ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԷՍԵԱՆ
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնում շարունակում են մաքրել «սաֆարաբիեւեան ախոռները». virtualaz.org-ը, յղում անելով ռազմական փորձագէտ Ուզէիր Ջաֆարովին, տեղեկացրել է, որ պաշտօնից ազատուել է ՊՆ թիկունքի պետ գեներալ-մայոր Փիրի Իսրաֆիլովը: «Իսրաֆիլովը գեներալի կոչում է ստացել այս տարուայ Յունիսին, եւ այն ժամանակ շատերը դրանից զարմացած էին», ասել է Ջաֆարովը: Ըստ տեղեկութիւնների, Իսրաֆիլովը պաշտօնազրկուել է բանակի վառելիքի եւ քսայուղերի մատակարարման գործում «թոյլ տուած իւրացումների համար»:
Պաշտօնազրկուել է նաեւ Հայդար Ալիեւի անուան բարձրագոյն ռազմական ուսումնարանի պետ գնդապետ Միրզալի Եուսիֆովը: Նախօրէին զբաղեցրած պաշտօնից ազատուել էր զինուած ուժերի ակադեմիայի պետ գեներալ Նաջաֆ Գամբարովը, նրա փոխարէն նշանակուել է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի եւ ՀՕՊի հրամանատար Ալթայ Մեհթիեւը:
Ռազմական փորձագէտ Ջաֆարովի խօսքերով՝ Միրզալի Եուսուֆովի «անցեալը չափազանց մութ է»: Փորձագէտի ասելով՝ «ղարաբաղեան պատերազմի ամենաեռուն շրջանում Եուսուֆովը գործուղուել է Մռաւի լեռնանցքում գործող զօրամաս, բայց փոխարէնը մեկնել է Ռուսաստան, յետոյ վերադարձել եւ ՊՆում պաշտօն ստացել, իսկ թէ ինչո՞ւ զինուորական դատախազութիւնը չի հետաքրքրուել, մնում է գաղտնիք»:
Միաժամանակ, æաֆարովը պաշտ-պանութեան նախարարութիւնում կատարուող փոփոխութիւնները համարել է «լրիւ անհասկանալի», թէեւ ակնարկել է, որ պաշտօնազրկուող սպաները «Սաֆար Աբիեւի մարդիկ են, իսկ գլխաւոր շտաբի պետ Նաջմեդդին Սադիխովը 1995թ.ից Աբիեւի դէմ պայքարի մէջ է»: Իր հերթին virtualaz.org-ն աւելացրել է, որ պաշտպանութեան նախարար Զաքիր Հասանովը «նոր մարդ է եւ տեղեակ չէ կառոյցի աշխատանքի առանձնայատկութիւններին, նա կադրային բոլոր փոփոխութիւնները համաձայնեցնում է գլխաւոր շտաբի պետի հետ»:
Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութեան մամլոյ ծառայութեան պետի տեղակալը չի հերքել, որ կադրային փոփոխութիւններ են կատարւում: Նա ասել է, որ «թոշակի են անցնում որոշակի տարիքային սահմանի հասած բարձրաստիճան սպաներ, որոշ դէպքերում էլ կատարւում է ռոտացիա (հերթափոխ-Խմբ.), ինչը բնական է»:
Թէ իրականում ի՞նչ է տեղի ունենում հարեւան երկրի պաշտպանական գերատեսչութիւնում, թողնենք մի կողմ: Բայց չենք կարող շրջանցել մի կարեւորագոյն հանգամանք. սահմանադրութեամբ Ադրբեջանի զինուած ուժերի գերագոյն գլխաւոր հրամանատարը նախագահն է, իսկ այդ պաշտօնն զբաղեցնում է Իլհամ Ալիեւը:
Բնական է, որ պաշտպանութեան նախարարութեան բարձրաստիճան պաշտօնեաների փոփոխութիւնները կամ պահեստազօր արձակումը չեն կարող կատարուել առանց Իլհամ Ալիեւի իմացութեան: Թերեւս ճիշդ կը լինի ասել, որ դրանք պէտք է կատարուեն նրա հրամանագրերով: Մինչդեռ լրատուամիջոցները յամառօրէն տպաւորութիւն են ձեւաւորում, որ ամէն ինչ անում է պաշտպանութեան նորանշանակ նախարարը:
Եթէ իրօք այդպէս է, նշանակում է, որ ադրբեջանական զինուած ուժերը ենթարկւում են ոչ թէ նախագահին, այլ՝ պաշտպանութեան նախարարին, քանի որ կարեւորագոյն պաշտօններում նշանակումներ կատարում է վերջինս: Իսկ եթէ փոփոխութիւնները կատարում է Իլհամ Ալիեւը, բայց քողարկւում պաշտպանութեան նախարարի թիկունքում, ուրեմն անցած բոլոր տարիներին նա քաջատեղեակ է եղել բանակում տիրող խայտառակ իրավիճակին, սակայն քաղաքական նպատակայարմարութիւնից ելնելով չի համարձակուել հակադրուել Սաֆար Աբիեւին:
Երկու դէպքում էլ ստացւում է, որ Իլհամ Ալիեւը միայն անուանապէս է կոչւում զինուած ուժերի «գերագոյն գլխաւոր հրամանատար», իսկ բանակը փաստացի գտնուել եւ գտնւում է պաշտպանութեան նախարարի կամ գլխաւոր շտաբի պետի ենթակայութեան տակ:
19 տարի գլխաւորելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարութիւնը, Սաֆար Աբիեւը վերջապէս պաշտօնազրկուել է: Սակայն Իլհամ Ալիեւը համարձակութիւն չի ունեցել նորանշանակ նախարարին անձամբ ներկայացնելու եւ իր փոխարէն ուղարկել է աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի ռազմական խորհրդական Վահիդ Ալիեւին:
Չափազանց խորհրդանշանական է ստացուել. «գերագոյն գլխաւոր հրամանատարը» բարձրագոյն սպայակազմի աչքերին նայելու եւ նախընտրած թեկնածուին ներկայացնելու քաջութիւն չունի, սակայն առիթ-անառիթ չի զլանում ճամարտակել, որ «զինուած ուժերը պատրաստ են կատարելու իրենց առջեւ դրուած ցանկացած խնդիր»:
Եթէ «գերագոյն գլխաւոր հրամանատարը» բառիս բուն իմաստով թաքնւում եւ ոչինչ չի ասում պաշտպանութեան նախարարութիւնում կատարուող սկզբունքային նշանակութեան փոփոխութիւնների, փոխատեղումների եւ պաշտօնանկութիւնների մասին, ապա բանակն ինչո՞ւ պիտի նրան լուրջ ընդունի: Աւելին, միջազգային ասպարէզում ի՞նչ «հեղինակութիւն» կարող է ունենալ մի «գերագոյն գլխաւոր հրամանատար», որի փոխարէն պաշտպանութեան նախարարը եւ գլխաւոր շտաբի պետն են լուծում բարձրագոյն սպայակազմում նշանակումներ կատարելու հարցը:
«Ա».- Այս յօդուածը հրատարակուած է «ԱԶԳ» օրաթերթի մէջ