
Ռոբերտ Քոչարեան եւ Սթիւեն Նիւտօն
ՍԱՐԳԻՍ ԱՐԾՐՈՒՆԻ
Վրաստանի 43-ամեայ քաղաքացի, դաշնակցական Պօղոս Պօղոսեանի սպանութեանը 18 տարի առաջ ականատես եղած Սթիւեն Նիւտօնը Հայաստանում է եւ պատրաստ է դատարանում կրկնել այն ցուցմունքը, որը 2001 թուականին դատաւոր Մնացական Մարտիրոսեանի նախագահած դատարանը որոշեց հաշուի չառնել՝ հիմնաւորմամբ, թէ այն անգլերէն էր: Գործով հիմնական վկայ համարուող Մեծ Բրիտանիայի քաղաքացին, որը 2001ին որպէս հրաւիրեալ դասախօս դասաւանդել է Կառավարման դպրոցում, ասում է՝ տեսել է, թէ ինչպէս է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարեանի թիկնազօրը «Առագաստ» սրճարանի զուգարանում դաժանաբար ծեծելով սպանել Պօղոս Պօղոսեանին՝ այդ օրը սրճարան եկած Շառլ Ազնաւուրին եւ Ռոբերտ Քոչարեանին մօտենալու եւ «պրիւետ (բարեւ-Խմբ.), Ռոբ» ասելու համար:
«Ազատութիւն» ռատիօկայանի հետ զրոյցում Նիւտօնը հանգամանալից պատմել է, թէ ինչ է տեղի ունեցել, երբ Քոչարեանը լքել է սրճարանը. «երբ Քոչարեանը գնաց, մենք այստեղ էինք նստած՝ ներքեւում, ուղիղ տղամարդկանց համար նախատեսուած զուգարանի եւ դէպի ճանապարհ տանող աստիճանների դիմաց: Քոչարեանին բարեւող տղամարդիկ նրա հետեւից գնացին ու յետոյ ետ եկան, նրանց թիկնապահները ետ հրեցին, հրեցին տղամարդկանց զուգարանը: Կինս ասաց, որ նրանց կը սպանեն: Ես չէի հաւատում լսածիս ու ասացի. «Ոչ, քանի դեռ ես այստեղ եմ»: Ես վազեցի, մտայ ներս: Այդ Կուկու կոչուածը ատրճանակի կոթով ծեծում էր երկրորդ տղամարդուն: Ես նրան հրեցի: Երբ մտայ ներս, երկրորդ տղամարդը՝ Պօղոս Պօղոսեանը, ընկած էր յատակին, նա համարեայ մեռած էր, նրա գլուխն ուռած էր: Ես բղաւեցի՝ օգնութիւն կանչեցի: Նրանք չգիտէին, թէ ես ով եմ: Կարծում եմ՝ մտածեցին, թէ դեսպան եմ, քանի որ կոստիւմով (համազգեստ-Խմբ.) էի:
Կինս եկաւ, որ տեսնի, թէ ինչ էր կատարւում ինձ հետ: Նա մտահոգուած էր: Ես նրան ասացի, որ շտապօգնութիւն կանչի: Բժիշկները շատ արագ եկան, բայց այդ տղամարդը մահացաւ: Ես աստիճաններով վեր եմ բարձրացել»:
Սթիւեն Նիւտօնը յեղափոխութիւնից յետոյ իր ցուցմունքը պարունակող նամակ է ուղարկել վարչապետ Նիկոլ Փաշինեանին: Եթէ իրաւական ընթացք տրուի օտարերկրացու նամակին, ապա հաստատապէս նոր գործընթաց է բացուելու Ռոբերտ Քոչարեանի դէմ:
Այս դաժան սպանութեան գործով Ռոբերտ Քոչարեանի թիկնազօրից միայն »Կուկու« մականունով յայտնի Աղամալ Յարութիւնեանին է մեղադրանք առաջադրուել, այն էլ Քրէական օրէնսգրքի 103րդ յօդուածի՝ անզգոյշ սպանութեան յատկանիշներով, եւ նա դատապարտուել է երկու տարուայ պայմանական ազատազրկման:
Ակնյայտ է, որ «Կուկուն» ինքնակամ, սեփական ցանկութեամբ չի կատարել այս դաժան սպանութիւնը, մանաւանդ առանցքային վկան պնդում է, որ տեղի է ունեցել դաժան ծեծ մի քանի թիկնապահների կողմից: Այլ խօսքով՝ Քոչարեանի թիկնազօրը թերեւս հրաման է ստացել հէնց երկրորդ նախագահից, որին դուր չի եկել այն փաստը, որ իրեն դիմել են «Պրիւետ, Ռոբ» արտայայտութեամբ: Պատահական չէ, որ Քոչարեանը ցինիզմով (յեգնանքով-Խմբ.) ասել էր, որ Պօղոսեանի հետ այլ զրոյց կ՛ունենար, եթէ նա մահացած չլինէր:
Միւս կողմից՝ եթէ Պօղոս Պօղոսեանի խոշտանգումն ու դաժան սպանութիւնը տեղի ունեցած չլինէին Քոչարեանի ցուցումով, դատարանը նման »հումանիստական« (մարդասիրական-Խմբ.) վճիռ չէր կայացնի մարդասպան թիկնապահի գործով: Այլ խօսքով՝ դատարանի վճիռը թելադրուել է Բաղրամեան 26ի կողմից:
Կարծում եմ՝ հարկ է, որ իրաւապահ մարմիններն ընթացք տան Նիւտօնի դիմումին ու նոր քննութիւն իրականացնեն «Առագաստում» տեղի ունեցած հրէշաւոր յանցագործութեան գործով՝ սպանութեան հեղինակներին ու պատուիրատուներին համարժէք պատիժ նշանակելու նպատակով:
Անցեալում կատարուած յանցագործութիւնների բացայայտումը, իրաւականից զատ, ունի քաղաքական նշանակութիւն. քոչարեանիզմի ռեստավրացիայի (վե-րականգման-Խմբ.) բոլոր տարբերակները պէտք է բացառուեն, հասարակութիւնը պէտք է մանրամասն իրազեկուի քրէաօլիգարխիայի իշխանութեան քսան տարիներին տեղի ունեցած բոլոր յանցագործութիւնների մասին:
«Առաջին Լրատուական»