Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մի Խաթարէք Մեր Հոգեւոր Սահմանները

$
0
0

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

Ամիսներ առաջ, երբ հանրային հեռուստաընկերութեան խորհրդի նախագահը Ազգային ժողովի բարձր ամբիոնից խոստացաւ, որ մաքրելու է եթերն ու որակապէս նոր հանրային հեռուստաընկերութիւն ենք ունենալու, գուցէ եւ մատների վրայ հաշուըւող որոշ միամիտներ կամ հանրապետութիւնում մնացած վերջին լաւատեսները հաւատացին: Եւ, մի քանի օր առաջ, ինչպէս հարկ է մեզանում, «աստղային» համերգով, շամպայնով ու թիթեռնիկաֆրակաւոր յայտնի «էլիտայի» ոսկէ ներկայութեամբ ազդարարուեց հանրայինի նոր եթերաշրջանը: Դէ մենք «աստղային» համերգ – հրավառութիւններից լաւ ենք, ու բոլորովին էլ կարեւոր չէ, որ բեմի երկու կողմերում էլ նոյն մարդիկ են ու տարիներ շարունակ նոյն, անփոփոխ ու տաղտկալի, նոյնալար ու նոյնաբովանդակ երգերն են հնչում: Գրեթէ անիմաստ է դարձել նաեւ բարձրաձայնելը, թէ այդ ֆոնոգրամայով «մշակութային տօները» որքան ծանր են նստում մեզ՝ հարկատուներիս վրայ: Հէնց այն հարկատուների վրայ, ում փողերով գործում է հանրայինը եւ, որն օրէնքով ամրագրուած սրբազան պարտաւորութիւն ունի՝ հեռուստատեսութեան ճանապարհով բաւարարել հանրութեան տեղեկատուական, մշակութային, կրթական ու այլ պահանջները՝ այդ թւում անաչառ ու անկողմնակալ տեղեկատուութիւնն ու իրազեկումը:
Հանրային հեռուստաընկերութիւնն, այնուամենայնիւ նոր իմիջով (նրանք հաստատ այս բառը կ՛օգտագործէին) սկսեց. հանրայինի տարբերանշանից անհետացել էր Հ տառը, ու արդարացիօրէն ես ու շատ-շատերը հանրայինի էկրանի աջ անկիւնում ճանաչեցինք ռուսկան առաջին ալիքից մեզ քաջածանօթ 1ը:
Ինձ պէս հազարներ, վստահաբար նոյն ընդվզումն ունեցան. էս ո՞ր անհայրենիք արարածի ձեռքն է գնացել հանել Հ1ի Հն: Վստահաբար այսպէս պիտի մտածէր իւրաքանչիւրը, ում համար եթերի աջ անկիւնից մեզ նայող Հն սոսկ Հայոց այբուբենի տառը վայելելու հաճոյք չէր, այլ հաճոյքից անդին՝ ՀԱՅՐԵՆԻՔ–ՀԱՅԱՍՏԱՆԻ խորհուրդ, գուցէ եւ մեր ենթագիտակցական շերտերում պատկանելիութեան ու հպարտութեան զգացողութիւն: Ինչո՞ւ ենք օտարում մեզանից մեր գիրը, ո՞ւմ ենք քծնում կամ հաւասարւում, չեմ կարողանում զսպել վրդովմունքս ու փաստում, որ ռուսական ալիքներում նոյնիսկ բարձրախօսները Ռ տարբերանշանն ունեն: Ու այդ նոյն պահին Ֆրանսիայում գտնուող ՀՀ նախագահից հարցազրոյց վերցնող հանրայինի լրագրողի բարձրախօսին մերկ ու մենակ 1 թիւն է՝ ոչինչ չասող ու անհասցէ: Գուցէ եւ մեծ պետութիւնների ու ազգերի համար սա ոչ էական մանրուք է, ուշադրութեան անարժան: Բայց մեզ պէս խոցելի, փոքր ածուների համար, որ օբյեկտիւօրէն (առարկայականօրէն-Խմբ.) եւ ոչ, յայտնուել ենք արժէքների չքացման, սահմանների ոչնչացման ու տրոհման, անխուսափելի ու անդիմադրելի քաղաքակրթական հողմապտոյտի մէջ, հայրենիքը լեզուով ու գրով է հայրենիք, մեր զինուոր-գիրը, որ մեր գոյութեան կոդն (ծածկագիրը-Խմբ.) է, ինքնապաշտպանութիւնը:
Կարող էի եւ այստեղ աւարտել զայրոյթս՝ յուսալով, որ Հանրայինը կառավարման խորհուրդ ունի եւ խօսքս տեղ կը հասնի, բայց պարզուեց, որ բարեփոխումներն ու որակապես նոր իմիջ ունենալու հանրայինի ղեկավարութեան խոստումը շարունակական է. գլխաւոր պրոդիւսեր (արտադրող-Խմբ.) է նշանակուել ռուսական հեռուստաընկերութիւններից հրաւիրուած ոմն Կիսիլիով:
Ես իսկապէս խօսքեր չունեմ (մանաւանդ որ հանդուրժող եմ, հումանիստ եւ ժողովրդավար), եւ ինձ մնում է ներշնչուել ու միանալ մատների վրայ հաշուուող մի քանի միամիտներին կամ հանրապետութիւնում մնացած վերջին լաւատեսներին ու հաւատալ, որ Պրն. Կիսիլիովը արագօրէն կ՛իւրացնի ոսկեղենիկ հայերէնը, չի խախտի «Լեզուի մասին» ՀՀ օրէնքը (Հայաստանի պետական եւ պաշտօնական լեզուն հայերէնն է) եւ, որ ամենակարեւորն է՝ Հեռուստատեսութեան մասին ՀՀ օրէնքի համաձայն կ՛ապահովի քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային, մանկապատանեկան, գիտալուսաւորչական, հայոց լեզուի եւ պատմութեան մասին հաղորդումներ ունենալու ՀՀ քաղաքացիների օրինական պահանջը:
Կարող էի նաեւ այստեղ աւարտել խօսքս, բայց անյաջողութիւններն ինձ հետապնդում են՝ տունդարձի ճանապարհին, Հայաստանի պատմութեան պետական թանգարանի վրայ աչքիս է ընկնում ՀՀ մշակոյթի նախարարութեան միայն ռուսերէն լեզուով մեծադիր գովազդը (ՀՀում գովազդի լեզուն հայերէնն է):
Հարց-ընդվզումս նոյնն է՝ ինչո՞ւ ենք օտարում մեզանից մեր գիրը, մեր լոյսը. Հայրենիքը սոսկ ձեւային արժէք չէ, այն զգացական, հոգեւոր տարածքների ամբողջականութիւն է:
Կարիք չկայ մեր տեսողութեան եւ իմացութեան սահմաններն այդքան քծնանքով ուրիշի հետ ճշդել, մեր ներքին հարստութեան սահմաններն աւելի խորն են, մեր ներսն հարուստ է, մեր շերտերը շատ, մեր բեռը՝ ծանր, բայց նախ պիտի իմանալ այդ ամէնի մասին:
Կարող էի նաեւ այստեղ աւարտել, բայց գնալով համոզւում եմ, մարդիկ արտագաղթում են ու հեշտօրէն հեռանում հայրենիքից, երբ գիտակցուած կա՛մ ոչ խաթարում ենք մեր հոգեւոր տարածքները:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles