Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Քաղաքական-Սոցիալական Պայթիւն Է Հասունանում

ԳԷՈՐԳ ԱՂԱԲԱԲԵԱՆ

Կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրման դէմ սկսուած քաղաքացիական բողոքի ակցիաներն (ցուցական գործողութիւնները-Խմբ.) աստիճանաբար վերածւում են հասարակական-քաղաքական շարժման, ինչն աննախադէպ է 2012թ. խորհրդարանական ընտրութիւններից յետոյ ընկած ժամանակահատուածի կտրուածքով: Այս գործընթացը պարունակում է լիցքեր, որոնք ոչ միայն կարող են բերել քաղաքական համակարգի ռեաբիլիտացման (առողջացումին-Խմբ.), այլեւ հասարակական մոբիլիզացիայի (զօրաշարժի-Խմբ.): Դրան նպաստում է երեք կարեւորագոյն գործօն: Նախ՝ նախաձեռնութիւնը գալիս է ոչ թէ քաղաքական ուժերից, որոնք ճիգեր են գործադրում՝ դուրս գալու մարգինալ (լուսանցքային-Խմբ.) վիճակից, այլ հասարակութիւնից կամ, որ աւելի կարեւոր է, դրա հիմնական շարժիչը հանդիսացող հատուածից՝ գիտակից, ինտելեկտուալ (մտաւորական-Խմբ.), հաւասարակշռուած երիտասարդութիւնից, եւ հիմնուած է ոչ թէ քաղաքական, այլ հասարակական շահերի վրայ: Հետաքրքրական է, որ կուտակային բաղադրիչի դէմ պայքարի մէջ ներգրաւուած է երիտասարդութեան այն հատուածը, որին որեւէ մէկը եւ առաջին հերթին իշխանութիւնը չի կարող մեղադրել գրանտակերութեան (միջազգային դրամաշնորհներու չարաշահութեան-Խմբ.) մէջ, եւ որը հեռու է պրովոկացիոն (գրգռիչ-Խմբ.) գործելակերպից, ինչը յատուկ է այս շրջանում տարբեր նախաձեռնութիւնների մէջ ներգրաւուած եւ ինչ որ չափով երես առած որոշ երիտասարդների: Սա այն հատուածն է, որը բարիք է ստեղծում երկրի համար, որը միջին խաւի պոտենցիալ (կարողական-Խմբ.) անդամ է եւ որն իր մէջ բաւարար համարձակութիւն ու կամք է գտնում խնդիրների լուծումը տեսնելու պայքարի, այլ ոչ թէ սուսուփուս երկրից հեռանալու մէջ: Ցանկացած քաղաքական ուժի համար սա մեծագոյն հարստութիւն է, եւ պատահական չէ խորհրդարանական ուժերի հետաքրքութիւնը թէ՛ պայքարում ներգրաւուած երիտասարդների եւ թէ նրանց համախմբուած եւ աննահանջ գործողութիւնների նկատմամբ:
Երկրորդ՝ պահանջի հիմքը, ըստ էութեան, սոցիալ-իրաւական է: Չնայած առարկան կենսաթոշակային համակարգի ընդամէնը մէկ բաղադրիչն է, սակայն նշանակութեամբ եւ ուղղուածութեամբ այս պայքարը ներառում է նաեւ սոցիալական բոլոր այն խնդիրները, որոնց շահառու խմբերը առանձին-առանձին դուրս են գալիս ակցիաների: Ըստ էութեան՝ այս պայքարի առանցքը կազմում է կառավարութեան նկատմամբ անվստահութիւնը, ընդհանուր բարեկեցութեան ապահովման պահանջը եւ իշխանութիւն-հասարակութիւն յարաբերութիւններում անկեղծութեան եւ ազնուութեան բացակայութիւնը, որը տարբեր ձեւակերպումներով ընկած է նաեւ միւս շրջանակների պայքարի հիմքում: Հէնց սա է պատճառը, որ կուտակային բաղադրիչի դէմ սկսուած, չափազանց գրագէտ կազմակերպուող գործընթացը միւս քաղաքացիական նախաձեռնութիւններին կլանելու լուրջ պոտենցիալ ունի: Դրա առաջին նշաններն արդէն երեւում են: Նախորդ օրը արդէն տեւական ժամանակ իրենց սոցիալական խնդիրների լուծման պահանջով փողոց դուրս եկած ազատամարտիկների խմբերը միացան Ազգային ժողովի մօտ ակցիա իրականացնող «Դէմ եմ» նախաձեռնութեանը, դրան միանալու առաջին վախուորած քայլերն է անում Մարդու իրաւունքների պաշտպանի գրասենեակը:
Միակ գործօնը, որն առայժմ խանգարում է կլանման պրոցեսի ծաւալմանը եւ ձնագնդի էֆեկտի (արդիւնք-Խմբ.) ստեղծմանը, ընդհանուր, բոլորի շահերն իր մէջ ամփոփող բանաձեւի եւ օրակարգի բացակայութիւնն է: Բայց սա արդէն այն գործառոյթն է, որը ոչ թէ քաղաքացիական նախաձեռնութիւնների դաշտում է գտնւում, այլ՝ քաղաքական ուժերի:
Երրորդ՝ խորհրդարանական ընդդիմութեան համար պարտադիր կուտակային համակարգի դէմ քաղաքացիական պայքարը ոչ միայն ինքնաիրացման, այլ նաեւ որոշակի իմաստով հանգրուանային համագործակցութեան ամուր պլատֆորմ (հարթակ, ամպիոն-Խմբ.) է ստեղծում: Այդ ամրութեան հիմնական գրաւականն այն է, որ դուրս է քաղաքական նեղ ամբիցիաների (փառասիրութիւններու-Խմբ.) եւ փոխադարձ վստահութեան տիրոյթից: Ստեղծ-ուել է աննախադէպ այնպիսի իրավիճակ, երբ ընդդիմադիր քաղաքական ուժերը ստիպուած են կառչել քաղաքացիական այդ պայքարից‘ մարգինալ դաշտից դուրս գալու համար, որոնց ընդամէնը պատուիրակւում է այդ պայքարին քաղաքական բովանդակութիւն հաղորդել եւ դրանով իսկ առաջնորդել: Ամենակարեւորն այն է, որ այդ ուժերը, կարծես, կարողանում են համաձայնեցուած եւ պլանաւորուած գործողութիւնների դիմել, այսինքն՝ համատեղել ուժերը՝ շարունակելով մնալ խիստ տարբեր ու նոյնիսկ հակադիր: Արդէն ուրուագծւում է կոնկրետ երկարատեւ գործընթաց, որը բնոյթով արդէն լինելու է քաղաքական: Պատգամաւորների 1/3ի նախաձեռնութեամբ կուտակայինի ներդրումը մէկ տարով յետաձգելու մասին օրինագիծը ԱԺում, ի հեճուկս քաղաքական մեծամասնութեան, քննարկելուն հասնելը դրա առաջին քայլն էր: Երկրորդը լինելու է Սահմանադրական դատարանում այն վիճարկելը:
Խորհդարանական ընդդիմութիւնը նախկինում եւս ունեցել է այս գործընթացն անցնելու օրինակներ, ինչպէս Ընտրական օրէնսգրքում փոփոխութիւններ կատարելու նախաձեռնութիւնն էր: Սակայն դրանք շարունակութիւն եւ ընթացք չեն ունեցել այն պատճառով, որ հիմնուած էին միայն իրենց շահերի վրայ եւ դրանց ներքոյ հասարակութիւնն ինքն իրեն չէր տեսնում: Իսկ այս դէպքում հէնց հասարակութեան կենսական շահն է գործընթացի առանցքը, հասարակութիւնն ինքն է մոբիլիզացւում, ինքն է խնդիրներ ձեւակերպում, ինչը պարզապէս զրկում է քաղաքական ուժերին դիտորդի կարգավիճակ որդեգրելուց: Պատահական չէ, որ թէ՛ ՀՅԴն, թէ՛ «Ժառանգութիւն»ը եւ թէ ՀԱԿն արդէն իսկ առաջ են քաշում քաղաքական, բայց սահմանադրական պայքարի եւ այն կոնկրետ նպատակային գործողութիւններով զարգացնելու մեխանիզմները (կառուցուածքները-Խմբ.): Որպէս այդպիսիք՝ նշւում են, մասնաւորապէս, նաեւ ՍԴի լրիւ կանխատեսելի մերժողական որոշումն ստանալուց յետոյ համահանրապետական գործադուլ սկսելու, ապա եւ հանրահաւաքային շարժում ծաւալելու մեթոդները: Որքանով դրանք արդիւնաւէտ կը լինեն, հիմա դժուար է կանխատեսել: Սակայն արդէն այսօր կարելի է արձանագրել, որ հասարակութեանից իշխանութեան շարունակական օտարման եւ դրա ամենացինիկ դրսեւորումների ֆօնին Հայաստանում, առայժմ ընդամէնը սաղմնային մակարդակով, սկսել է նոր բովանդակութեամբ քաղաքական գործընթաց հասունանալ, որը կարող է սոցիալական պայթիւնի յանգեցնել: Քաղաքական անապատում դրա միրաժն (կրկներեւոյթը, պատրանք-Խմբ.) է ուրուագծւում: Եթէ ընդդիմութիւնն հերթական անգամ կամովին բաց թողնի այս շանսը (առիթը-Խմբ.), կարող յայտնուել այնպիսի անդունդում, որտեղից այլեւս ելք չկայ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles