ՀՌԻՓՍԻՄԷ ՋԵԲԵՋԵԱՆ


Եուրի Բախշեանի կինը՝ Անահիտ Բախշեանը Րաֆֆի Յովհաննիսեանի հանրահաւաքներից մէկի ժամանակ պատմում էր, թէ ինչպէս է ընտանիքում ընդդիմութիւն եղել եւ ամուսնուց խորհուրդ ստացել՝ մտնել քաղաքականութիւն:
Aravot.am-ը Կարէն Դեմիրճեանի կնոջից՝ տիկին Ռիմա Դեմիրճեանից հետաքրքրուեց՝ «Դո՞ւք էլ էք ձեր տանը ընդդիմութիւն եղել»: Նա պատասխանեց.
«Ընդդիմութիւն չեմ եղել, բայց ընդդիմախօս որոշ դէպքերում եղել եմ: Կարէն Սերոբիչն ինքն ուրախանում էր իր յաջողութիւններով միայն առաջին պահերին: Յետոյ ինքն իրեն զգօնանում էր, որպէսզի շատ չտրուի այդ դրական ազդեցութիւններին եւ յանկարծ գլխապտոյտ չառաջանայ: Ինքը շատ զգօն մարդ էր այդ հարցերում: Ես դա գիտէի: Երբ հերթական յաջողութիւնից յետոյ շատ-շատ լաւ գովեստի խօսքեր էր լսում, ես իմ կարծիքն էի յայտնում, երբեմն ստացւում էր, որ նա ստիպուած էր լինում ասել՝ «Ես չեմ հասկանում, բոլորը գովում են, դու ինչ որ մի բան գտնում ես էլի»: Դա եղել է իմ անկեղծ կարծիքը, եւ ես համարձակ էի դա անում, որովհետեւ գիտէի՝ դա նրան դուր էր գալիս: Նա այդպէս ասում էր՝ բոլորը գոհ են, մենակ դու գոհ չես, բայց ես նրա աչքերի մէջ կարդում էի իր գոհունակութիւնը, որ կողքին կար մի մարդ, ով իրեն կարող էր կանգնեցնել: Ինքը շատ էր զգուշանում նման գլխապտոյտներ ստանալուց:
Ես նրա մահից յետոյ բոլորովին ուրիշ ձեւով խօսեցի նրա մասին՝ միայն փաստերից ելնելով, իհարկէ: Բայց կենդանութեան օրօք նման բաներ երբեք չէի անում, իմ տղաներն էլ չէին անում: Լաւագոյն դէպքում հումորով տանը ինչ որ բաներ կ՛ասէին: Հումորն էր իշխում տանը: Բայց երեսին կանգնէինք ու ասէինք՝ դու արտակարգ գործ ես արել, երբեք նման բան չի եղել, իմ կողմից՝ յատկապէս: Բայց իր գնալուց յետոյ ես ստիպուած եղայ դա անել, այսինքն՝ գրել ճշմարտութիւնը, գրել այն, ինչը հասարակութիւնը չգիտէր եւ այդպէս էլ չէր իմանայ, եթէ ես չգրէի: Ինքը արտակարգ համեստ մարդ էր, չէր սիրում գլուխ գովել, միայն կատակով մի բան կ՛ասէր տանը: Նախապէս նա երբեք չէր խօսի իր գործերի մասին, մինչեւ չկատարէր: Բացի դրանից, այն ժամանակուայ պայմանները թելադրում էին կանխել ինֆորմացիայի արտահոսքը, որպէսզի հարցի լուծումը չտուժի: Առանց այն էլ ինքն այնքան անկախ կեցուածք ունէր, հպարտ, արժանապատիւ, եթէ դրա հետ էլ նա մի-երկու խօսք ասէր, թէ ինչպէս է պայքարել, դիմադրել քաղբիւրոյում եւ այլն, նրա գլուխը կ՛ուտէին: Հէնց այդ է պատճառը, որ հասարակութիւնը շատ բաներ չի իմացել: Չի իմացել, թէ ինչ ջանքերով է նա հասել յաջողութիւնների, ինչ դիւանագիտական մօտեցումներով, ինչպիսի հարուածներ է իր վրայ վերցրել, ինչպիսի ռիսկերի է դիմել»:
Շատ պաշտօնեաների զաւակներ ներկայումս ցոփ ու շուայտ կեանքով են ապրում: Տիկին Դեմիրճեանը պատմեց, թէ ինչքան զուսպ են դաստիարակել իրենք իրենց որդիներին. «Այն ժամանակուայ ժառանգները մի քիչ ուրիշ էին: Ամենավատերն էլ էլի սանձեր ունէին: Իմ ամբողջ փորձը բերում է մի հետեւութեան՝ ամէն ինչ կախուած է ներսի մթնոլորտից, ծնողների անձնական օրինակից: Միշտ չէ, իհարկէ, պատահում են եւ շեղումներ, բայց դա օրինաչափութիւն չէ, առանձին դէպքեր են: Որպէս օրինաչափութիւն՝ ինչ տեսնում են, այն էլ սովորում են: Մեր պաշտօնեաների զաւակներն էլ ինչ տեսնում են՝ սովորում են: Ես եւ Կարէն Սերոբիչը երբեք չենք ասել մեր տղաներին, որ դուք պէտք է ունենաք պատասխանատուութեան զգացում, իրաւունք չունէք սա անել, նա անել: Իրենք դա հասկացել են՝ տեսնելով: Հիմա որ նայում եմ, թէ ինչքան ազատ է կեանքը, երիտասարդութիւնը, ինչ որ տեղ մեզ մեղաւոր եմ զգում երեխաների առջեւ, որ նրանք բաւականին խեղճ են մեծացել, այն ազատութիւնը չեն ունեցել: Այս ազատութիւնից էլ պէտք է օգտուել իմանալ: Իմ երեխաները երբեք ծայրայեղութեան չէին հասնի ոչ մի հասարակարգում: Ռեստորաններ կը գնային, աւելի ազատ կը լինէին, բայց երբէք չափը չէին անցնի: Դա գալիս է տնից:
Հիմա չափանիշներն ուրիշ են, հիմա հիմնական չափանիշը փողն է, հարստութիւնը: Հարուստների երեխաները չեն մտածում քրտնաջան աշխատելու մասին, նրանք, ռուսերէն ասում են՝ «ռադիլիս վը ռուբաշկէ» (ծնուած են շապիկով-Խմբ.), ծնւում են արդէն հարուստ, սեփականատէր, էլի ինչի՞ մասին մտածեն՝ միայն զուարճալիքների: Փողն է, որ փչացնում է այդ երիտասարդներին, յատկապէս՝ այս կաֆէների, կազինօների առատութեան պայմաններում: Ամէն ինչն ազատ է, հասանելի է, ամէն ինչը կարող են գնել: Այդպէս երիտասարդ մեծացնել չի կարելի»: