Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

ՀԱՐՑԱԶՐՈՅՑ ՄԱԱՀ-Ի ՓՈՐՁԱԳԷՏ, ԹՈԻՐՔԱԳԷՏ ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆԻ ՀԵՏ

$
0
0

«Ենթադրւում Է, Որ Մենք Էլ Ունենք Թուրքիային Առնչուող Համապատասխան Ռազմական Պլաններ»

 

Վարեց՝ ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ

 

Մեր զրուցակիցն է ՄԱՀՀԻ ասոցացուած փորձագէտ, թուրքագէտ Հայկ Գաբրիէլեանը։

 

1206hartsagoumՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Պարոն Գաբրիէլեան, օրերս Nordic Monitor-ը Թուրքիայի զինուժի գլխաւոր շտաբում եղած գաղտնի պլան է բացայայտել, ըստ որի՝ Սիրիայից յետոյ Թուրքիայի յաջորդ թիրախը Հայաստանն էր լինելու: Ինչպէ՞ս էք գնահատում նման բացայայտումը: Ձեր կարծիքով՝ որքա՞ն իրատեսական է, որ Թուրքիան կարող էր նման քայլի գնալ:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Չեմ կարող սա բացայայտում համարել այն առումով, որ հարեւան երկրներին առնչուող ռազմական պլաններ մշակելը Գլխաւոր շտաբի գործառոյթներից է: Չեմ կարծում, թէ Թուրքիան նման պլան չի ունեցել 1990ականներին եւ մասնաւորապէս Արցախեան հակամարտութեան տարիներին, եւ որ Հայաստանին աւիահարուածներ հասցնելու պլանը կազմուել է միայն 2001թ.: Այնպէս որ, ենթադրելի է, որ այդպիսի պլան մշտապէս գոյութիւն ունեցել է, կայ եւ, ինչու ոչ, կը շարունակի գոյութիւն ունենալ: Ես կը զարմանայի, եթէ Թուրքիան ընդհանրապէս չունենար այդպիսի պլան, որը ժամանակի ընթացքում շարունակ թարմացւում է, ուղղումների է ենթարկւում: Աւելին, ես կը զարմանամ, եթէ Հայաստանն ինքը չունենայ Թուրքիային առնչուող համապատասխան պլան: Այդպիսով, ես սա բացայայտում չէի համարի նաեւ նրա համար, որ չեմ տեսնում որեւէ հիմնաւոր խնդիր, թէ ինչու Թուրքիան հէնց 2001թ. կարող էր մտածել Հայաստանին աւիահարուածներ հասցնելու մասին: Իրատեսական չեմ համարում, որ Թուրքիան այս դարասկզբին ունեցել է Հայաստանին աւիահարուածներ (օդային հարուածներ-Խմբ.) հասցնելու մտադրութիւն: Պլանը, բնականաբար, կազմում են՝ իրադարձութիւններին պատրաստ լինելու, անհրաժեշտ պահին այն գործի դնելու համար (իսկ անհրաժեշտ պահն արդիւնքում կարող է եւ վրայ չհասնել ընդհանրապէս): Չմոռանանք նաեւ, որ Հայաստանը դուրս է մնացել Թուրքիայի արտաքին ռազմական սպառնալիքների ցուցակից (մինչդեռ 1990ականներին Թուրքիայում շատ էր խօսւում «թշնամական եռանկեան» մասին՝ ի դէմս Յունաստանի, Սիրիայի ու Հայաստանի): Դա տեղի ունեցաւ այն բանից յետոյ, երբ հերթական անգամ (իւրաքանչիւր 5 տարին մէկ) թարմացուեց Թուրքիայի «կարմիր գիրքը», որում տեղ են գտնում ներքին ու արտաքին սպառնալիքները (հերթական թարմացումը 2020թ. է): Եւ յետոյ, ներկայիս «բացայայտման» հեղինակը համարւում է այսպէս ասած գիւլենական համայնքի ներկայացուցիչ, որը նմանատիպ եւ նաեւ առաւել սուր հրապարակումներով փորձում է անընդհատ վարկաբեկել, քննադատել թուրքական իշխանութիւններին եւ յատկապէս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին (նա նաեւ գրել էր, որ Էրդողանն է թոյլատրել 2015թ. աշնանը Սիրիայի հետ սահմանին ռուսական մարտական ինքնաթիռի ոչնչացումը):

Ի դէպ, նման վաղեմութեան (2001թ.) պլանում բնականաբար որեւէ խօսք չէր կարող լինել այն մասին, որ Սիրիայից (ներկայիս իրադարձութիւններից) յետոյ Թուրքիայի յաջորդ թիրախը լինելու է Հայաստանը: Nordic Monitor-ի հրապարակումից յետոյ նման կարծիք յայտնել են յունական ԶԼՄները: Ես ինքս էլ քանիցս մտավախութիւն եմ յայտնել, որ Էրդողանն ու Պուտինը Սիրիայում իրենց ընթացիկ հարցերը կարգաւորելուց յետոյ կարող են իրենց ուշադրութիւնը բեւեռել Հարաւային Կովկասի տարածաշրջանի վրայ՝ այդ համատեքստում որոշակի ոգեշնչուելով Արեւմուտքի թոյլ կեցուածքից:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Արդեօք պատահակա՞ն էր, որ բացայայտումը եղաւ այս ժամանակ: Ո՞ր ուժային կենտրոններին էր ձեռնտու նման պլանի բացայայտումը եւ արդեօք այն խոցելի չի՞ դարձնում Թուրքիան միջազգային հարթակներում:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Գիւլենական համայնքի ներկայացուցիչները վերջին շրջանում Nordic Monitor շուէդական հարթակի միջոցով շարունակում են գաղտնի փաստաթղթեր հրապարակել եւ այդպիսով բացայայտումներ անել հիմնականում Թուրքիայի ներկայիս իշխանութիւնների վերաբերեալ՝ ցոյց տալով նրանց ռազմատենչութիւնն ու ագրեսիւութիւնը: Յայտնի է, որ Թուրքիայում գոյութիւն ունէր (ունի) «խորքային պետութիւն» (պետութիւն պետութեան մէջ), որը կարողացել է ձեռք գցել այդօրինակ գաղտնի փաստաթղթեր: Այդ համատեքստում ես կասկածի տակ չեմ դնում նման փաստաթղթերի արժանահաւատութիւնը: Նախորդ տարիներին էլ գիւլենականների կողմից Թուրքիայի ներկայիս իշխանութիւնների վերաբերեալ բազմաթիւ աղաղակող բացայայտումներ են եղել (Թուրքիայի կողմից Սիրիայի հետ սահմանին սադրանքներ կազմակերպելու, Էրդողանի ընտանիքի կոռուպցիոն (զեղծարար-Խմբ.) գործունէութեան եւ այլ կարեւոր թեմաներով): Այսօրինակ բացայայտումները միտուած են է՛լ աւելի ծանրացնելու համար Թուրքիայի իշխանութիւնների դրութիւնը միջազգային հարթակներում: Ամէն դէպքում, փորձը ցոյց է տալիս, որ Էրդողանը թէկուզեւ որոշակի կորուստներով, բայց եւ այնպէս կարողանում է յաղթահարել նման խնդիրները:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Ի՞նչ պէտք է լինի Հայաստանի արձագանգը նման պայմաններում, եւ ի՞նչ մակարդակներում պէտք է լինի պատասխանը:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Կոնկրետ վերոնշեալ (Nordic Monitor-ի) հրապարակման պարագայում չեմ կարծում, թէ Հայաստանի իշխանութիւնները որեւէ կերպ պէտք է արձագանգեն: Ներկայացուել է մի բան, որը, տրամաբանութեան համաձայն, պէտք է որ հէնց այդպէս էլ լինէր: Այսինքն, այստեղ արտասովոր որեւէ բան չկայ, որ Թուրքիան ընդհանրապէս ունենայ Հայաստանին աւիահարուածներ հասցնելու մասին ռազմական պլան: Փոխարէնը Հայաստանը պէտք է մշտապէս զգօն եւ պատրաստ լինի իրադարձութիւնների զարգացման ցանկացած սցենարին: Ես չեմ ներկայացնում ռազմական ոլորտը, բայց ակնյայտ եմ համարում, որ մենք էլ մեր հերթին ունենք Թուրքիային առնչուող համապատասխան ռազմական պլաններ:

Ի դէպ, վերջին տարիներին Թուրքիայում զինուորականների ազդեցութեան նուազեցումը (Էրդողանի միանձնեայ ռեժիմի հաստատումը) կարող է դրական ազդեցութիւն ունենալ Հայաստանի վրայ ոչ միայն այն առումով, որ Թուրքիայի զինուած ուժերից հեռացուել են բազմաթիւ փորձառու բարձրաստիճան զինուորականներ: Խօսքը նաեւ այն մասին է, որ դրանով նուազում է նաեւ հարեւան երկրների հանդէպ զինուորականների կողմից ռազմական սադրանքներ կազմակերպելու հնարաւորութիւնը: Օրինակ, 2010թ. բացայայտուած «Բալեոզ» ռազմական յեղաշրջման պլանի կէտերից մէկն առնչւում էր Յունաստանի նկատմամբ ռազմական սադրանք կազմակերպելուն: Այդ պլանի համաձայն՝ թուրքական կործանիչը պէտք է ներխուժեր յունական օդային տարածք՝ դրանով իսկ օդային մարտ հրահրելով այդ երկրի ռազմաօդային ուժերի հետ: Մարտի արդիւնքում յունական ռազմաօդային ուժերը պէտք է կործանէին թուրքական կործանիչը: Բայց եթէ չյաջողուէր նման կերպ Յունաստանին դրդել դիմելու ուժային քայլերի, ապա թուրքական «յատուկ նշանակութեան նաւատորմն» ինքը պէտք է վայր գցեր իր կործանիչը եւ դրանում մեղադրեր Յունաստանին: Դա ի ցոյց կը դնէր թուրքական իշխանութիւնների անզօրութիւնը տուեալ խնդրում եւ զինուորականներին կ՛օգնէր իշխանութիւնը վերցնել ձեռքը: Ընդգծեմ, որ «Բալեոզ»ը ծրագրուած էր իրականացնել 2003թ., իսկ Էրդողանի իսլամամէտ կուսակցութիւնը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանութեան էր եկել 2002թ. Նոյեմբերին: Յայտնի է, որ Թուրքիայում աշխարհիկ ռեժիմի պահապան համարուող զինուորականները շարունակ գահընկեց են արել իսլամամէտ կառավարութիւններին, որոնք փորձել են երկիրը շեղել նրա հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի նախանշած ուղուց՝ այն տանելով դէպի իսլամացում: Այնպէս որ, 2001թ. Հայաստանին առնչուող այդպիսի պլանի մշակումը ես չեմ կարողանում տեղաւորել Թուրքիայի «խորքային պետութեան» շրջանակներում, քանի որ այն ժամանակ ԱԶԿն դեռ իշխանութեան ղեկին չէր:

 

ՍԻՐԱՆՈՅՇ ՊԱՊԵԱՆ.- Գարնանը սպասուող Կիպրոս–Յունաստան–Հայաստան ձեւաչափով հանդիպման համատեքստում ի՞նչ նշանակութիւն կարող է ունենալ այդ պլանի գաղտնազերծումը:

ՀԱՅԿ ԳԱԲՐԻԷԼԵԱՆ.- Ես միայն ողջունում եմ նման ձեւաչափի ստեղծումը, որը կարող է նոր որակ հաղորդել երեք երկրների համագործակցութեանը, մեծացնել նրանց փոխգործակցութիւնը, այդ թւում նաեւ Թուրքիային առնչուող տարատեսակ թեմաների շուրջ: Ինչ վերաբերում է ռազմական պլանին, ապա չեմ կարծում, թէ այն որեւէ կերպ կարող է ազդել երեք երկրների համագործակցութեան վրայ, քանի որ այն նորոյթ չէր նրանց համար: Նոյն կերպ անկասկած է, որ Թուրքիան ունի նաեւ Յունաստանին ու Կիպրոսին առնչուող ռազմական պլաններ: Երեք երկրների նկատմամբ Թուրքիայի այս դիրքորոշումը նոյնպէս կարող է մեծապէս միաւորել Հայաստանին, Յունաստանին ու Կիպրոսին:

Հայաստանի համար կարեւորում եմ տարածաշրջանային տարբեր երկրների հետ եռակողմ ու քառակողմ համագործակցութեան մեխանիզմների (մեքեքնակառոյցներու-Խմբ.) ստեղծումն ու զարգացումը, քանի որ դրանք մեծացնում են Հայաստանի կշիռն ու պահանջարկը: Իսկ դա շատ կարեւոր է՝ հաշուի առնելով, որ Թուրքիան կարողանում է շատ խնդիրների լուծումը բեկել իր օգտին շնորհիւ հէնց թուրքական նժարի ծանրութեան, շնորհիւ այն բանի, որ նման հարցերի ժամանակ նա առաջարկում է կամ անգամ ստիպում է, որպէսզի կշեռքի նժարներից մէկի վրայ դնեն իրեն, իսկ միւս նժարի վրայ՝ միւս կողմին, եւ տեսնել, թէ ո՛ր նժարն է առաւել ծանրակշիռ: Հայաստանի նժարը պէտք է աստիճանաբար դառնայ առաւել ծանրակշիռ, եւ մենք ունենք դա անելու բազում, տարատեսակ հնարաւորութիւններ՝ սկսած, ասենք, Հայոց Ցեղասպանութեան հետեւանքներին առնչուող իրաւական ճանապարհով գնալու ու մեծ յաջողութիւններ արձանագրելու հեռանկարից մինչեւ ջրային ոլորտի լուրջ խաղացող դառնալու հեռանկար:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles