ՍՏԵՓԱՆ ԹՕՓՉԵԱՆ
«Ազգ» օրաթերթի 2006ի Օգոստոսի 25ի համարում թարգմանաբար ներկայացուեց ԱՄՆի զինուած ուժերի պաշտօնաթող գնդապետ Ռալֆ Պիտերսի յօդուածը Մերձաւոր եւ Միջին Արեւելքի նրա առաջարկած փոփոխուած քարտէսով («Armed Forces Journal»ի կայքէջ, 20 Օգոստոս):
Ըստ այդ քարտէսի, ստեղծուելու է Ազատ Քուրտիստան Սեւ Ծով ելքով եւ«Միացեալ» Ադրբէյջան: Որքան էլ Պիտերսը ընդունում է հայերի ցեղասպանութիւնը Թուրքիայում, բայց «մեծահոգաբար» Հայաստանին, որպէս «շահող» երկրի «նուիրում» է ընդամէնը մի փոքր հատուած Արարատ լեռով, փոխարէնը զրկելով Արցախի հանրապետութիւնից եւ Իրանի հետ ընդհանուր սահմանից: Ինչո՞ւ: Որովհետեւ, նրա պատճառաբանումով, հայերի հանդէպ «Օսմանեան կայսրութեան ցեղասպանութիւնը երբեք չի կարող փոխ հատուցուել տարածքային նուիրատուութեամբ»: Թերեւս խնդրի պատմութեան անտեղեակութեան պատճառով է Պիտերսը սուլթան Համիդ երկրորդի տիրակալութեան՝ Օսմանեան կայսրութեան հոգեւարքի շրջանին վերագրել նաեւ յետագայում երիտթուրքերի, ապա եւ Մուսթաֆա Քեմալի կազմակերպած հայերի ցեղասպանութիւնները: Իրականում նրան չի էլ հետաքրքրել, թէ հայերը երբ եւ որքան են կոտորուել, քանզի ինչպէս նրա, այնպէս էլ տարածաշրջանի քարտէսի փոփոխում ծրագրողների տեսադաշտում հայերն ու Հայաստանը էական դերակատարութիւն չունեն, թերեւս, նոյնիսկ, աւելորդ գլխացաւանք են: Ինչպէս իրաւացիօրէն շեշտեց Սարգիս Գէորգեանը «Քարտէսային սադրանք» յօդուածում՝ «Ունիվերսալ պայթուցիչը ապագայ Ազատ Քուրդիստանն է լինելու» («Հայոց աշխարհ», 26 Օգոստոս, 2006): Փորձելով մեղմել Թուրքիայի բուռն հակազդեցութիւնն այդ ծրագրին, ամերիկեան պատասխանատու որոշ գործիչներ շեշտեցին, որ Պիտերսի քարտէսը եւ տեսակէտները կապ չունեն Կոնդոլիզա Ռայսի առաջադրած «Նոր Միջին Արեւելք»ի հետ: Մինչդեռ, ինչպէս հակադարձեց Յակոբ Չաքրեանը, «Որքան էլ ԱՄՆ պետքարտուղարութիւնից եւ Պենտագոնից յայտարարեն, որ Պիտերսի քարտէսը չի արտացոլում պետքարտուղարի արտայայտած «Նոր Միջին Արեւելքը» եւ բացառեն տարածաշրջանում սահմանների ձեւափոխման հաւանականութիւնը, այնուամենայնիւ քարտէսի օգտագործումը ՆԱԹՕի պաշտպանութեան քոլեճում, այն էլ ամերիկեան ռազմական ակադեմիայի աշխատակցի կողմից, վկայում է դրա առնչութեամբ պաշտօնական Վաշինգտոնի լուրջ մտադրութեան մասին» («Ազգ», 13 Հոկտեմբեր, 2006): Այդ քարտէսում յստակ գծուած են փոփոխուած սահմանները: Քուրդիստանը, շրջակայ այլ երկրների մասերից բացի գրաւում է հիմնականում Արեւմտահայաստանի տարածքներ: Սահմանները Պիտերսը ձեւել է իբր էթնիկ սկզբունքով, օրինակ, ներկայ շինծու Ադրբէյջանը միացրել է Իրանի բուն պատմական Ադրբէյջանին, արհամարհելով «երկու Ադրբէյջաններ»ի միջեւ ընկած, տեղաբնիկ թալիշների գոյութիւնն ու Թալիշստան ստեղծելու նրանց, ինչպէս եւ Ադրբէյջանի հիւսիսի տեղաբնիկ լեզգիների՝ սեփական երկիր ունենալու իրաւունքը:
2012ի Դեկտեմբերի 11ին «Հրապարակ» թերթը տպագրեց մի այլ քարտէս, կարճառօտ հետեւեալ տեղեկութեամբ. ըստ ԱՄՆի հետախուզական մարմինների (աւելի որոշակի՝ «U. S. National Intelligense Council», «ԱՄՆ Ազգային վերլուծական խորհուրդ») «Համաշխարհային միտումներ 2030» զեկոյցում ներկայացուած տարածաշրջանի իրադարձութիւնների զարգացումների հաւանական սցենարներից «զարգացումներէն-Խմբ.) մէկի՝ Քուրդիստանի հզօրացումով Թուրքիան կանգնելու է իրական տրոհման (բաժանման, կոտորակման-Խմբ.) վտանգի առաջ, «Քուրդիստանի վերելքը հարուած է հասցնելու Թուրքիայի տարածքային ամբողջականութեանը եւ աւելացնելու է հարեւան երկրների հետ հակամարտելու ռիսկերը (վտանգները-Խմբ.)»: Մինչդեռ «Հրապարակ»ի մատուցած քարտէսը հակառակն է ապացուցում – Քուրդիստան այնտեղ չկայ, Թուրքիայի սահմաններում են յայտնուել Կիպրոսը, Յւնաստանի ցամաքային մի մաս, Հռոդոս, Կրետէ եւ այլ կղզիներ, Իրաքի հիւսիսային մասը, մի համեղ պատառ էլ Պուլկարիայից, եւ ի հարկէ, արեւմտեան քաղաքականութեան քաւութեան նոխազ Հայաստանն Արցախով: Սա բացայայտ սադրանք է ոչ միայն Հայաստանի, այլեւ միւս նշուած երկրների դէմ: Միթէ՞ ԱՄՆի հետախուզական մարմինները այսպէս են պատկերացնում Թուրքիայի «տրոհումը», ոչ միայն ասիական, այլեւ եւրոպական երկրնիրի պատմական տարածքների հաշուին:
Որտեղի՞ց է «Հրապարակը» հայթայթել այս քարտէսը եւ առանց որեւէ մեկնաբանութեան տպագրել ու գնացել տուն՝ հանգիստ քնելու: Սրանով ո՞ւմ է ծառայում եթէ ոչ թրքական ծաւալապաշտական նկրտումներին, թէկուզ «թղթի վրայ» ընդունելով սեփական հայրենիքի զոհաբերումը (եթէ ի հարկէ «Հրապարակ»ը Հայաստանն իր հայրենիքն է համարում, եթէ թրքական ջատագովական օճախ չէ): Եւ սա կոչւում է խօսքի, մամուլի ազատութի՞ւն: Ինչ ուզեն կ՛անեն, պատասխանատուութեան կանչես, կը ծածկուեն «եւրոպական արժէքներ»ի վահանով ու կը վազեն Հաագայի դատարան բողոքելու: Իսկ այդ «արժէքներ»ի տէրերը արդէն յայտնի է ում պիտի պաշտպանեն: Բայց վերջին հաշուով, աշխարհի թէկուզ ամենափոքրիկ, ամենաթշուառ պետութիւնը իրաւունք չունի՞ պաշտպանուելու նման ոտնձգութիւններից, որ այլ բան չեն, քան զանգուածային գիտակցութեան ձեւախեղումների, հայրենածախութեան դաւադիր փորձեր:
Եթէ առանձին անձի արժանապատուութիւնը վիրաւորող յօդուածի համար որեւէ խմբագրութեան օրէնքով կարելի է դատարան կանչել, Հայաստանի գոյութեան դէմ նիւթուած նման սադրանքների համար ինչո՞ւ չի կարելի: Թէ՞ այդ իրաւունքը միայն մեծ տէրութիւնների պետանվտանգութեան մարմիններին է վերապահուած, ու բնաւ երբեք՝ փոքրերին: «Հրապարակը» դեղին, իսկ աւելի ճիշդ՝ ժանգոտ մամուլի ճռճռոցով ի՞նչ նպատակ է հետապնդում: Արդէն շատերին վարակած հիւանդութիւն է ոչ միայն անտարբերութիւնը սեփական հայրենիքի բախտի նկատմամբ, այլեւ օտարացումը հայրենիքին: Մեր-իմ երկիրը, մեր-իմ հայրենիքը, մայր հայրենիք, մեր-իմ Հայաստանը արտայայտութիւնները փոխարինուել են էս երկիրը ականջ ու հոգի սղոցող արտայայտութեամբ: էս երկրացիների մէջ ի հարկէ կան թելադրողներ եւ կամայ-ակամայ ենթարկուածներ: Մարդիկ, որոնք երկիրը քայքայելու նպատակով են պարտադրում նման մտայնութիւն, եւ մարդիկ, որոնց, երկրում տիրող ելուզակները, գցել են այնպիսի ծանր վիճակում, որ ոչ միայն իրենց դառնութիւնն են արտայայտում այդ ձեւով, այլեւ ճարահատուած հեռանում են հայրենիքից: Չգիտես ո՞ր երկրի քաղաքացի, նորայայտ կոսմոպոլիտ, «գլոպալացուած» որոշ «մտաւորականներ» մինչեւ իսկ ԶԼՄներով (զանգուածային լրատուական միջոցներով-Խմբ.) «ապացուցում» են հայրենասիրութիւն, հայրենասէր, ազգասէր հասկացութիւնների աւելորդութիւնը, նոյնիսկ վնասակարութիւնը XXI դարում: Չհասկանալով, որ վիթխարի հակասութիւններով յղի դարը ամէն վայրկեան կարող է փոշիացնել ոչ թէ լոկ հազարաւոր, այլ միլիոնաւոր էս երկրացի կոսմոպոլիտների, որոնք ենթադրում են «գլոբալացումով» փրկել իրենց խակ գլուխները: Խակ, քանզի երբ չկայ որեւէ երկրի, հայրենիքի, ազգայնութեան հասկացողութիւն, չկայ ինքնորոշում, չկայ կազմակերպութիւն, չկայ ինքնապաշտպանութիւն: Եւ ինքնաբերաբար էս երկրացիները դառնում են որեւէ ազգից ու հայրենիքից դուրս մղուած անպաշտպան խլեակներ:
Չքացած Հայաստանով քարտէս տարածողները, տպողներն ու անտարբեր դիտողները պատրա՞ստ են, ըստ այս քարտէսի, կոտորուել Միացեալ Թուրքադրբէյջանում: Եթէ ոչ, ի՞նչն է նրանց դրդում էս երկրի որդնոտած մտայնութեամբ ընդունել, ամենայն հաւանականութեամբ, նոյն այդ թուրանացեղ հարեւանների պատրաստած սադրանքը:
Հարցը դժբախտաբար հռետորական չէ: Անկախութիւնից յետոյ սկսուած ինքնացեղասպանութեամբ եթէ ոչ 2030ին, ապա 40-50ին, առանց թշնամի հարեւանների մասնակցութեան Հայաստանը դատարկուած կը լինի իր բնակչութիւնից: Միայն մի դաժան, վերջին փաստը դրա խօսուն վկայութիւնն է: Ըստ ՀՀ միգրացիոն (գաղթականական-Խմբ.) ծառայութեան հրապարակման 2012ի 11 ամիսներին Հայաստանից մեկնող-ժամանողների բացասական տարբերութիւնը 71.347 մարդ է, անցեալ տարուանը՝ 64.917 մարդ: Անցած 3 տարում հեռացածների թիւը մօտ 160.000 է: Արտագաղթը եթէ շարունակուի նոյնիսկ սրանից աւելի պակաս թափով՝ տարին, ասենք՝ 30-40.000, հաշուէք, ե՞րբ Հայաստանի վերջին քաղաքացին «կը յանգցնի լոյսն» ու կը հեռանայ տուն–հայրենիքից: Չգիտեմ, էս երկրացիները ցաւ զգո՞ւմ են այս իրողութեան բախուելիս, բայց գոնէ մի պահ ուշքի գան, մտածեն, տեսնեն, թէ սեփական երկրի հանդէպ նման պահուածքը առաջին հերթին հէնց իրենց ուր կը հասցնի:
Ընդհուպ մինչեւ Ռուսաստանն ու ԱՄՆը տրոհուած պատկերող այսպիսի սադրանք-քարտէսներ շատ կան, տրոհուած, տարածքներ կորցրած, բայց ոչ Հայաստանի նման վերացած երկրների: Օհայոյում 1981ին ծնուած, այժմ Մոսկուայում բնակուող Թիմ Քերբին տրոհուած ԱՄՆի որոշ քարտէսների առիթով ասում է – նման դէպքերում ես յիշում եմ 90ականների այսպիսի վերնագիր. «Բացայայտուած է ԱՄՆը իրար մէջ բաժանելու կանադացիների եւ մեքսիկացիների գաղտնի պայմանագիրը», բարեբախտաբար ծրագիրը դեռեւս գործի չի դրուել: Պրոպագանդիստական հրահրումներ, անջատողականներ կան միշտ եւ ամէնուր: Ցանկացած երկիր վտանգի տակ է… ուժեղների եւ թոյլերի տարբերութիւնը միայն այդ մշտական վտանգին դիմադարձելու ուժեր ունենալն է («Վրեմիա», Լ.Ա., 16-22 Նոյեմբեր, 2012):
Մոսկուայում բնակուող ամերիկացին մտահոգւում է աշխարհի ամենահզօր երկիր իր հայրենիքի ապագայով, իսկ հայ լրագրողը անհաւատալի անտարբերութեամբ ընդունելով թուրքադրբէյջանական արիւնարբուների հերթական այս դաւադրութիւնը հրապարակում է իր «Հրապարակում» իբր Թուրքիայի «տրոհման», իրականում Հայաստանի չքացումով եւ «Մեծ Ադրբէյջան»ի ստեղծումով Պալքաններից հեռաւոր արեւելք տարածուող Թրքական կայսրութեան հաստատում: