Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ինչ Կ՛այ Քոչարեանի Գործում. Զուգահեռ Սեղմուող Օղակը

$
0
0
Ռոբերտ Քոչարեան

Ռոբերտ Քոչարեան

ԱՐԱՄ ԱՄԱՏՈՒՆԻ

Սահմանադրական դատարանի որոշումից յետոյ Ռոբերտ Քոչարեանի համակիրներն ու պաշտպանները յայտարարում են, որ նա պէտք է լինի ազատութեան մէջ, իսկ Քոչարեանի հակառակորդները՝ որ նա պէտք է մնա կալանքի տակ, քանի որ ՍԴ որոշումը ամենեւին չի ենթադրում Քոչարեանի կալանքի փոփոխութիւն: Այդ գնահատականը տուել է նաեւ արդարադատութեան նախարարը, նաեւ գլխաւոր դատախազութիւնը: Միաժամանակ, գործնականում բոլորն էլ արձանագրում են, որ ՍԴ որոշումը ամբողջապէս հրապարակուած չէ, հետեւաբար, ներկայիս գնահատականներն ու մեկնաբանութիւններն էլ ամբողջական չեն: Ին՞չ կ՛այ այդ որոշման մէջ ամբողջութեամբ, պարզ կը լինի եռօրեայ ժամկէտում, որ սահմանուած է որոշման ամբողջական հրապարակման համար:

Այստեղ առաջանում է, օրինակ, մի տեսական հարց՝ իսկ արդեօք որոշումը ամբողջապէս գրուա՞ծ է եղել նախօրէին, երբ հրապարակուել է դրա մի մասը, թէ՞ ըստ այդ մասին հրապարակման ձեւաւորուած հանրային, քաղաքական տրամադրութիւնների էլ կազմուելու է ամբողջական որոշումն ու արդէն հրապարակուելու է լիովին, դրանից բխող յետագայ զարգացումներով: Ուշագրաւ է այդ համատեքստում վարչապետի խօսնակ Վլադիմիր Կարապետեանի արձագանքը, որը ասել է, որ գործադիրը ի գիտութիւն է ընդունել ՍԴ որոշումը եւ այլ անելիք չունի, որովհետեւ այդ որոշումը չի առնչւում գործադիրին: Սա, իհարկէ, ֆորմալ կողմն է, որովհետեւ ոչ ֆորմալ (պաշ-տօնական-Խմբ.), քաղաքական տողատակերում անշուշտ տեղի են ունենում հետաքրքիր զուգահեռ զարգացումներ: Նախօրէին նկատեցինք 2008 թուականի »Գոլդեն Փելես« հիւրանոցային համալիրի հողատարածքի օտարման անօրինականութեան մասին ՀՔԾ տեղեկատուութեան տարածումը, որ ՍԴ որոշման հրապարակումից ժամեր առաջ էր:

Այդ իմաստով հարուածի տակ է, իհարկէ, նախկին քաղաքապետ Երուանդ Զախարեանը, սակայն կասկածից վեր է, որ Զախարեանն այդպիսի նշանակալի նախագծերի համար հողի օտարման որոշումը չէր կարող կայացնել առանց քաղաքական ղեկավարութեան յանձնարարութեան: Իսկ խոշոր հիւրանոցային այդ համալիրը, ինչպէս յետոյ հաստատուեց մամուլի հրապարակումներով, գործնականում հայաստանեան այդ շրջանի քաղաքական ղեկավարութեանն առնչուող նախագիծ էր: Ըստ այդմ հարց է առաջանում՝ կարո՞ղ է Երուանդ Զախարեանը տալ որեւէ քաղաքական անուն՝ ասելով, որ կատարել է հրաման: Ինչպէս, օրինակ, ասում են մարտի 1-ին 0038 հրամանի եւ դրանից բխող գործողութիւնների մասնակից զինուորականները: Բայց, միւս կողմից, դեռ պէտք է ապացուցել, որ եղել է անօրինական հողօտարման յանձնարարութիւն քաղաքական ղեկավարութիւնից, ինչպէս դեռեւս պէտք է ապացուցել, որ մարտի 1-ին բանակը Ռոբերտ Քոչարեանի հրամանով՝ բացի Երեւան գալուց, նաեւ մասնակցել է գործողութիւնների եւ կրակել ցուցարարների վրայ: Ի դէպ, այդ իմաստով յատկանշական է, որ մարտիմէկեան գործին զուգահեռ, ու նաեւ ՍԴ-ում այդ գործի վերաբերեալ Ռոբերտ Քոչարեանի առնչութեամբ հարցի որոշման հրապարակմանը զուգահեռ, նկատւում է այլ գործերով օղակի ձեւաւորում: Խօսքն այն մասին է, որ ՍԴ որոշման հրապարակմանը զուգահեռ տարածուեց մէկ այլ տեղեկատուութիւն, այս անգամ 2001 թուականին »Առագաստ« սրճարանում Պօղոս Պօղոսեանի սպանութեան գործին առնչուող, որի համար պայմանական ազատազրկման դատապարտուեց Ռոբերտ Քոչարեանի թիկնապահներից մէկը: Երեւանում է բրիտանացին, որն այդ դէպքին եղել էր ականատես, սակայն որը հեռացել էր Հայաստանից եւ որի գրաւոր ցուցմունքը դատարանն անտեսել էր: Այժմ բրիտանացին՝ Նիւտօն խորհրդանշական ազգանունով, Հայաստանում է եւ յայտնում է ցուցմունքը կրկնելու պատրաստակամութիւն: Նկատելի է, որ ՍԴ որոշմանը զուգահեռ, Ռոբերտ Քոչարեանի շուրջ սեղմւում է »յարակից« գործերի մի օղակ, ինչը առաջացնում է հարց, մասնաւորապէս այն առումով, թէ արդեօ՞ք մարտիմէկեան գործը չի ունեցել բաւարար արդիւնաւէտութիւն: Թէ՞ իշխանութիւնը դատական համակարգի վրայ անմիջական ազդեցութեան մարտավարութիւնից փորձում է անցնել յարակից ճնշումը աւելացնելու մարտավարութեան, Եւրոպայի խորհրդի հետ անհարկի խնդիրներ չունենալու նկատառումով:

«Առաջին Լրատուական»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles