
Արթուր Խաչատրեան
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ
Ամուլսարը միայն հանքարդիւնաբերական կամ լեռնամետալուրգիական (լեռնային մետաղագործութեան-Խմբ.) հարց չէ: Չնայած դատարկ ապարների լցակոյտեր, ինժեներաերկրաբանական երկայնական եւ լայնական կտրուածքներ, հորատանցքեր, գրունտների (հողերու, գետիններու-Խմբ.) ֆիզիկամեխանիկական յատկութիւններ ու բազմաթիւ այլ խելօք բառեր հասկանալի չեն ոչ միայն թերի միջնակարգ կրթութիւն ունեցողին, այլեւ գիտական կոչում ունեցող շատ բանասէրների: Թւում է, թէ այս հարցով պէտք է զբաղուեն միայն հանքարդիւնաբերողները, քանի որ միայն նրանց է հասու այս բարդ եզրոյթների մեկնաբանութիւնը…
Ամուլսարը միայն առողջապահական կամ բնապահպանական հարց չէ: Թթուային դրենաժներ, ցիանիդներ, սուլֆիդային միներալներ, հիդրաւլիկ հաղորդականութիւն, էւապոտրանսպիրացիոն ծածկ… օտարահունչ եզրոյթները հասկանալու համար մասնագիտական գիտելիքներ են պէտք, ու նոյնիսկ Սորբոնն աւարտած փիլիսոփան դրանցից շատ բան չի հասկանայ: Ամուլսարը միայն ֆինանսական կամ իրաւական հարց չէ: Միայն ֆինանսիստները կարող են հումքային բորսաներում որոշել ոսկու ֆիւչըրզների արժէքը, հաշուարկել հանքի շահագործման զուտ զեղչուած արժէքը: Հասարակութիւնն այդքան գիտելիք չունի: Չունեն նոյնիսկ նրանք, ովքեր գիտեն ինչ է էւապոտրանսպիրացիոն ծածկը: Ապա այդ սարսափելի բառը՝ արբիտրաժ: Կը տանեն, կը դատեն, ամէնքիս վրայ տուգանքը կը բաշխեն (էս նեղ մաջալին մենակ էդ էր պակաս): Թողնենք թող ֆինանսիստներն ու իրաւաբանները հարցը լուծեն: Ամուլսարն աշխարհայեացքի հարց է, արժէքային համակարգի հարց է, երկրի ապագայի տեսլականի հարց է: Իսկ այստեղ մենք բոլորս ասելիք ունենք:
Հայաստանը բոլորիս երկիրն է, ու ամէնքս ենք պարտաւոր ընտրութիւն կատարել, թէ որ ճամբով կ՛ուզենք, որ Հայաստանը գնայ: Ինչպիսի՞ տնտեսութիւն ենք ուզում ունենալ, ի՞նչ երկիր ենք ուզում կառուցել: Մի կողմում՝ հզօր աջակցութիւն վայելող հանքարդիւնաբերող, որը միլիոններ է ներդրել, որ միլիարդներ աշխատի: Միւս կողմում՝ առողջարանային տուրիզմ, հիւրանոցներ, փոքր ու միջին ձեռնարկութիւններ, հարիւրաւոր անհատներ, ովքեր իրենց բնակարանները վարձով են տալիս զբօսաշրջիկներին կամ բուժման եկածներին: Միլիարդների՞ բիզնես է: Իհարկէ՝ ոչ: Բայց այդ համեմատաբար համեստ գումարները կը մնան Ջերմուկում, Հայաստանում, կը բաշխուեն հարիւրաւոր, հազարաւոր բնակիչների միջեւ: Իսկ այն միլիարդների ո՞ր մասն է վերադառնում Հայաստան, իսկ ո՞ր մասն է նստում օտար հաշիւներին, դառնում վիլլաներ ու զբօսանաւեր: Բա աշխատատեղեր, հարկեր, ռոյալթիներ (հանքատուրք-Խմբ. – ֆինանսիստին կանչէք, թող բացատրի, թէ դա ինչ է)։ Այո՛, կարեւոր հարցեր են: Չնուազող արտագաղթի պայմաններում ամէն աշխատատեղն էլ հաշիւ է, մի մարդու, մի ընտանիքի ճակատագիր է: Բայց ի՞նչ կը լինի տասը, քսան, երեսուն տարի յետոյ: Ի՞նչ կը մնայ սարից ու Ջերմուկից տասը, քսան, երեսուն տարի յետոյ, նոյնիսկ եթէ որեւէ բնական կատակլիզմ (բնական աղէտ-Խմբ.) չլինի, ու թոյնը չլցուի Սեւան: Սա է խնդիրը՝ բոլորիս ընտրութեան խնդիրը: Ինչպիսի՞ տնտեսութիւն ենք ուզում, ի՞նչ երկիր ենք ուզում: Կանաչ, կայուն զարգացող, ներառական տնտեսութիւն, թէ՞ երկրի ընդերքը քամող հանքարդիւնաբերութիւն, որից եկած միլիարդները շատ քչերը կը վայելեն: Այս հարցում բոլորս ոչ թէ իրաւունք, այլ արտայայտուելու պարտաւորութիւն ունենք:
ՈՐՊԷՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Կ՛ասէք՝ իսկ համատեղել չի լինի՞: Բնութիւնն էլ է ռեսուրս (միջոցի աղբիւր-Խմբ.), ոսկին էլ: Պատերազմ է, աղէտի գօտին դեռ լիովին չի վերականգնուել, նոր ներդրումներ չկան (Գիւմրիի դելֆինարիումը չհաշուած), չենք կարող մեզ այս ճոխութիւնը թոյլ տալ եւ հրաժարուել նոյն այդ ռոյալթիից: Ինչո՞ւ չհամատեղենք: Եթէ հնարաւոր լինէր՝ լաւ կը լինէր, բայց շա՞տ դէպքեր գիտէք, երբ հանքն ու առողջարանն իրար կողքի են: Կ՛ասէք՝ գեղեցիկ ես խօսում, բայց տասը տարի առաջ էր պէտք սրա մասին խօսել, գնացքն արդէն գնացել է, Լիդիանը միլիոններ է ծախսել: Ո՞րն է ճիշդ՝ սխալ ճամբի կէսից հետ դառնալը, թէ՞ շարունակել ճանապարհը՝ պատճառաբանելով, որ ետ դարձը ծախսատար է… Բազմաթիւ հարցեր կան, որոնց պատասխանները դեռ չեն տրուել: Ինձ ճիշդ հասկացէք, ես սկզբունքօրէն դէմ չեմ հանքարդիւնաբերութեանը: Հողի տակ հարստութիւնը չեն պահում: Բայց հանքարդիւնաբերութիւնը պէտք է լինի պատասխանատու, պէտք է բացառուի որեւէ անկառավարելի ռիսկ (վտանգ-Խմբ.):
Հանքարդիւնաբերութիւնից ստացուած եկամուտը, եթէ ոչ՝ ամբողջութեամբ, գոնէ զգալի մասով պէտք է վերադառնայ Հայաստան: Հանքարդիւնաբերութիւնից պիտի շահի ազդակիր համայնքը, ողջ երկիրը: Ունե՞նք այս պայմանները: Չեմ կարծում:
ԱՐԹՈՒՐ ԽԱՉԱՏՐԵԱՆ, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, գիւղատնտեսութեան նախկին նախարար, Շիրակի նախկին մարզպետ
«ԱՌԱՒՕՏ»