Վերջին շրջանում սոցիալական ցանցերում աշխոյժ քննարկւում է ղարաբաղեան պատերազմի մասնակից՝ չեչեն նախկին գրոհային Ալի Համզատովի խոստովանութիւնը եւ գնահատումները՝ պատերազմի, հայերի ու ադրբեջանցիների մասին: Այդ տեքստը համացանցում առաջին անգամ յայտնուել է 2010 թուականին, պարզուել է նաեւ հեղինակի ինքնութիւնը, որը ներկայում բնակւում է Աբու Դաբիում:
Մենք նպատակայարմար ենք համարում բաւական պերճախօս այդ տեքստի որոշ հատուածներ ներկայացնել ընթերցողի ուշադրութեանը՝ յաւելելով այլ մանրամասներով ու վկայութիւններով:
Հետեւութիւնները թողնում ենք ընթերցողին:
«Անդին»
ԱԼԻ ՀԱՄԶԱՏՈՎԸ
ՂԱՐԱԲԱՂԻ ՄԱՍԻՆ
Ես ակկ եմ (ակկ, ակկիացի – չեչենական ցեղախումբ, տոհմ – «Անդին»): Ծնուել եմ 1970 թուականին, Գրոզնիում: 1991 թուականից մասնակցել եմ իմ ժողովրդի ազատագրական պայքարին: 1993 թուականին, գրեթէ երկու ամիս ուղղահաւատների խմբի հետ Ղարաբաղում կռուել եմ հայերի դէմ: Ադրբեջանցի-թուրք «եղբայրների» հետ կռւում էինք «անհաւատների» դէմ: Մեր ամիրի հետ պայմանաւորուել էինք, որ իւրաքանչիւր սպանուած հայի դիմաց կը ստանանք 200 դոլար:
1993 թուականի Յունիսին մեզ (մօտ 120 շահիդների) ուղարկեցին հայկական Ագդերա (Մարտակերտ) գիւղի շրջան, ուր ամրացանք թիւ 203 բարձունքում, անտառապատ լեռնալանջերի մօտ: Ճիշդն ասած, հայերին մենք «Բազարներ» («առեւտրական», արհամարհական – «Անդին») էինք ասում, ես հայեր մի քանի անգամ տեսել եմ Գրոզնիում, շուկայում: Ճիշդն ասած, ատում էի նրանց, ինչպէս ռուսներին:
Իմացանք, որ մեզնից ոչ հեռու, Մարտակերտի ուղղութեամբ տեղակայուած են եղբայր թալիշները: Նրանք շատ էին, մի քանի հարիւր հոգի: Թուրք-ազերիները կանգնած էին Լենինաւանի մօտ: Յուլիսի 24 կամ 26ին ազերիները թալիշների հետ գրոհի գնացին, հայերին մղեցին դէպի ջրամբար: Ինչպէս յետագայում իմացայ, նրանք (հայերը – «Անդին») 60-70 հոգի էին:
Մենք նրանց հետ առաջին անգամ ընդհարուեցինք յաջորդ գիշեր, երբ նրանք փորձեցին թիկունքից մտնել մեր ու թալիշների միջեւ: Մենք ճնշեցինք թշնամու կրակը: Ես մարտերի ժամանակագրութեան մէջ չեմ խորանայ, սակայն կ՛ասեմ մի բան. այդպիսի տոկունութիւն եւ արիութիւն չէինք սպասում նրանցից: Հայերն սկզբունքօրէն գերի չէին յանձնւում, սովորաբար յարձակւում էին գիշերները, առանց անկանոն կրակոցների: Մենք այդ գրոհները իսկոյն կնքեցինք «տարօրինակ», քանի որ ֆիդայիները, ինչպէս իրենք էին իրենց կոչում, բարոյական բարձր պատրաստուածութիւն ունէին, հմտօրէն քօղարկւում էին, սիրում էին գրոհել անսպասելի, յանպատրաստից: Դա սարսափի էր մատնում թուրք «եղբայրներին», որոնք մի քանի զոհից յետոյ անկանոն փախչում էին: Ազերական երկու զօրամաս փոխարինուեց դասալքութեան եւ իրար վրայ կրակելու պատճառով:
Օգոստոսի սկզբին ինձ վիճակուեց լսել թալիշներին ուղղուած կոչ, ուր հայերն ասում էին խօսքեր, որոնք մինչեւ հիմա յիշում եմ. «Թալիշ եղբայրներ, կովկասցիներ, պատերազմը մեր միջեւ աւարտուել է դեռ 1000 տարի առաջ, այն պահին, երբ թուրք քոչուորները ներխուժեցին Կովկաս: Եկել է միաւորուելու ժամանակը: Մենք միասին պիտի թուրքերին դուրս մղենք Կովկասից: Մենք առաջ ենք շարժուելու մինչեւ մեր պատմական սահմանները, ապա կանգ կ՛առնենք, կը սպասենք ձեզ»: Առաջարկում էին յանձնուել: Եւ շատերը յանձնուեցին, իսկ միւսները յետագայում զէնքը շրջեցին թուրքերի դէմ:
Հայերը ճշմարիտ էին ասում, ամիր Ասլանբեկը վստահ էր, որ նրանք վաղ թէ ուշ քշելու են ազերիներին եւ մինչեւ վերջ գնալու են նրանց ետեւից: Ապշեցուցիչ է: Մենք, թալիշներն ու այլ կովկասցիներս կռւում էինք Կովկասի մէկ այլ ժողովրդի դէմ, երբ թուրքերը փախչում ու չէին մասնակցում ընդհարումներին:
Հայերը ուժեղ ու համարձակ ռազմիկներ են, ոչ այնպիսին, ինչպիսին ռուսներն ու ազերիները: Յիշում եմ, լեզգիները նրանց (ադրբեջանցիներին – «Անդին») կոչում էին ազերոչխարներ՝ կեղծաւորութեան ու վախկոտութեան համար:
Ես վստահ եմ, որ այն ժամանակ մենք ճիշդ ընտրութիւն չենք կատարել՝ կովկասցին կովկասցու դէմ չպիտի կռուի, անկախ այն բանից, թէ ինչ կրօնի է նա դաւանում: Կարեւորը նրա ազգային-հոգեւոր նկարագիրն է: Հայերը չէին թալանում, այն ինչ թուրքերը կռւում էին միայն դրա համար, հայերը կռւում էին խիզախօրէն եւ հուժկու, այն ինչ ազերիները վախենում էին նրանց դէմ մերձամարտի ելնել եւ օրերով սպասում էին օդուժի հարուածներին:
Նրանք գիտէին, որ իրենց դիմաց կանգնած ենք մենք՝ նախչիներս (չեչենների ինքնանուանումներից – «Անդին»), եւ յարգում էին մեզ, ինչպէս մենք էինք յարգում նրանց:
Նրանք կը շարունակեն պատերազմը, կանգ չեն առնի, մինչեւ թուրքերին չվռնտեն նաեւ Գեան-ջայից:
Ինշաալլահ:
Իսկ դուք՝ լեզգիներ, աւարներ եւ թալիշներ, պէտք է վճռէք. կամ ոչնչանալու էք, կամ ձեր հողի վրայ ապրելու արժանապատիւ կեանք վաստակէք: Կովկասցիների դէմ պատերազմում, ինչպիսին էլ այն լինի, դուք ոչնչի չէք հասնի… Մենք դա հասկացանք Խասաւիւրտից յետոյ:
Ի միջիայլոց, կ՛ուզենայի եւս մի պատմութիւն անել հայերի մասին:
Օգոստոսի կէսերին մեր ջոկատը ազերիների հետ տեղակայուած էր Ասկերանի մերձակայքում, անմիջապէս լեռների ստորոտում:
Երեկոյեան կողմ մարտ սկսուեց, եւ չէզոք գօտում խասաւիւրտցի Վահիդը գնդացրի կրակից վիրաւորուեց ուսից: Նախկին դիրքեր նահանջելուց անմիջապէս յետոյ ամիր Ասլանբեկը մեզ առաջարկեց վիրաւոր եղբօրը դուրս բերել չէզոք գօտուց: Այն պահին, երբ որոշել էինք ձայն տալ հայերին, որպէսզի դուրս բերենք մեր վիրաւոր եղբօրը, ազերիները յանկարծ յայտարարեցին, իբր դա չի թոյլատրւում, արգելուած է: Վահիդը բղաւում էր, բարձր խօսում չեչեներէն: Հայերին նրան մօտենալ թոյլ չէին տալիս ազերիները կրակում էին, իսկ մեզ ասում էին, թէ հայերը գազան են, կը սպանեն նրան: Կէս ժամ անց մեր եղբայրներից մէկը՝ դուբայուրտցի, այնուամենայնիւ որոշեց խիզախել ու հասնել մեր եղբօր մօտ: Մենք ձայն տուեցին «խաչերին», թէ գնում ենք վիրաւորին տանելու, նրանք թէ՝ եկէք: Ազերիները փորձեցին զէնքի սպառնալիքով արգելել մեզ, բայց Իսրան չենթարկուեց: Մեր եղբօրը հասնելուց յետոյ տեսնում է՝ ցածրահասակ հայ սանիտարը պառկած է նրա կողքին, փորձում է Վահիդի ոտքն ազատել պայթիւնից առաջացած փլուզումի տակից: Ի վերջոյ Իսրան կարողանում է հանել եղբօրը, շալակել, հայն իր հերթին նրան է տալիս լի ջրամանը: Իսկ կէս րոպէ անց ազերիներից ինչ որ մէկը խփեց հային: Նրանք պատասխանեցին հուժկու, համատարած կրակով, սակայն վիրաւորի եւ Իսրայի վրայ չկրակեցին:
Վերջում, երբ գնում էինք Ղարաբաղից, ազերիները ոչ մէկիս փող չտուեցին, իբր դուք վատ էք կռուել, յետոյ ինչ, որ այդքան անհաւատների էք փռել: Մենք զայրացանք, սակայն ամիրը, իմաստուն մարդ, հանգստացրեց մեզ: Յետոյ Իչկերիա գալով իմացանք, որ գերագոյն հրամանատար ամիր Բասաեւը նոյնպէս կռուել է Ղարաբաղում: Ղարաբաղից յետոյ լիովին փոխուել էր բոլորիս վերաբերմունքը ոչ միայն հայերի, այլեւ թուրք-ազերիների նկատմամբ:
Հայերը խիզախ եւ ուժեղ ժողովուրդ են, իրենց նպատակին կը հասնեն: Նրանք իսկական լեռնցիներ են, նամուս ունեցող, ջիգիթի օրէնքները յարգող: Մեզ նման ուժեղ չեն, իհարկէ, բայց արժանի թշնամիներ էին: Կարծում եմ՝ կարող են լինել նաեւ արժանի բարեկամներ:
Մենք կորցրինք 38 շահիդի, նրանք հիմա Ալլահի գրկում են:
Սա է իմ պատմութիւնը հայերի եւ ադրբեջանցիների մասին:
Ցաւօք, ռուսները գրաւել են մեր երկիրը, եւ ես ստիպուած եմ հայրենիքից հեռու գտնուել, սակայն կը գայ օրը, եւ ես կը վերադառնամ, կը հաւաքեմ եղբայրներիս, որոնց հետ կռուել եմ Ղարաբաղում, ու կը փորձեմ գտնել հայ ֆիդայիներին, որոնց դէմ կռուել եմ Ղարաբաղում: Մէկին կոչում էին Մարտիրոս Ս. Կամսարեան, դասակի հրամանատար էր, Աբխազիայի հայ: Գուցէ մէկն ու մէկը գիտի՞ նրա մասին, ո՞ղջ է, թէ զոհուել է:
Իմիջիայլոց, աբխազների հետ վրացիների դէմ կռուած եղբայրները Իչկերիայում նոյնպէս պատմում էին հայերի մասին: Նոյնպէս մեծ յարգանքով ու ջերմութեամբ: Մենք չէինք յիշում, որ նրանք անհաւատներ են: Եւ միթէ՞ կարելի է այն ամէնից յետոյ, ինչ ես տեսել եմ, ազերիներին մահմեդական համարել, իհարկէ՝ ոչ:
Խոզութիւնը ադրբեջանցիների կողմից համատարած էր: Սկզբից խլեցին զէնքերը, որ մեզ հետ տարել էինք կռուելու, յետոյ ուզում էին բաժան-բաժան անել մեզ եւ առաջ գցելով օգտագործել իբրեւ վահան իրենց հիմնական ուժերի համար, մեր վիրաւորներին թողնում էին, այն ինչ իրենց դիակները տանում էին: Ստիպում էին իրենց համար խրամատներ փորել այն ժամանակ, երբ իրենք լափում էին խոզի նման: Մի խօսքով, ամիր Ասլանբեկը որոշեց մեզ դուրս բերել Ղարաբաղից:
Իմ խորհուրդը ձեզ. մի հաւատացէք ազերիների պանիսլամիստական կոչերին: Դա ես եմ ասում, մարդ, որը մօտիկից է տեսել ազերիների «ուղղափառութիւ-նը»:
…Ղարաբաղում իսլամի զինուորները 300-350 հոգի էին: Նրանց 30 տոկոսը զոհուեց հերոսաբար:
…Հայերը գերիներին ձեռք չէին տալիս, ի տարբերութիւն ազերիների, որոնց «խիզախութիւնը» ի յայտ էր գալիս անզէնների նկատմամբ միայն: