ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԴՐՕՇԱԿ»Ի
2013 թուականի Յունուարի 10ին, Փարիզի քրդական կենտրոնում, յայտնաբերուեցին հրազէնով սպանուած երեք քուրդ կանանց դիակներ: Սպանուածներն էին՝ Քրդական ազգային կոնգրեսի հիմնադիր անդամ Սաքինէ æանսըզը, Բրիւսելում ՔԱԿ ներկայացուցիչ Ֆիդան Դողանը եւ երիտասարդ գործիչ Լէյլա Սոյլեմեզը: Քաղաքական այս սպանութիւնները լայն արձագանգ ունեցան միջազգային լրատուամիջոցներում: Թէ՛ ֆրանսիայում եւ թէ՛ ֆրանսիայից դուրս միանշանակ գնահատականն այն էր, որ ահաբեկչութեան յետեւում կանգնած է թուրքական պետութիւնը: Այս առթիւ քրդական կազմակերպութիւնները նախաձեռնեցին մեծ ցոյցեր, Ֆրանսիայի իշխանութիւններց պահանջելով արագօրէն բացայայտել յանցագործութիւնը:
Թուրքիայի քուրդ փոքրամասնութեան իրաւունքների համար պայքարող կազմակերպութիւնների եւ հասարակութեան ներկայացուցիչների դէմ, տասնամեակներ ի վեր գործադրուող հալածանքներն ու պատժամիջոցները, վերջիններիս ազգային ու մարդկային իրաւունքների անտեսումն ու բռնաբարումը այն հիմքն են, որ շատերի համար պարզորոշ են դարձնում, թէ ով կարող էր շահագրգռուած լինել այս վերջին ահաբեկչութեան հարցում:
Միթէ՞ նոյն թուրք իշխանութիւնը չէ, որ հէնց ներկայ շրջանում հետապնդում է մի շարք քուրդ խորհրդարանականների պատգամաւորական անձեռնմխելիութիւնից զրկելու հարցը՝ յետագայ քրէական հետապնդում նախաձեռնելու նպատակով:
Արդեօ՞ք որոշակի վերաբերմունքի մասին չի խօսում միայն վերջին մի քանի տարուայ ընթացքում, մօտ տաս հազար քուրդ քաղաքական գործիչների ձերբակալութիւնը, որոնց մէջ դարձեալ փոքր թիւ չեն կազմում պաշտօնեաները՝ եւ այդ շարքում բազմաթիւ գործող քաղաքապետեր: Վերջապէս Թուրքիայի քրդաբնակ եւ լեռնային շրջաններում անցնող մի քանի ամիսներին թուրքական կանոնաւոր զօրքերը նոր թափով ռազմական գործողութիւններ են իրականացնում՝ սեփական իրաւունքները պաշտպանելու պատճառով հալածեալ դարձած ապստամբների դէմ:
Երեւոյթն աւելի կոշտ գնահատականներ է պահանջում, երբ իշխանութեանն անցանկալի քաղաքացիների դէմ ձեռնարկուող պետական ահաբեկչութիւնը արտահանւում է այլ երկրների տարածքներ: Իսկ, որ հէնց նման դէպքեր արձանագրուել են ոչ մէկ անգամ, նոյնպէս փաստ է:
Աւելացնենք, որ իշխանութիւնների հովանաւորութեամբ այդ երկրի ներսում ձեւաւորուած անհանդուրժողականութեան, փոքրամասնութիւնների նկատմամբ այլատեացութեան մթնոլորտը արդէն իսկ ենթահող են ստեղծում նման ոճրագործ գործելակերպի համար: Յիշենք ինչպէս նոյն այդ մթնոլորտի զոհը դարձած Հրանտ Դինքի դէմ, ժամանակին թուրքական ինքնութիւնը վիրաւորելու մեղադրանքով խայտառակ դատավարութիւն իրականացրած դատաւորներից մէկը, 2012թուականին նշանակուեց Թուրքիայի Մարդու իրաւունքների պաշտպան: Պատասխան չունի այն հարցը թէ վերջին քսան օրերին ինչ դրդապատճառով են Թուրքիայում տեղի ունեցել ազգութեամբ հայ անձանց երկու սպանութեան դէպքերը:
Այնպէս, որ եթէ անգամ ընդունենք մի շարք թուրք վերլուծաբանների տեսակէտը, թէ վերջին սպանութիւնը իրականացուել է Թուրքիայի, այսպէս կոչուած, խորքային պետութեան կողմից, ապա միեւնոյնն է, հիմնական մեղքը մնում է իր երկրի ներքին խնդիրները հալածանքի եւ ահաբեկչութեան մեթոդով լուծել փորձող իշխանութիւնների վրայ:
Այս ամէնից յետոյ մտահոգիչ չէ արդեօ՞ք, որ սեփական ժողովրդի դէմ ներքին պատերազմ մղող պետական համակարգի հանդէպ միջազգային համապատասխան դիրքորոշում որդեգրելու փոխարէն, կարելի է վերջինիս առաջ կանաչ լոյս վառել՝ խաղաղարար միջնորդի անուան տակ կոպտօրէն միջամտելու համար այլ երկրների, եւ մասնաւորապէս Սիրիայի ներքին գործերին: Աւելին, օրինակ «Պատրիոտ» տիպի հրթիռային համակարգեր տրամադրել, իբրեւ թէ պաշտպանական նկատառումներով, երբ Թուրքիան ինքն է դարձել Ալ Ղաիդայի եւ նմանատիպ այլ կազմակերպութիւնների զինելու եւ նրանց զինեալներին Սիրիայի տարածք մուտքը ապահովելու խարիսխ:
Ժամանակն է, որ միջազգային հանրութիւնն ու շահագրգիռ ուժերը, պետական ահաբեկչութեամբ զբաղուած ուժին հովանաւորելու մեղադրանքից զերծ մնալու նպատակով որդեգրեն նրա նկատմամբ գործուն ու սկզբունքային մօտեցում:
Այս դէպքում մասնաւորապէս, անհրաժեշտ է անդրադառնալ թուրքական պետութեան ներսում մարդկային, ու ազգային իրաւունքների ոտնահարման փաստերին, վերաբերմունք արտայայտել միջազգային խնդիրներում եւ յատկապէս օտար հակամարտութիւնների մէջ միջամուխ լինելու առնչութեամբ: Ֆրանսիայի իշխանութիւնները անհրաժեշտ ամէն ճիգ պէտք է գործադրեն կատարուած ահաբեկչութեան շուտափոյթ բացայայտման ուղղութեամբ: Նման երեւոյթները կանխելու առումով ոչ պակաս կարեւոր է միջազգային հանրութեան համարժէք արձագանքը եւ զօրակցութիւնը՝ Թուրքիայում իր տարրական իրաւունքների համար պայքարող քուրդ ժողովրդին: