ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Հայութեան, յատկապէս Հայաստանի մասին լուրեր կարդալուց միշտ յուսահատութիւն, տխուր ապագայ, մութ հորիզոն է պատկերւում մեր առջեւ: Ցաք ու ցրիւ եղած, սպասում ենք ապահով հայրենիքի՝ իւրաքանչիւրս մտքում մտածելով, որ կարող է մի օր գնանք ապրելու այնտեղ, մի երկիր, ուր բոլորը խօսում են հայերէն, կռւում են հայերէն, հայհոյում են հայերէն, սիրում են հայերէն:
Եւ զարմանալիօրէն, վերջին շաբաթներին կայծկլտում են դրական լիցքեր, մամուլը յայտնում է յուսադրիչ տեղեկութիւններ. դարաւոր թմբիրից արթնացած հայութեան մասնատուած եկեղեցիների հանդիպումը Հայաստանում, մայր երկրի ունեցած ընդերքային հարստութիւնների արձանագրումը, սիրիահայերին աջակցելու համար տարուող աշխատանքները, հայ երիտասարդ կատարողների ելոյթները Երեւանում: Արտերկրի հայերի նուաճում էր Մոսկուայի հայոց եկեղեցու օծումը:
Արդեօք պատահակա՞ն է աշխարհի մեծագոյն քրիստոնեայ երկրից կախեալ փոքրիկ քրիստոնեայ Հայաստանի կրօնական շարժումների աշխուժացումը, հայութեան հատուածների եկեղեցական մերձեցումը, արտերկրում հաւատքի տաճարի ծաւալումը, գրեթէ ամէն ինչով կախեալ երկիրը առաւել ամուր քրիստոնեայ «դաշնակից» դարձնելու մեծապետական ցանկութիւնը:
Իսլամական աշխարհը ուռճանում է իր հաւատքի հովանու տակ: Մի գերհզօր տէրութիւն իր շարժումներն արդարացնում է մարդկային իրաւունքների պիտակով:
Արդեօք մեր քրիստոնէութի՞ւնն էլ մեզ համար է դառնալու փրկութեան լաստ:
Յամենայնդէպս, դրական է: