ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
Տարիներ շարունակ, մեր որոշ քաղաքական ուժերի կողմից ճիգ է գործադրւում ապացուցելու, որ իրենք են երկրի միակ ընդդիմադիր ուժը: Ճիգը միաժամանակ ապացուցելու համար է, թէ այլ ընդդիմադիր ներկայացողները կեղծ են եւ գաղտնի գործարքի մէջ՝ իշխանութիւնների հետ: Միանգամից արձանագրենք այն, ինչ ոչ մէկի համար գաղտնիք չէ՝ այս ամէնի գլխաւոր նպատակը հերթական ընտրութիւններում ընդդիմադիր ընտրազանգուածի ձայները շահելն է:
Այսինքն, այդ «ոմանքը» առաւել շատ ձայներ հաւաքելու աւելի արդիւնաւէտ միջոց չեն պատկերացնում, քան ընդդիմադիր ողջ դաշտի սեփականաշնորհումը: Այս «ազգաշահ» գործի մէջ լրջօրէն ներգրաւուած են մի շարք լրատուամիջոցներ, որոնք էլ սպասարկում են այս կամ այն քաղաքական ուժի կամ ուժերի շահերը:
Նոյնպէս գաղտնիք չէ, որ ընդդիմադիրի իրական լինելու հիմնական չափանիշը որոշակի այդ ուժերի համար չափւում է նրանով, թէ որքանով են կարողանում լարուածութիւն պահպանել իշխանութիւնների հետ՝ մերժել վերջիններիս ցանկացած նախաձեռնութիւն եւ թունդ հայհոյել նրանց: Աւելի հաւաստի դիտուելու համար գերադասելի է հայհոյել օտար դիւանագիտական եւ քաղաքական գործիչների մօտ, տարբեր ձեւաչափի հանդիպումների ժամանակ եւ յատկապէս միջազգային բեմերից:
Պէտք է արձանագրել, որ այս տխուր աւանդոյթը մեզանում գրեթէ նոյնքան կենսագրութիւն ունի, որքան մեր երկրի անկախութիւնը: Անկախ պետականութեան ձեւաւորման առաջին իսկ տարիներից, անհանդուրժողութիւն սերմանելով քաղաքական դաշտում, երիտասարդ իշխանութիւնը պատնէշ կառուցեց իր եւ միւսների միջեւ՝ որդեգրելով հետեւեալ կարգախօսը. «Ով մեզ հետ չէ՝ մեր դէմ է»:
Դժբախտաբար, մեր երկրի նոր քաղաքական մշակոյթը այս եւ նմանատիպ երեւոյթների վրայ արմատներ նետեց, խեղաթիւրելով նաեւ հասարակութեան քաղաքական գիտակցութիւնը:
Ակնյայտ փաստ է, որ հասարակութեան մի զգալի մասը, այսօր էլ, իշխանութիւն-ընդդիմութիւն յարաբերութիւնները պատկերացնում է շիկացած լարուածութեան եւ որեւէ համագործակցութեան ի սպառ բացառման ձեւով: Եւ հետեւանքն այն է, որ չնայած ազատ աշխարհի հետ եղած բոլոր տեսակի պատնէշների փլուզմանը, աշխարհն իր ճամբով է գնում, մենք՝ մեր:
Նախկին խորհրդային մի շարք հանրապետութիւններից սկսած մինչեւ ժողովրդավարութեան աւանդոյթի երկրներ, իւրաքանչիւր ընտրութիւնից յետոյ համաձայնութիւնների են յանգում ընդդիմութեան ծրագրերի տարբեր կէտերը որդեգրելու եւ ընդդիմութեան ներկայացուցիչներին համատեղ գործակցութեան դաշտ ներգրաւելու վերաբերեալ, սակայն մենք սպասում ենք, որ ցանկացած ընտրութեանը, յաջորդող օրը չլուսացած, ընդդիմութիւնը հանդէս գայ կոշտ յայտարարութիւններով եւ հրապարակներ դուրս բերի ժողովրդին:
Քաղաքական դաշտում ընդդիմադիր տեղը հաստատուն պահելու համար մշտատեւ է դառնում անհանդուրժողութիւնն ու ինքնամեկուսացումը:
Ի դէպ, յանուն ճշմարտութեան, պէտք է փաստել, որ շատ յաճախ, հիմնազուրկ չի լինում ընտրութիւնների արդիւնքների նկատմամբ ընդդիմադիր ու ժողովրդական դժգոհութիւնը:
Յիշատակուած քաղաքական վարքը յատուկ է ոչ միայն ընդդիմութեանը, այլեւ իշխանութեան «զինանոցին» է մաս կազմում: Օրինակ, որպէսզի իշխանութիւնը վարկաբեկի ընդդիմութեանը, յաճախ աւելի լաւ ձեւ չի տեսնում քան յայտարարելը, թէ ընդդիմադիր այսինչ կամ այնինչ ուժի հետ լաւ յարաբերութիւններ է պահպանում կամ պարզապէս լաւ կարծիք ունի նրա մասին:
Քաղաքական երկու թեւերի այս իրարամերժութիւնը շատ յաճախ ու երկար ժամանակ պառակտել է մեր հասարակութիւնը, թշնամացրել է միմեանց դէմ դրացիներին ու հարազատներին՝ թափանցելով ու իր կանոնները հաստատելով անգամ ամենախուլ եւ փոքրիկ գիւղերում:
Չպէտք է կասկածել, որ մեր հանրութեան մօտ միասնականութեան բացակայութիւնը, հաւաքական գիտակցութեան ցածր մակարդակը եւ սեփական ճակատագիրը, սոսկ սեփական պատկերացմամբ տնօրինելու անհատականացուած մօտեցումը, մեծապէս պայմանաւորուած են հէնց ներքին անհանդուրժողականութեամբ: Այս իրողութեան հետեւանքներն են դառնում արտագաղթն ու ներքաղաքական, ներհասարակական կրաւորականութիւնը եւ հանրութեանը վարակող այլ բացասական երեւոյթներ:
Մի անհանդուրժողութիւն, որն իրականում ոչ թէ երկու ճամբարների մէջ է, այլ անգամ նոյն ճամբարներում:
Հակադրութեան վրայ կառուցուած գործելակերպը ոչ միայն ժողովրդային ու քաղաքական մակարդակի վրայ է դրսեւորւում, այլեւ իր աւերն է գործում պետական-հանրային ծառայութեան համակարգում, այլ գերատեսչութիւններում ու հաստատութիւններում: Ոչ թիմակիցների զտում է տեղի ունենում դպրոցի կամ հիւանդանոցի տնօրէններից մինչեւ պահակները:
Բաւական է նշել, որ վերջին տարիներին, քիչ թէ շատ ներկայանալի պաշտօնների վրայ չմնացին ոչ միայն ընդդիմութեան ներկայացուցիչները, այլեւ ոչ կուսակցական ծառայողները: Կուսակցական պաշտօնեաները, ում համար սկզբունքն ու գաղափարը թանկ էին, մնացին անգործ (ինչը դարձեալ յանգեցրեց իր համապատասխան հետեւանքներին), իսկ պարզ քաղաքացիների մի մասը, օրուայ հացը չկորցնելու համար անդամագրուեց իշխանական կուսակցութիւններին:
Պետական համակարգի դռները բացուեցին կարիերիստ (առանց հասարակութեան շահերուն մասին մտածելու, միայն իր մասին հոգացող-Խմբ.) կուսակցականների համար, որոնք ի սկզբանէ որոշակի ակնկալիքներով էին խցկուել կուսակցութիւններ: Դժուար չէ պատկերացնել, թէ նման գործընթացը ինչ այլասերող եւ որակական անկումի տանող հետեւանքներ պէտք է ունենար նախ պետական պաշտօնական ու այլ հաստատութիւնների եւ ապա՝ կուսակցութիւնների վրայ:
Անժխտելի փաստ է նաեւ, որ թէ իշխող կուսակցութիւններին միանալը եւ թէ ընդդիմադիր ներկայանալը շատ դէպքերում պայմանաւորւում է անձնաւորուած համակրանք-հակակրանքներով ու գործարքներով եւ ոչ ըստ գաղափարական-ծրագրային ընդհանրութիւնների եւ տարբերութիւնների:
Կարելի է որպէս եզակի օրինակներ նշել, ինչպէս ձեւաւորուելիք կոալիցիաներին (խմբաւորումներուն-Խմբ.) մաս կազմելու պայման որպէս Դաշնակցութիւնը երկու անգամ առաջ քաշեց դրանց հիմքում քաղաքական համաձայնագիր ընդունելու պահանջը: Ըստ այս փաստաթղթերի, սահմանուեցին այն նպատակներն ու առաջնահերթութիւնները, որոնց շուրջ էլ, ըստ էութեան, պէտք է ձեւաւորուէին կոալիցիաները:
Վերը նկարագրուածից բնաւ չի յետեւում, թէ ընդդիմութիւնը պէտք է մի կողմ դնի իր սկզբունքները եւ յանուն ինչ-ինչ շահերի գործարքի գնայ իշխանութեան հետ: Սա իսկապէս այլասերող ուղի է, եւ այս ճանապարհին շատ ուժեր են ոչնչացել՝ բարոյապէս կամ ֆիզիկապէս: Ոչնչացել են, որովհետեւ իշխանութեանը մաս կազմելով կորցրել են ինքնուրունութիւնն ու սեփական դէմքը:
Իսկ որն է յետեւութիւնը:
Քաղաքական, հասարակական առողջ մթնոլորտ ձեւաւորելու համար անհրաժեշտ է, որ առողջ լինի ու գաղափարական հենք ունենայ իշխանութիւն-ընդդիմութիւն տարակարծութիւնը:
Ընդդիմութեան տեղը պետական կեանքի կառավարման գործում պէտք է երաշխաւորուած լինի համապատասխան օրէնսդրութեամբ, որպէսզի վերջինս լուսանցք մղուելու փոխարէն, համապատասխան կարգավիճակով մասնակցութիւն բերի եւ դերակատարութիւն ունենայ երկրի կառավարման գործում:
Օրէնսդրական երաշխիքը կ՛ապահովի, որպէսզի գործակցութիւնն ու մասնակցութիւնը չպայմանաւորուեն ենթակայական գործօններով, չվերածուեն քաղաքական առեւտրի միջոցի: Այստեղ կարելի է յիշել, որ ընդօրինակելով եւրոպական փորձարկուած մեթոդը, Հայաստանի խորհրդարանը ներկայումս որդեգրել է մեխանիզմներ, որոնք օրէնքի պահանջով ապահովում են խորհրդարանական բոլոր ուժերի մասնակցութիւնը ներկայացուցչական մարմնի ղեկավարման եւ գործառոյթների իրականացման հարցում, ինչպէս եւ սահմանուել են մի շարք արտօնութիւններ, որոնք ներպառլամենտական տարբեր գործընթացներում ապահովում են քաղաքական փոքրաթիւ խմբակցութիւնների հաւասար մասնակցութիւնը:
Հայաստանը չի կարող լինել մէկ կուսակցութեան կամ կուսակցական խմբի պետութիւն: Ընտրութիւններից սկսած, որեւէ հարցում որեւէ դեր պէտք չէ խաղայ այն հանգամանքը, թէ երկրի քաղաքացին քաղաքական ինչ համակրանքներ ունի:
Մարդիկ աշխատանքի եւ պատասխանատու պաշտօնի պէտք է նշանակուեն ըստ մասնագիտական կարողութիւնների՝ անկախ նրանից ինչ կուսակցութեան են պատկանում կամ, առհասարակ, պատկանում են թէ ոչ: Բնականաբար, խօսքը այնպիսի պետական-պաշտօնական մակարդակի մասին չէ, ուր մշակւում, ուղղորդւում եւ գործադրւում է քաղաքականութիւնը:
Մեր կադրային ներուժն այնքան մեծ չէ, որպէսզի շռայլութիւն թոյլ տանք վերջինիս մի հատուածին դուրս մղելու երկրի ընդհանուր կենսագործունէութիւնն ապահովող համակարգերից: Կադրային որակեալ ներուժի համար, պէտք է ապահովուի լիարժէք ներգրաւուածութիւն:
Մեր երկրում պէտք է փոխուեն քաղաքական ուժերի գնահատման չափանիշները: Վերջիններիս հարկ է արժեւորել ոչ ըստ նրա, թէ որքան թունդ են հայհոյում ու մերժում իշխանութեանը, այլ թէ որքանով են օգտակար լինում այս ժողովրդին ու պետութեանը: Չափանիշը ընդդդէմի հոգեբանութեամբ ապրելը չէ, այլ ազգային շահի գիտակցութեամբ գործելը: Իշխանութիւններին պէտք չէ ծառայել, բայց պետութեանը ծառայել անհրաժեշտ է: Եթէ այդ առաքելութիւնը չի բացայայտւում քաղաքական ուժերի աշխատանքի ընթացքում, կը նշանակի վերջիններս արհեստածին են եւ կեղծ՝ անկախ նրանից քաղաքական որ դաշտում են եւ ում հետ ինչ յարաբերութիւն ունեն:
Ի հարկէ, շատ շտկումներ կարող են կատարուել հասարակական գիտակցութեան փոփոխութեան պարագայում, բայց այն ապահովելու համար եւս անհրաժեշտ է քաղաքական-օրէնսդարական մշակոյթի վերանայում: Ինչպէս որ վերջինի իրականացումն է պայմանաւորուած առաջինին ձգտելու կամքով:
Հաւի ու ձուի պատմութիւնը յիշեցնող այս խնդիրը լուծելու համար իհարկէ առաջնահերթը բարեշրջում իրականացնելու կամքի առկայութիւնն է: Այն բանի գիտակցումը, որ առանց քաղաքական մշակոյթի վերափոխման մենք կը մնանք անվերջանալի ճգնաժամի եւ անկասելի նահանջի մէջ: