Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ազգի Վերնախաւը Եւ ժողովրդավարութիւնը

$
0
0

ԱՐԱ ՆՌԱՆԵԱՆ

 

0501aranranian«Ժողովրդավարութիւն» ասելիս յաճախ հասկանում ենք եւրոպական քաղաքակրթութեան ժամանակակից կառավարման համակարգը, սակայն ներկայիս աշխարհը ցոյց է տալիս ժողովրդավարութեան տարբեր դրսեւորումներ, որոնք ունենալով պետական եւ քաղաքական կառավարման տարբեր մոդելներ, գտնւում են եւրոպական ժողովրդավարական մոդելից դուրս:

Որպէս ժողովրդավարութեան ակունք առաջին հերթին յիշում ենք հին յունական ժողովրդավարութիւնը: Բազմաթիւ հետազօտողներ համարում են Աթէնքի ժողովրդավարութիւնը ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեան նախահայրը: Բայց եթէ ժողովրդավարութեան հիմնաքար համարենք քաղաքացիների կողմից ընտրական մեխանիզմով կառավարող վերնախաւի ընտրութիւնը, ապա պէտք է արձանագրենք, որ հին յունական ժողովրդավարութիւնը սահմանափակում էր մարդկանց ընտրելու իրաւունքը:

Ընտրելու եւ ընտրուելու իրաւունքից զրկուած էին կանայք, ստրուկները, ինչպէս նաեւ նախկինում ստրուկ եղած մարդիկ: Ընդհանուր առմամբ փաստացի բնակչութեան մեծամասնութիւնը զրկուած էր ընտրութեան իրաւունքից եւ ժողովրդավարութեան պտուղներից օգտւում էր միայն իւրաքանչիւր վեցերորդը: Հետեւաբար կարող ենք արձանագրել, որ պետութեան բնակչութեան մեծ մասը ենթարկւում էր փոքրամասնութեան կողմից ընտրուած կառավարման համակարգի ներկայացուցիչներին: Այսինքն, Աթէնքի ժողովրդավարութիւնը փոքրամասնութեան ժողովրդավարութիւն էր, որին ենթարկւում էր բնակչութեան մեծամասնութիւնը:

Թէեւ «ժողովրդավարութիւն» եզրոյթը քիչ է կիրառւում յետագայում պատմութեանը յայտնի պետութիւնների նկատմամբ, այնուամենայնիւ ընտրութեան որոշակի մեխանիզմներ առկայ էին տարբեր երկրներում եւ տարբեր դարաշրջաններում: Մարդկութեան պատմութեան ամենաերկարակեաց ու հզօրագոյն կայսրութիւններից մէկի՝ Բիւզանդիայի կայսրի պաշտօնը նոյնպէս ընտրովի էր: Այս համակարգը իր հերթին որոշակի փոփոխութիւններով ժառանգուել էր Հռոմէական կայսրութիւնից: Կայսրի ընտրութեան կամ նշանակման համար գործում էին տարբեր եղանակներ, այդ թւում՝ բանակի, բիւրոկրատիայի եւ ժողովրդի հրապարակային աջակցութեան հաստատման միջոցով: Յատկապէս ուժեղ էր զինուորականութեան կշիռը: Այստեղ նոյնպէս պէտք է արձանագրենք, որ թէեւ այս կամ այն կերպով առկայ էր մեծ զանգուածի աջակցութեան հարցը, այնուամենայնիւ, թէ՛ ընտրողների թիւն էր սահմանափակ, թէ՛, իհարկէ, հնարաւոր թեկնածուների թիւը: Այսպիսով, երկրի ղեկավարի նշանակումը ունենալով ընտրութեան տարրեր, նոյնպէս հանդիսանում էր փոքրամասնութեան ընտրութիւն՝ առկայ էլիտայի (վերնախաւի) կազմից:

Պետական կառավարիչների ընտրութեան հարցում որակական փոփոխութիւններ տեղի ունեցան վերջին դարերում, երբ հիմք դրուեց ժամանակակից եւրոպական ժողովրդավարութեանը: Կապիտալիզմի (դրամատիրութեան-Խմբ.) զարգացումը, արդիւնաբերական յեղափոխութիւնը, մարդկանց ինքնագիտակցութեան աճը եւ բուրժուական խաւի ձեւաւորումը անհնարին դարձրեցին նախկին «էլիտար» (վերնախաւի-Խմբ.) զանգուածի կողմից երկրի ղեկավարման մենաշնորհի պահպանումը: Անգլիայում, Հոլանդիայում, Իտալիայում, Ֆրանսիայում եւ եւրոպական այլ երկրներում բնակչութեան լայն զանգուածերը իրենց բողոքը արտայայտեցին ֆէօդալական (աւատապետական-Խմբ.) կարգերի դէմ՝ յայտ ներկայացնելով մասնակցելու երկրի կառավարմանը: Իշխող վերնախաւի նահանջը եւ յեղափոխութիւնների յաղթանակը օրակարգային դարձրեցին լայն զանգուածների մասնակցութեան հարցը:

Նախկինում այս կամ այն կերպ պետականութիւն եւ վերնախաւ ունեցող պետութիւններում արդէն առկայ էր վերնախաւ, որը բաւարարում էր որոշակի չափանիշների: Եւ ժողովրդավարութեան յաղթանակը, եւ առաջընթացի ձգտումը թելադրում էին գոյութիւն ունեցող նշաձողի բաւարարումը կամ նոյնիսկ՝ գերազանցումը: Այսինքն՝ հասարակութիւնն այսուհետ ստացաւ իրաւունք ընտրել կառավարիչ վերնախաւին եւ այդ ընտրութիւնը չպէտք է զիջեր այն չափանիշներին, որոնք առկայ էին հասարակութիւնում:

Այսպիսով, տարբեր վերնախաւերի՝ կրթական, մշակութային, գիտական, ֆինանսական եւ այլն, առկայութեան պայմաններում հասարակութիւնը ստացաւ իրաւունք ընտրել նաեւ կառավարիչների վերնախաւ: Իսկ յետագայում գաղափարախօսութիւնների զարգացումը՝ ազատական, սոցիալիստական (ընկերվարական-Խմբ.) եւ այլն, ձեւաւորեցին նման ընտրութեան համար անհրաժեշտ գաղափարական հիմքեր: Որոշակի փոփոխութիւններով ժամանակակից եւրոպական ժողովրդավարութիւնը շարունակում է գործել նոյն տրամաբանութեան մէջ՝ քաղաքական համակարգի ներսում են գաղափարական մի քանի վերնախաւային բուրգեր, որոնք գործում են ընդհանուր մեծ պետական կառավարման բուրգի մէջ:

Սակայն ժամանակակից աշխարհը չի սահմանափակւում ժողովրդավարութեան եւրոպական մոդելով: Ժողովրդավարութիւնների առանձնայատկութիւններ կարելի է տեսնել Չինաստանում, Վիետնամում եւ այլ պետութիւններում (յիշենք նաեւ նախկին ԽՍՀՄը), որտեղ ընտրութիւնը կատարւում է ոչ թէ տարբեր գաղափարական բուրգերի միջեւ, այլ միեւնոյն գաղափարական բուրգի մէջ: Չէ՞ որ այդ պետութիւններում նոյնպէս գործում են ընտրական մեխանիզմներ եւ թէ կուսակցական, թէ պետական վերնախաւը ձեւաւորւում է որոշակի համակարգի մէջ գործող ընտրական մեխանիզմների միջոցով:

Մի փոքր այլ է ժողովրդավարութեան մոդելը Իրանում: Այստեղ նոյնպէս առկայ է յստակ գաղափարախօսական բուրգ, իսկ ընտրութիւնները կատարւում են որոշակի արժէքային եւ գաղափարական համակարգի ներսում՝ մասնակցութեամբ տարբեր քաղաքական հոսանքների ներկայացուցիչների:

Եւ ժողովրդավարութեան բոլորովին այլ մոդել գործում է Ամերիկայի Միացեալ Նահանգներում, որտեղ քաղաքական համակարգը երկբեւեռ է, ասել է թէ՝ ընտրութիւնը կատարւում է երկու վերնախաւի միջեւ:

Բոլոր վերը նշուած կառավարման բուրգերում ժողովրդավարութիւնը բնորոշւում է ընտրութեամբ որոշակի վերնախաւի կամ վերնախաւերի մէջ: Թէեւ ընտրող քաղաքացիների շրջանակը կարող է սահմանափակուած չլինել, ինչպէս Հին Աշխարհում, բայց ընտրուողների շրջանակը նեղ է:

Բայց այսօր աշխարհում ունենք ժողովրդավարութեան օրինակներ այնպիսի երկրներում, որտեղ յստակ ընդգծուած վերնախաւ չկայ: Իսկ վերնախաւ ասելով այստեղ մենք հասկանում ենք ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական, գիտական, կրթական, մշակութային եւ այլ ոլորտներում որոշակի չափանիշներին բաւարարող եւ հանրութեան կողմից ընդունելի որոշակի դիրքի հասած անձանցից ձեւաւորուած կայուն եւ յստակ արժէքային համակարգի կրող շերտերին: Ինչպիսի՞ն է ընտրութիւնը այդ հասարակութիւններում, որտեղ չկայ արդէն քննարկուած մոդելի վերնախաւը, չկայ բարոյական բարձր չափանիշներով օժտուած եւ հեղինակութիւն հանդիսացող մտաւորականութիւնը, ոչ նիւթական արժէքներ ստեղծող կրթուած կայուն զանգուածը, տեխնիկական մտքի շնորհիւ առաջընթաց ապահովող գիտական ներուժը կամ կառավարման ու հասարակական կեանքի կազմակերպման հարցում փորձառութիւն ու հմտութիւններ ունեցող քաղաքական վերնախաւը: Նման հասարակութիւններում փոքրամասնութեան ժողովրդավարութիւնը փաստօրէն փոխարինւում է մեծամասնութեան ժողովրդավարութեամբ: Սակայն լայն ընդգրկուածութեան պատճառով ժողովրդավարութեան թուացեալ բարձր մակարդակի պայմաններում գրանցուող արդիւնքները զիջում են փոքրամասնութեան ժողովրդավարութեան հասարակութիւններին:

Եւ կարեւոր հարցը, որի պատասխանը պէտք է փորձել ստանալ, հետեւեալն էլ արդեօ՞ք կարող է լինել արդիւնաւէտ ժողովրդավարութիւն առանց վերնախաւերի հասարակութիւններում: Երբ փորձ է արւում գնահատական տալ այս կամ այն երկրի կառավարման համակարգին, հարկաւոր է հասկանալ, թէ ինչ ձեւափոխումների կ՛ենթարկուի տուեալ պետութիւնը այլ ընտրական ժողովրդավարութիւն ունենալու դէպքում: Եւ տալո՞ւ է այն աւելի լաւ արդիւնք տուեալ տարածքի բնակչութեան համար: Հետեւանքները՝ յատկապէս միաբուրգ գաղափարական համակարգ ունեցող պետութիւնների համար, այն էլ մեծաթիւ ազգաբնակչութեան պայմաններում, կարող են լինել ծանր ու անկանխատեսելի: Եթէ համեմատում ենք քաղաքական տարբեր կառուցուածք ունեցող, սակայն բուրգաձեւ էլիտայով հասարակութեան ընտրութեան համակարգը առանց նմանատիպ վերնախաւային կառուցուածքի պետութիւնների հետ, ապա կարող ենք հետեւութիւն անել, որ վերջիններս չեն մտնում աշխարհի զարգացած կամ արագ զարգացող պետութիւնների շարքի մէջ: Առանց վերնախաւի հասարակութիւնների կողմից կառուցած բացարձակ ուղղակի ժողովրդավարութեան պետութիւնների սոցիալական ու տնտեսական վիճակը իր կայունութեամբ եւ կանխատեսելիութեամբ զիջում է «վերնախաւային» ժողովրդավարութեան երկրներին:

Հետեւաբար, եթէ փորձենք տալ պատասխան այն հարցին, թէ կարո՞ղ է լինել ժողովրդավարութիւն առանց վերնախաւի հասարակութիւնում, ապա՝ այո, կարող է: Իսկ արդեօ՞ք նման հասարակութիւնն աւելի առաջադէմ պետութիւն է կառուցում, քան յաւելեալ զտիչ համակարգերի միջոցով վերնախաւ ունեցող հասարակութիւնները, ապա պատասխանն է՝ ոչ: Այդ պետութիւններն իրենց ընտրական համակարգով մշտապէս ձեւաւորում են ամբողջատիրական համակարգ, որտեղ կայ ժողովրդի կողմից ընտրուած ղեկավար կամ իշխանութիւն, իսկ այդ երկու օղակների միջեւ՝ դատարկութիւն է: Եւ եզրակացութիւնը կարող է լինել միայն մէկը. կարեւոր չէ, թէ ինչ ժողովրդավարութիւն ես կառուցում:

Աւելի կարեւոր է, որ հասարակութիւնն ունենայ համապատասխան զտիչ համակարգեր տարբեր բնագաւառների լաւագոյններին բացայայտելու եւ լաւագոյնների կազմից ընտրութիւն կատարելու համար: Հակառակ դէպքում տարերային ուղղակի ժողովրդավարութիւնները յանգեցնում են ամբողջատիրական իշխանութեան՝ առանց այլընտրանքի, առանց որեւէ արգելակների եւ սահմանափակումների, ինչի օրինակները շատ են թէ պատմութեան մէջ, թէ ներկայ կեանքում:

 

«ԱՌԱՒՕՏ» օրաթերթ


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles