ՕՆՆԻԿ ՀԱՅՐԱՊԵՏԵԱՆ
Երկար ժամանակ, գուցէ աւելի քան մէկ տարի Հայաստանում եթերուեց «Վերվարածները Ընտանիքում» հեռուստաներկայացումների շարքը (հեռուստասերիալը): Նախ վերվարածներ բառը առաջացել է վերվարել բառից, որը նշանակում է՝ կողոպտել, կորզել, պլոկել: Իրաւամբ ներկայացման (սերիալի) խորագիրը եւ բովանդակութիւնը (թեման) շատ յարիր են իրար:
Ի՞նչ էր ներկայացնում հեռուստասերիալը: Մանրամասների մէջ չմտնելով եւ որոշ մանրուքներ բացառելով՝ ասենք, որ ընդհանուր առմամբ՝ խաբեբայութիւն եւ դաւադրութիւն սեփական ընտանիքի մէջ կամ ազգականների նկատմամբ, ընտանիքի անդամներն իրար հանդէպ, երբ ամէն մէկը աշխատում էր խաբեբայութեամբ մի գումար պլոկել եւ այլ խնդիրներ:
Ամէնից արտառոցը տատիկի կերպարն էր: Տատիկը, որին մարմնաւորում էր Սերգէյ Դանիէլեանը, ներկայանում էր իբր թէ «ամենագէտ», կամակոր, փողոցային գռեհիկ բառեր շռայլող մի անձնաւորութիւն, որը միեւնոյն ժամանակ իր շարժ ու ձեւով, խօսելաոճով, վերաբերմումքով ու ագեվազի պէս ցատկելով դէս ու դէն, խիստ անարգանք էր տածում հայ տատիկների հասցէին:
Ինքնաբերաբար մտածում ենք՝ արդեօք ո՞ր հայ տատիկը այդպիսի անարգական վերաբերմունք ունի իր հարազատ ընտանիքի, զաւակի կամ թոռան նկատամամբ: Արդեօք ո՞ր հայ տատիկը այդպիսի հայհոյալից արտայայտութիւններ է շռայլում իւրայինների կամ ծանօթ-բարեկամների հանդէպ: Արդեօք ո՞ր հայ տատիկը կամ առհասարակ որեւէ այլ տատիկ խօսելիս այդքա՜ն ծամածռութիւն է անում եւ լեզուն օձի պէս անընդհատ բերանից դուրս է ճօճում:
Այս հեռուստաներկայացումը, իմ կարծիքով, բացի այն, որ դաստիարակչական ոչինչ չէր փոխանցում, այլեւ մեծապէս անարգում ու վիրաւորում էր մեր բարի, ազնիւ, համեստ, գիտակից, քաղաքավար ու հոգատար մեծ մայրերին-տատիկներին: Բնականաբար, պատասխանը միանշանակ է՝ ոչ մէկը:
Եթէ սոյն հեռուստաներկայացման սցենարիստն ու ռեժիսորը անձնապէս այդպիսի փորձառութիւն ունեն, հասկանալի է, որ դա իսկապէս զուտ անձնական է, եւ չի կարելի այն ընդհանրացնել, մանաւանդ՝ եթեր հեռարձակել:
«Վերվարածները Ընտանիքում» հեռուստաներկայացման տատիկը, որ Պարսկաստանից ժամանել էր Հայաստան, այժմ հասել է Միացեալ Նահանգներ, որպէսզի այս անգամ «Մեծ մամեն Լոս Անջելեսում» անունով մէկ անգամ եւս անարգի ու վիրաւորի եւ խեղկատակի կերպար ներկայացնի հայ տատիկներին: Ամօ՛թ, իսկապէս հազա՜ր ամօթ…
Դժբախտաբար, կատագերգութիւնը, երգիծանքն ու հիւմորը մի շարք «դերասաններ» սխալ են ըմբռնում կամ միանգամայն նիւթականի եւ հեռուստադիտող բազմութիւն շահելու քաղաքականութեամբ են առաջնորդւում, մի կողմ թողնելով կամ չունենալով իրական բեմարուեստի տաղանդ եւ մոռանալով հեռուստածրագրերի դաստիարակիչ առաքելութեան ու դերի կարեւորութիւնը: Այսօր, կրկին դժբախտաբար, հեռուստածրագրերի ու հեռուստաներկայացումների շուկան ողողուած է հասարակ ու անորակ, դեռ աւելին՝ ոչ դաստիարակչական ու մոլորեցուցիչ ծրագրերով, մի բան, որ շատ հեռու է հեռուստացոյցի իրական առաքելութիւնից ու դերից:
Կասկած չկայ, որ այստեղ պատասխանատու են բոլորը՝ նախ ժողովուրդը, որ քաջալերում է նման անորակ ու հակադաստիարակչական ներկայացումներ, ապա հեռուստակայանների ու հեռուստածրագրերի արտօնատէրերը, որոնք աչք են փակում նման ծրագրերի եթերման վրայ, ինչպէս նաեւ՝ հեռուստահաղորդավարներն ու հարցազրոյց վարողները, որոնք մեծ հրճուանքով ու հպարտութեամբ են դիմաւորում ու ներկայացնում նման «արուեստագէտներ»ի:
Ժամանակն է, որ սթափուենք եւ մշակութային մնայուն արժէք ներկայացնող գործեր հրամցնենք մեր հանրութեանը: