Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ղարաբաղեան Ճօճանակ

$
0
0

1207karabagh

ՍԵՐԳԷՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎ

Ռուսերէնից թարգմանեց՝

ՄԱՐԻԱ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

 

Ռուս յայտնի քաղաքագէտ, ՄԳԻՄՕի միջազգային հետազօտութիւնների ինստիտուտի եւրատլանտեան անվտանգութեան կենտրոնի առաջատար գիտաշխատող Սերգէյ Մարկեդոնովը «Կոմերսանտ» թերթում յօդուած է հրապարակել Ղարաբաղեան բանակցութիւնների ներկայ փուլի մասին: Յօդուածը թարգմանաբար՝ ստորեւ:

 

Բրատիսլաւայում ԵԱՀԿ 26րդ նախարարների խորհրդի շրջանակներում կայացել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների միջեւ բանակցութիւնների հերթական փուլը: Զոհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի հանդիպումը հինգերորդ հանդիպումն էր անցնող 2019 թուականին: Դրան գումարենք Իլհամ Ալիեւի եւ Նիկոլ Փաշինեանի հանդիպումները, ինչպէս նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների բարձրագոյն ներկայացուցիչների հետ բանակցութիւնները եւ միջնորդ դիւանագէտների տարածաշրջանային այցերը:  Ակնյայտ է բանակցային գործընթացի ինտենսիւացումը (աշխուժութիւն-Խմբ.): Մի խնդիր. հանդիպումների եւ շփումների քանակը չի անցել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործնական լուծումների որակի, որն Անդրկովկասում անվտանգութեան ամենաբարդ խնդիրն է:

Հակամարտութեան կողմերը պատրաստ չեն զիջումների բոլոր առկայ հարցերի շուրջ (Լեռնային Ղարաբաղի ապագայ կարգավիճակը, նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի շուրջ շրջանների դէօկուպացիան (ապագրաւումը-Խմբ.), փախստականների վերադարձը): Այս տարուայ Մայիսին լրացաւ Լեռնային Ղարաբաղում անժամկէտ հրադադարի մասին համաձայնագրի ուժի 25 տարին:   Բայց զինադադարը պարբերաբար խախտւում է: Եւ մենք տեսնում ենք «ղարաբաղեան ճօճանակ»ի աշխատանքը, երբ բանակցային նոր փուլերը փոխարինւում են կողմերի՝ «շփման գծում» սրացումներով:

Դա սպառնալիքի միակ աղբիւրը չէ, զինուած դիմակայութեան բռնկումները նշւում են նաեւ Լեռնային Ղարաբաղի սահմաններից դուրս հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով, ինչը պոտենցիալ (հնարաւոր-Խմբ.) սպառնալիք է ստեղծում ՀԱՊԿին՝ հակամարտութեան մէջ ուղղակի կամ անուղղակի ներքաշման համար: 2019 թուականի Յուլիսին նշւում էր մէկ այլ նշանակալի յոբելեան՝ այսպէս կոչուած «հիմնարար սկզբունքներ»ի նորացուած տարբերակի հրապարակման տասնամեակը, ըստ որի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հակամարտող կողմերին խորհուրդ էին տուել համաձայնութեան գալ: Սակայն ողջ ընթացքում կողմերը զգալի քայլեր չեն կատարել Բաքուի եւ Երեւանի կողմից առաջարկուած կոնկրետ միջոցների իրականացման ուղղութեամբ:

Արդեօք այս ամէնը նշանակո՞ւմ է, որ շարունակուող բանակցութիւններն ու տարբեր գագաթնաժողովերի ընթացքում հանդիպումներն անիմաստ են: Առաջին հայեացքից, նրանց արդիւնաւէտութիւնը ցածր է, քանի որ չկան շօշափելի արդիւնքներ, սակայն խնդրին աւելի խորը ծանօթանալու եւ համարժէք գնահատական տալու դէպքում, թէ որ կէտում է հակամարտութիւնը, պատասխանն այդքան միանշանակ չի լինի: Իրավիճակն այնպիսին է, որ երկու կողմերն էլ փոխզիջման հասնելու համար բաւարար քաղաքական կամք չեն ցուցաբերում եւ միեւնոյն ժամանակ չունեն ռեսուրսներ (միջոցներ-Խմբ.), որոնք նրանց ճնշող առաւելութիւն կ՛ապահովեն:  Հետեւանքը այդ նոյն «ղարաբաղեան ճօճանակ»ի շարժումն է, որով դիւանագիտական ձեւաչափը համալրւում է ուժային «փորձարկումներով»:

Այս իրավիճակում սկզբունքօրէն կարեւոր է դառնում հակամարտութեան կառավարումը: Եթէ տեսանելի ժամկէտներում չի ստացւում խաղաղութեան հասնել, ապա կողմերի՝ «շփման գծում» դէէսկալացիան (մեղմացումը-Խմբ.), միջադէպերի կանխումը եւ նոյնիսկ պարզապէս երկխօսութեան պահպանումը վատ արդիւնք չեն:  Այս ամէնը օգնում է պահպանել որոշակի փոխգործակցութիւն, որի այլընտրանքը դիմակայութեան «ապասառեցումն» է:

Առանց վստահութեան գոնէ նուազագոյն մակարդակի՝ հակամարտութեան կարգաւորման բովանդակային երկխօսութիւնն անհնար է: Բայց այդ մակարդակին հասնելը, իսկ հեռանկարում դրա բարձրացումը, օդից չի լինելու. հարկաւոր է քրտնաջան աշխատանք, որն անտրամաբանական է առանց կանոնաւոր հանդիպումների, գագաթնաժողովների ու բանակցութիւնների:

 

«ՍԻՎԻԼՆԵԹ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles