Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ահազանգ «Ակօս»ից՝ «Հայ Բնակչութիւնը Փոշիանում է»

$
0
0

ՅԱԿՈԲ ՉԱՔՐԵԱՆ

Ահազանգը Օգոստոսի 30ի համարում հնչեցրել էր «Ակօս» օրաթերթը: Խօսքը Ստամբուլում բնակուող հայութեան մասին է: Պոլսահայ արտայայտութիւնը չենք օգտագործում, որովհետեւ նրանք վաղուց են լքել իրենց ծննդավայրը: Նրանց փոխարինել են այսպէս կոչուած Անատոլիայի տարբեր քաղաքներից Ստամբուլ մեկնած հայերը, որոնք մեծապէս թուրքախօս էին: Թերեւս դրա պատճառով, որքան էլ հայկական վարժարաններ յաճախէին, հայերէնն այս հայերի երեխաների համար մայրենի լեզու չէր դառնում:
Ինչ վերաբերում է նրանց ազգանուններին, որոնք յաճախ «օղլու» վերջաւորութիւնն ունեն, ապա դա էլ պէտք է բացատրել «Անատոլիայի» հայութեան աւելի քան իրաւազուրկ վիճակով: Թուրքիայում հայերի նկատմամբ չդադարող հալածանքները, համատարած հայատեացութիւնը, մշտական վախի պայմաններում գաւառաբնակ հայերին զրկել էին անձնագրային թուրք աշխատողին հակաճառելու ամէն մի հնարաւորութիւնից, որը կամայականօրէն «եան» վերջաւորութիւնը փոխարինում էր «օղլու»ով, իսկ լաւագոյն դէպքում՝ «օղլու» չէր գրում: Թուրքահայը Քեմալ Աթաթուրքի ժամանակակից Թուրքիայում հետզհետէ յայտնւում էր թուրքի ազգանունը կրելու հարկադրանքի տակ:
Գալով «Ակօս»ի յօդուածին, ապա դա պատրաստել է Արմէն Տատըրը: Ստամբուլում հայ բնակչութեան փոշիացումը համարելով թուրքահայ համայնքի կենսական խնդիրներից, հեղինակը փոշիացման մասին պարզաբանումներ ստանալու խնդրանքով դիմել է Սահակ արք. Մաշալեանի կարծիքին:
Նախքան սրբազան հօր պարզաբանումներին անդրադառնալը, նշենք, որ ներկայում Ստամբուլում բնակւում է շուրջ 60 հազար թուրքահայ: Մինչդեռ այդ ցուցանիշը 1927ին Թուրքիայի հանրապետութիւնում անցկացուած առաջին մարդահամարի տուեալներով 140 հազար էր կազմում, ընդ որում ցուցանիշը չէր ընդգրկում ինչպէս կաթոլիկ, այնպէս էլ բողոքական հայերին:
Սահակ սրբազանը «Ակօս»ի հեղինակի խնդրանքին ընդառաջելիս մատնանշել է, որ վերջին տարիներին թաղման արարողութիւնները մշտապէս կրկնապատկւում, նոյնիսկ գերազանցում են մկրտութեան խորհրդակատարութիւններին: Նա բերել է 2012ի օրինակը եւ ընդգծել, որ 2012ին 482 թաղման ծէսի դիմաց կատարուեցին 236 մկրտութիւն եւ 191 պսակադրութիւն:
Այնուհետեւ Սահակ սրբազանը շարունակել է. «Ներկայացուած տուեալները ցոյց են տալիս, որ այս տարբերութիւնը ապագայում էլ աւելի կ՛աճի: Հողասահք ենք ապրում, որի ընթացքին ամէն ինչ սպառուելու է: Հազիւ մի քանի աշակերտներով պիտի ջանանք բաց պահել մեր դպրոցները: Երբ վախճանուեն ներկայում եկեղեցի փութացող տարեցները, ապա նոյն պատկերին ականատես կը լինենք նաեւ եկեղեցիներում:
Այս ամէնին պէտք է աւելացնել նաեւ 30 տոկոսին հասնող խառն ամուսնութիւնները եւ նրանց սերնդի հաւանական կորուստը: Աւելին, որքան էլ դանդաղ ընթանայ, արտագաղթն այնուամենայնիւ շարունակւում է: Դեռ պէտք է նկատի առնել երկրից փախչելու տրամադիր փոքրամասնութեան հոգեբանութիւնը:
Մի պահ մտածենք. կարո՞ղ է ստամբուլահայութիւնը դիմանալ այնպիսի նոր սարսափի, ինչպիսին էր Հրանդ Դինքի սպանութիւնը: Ի՞նչ ազդեցութիւն կ՛ունենայ Սամաթիայի յարձակումների կր-կնութիւնը համայնքի վրայ: Որքա՞ն կը յարատեւի փոքրամասնութիւնների նկատմամբ ներկայիս մեղմ քաղաքականութիւնը Թուրքիայում: Ի՞նչ վիճակում կը յայտնուենք, եթէ երկրում իշխանութեան գան ազգային դիմագծով կառավարութիւններ, ինչպէս եկել էին 70ական թթ.: Աստուած մի արասցէ, Միջին Արեւելքի բախումները տարածուեն մեր երկրում կամ բռնկուեն թուրք-քրդական բախումներ: Եթէ ներկայ դրութեամբ բացուի հայ-թուրքական սահմանը, ապա անկասկածելիօրէն բնակչութեան ներհոսքը տեղի կ՛ունենայ դէպի մեր կողմը: Բայց առկայ է նաեւ դրա հակապատկերը: Եթէ Հայաստանը բարեկարգի իր խնդիրները, ապա Սփիւռքի համար կը դառնայ ձգողականութեան կենտրոն, եւ այս անգամ մենք կը գաղթենք հայրենիք»:

«ԱԶԳ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles