ԳԷՈՐԳ ԴԱՐԲԻՆԵԱՆ
Գիւմրիում տեղակայուած ռուսական 102րդ ռազմակայանի հրամանատար, գնդապետ Անդրէյ Ռուզինսկին Ռուսաստանի ՊՆի «Կարմիր աստղ» պաշտօնաթերթին տուած հարցազրոյցում յայտարարել էր, թէ Ադրբեջանի ղեկավարութիւնը եթէ որոշի ուժային ճանապարհով իր իրաւասութիւնը վերականգնել Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, ապա ռազմակայանը կարող է մտնել զինուած հակամարտութեան մէջ՝ ՀԱՊԿի շրջանակներում ստանձնած պայմանագրային պարտաւորութիւններին համապատասխան:
Հրամանատարի այս յայտարարութիւնը Հայաստանի քաղաքական-հասարակական շրջանակներն ընդունեցին հրճուանքով՝ վերջապէս Ռուսաստանը ճանաչեց իր պատասխանատուութիւնը Հայաստանի անվտանգութեան նկատմամբ, որ ստանձնել էր ՀԱՊԿ շրջանակում: Մաքսային միութեանը միանալու՝ Սերժ Սարգսեանի յայտարարութիւնից եւ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան կատարելիք հնարաւոր այցի մասին տեղեկութիւնների ֆօնին ռուս հրամանատարի այս «բացայայտումն» առանձնակի հմայք ստացաւ:
Մինչդեռ իրականում Ռուզինսկին ոչ մի նոր, առաւել եւս առանձնակի ուրախութեան տեղիք տուող բան չի ասել: Նախ պէտք է նկատի ունենալ, որ յայտարարութիւնն անում է կադրային զինուորականը: Իսկ զինուորականներն ընդհանրապէս սովոր չեն իրենց խօսքը պաճուճապատել դիւանագիտական նրբերանգներով: Սա քաղաքական ենթատեքստ կամ ուղերձ չպարունակող յայտարարութիւն է այն խնդիրների համատեքստում, որը դրուած է ռազմակայանի եւ նրա հրամանատարի առջեւ: Իսկ այդ խնդիրը որքան պարզ է, նոյնքան էլ՝ երկակի: Ռուզինսկին չի ասում, թէ 102րդ ռազմակայանը կը միջամտի ԼՂի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժ կիրառելու դէպքում: Նա ասում է՝ կարող է միջամտել: Իսկ դա նշանակում է, որ կարող է եւ չմիջամտել: Այսինքն դա մինչեւ վերջ չյստակեցուած խնդիր է: Իսկ որ այդ հարցում ոչ մի որոշակիութիւն չկայ, պարզ էր ի սկզբանէ: Ոչ ոք առ այսօր նոյնիսկ չգիտի՝ արդեօք ՀԱՊԿ արագ արձագանգման հաւաքական ուժերը, առանձին վերցրած՝ Ռուսաստանը, միջամտելո՞ւ են Հայաստանի դէմ ուղղուած ադրբեջանական ագրեսիայի դէպքում, էլ ուր մնաց՝ ԼՂՀի պարագայում:
Հայաստանում թերեւս ենթագիտակցօրէն հասկանում են, որ կարող է հասունանալ այնպիսի իրավիճակ, երբ Ռուսաստանին ձեռնտու դառնայ միջամտել հայ-ադրբեջանական երկրորդ հնարաւոր պատերազմին հէնց ԼՂի հետ շփման գծում: Դա ամենայարմար առիթը կը լինի՝ ապահովելու համար Ադրբեջանի եւ Իրանի սահմաններին ռուսական ռազմական կոնտինգենտի (քանակակազմին-Խմբ.) տեղակայումը:
ԱՄՆը՝ ի դէմս ԵԱՀԿ ՄԽ համանախագահ æէյմս Ուորլիքի, վերջին շրջանում չափազանց ակտիւ, միակողմանի գործունէութիւն է ծաւալում հակամարտութեան կարգաւորման բանակցային պրոցեսը վերակենդանացնելու ուղղութեամբ, ինչը նշանակում է, որ Վաշինգտոնը փորձում է վերադարձնել կորցրած դիրքերը թէ՛ հարաւկովկասեան տարածաշրջանում եւ թէ, մասնաւորապէս, ԼՂ կարգաւորման գործընթացում: Ռումինիայում արդէն սկսուել են ԱՄՆ հակաօդային պաշտպանութեան համակարգի տեղակայման աշխատանքները, որը էլ աւելի է նեարդայնացնում Մոսկուային: Հարաւային Կովկասի նկատմամբ աւելորդ յաւակնութիւնները կարող են «հիւսիսային արջին» մղել կտրուկ գործողութիւնների: Եւ հէնց այս համատեքստում է, որ ինչ որ պահի Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմական գործողութիւնների վերսկսումը կարող է ձեռնտու լինել Ռուսաստանին: Սա, իհարկէ, այն սցենարի ուրուապատկերն է, որը գծագրել էր Զօրի Բալայեանը ՌԴ նախագահին ուղղուած իր յայտնի բաց նամակում: Գուցէ դա այն է, ինչ իսկապէս ցանկանում է Հայաստանի ներկայիս իշխանութիւնը: Եթէ անգամ այդպէս է, ապա Ռուսաստանը ամենավերջում կանի այդ քայլը, երբ համոզուած լինի, որ թելն իր ձեռքերում պահելու այլընտրանք գոյութիւն չունի:
Ռոզինսկու յայտարարութիւնն ունի երկու հիմնական թիրախ՝ Հայաստանի հասարակութիւնը եւ Ադրբեջանի իշխանութիւնները: Նախ՝ ռուս հրամանատարը հաստատում է, որ եթէ հայերը խելօք պահեն իրենց, չնեղացնեն Ռուսաստանին, ինչպէս դա անում էին իր քթի տակ եւրաինտեգրացիոն (եւրոմիաւորման-Խմբ.) խաղերի տեսքով, ապա նա կը մտածի թէ՛ ՀԱՊԿի եւ թէ երկկողմ ռազմական համագործակցութեան մասին ստրատեգիական (ռազմավարական-Խմբ.) նշանակութիւն ունեցող պայմանագրով իր ստանձնած՝ ՀՀ զինուած ուժերի հետ միասին Հայաստանի անվտանգութիւնն ապահովելու պարտաւորութիւնը կատարելու մասին: Այս յայտարարութեամբ նաեւ փորձ է արւում մեղմել Ադրբեջանին յարձակողական զէնք վաճառելու՝ հոգեբանական ազդեցութիւնը եւ դրա շուրջ Հայաստանում չհանդարտուող կր-քերը: Առաջին անգամ է, ըստ էութեան, որ ռուսական կողմը բացում է փակագծերը հայաստանեան ռազմակայանի բալանսում գտնուող զինատեսակների ու զինտեխնիկայի, հրթիռային կայանքների առկայութեան վերաբերեալ: Դա չի կարող պատահական լինել, քանի որ այդ բացայայտումներն արւում են ՌԴ պաշտպանութեան նախարարութեան պաշտօնաթերթի միջոցով: Ռուս հրամանատարը պարզապէս ասում է, որ Հայաստանը հէնց Ռուսաստանի օժանդակութեամբ ունի Ադրբեջանին մատակարարուող զինտեխնիկային հակակշռող պոտենցիալ (կարողականութիւն-Խմբ.): Չնայած իրականում դա ոչ թէ Հայաստանի ներուժն է, այլ Ռուսաստանի, քանի որ այդ զինտեխնիկան ոչ թէ ՀՀ զինուած ուժերի սեփականութիւնն է, այլ ՌԴի:
Ռուզինսկին քննարկման նիւթ է տալիս նաեւ Ադրբեջանի իշխանութիւններին: Նրանց, կարծէս, հասկացնում է, որ ռուսական տարածաշրջանային քաղաքական վեկտորին (արեւելումին-Խմբ.) հակադրուելու պարագայում այն կարող է վերջնականապէս զրկուել ԼՂՀն վերագրաւելու հնարաւորութիւնից: 102րդ ռազմակայանի գործօնը ծառայեցւում է որպէս Ադրբեջանին ծնկի բերելու, նրան դէպի Մաքսային միութիւնը տրամադրելու, ինչ որ տեղ պարտադրելու գործիք: Ադրբեջանին հասկացնում են, որ չի բացառւում ռուս-վրացական 5օրեայ պատերազմի սինդրոմի (ախտանշանին-Խմբ.) կրկնութիւնը ԼՂ հարցում: