ցանկացողներին իրազեկել իրենց իրաւունքների մասին, ինչպէս նաեւ վերադառնալու դէպքում՝ օգնել նրանց, որ վերաինտեգրուեն հասարակութեանը:
Արմավիրի միգրացիոն ծառայութեան ղեկավար Գագիկ Գաբրիէլեանը «Հետքին» ասում է, որ քաղաքացիներից շատերն իրենց դիտարկում են որպէս երկրից մեկնելուն օժանդակելու համար մարմին:
«Սակայն իմանալով, որ մեր ծառայութիւնները խորհրդատուական են, նրանց մօտ որոշակի հիասթափութիւն է առաջանում, այդուհանդերձ, ոմանք նաեւ օգտւում են մեր տրամադրած տեղեկութիւններից», ասում է նա:
Գաբրիէլեանն ասում է, որ նրանք մարդկանց օգնում են՝ այլ երկրի իրաւական դաշտի եւ իրենց իրաւունքների պաշտպանութեան մասին տեղեկատուական ու խորհրդակցական փաթեթ տրամադրելով:
«Որովհետեւ, եթէ մարդը որոշել է գնալ, գոնէ թող տեղեկացուած գնայ, սակայն նրանցից շատերն իրենց ծանօթների ու բարեկամների միջոցով արդէն նախնական տեղեկութիւններ ունեն տուեալ երկրի մասին», ասում է նա:
Գաբրիէլեանը նշում է, որ մինչ այժմ իրենց դիմել են մօտ 100 մարդ, իսկ կենտրոնի մասին տեղեկութիւններ տարածում են համայնքների ղեկավարների ու մարզպետարանի միջոցով:
«Հիմնականում մարդը, որը ինչ-ինչ պատճառներով վերադարձել է, մտածում է նորից մեկնելու ուղղութեամբ, նշում է Գաբրիէլեանը, բայց եթէ շատ է հիասթափուած լինում, նորից մտածում է՝ էստեղ արմատաւորուել»:
Միգրացիոն ռեսուրս կենտրոնը դասընթացների եւ այլ միջոցներով յետվերադարձողներին օգնում է, որ աշխատանք գտնեն՝ ըստ իրենց նախասիրութիւնների: Կայ նաեւ բիզնես բաղադրիչ, որի շրջանակներում յետվերադարձող քաղաքացուն տրամադրւում է 3000-5000 եւրօ դրամաշնորհ՝ փոքր բիզնես սկսելու համար:
Հայաստանում յետվերադարձի միգրացիայի առիւծի բաժինն ընկնում է Ռուսաստանում իրականացուող աշխատանքային միգրացիային, որը, Հայաստանի հետ ունենալով նոյն սովետական անցեալը, շատ զարգացած չէ եւ այնտեղից նոր որակի մշակութային կապիտալ չի գալիս:
«Բացի այդ նրանք հիմնականում սեւագործ միգրանտներ են, ովքեր իրենց անձնական եւ առօրեայ կեանքում հնարաւորութիւն չեն ունենում ակտիւ շփումներ ունենալու այդ հասարակութիւնում, նրանցից շատերն ապրում են իրենց աշխատավայրում՝ գումարած անլեգալ պայմանները, ինչը չի նպաստում, որ իրենց ազատ ժամանակն իրացնեն հաղորդակցութեան լայն շրջապատում: Դա է պատճառը, որ Ռուսաստանից հետ եկած միգրանտները ոչ այնքան մշակութային ներդրում են ունենում Հայաստանում, որքան՝ ֆինանսական», ասում է Թադէոսեանը:
Թադէոսեանը նշում է, որ դա ոչ պակաս դրական դեր ունի, քանի որ ֆինանսական կապիտալի մի մասը ներդրւում է երեխայի կրթական եւ ընտանիքի զարգացման վրայ: «Այս տիպի միգրանտների ընտանիքներում երեխաները աւելի մեծ հնարաւորութիւն ունեն մինչբուհական եւ բուհական լաւ կրթութիւն ստանալու: Ի դէպ, հարցումների ժամանակ, նրանցից շատերն աշխատանքային միգրացիայի պատճառը համարել են երեխայի կրթութիւնը, ասելով, որ բուհն աւարտելուն պէս՝ մնալու են երկրում», ասում է նա:
Ըստ Ազգային վիճակագրական ծառայութեան տուեալների՝ 2035թ.ին Հայաստանի բնակչութիւնը կը կազմի 2.9 մլն. մարդ: