ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Նրանք աշխատում են կամ փորձում են աշխատել Հայաստանում:
Երեւանում են Շատոյեան երեք եղբայրները: Արդէն վեց տարի է վարսայարդար Աւօն ունի իր սեփական սալոնը: Մոդելաւորող եւ դիզայներ Գէորգը շուտով բացում է իր արուեստանոցի դռները, միաժամանակ դասաւանդում է Երեւանի Գեղարուեստից ակադեմիայում: Նժդեհը, որ եկել է վերջերս, աշխատում է ժամանակակից ատամնաբուժական «Ավանտա» կենտրոնում որպէս ատամնաբոյժ, իսկ կինը՝ Փաթիլը մարմնամարզութեան ուսուցչուհի է Որակի միջազգային դպրոցում (QSI):
Ժիրայրը 12 տարի է զբաղւում է գրաֆիկ դիզայնով, իսկ աւելի ուշ հաստատուած հայրը՝ Սերգօն շարունակում է Հալէպում ունեցած գործը՝ փաթեթաւորման եւ տպագրական հաստոցների նախագծում եւ կառուցում: Արծաթագործ Կարպիսը աշխատում է որպէս երկաթագործ, որդին՝ Խաչիկը կատարում է համակարգչային աշխատանքներ: Գէորգը մեքենաներ է ներկում:
Յովհաննէսը եւ Լուսնակը՝ Հալէպի արաբական պետական երաժշտանոցի աւագ ուսուցիչները հասնում են 15րդ թաղամաս, Անահիտ Ցիցիկեանի անուան երաժշտական դպրոց՝ ջութակի եւ դաշնամուրի դասեր տալու. հոգ չէ որ պիտի վճարուեն տասնեակ անգամներ պակաս: Աշխէնը մասնակցում է կամաւոր աշխատանքների, Երեւանի Կանանց միջազգային ընկերակցութեան քարտուղարուհին է:
Յովիկը ընտանիքով հաստատուել է Ստեփանակերտում եւ եղբօր՝ Վրէժի հետ շարունակելու են Էսմերէան գերդաստանի հողագործական աւանդները: Ղարաբաղի ազատագրեալ հողերի վրայ, նախկին æեբրայիլ, այժմ Մեխակաւան շրջանում ծրագրում են տնկել այգիներ: Գարուշը մասնակցում է Հայլանդ շինարարական ընկերութեան աշխատանքներին:
Ունեւորների մի խումբ դեռ մտածում է եւ չի համարձակւում վստահելու իր ունեցուածքը հայրենական գործարքների: Իսկ սիրիահայերի մի այլ խումբ փնտռում է հեռաւոր երկրներ հաստատուելու ճանապարհներ:
Բժշկուհի Յասմիկի հարեւանները զարկում են դուռը եւ անպայման ուզում են օգտակար դառնալ իրենց հայրենակիցներին: Փոքրիկ Մանէն սովորում է քաղաքի միակ անվճար Չայկովսկու անուան երաժշտական տասնամեայ դպրոցում: Նա ընդունուել է իր ուժերով, առանց «ծանօթի»:
Գործում են «Ալեք Մանուկեան» եւ «Սպիտակ» կենտրոնները:
Ի՞նչ անել: Առաջին հայրենադարձութեան նման մաշեցնել սիրիահայերին, թէ հրաշափառ ցպիկով գամել նրանց հայրենի հողին:
Թո՛ղ Հայրենիքը որոշի:
Յունուար 9, 2013
Երեւան