ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
«Այո, մենք՝ հայերս, այս հողերի վրայ աչք ունենք, որովհետեւ մեր արմատներն այստեղ են, սակայն մի անհանգստացէք, ոչ թէ այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար…». Հրանդ Դինք
Համայն աշխարհում այսօր անհնար է գտնել մի հայ, որ լսած չլինի կամ չիմանայ, թէ ով է եղել Հրանդ Դինքը կամ ինչպէս է սպանուել նա: Սակայն, դժբախտաբար, նրա մասին շատերն իմացան ոչ թէ կեանքի օրօք, այլ մահից յետոյ… Եւ, որքան էլ ցաւալի լինէր նրա սպանութիւնը, այնուամենայնիւ պէտք է արձանագրել, որ Դինքը հազուադէպ հանդիպող անհատներից մէկն է եղել պատմութեան մէջ, ով շատ բան է փոխել ոչ միայն իր կեանքի ընթացքում, այլեւ՝ մահից յետոյ, վերջինը՝ բնականաբար ակամայ…
Այո՛, Դինքն իդէալիստ էր. նա հաւատում էր, թէ Թուրքիան կարող է փոխուել կամ հնարաւոր է թուրք մտայնութիւնը փոխել: Նա խիզախօրէն բարձրաձայնում էր այն հայկական խնդիրների մասին, որոնք 100 տարի շարունակ թաբու են եղել Թուրքիայում… Նա երազում էր ժողովրդավար Թուրքիայի մասին…
1996թ. Դինքի խմբագրապետութեամբ հիմնուեց «Ակօս» շաբաթաթերթը: Այն իւրայատուկ դարձաւ պոլսահայ իրականութեան մէջ ոչ միայն նրա համար, որ տպւում էր հիմնականում թուրքերէն՝ ունենալով միայն մի քանի էջ հայերէն հրապարակումներ, այլ նաեւ այն աննախադէպ փաստով, որ «Ակօսն» սկսեց անդրադառնալ մինչ այդ թաբու եղած բազմաթիւ թեմաների՝ Հայոց Ցեղասպանութիւն, իսլամացած եւ ծպտեալ հայութիւն, ինչու չէ՝ նաեւ Թուրքիայում ապրող այլ ազգային փոքրամասնութիւնների խնդիրներ…
Եւ «Ակօս»ը հանգրուան դարձաւ շատ իսլամացած հայերի համար, ովքեր չցանկանալով հրապարակել իրենց անունները՝ զեղում էին այն ողջ ցաւը, որ ծուարել էր նրանց հոգիներում, քանի որ ստիպուած էին եղել տարիներով լինել այն, ինչ չեն…
Հարկ է նշել, Դինքը ոչ միայն հայ էր, այլ նաեւ՝ Թուրքիայի քաղաքացի, եւ նրա պայքարն ուղղուած էր նաեւ Թուրքիայի դեմոկրատացմանը, որին նա փորձում էր հաւատալ ի սրտէ:
2005թ. յատկապէս նրա մեծ ջանքերի եւ մի շարք այլ ազատադէմ թուրք մտաւորականների շնորհիւ Թուրքիայում արձանագրուեց մի աննախադէպ երեւոյթ. Ստամբուլում գտնուող Բիլգի համալսարանում կայացաւ գիտաժողով՝ «Օսմանեան հայերը կայսրութեան փլուզման ժամանակաշրջանում. գիտական պատասխանատուութեան եւ ժողովրդավարութեան հարցերը» թեմայով: Եւ չնայած նրան, որ գիտաժողովը, ըստ ծրագրի, պիտի կազմակերպուէր մէկ այլ՝ Բողազիչի համալսարանում, բայց վերջին պահին արգելուեց, չնայած նրան, որ այն կրում էր ոչ թէ Հայոց Ցեղասպանութեան, այլ միայն «Օսմանեան հայերը կայսրութեան փլուզման ժամանակաշրջանում» խորագիրը, չնայած, որ գիտաժողովն անցկացուեց թուրք ազգայնականների սպառնալիքների ներքոյ, այնուամենայնիւ, այն կայացաւ, եւ կայացաւ առաջին հերթին Դինքի ջանքերով…
Սակայն հէնց 2005ն էլ շրջադարձային տարի եղաւ Դինքի համար, ինչպէս ժամանակին 1915ն էր եղերական եղել համայն հայութեան համար: Թէեւ Դինքն սպանուեց 2007թ. Յունուարի 19ին, սակայն հէնց 2005ից աւելի մեծ մասշտաբով սկսուեցին այն դատական եւ հասարակական հետապնդումները, որոնք ի վերջոյ յանգեցրին նրա սպանութեանը… Սպառնալիքներ պարունակող բազմաթիւ նամակներ, Թուրքիայի քրէական օրէնսգրքի 301րդ յօդուածով մի շարք դատական գործեր…
Նա յատկապէս թիրախ դարձաւ այն բանից յետոյ, երբ համարձակուեց «Ակօս»ում հրապարակել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի որդեգիր դստեր՝ Սաբիհա Գէօքչենի հայկական ծագումը՝ շեշտելով նաեւ, որ Թուրքիայի հանրապետութեան հիմնադրի հոգեդուստրն իրականում Հայոց Ցեղասպանութեան ժամանակ որբացած հայուհի է:
Իրապէս մեծ խիզախութիւն էր պահանջւում նման բան ասելու համար, քանի որ Սաբիհա Գէօքչենը, որի անուամբ է, ի դէպ, կոչւում Ստամբուլի օդանաւակայաններից մէկը, առաջին կին ռազմական օդաչուն էր ողջ աշխարհում, եւ առաջին կին օդաչուն՝ Թուրքիայում: Նա թուրք աշխարհիկ կնոջ խորհրդանիշն էր այս երկրում, այսինքն՝ Մուստաֆա Քեմալի գաղափարախօսութեան հիմնաքարերից մէկը եղող լաիցիզմի՝ աշխարհիկութեան մարմնացումը…
Եւ Դինքն այդպիսով համարձակւում էր ոչ միայն յիշատակել Հայոց Ցեղասպանութեան մասին, այլ նաեւ՝ քանդել այն արհեստական գաղափարախօսութեան հիմքերից մէկը, որով 80 տարի շարունակ խաբել են սեփական ժողովրդին…
Դինքի մահը եւ, ինչու չէ, նաեւ յետագայում նրա սպանութեան հետաքննութիւնն ու դատաքննութիւնը ցոյց տուեցին համայն աշխարհին, որ թուրքը գրեթէ չի փոխուել 1915ից յետոյ… Այո՛, կարելի է վստահաբար արձանագրել, որ Հրանդը եւս դարձաւ Հայոց Ցեղասպանութեան զոհը՝ լինելով 1 ու կէս միլիոն + 1, քանի որ նա սպանուեց ոչ միայն լրագրող, այլ նաեւ՝ հայ լինելու համար:
Այստեղ ընդգծենք մի ուշագրաւ փաստ. թէ՛ Դինքի մահը եւ թէ նրա դատական գործընթացի շուրջ ծաւալուող իրադարձութիւնները շատ աղերսներ ունեն Հայոց Ցեղասպանութեան եւ 1919-1921թթ. Օսմանեան կայսրութիւնում հայերի տեղահանութեան ու կոտորածների մեղադրանքով կայացած երիտթուրքերի դատավարութիւնների հետ:
Ինչպէս նկատում է Թաներ Աքչամը, Դինքի սպանութիւնն իրականացուել է գրեթէ նոյն սցենարով, ինչպէս որ վերացուեց Հայոց Ցեղասպանութեան գլխաւոր պատասխանատուներից մէկը՝ Թալէաթ փաշան: Ըստ Աքչամի՝ Դինքի մահով Թուրքիայի խորքային պետութեան կատարածուները փորձել են նաեւ լուծել Թալէաթի սպանութեան վրէժը. «Հրանդ Դինքին սպանել են Թալէաթ փաշայի սպանութեան վրէժն առնելու համար: Ամէն, ամէն բան կազմակերպուել է՝ 1921թ. իրագործուած սպանութեան վրէժը լուծելուն համապատասխան: Տեղեակ ենք, որ Եասին Հայալը հօր հետ խօսել է Թալէաթ փաշայի մասին: Պարզւում է՝ նա հարցրել է հօրը. «Հայրի՛կ, դու գիտե՞ս, թէ ինչպէս է սպանուել Թալէաթ փաշան»: Բաւականին էլ տեղեկացուած է եղել այդ դէպքի մասին, քանի որ յաւելել է. «Գիտէի՞ր, որ Թալէաթ փաշային սպանած մարդը պատիժ չի կրել, ազատ է արձակուել»:
«Ինչո՞ւ Հրանդ Դինքին իր տան առջեւ չսպանեցին: Կամ էլ ինչո՞ւ չառեւանգեցին, սպանելուց յետոյ դիակը հեռու մի տեղ չգցեցին, ինչպէս որ արել էին անյայտ կորածների դէպքում», շարունակում է Թաներ Աքչամը եւ յաւելում, «Թուարկածներիցս իւրաքանչիւրն էլ կ՛անէին, եթէ ցանկանային, բայց այդպէս վարուելու փոխարէն՝ նրան սպանեցին «Ակօս»ի խմբագրատան առաջ՝ պողոտայի մէջտեղում, բոլորի աչքի առջեւ, այն էլ՝ յետեւից գլխի վրայ կրակելով: Ինչո՞ւ: Որովհետեւ ցանկացան, ի դէմս Հրանդի, հայերից լուծել Թալէաթ փաշայի վրէժը: Թալէաթն սպանուեց 1921թ. Մարտի 15ին, Բեռլինում՝ Ցեղասպանութիւնից վերապրած Սողոմոն Թէհլիրեանի կողմից: Թէհլիրեանը յետեւից մօտեցաւ Թալէաթին եւ սպանեց նրան՝ գանգը ջնջխելով: Նա ձերբակալուեց փախչելու ժամանակ եւ արդարացուեց Յունիսի 2ին ու 3ին կայացած դատավարութեան արդիւնքում: Այս սպանութիւնը մէկ այլ նմանութիւն էլ ունի, որ մինչեւ հիմա չգիտէինք. Թէհլիրեանը ձերբակալուել էր դէպքի վայրից փախչելիս, բայց իրականում, ըստ մահափորձի ծրագրի հեղինակների որոշման, չպէտք է փախչեր, պէտք է սպասէր եւ յանձնուէր սպանութեան վայրում: Հրանդ Դինքի գործի հետաքննութեան որոշ արձանագրութիւններից պարզւում է, որ իրականում ծրագրուած էր եղել, որ Օգիւն Սամասթը եւս չփախչէր եւ ձերբակալուէր գոնէ Ստամբուլում: Ամէն բան լինելու էր 1921 թուականի պէս: Նպատակը թէ՛ Թալէաթ փաշայի վրէժն առնելն էր եւ թէ հայերին 1915թ. Ցեղասպանութիւնը յիշեցնելը՝ նրանց ձայնը խեղդելու համար: Նրանք ուզում էին ասել. «Մենք այս հողերում 1915թ. յետոյ ոչ մի հայի հնարաւորութիւն չենք տայ ազատ արտայայտուելու»:
Ինչ վերաբերում է դատական գործընթացին, ապա մեր դիտարկումներով՝ կարելի է բազմաթիւ նմանութիւններ գտնել Դինքի գործի դատաքննութեան եւ 1919-1920թթ. երիտթուրքերի դատավարութիւնների միջեւ՝ վկաների անհետացում, սպանութեան համար աշխատանքի մէջ թերացած ոստիկանների պաշտօնների բարձրացում եւ այլն, եւ այլն… Այս զուգահեռները, որ առկայ են Դինքի դատական գործի եւ երիտթուրքերի դատավարութիւնների միջեւ, եւս փաստում են, որ թուրք մտայնութիւնը ներկայում գրեթէ չի փոխուել…
Դինքը դեռ ողջ է, նա շարունակում է գործել: Ինչո՞ւ: Քանզի նրա գործը եւ նոյնիսկ այն, ինչի մասին միայն երազել էր, բայց չէր հասցրել իրականացնել կեանքի օրօք, ներկայում շարունակում են նրա ընկերները՝ «Հրանդ Դինք»ի անուան հիմնադրամի միջոցով…
Ինչպէս յայտնի է, ընդամէնը 1 ու կէս ամիս առաջ Ստամբուլում տեղի ունեցաւ եւս մի աննախադէպ իրադարձութիւն. սոյն թուականի Նոյեմբերի 2-4ը Բողազիչի համալսարանում կազմակերպուեց գիտաժողով՝ «Իսլամացուած հայերի թեմայով»:
Կարծում եմ, հարկ չկայ նշելու, թէ քանի նման հայեր Թուրքիայում հէնց նրա մահից յետոյ խիզախեցին վերադառնալու իրենց իրական ինքնութեանը…
Akunq.net