Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ապրող Սերնդակիցներ՝ Անդրանիկ Ծառուկեանին

$
0
0

0416antranikdzarougian

ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ

 

Անդրանիկ Ծառուկեանի «Թուղթ Առ Երեւան» բանաստեղծական գրքի անգլերէն թարգմանութեանը կցուած հայերէն հրատարակութիւնը նրա՝ արդէն նոսրացող, ապրող ժամանակակիցների մօտ արթնացրեց գեղեցիկ յիշատակներ: Կատարւում են գրքի հրատարակման գինեձօներ տարբեր հայկական գաղութներում, իրենց յուշերը մամուլին են յանձնում Ծառուկեանին ճանաչողները: Չնայած գոյութիւն ունեցող յուշագրութիւններին, միշտ էլ մնում են անկիւններում թաքնուած մանրամասնութիւններ, որոնց լոյս աշխարհ գալը, մանաւանդ՝ պատմուած նրան ճանաչող եւ դեռեւս ապրող հայրենակցի կողմից, առաւե՛լ մի հմայք են տալիս քաջարի գրողին:

«Կը մեկնիմ քովէն, ու վերադարձի ճամբուս վրայ գոհունակութիւն մը կայ սրտիս մէջ: Պզտի՞կ ուրախութիւն է արդարեւ ականատես ըլլալ արժանաւոր տղու մը յաջողութեան, երբ մանաւանդ կը ճանչնաս զինք վաղ մանկութենէն, իր անհամար քոյր-եղբայրներով, բոլորն ալ աշակերտ քեզի, կը ճանչնաս նաեւ հայրը, դուն ալ քու կարգիդ կերպով մը անոր աշակերտ, գաղափարական դպրոցին մէջ: («Նայիրի», Պէյրութ, 18 Օգօստոս 1957, Ա. Ծառուկեան)

Արարատեանների տանն ենք, Անդրանիկ Ծառուկեանի հետ մտերիմ եղած մի ամբողջ գերդաստանի, «անհամար քոյր-եղբայրներ»ի վերջին շառաւիղների՝ ծաղրանկարիչ Մասիսի, նրա տիկնոջ՝ Մարոյի եւ նրա քրոջ՝ Քնարիկի մօտ:

Գրողը լայն տեղ էր յատկացնում նոր ձեւաւորուող ծաղրանկարչի աշխատանքներին իր «Նայիրի» շաբաթաթերթում: Դեռեւս Մասիսի Հալէպում ապրած շրջանից նա մամուլով արձագանգել, պաշտպան էր կանգնել երիտասարդին, երբ Մասիսի մատիտը «դիպչել էր» անձանց, որոնք համարւում էին անձեռնմխելի: Արդիւնքը եղել էր մի անկիւնում կատարուած յարձակումը Մասիսի վրայ եւ նրան ծեծելը: «Նայիրի»ի էջերում կարդում ենք. «Դուն ալ քու կարգիդ կրնաս հաւաքել ընկերներդ… անկիւն մը բռնել քեզ ծեծողներէն ոեւէ մէկը եւ շա՛ն պէս տրորել: Յետո՞յ: Քեզի – եւ «Նայիրի»ին – վայել միակ զէնքը մատիտն է, գրիչը: Սրէ մատիտդ եւ… գիտես մնացեալը»:

0416massisararadianՄասիս Արարատեանը՝ ընտանիքի աւագ որդին, 50ական թուականներին որոշել էր Հալէպից տեղափոխուել Պէյրութ: Եւ երբ «Նայիրի»ի խմ-բագրատան մէջ հարցրել էր Ծառուկեանի կարծիքը այդ մասին, նա  պատասխանել էր. «Փոխադրուի՛ր, եւ… անմիջապէ՛ս»: Սակայն Ծառուկեանը մտահոգ էր իր սիրելի մանչուկին տուած արագ պատասխանով, որ արդէն փոխադրուել, նաեւ բերել էր իր բազմանդամ ընտանիքը, հաստատուելով Մար Մըխայէլ թաղամասում, ուր նոյնպէս ապրում էր Անդրանիկը: «Նայիրի» շաբաթաթերթի 18 Օգոստոս 1957ի համարում, իր մտորումները պարզ խօսակցութեան նման ներկայացնելով, գրողը հոգու հանգստութեամբ ներկայացնում է  ծաղրանկարիչ-գծագրիչի գործի դասաւորութիւնները՝ «Պէյրութ հաստատուելէն ընդամէնը տասը ամիս, երկու շաբաթ եւ չորս օր ետք», գոհունակութիւն ստանալով «լաւ տղոց ունեցած յաջողութիւններէն»:

Քնարիկ Արարատեանը Պէյրութում գալուց յետոյ որոշում էր ուսուցչութեան ասպարէզ մտնել, սակայն Ծառուկեանը նրան «հրամայում է» ոչ մի տեղ չգնալ եւ հրաւիրում է խմբագրատուն՝ ընդհանուր հսկողութիւն կատարելու համար: Քնարիկը ասում է. «Նիւթական բոլոր հաշիւները իմ պայուսակէն պիտի անցնէին»:

Ծառուկեանը յայտնի է եղել նիւթականի նկատմամբ իր անտարբերութեամբ: Յիշում է Մասիսը. «Հալէպ ճաշարան մը կար, ուր կը ճաշէր Ծառուկեան: Ան մատուցողին միշտ այնքան դրամ կու տար, որ մարդը չորս աչքով կը սպասէր անոր գալուն, չճանչնալով ով ըլլալը: Օր մը Ծառուկեան կը բարեւէ հոն գտնուող իր աշակերտին: Մատուցողը, Անդրանիկի երթալէն վերջ կը հարցնէ, թէ ո՞վ է այս մարդը, ի՞նչ գործ կ՛ընէ: Տղան կ՛ըսէ՝ իր ուսուցիչն է: Մատուցողը ատկէ վերջ բացարձակ չառնէր աւելորդ դրամները»:

Ու ասում է Քնարիկը. «Մոռցուած գանձումներ կ՛ընէի միշտ: Ան մասնակից էր մեր ընտանեկան հաւաքոյթներուն: Երբ ես ամուսնացայ եւ ետ Հալէպ պիտի մեկնէի, անոր պզտիկ աղջիկը կ՛ըսէր՝ ես այդ մարդը (փեսացուն) պիտի խեղդեմ»:

Ծառուկեանի կինը՝ Սոնան Արարատեան քոյրերից՝ Ալիսի կնքամայրն էր:

Պատմում է Մասիսը: 1958 թուականի լիբանանեան թէժ քաղաքական կռիւներն էին: Մասիսը տուն էր վերադառնում գրասենեակից, եւ նոյն թաղամասում ապրելով, պիտի անցնէր Անդրանիկի տան մօտից, մեքենայից բարեւում է նրան: Անդրանիկը անմիջապէս վեր է կանչում Մասիսին: Կինը՝ Սոնան յղի է, եւ ամէն վայրկեան սպասում են երեխայի ծնունդին: Զգուշացնում է Մասիսին, որ կարող է պատահել կէսգիշերին զանգ կը ստանայ, չկար այլ միջոց հիւանդանոց հասնելու, պատերազմի օրերին երեկոյեան կեանքը կանգ էր առնում: Յանկարծ ներսից գալիս է Անդրանիկի մայրը եւ յայտնում է Սոնայի արդէն անհանգստութեան նշանների մասին: Ու Մասիսը առանց տուն գնալու, ծննդկանին եւ ամուսնուն հասցնում է հիւանդանոց: Սպասելու ժամանակ, անընդհատ ներս էին բերում կռիւների ընթացքում վիրաւորուած հայերին: Ծառուկեանը ասում էր. «Ի՞նչ է այս կեանքը, մէկ կողմէն կը ծնին, միւս կողմէն կը մեռնին»: Ու ծնւում է աղջիկը՝  Նայիրին:

Մի այլ պատկեր է Անդրանիկ Ծառուկեանի ամուսնութիւնը Մասիսի յուշերում: Ունենալով գրողին յաճախ ընկերակցելու սովորոյթը, այս անգամ եւս միասին էին նրանք, երբ փնտռում էին հիւրանոց նորապսակների համար: Ծառուկեանը փեսայ էր դառնալու փոքր ինչ ուշացած տարիքում, եւ երբ այցելած հիւրանոցներում հարց էին տալիս, թէ ո՞վ է փեսան, Անդրանիկը ցոյց էր տալիս Մասիսին:

1983 թուականին Թէքէեան Մշակութային Միութեան հրաւէրով Ծառուկեանը ժամանել էր Միացեալ Նահանգներ, իր 70ամեակի տօնակատարութեանը: Մասիսին խնդրել էր հիւրանոց ապահովել նրա տան մօտ, ինչը առիթ էր տուել Մարոյին ամէն առաւօտ թարմ սուրճ մատուցել գրողին հիւրանոցի սենեակում:

Իր կեանքի վերջալոյսին հասած Ծառուկեանը հիւանդ եւ անկողնում էր, երբ Հայաստանում հասունանում էին անկախութեան տիրելու շարժումները: Մասիսին պատմում է տիկին Սոնան.

«Անկողինն էր Անդրանիկը, երբ իր ընկերները, որ Ֆրանսա կ՛ապրէին, մասնակցելով 1991 թուականին Երեւանի մէջ անկախութեան ցոյցերուն, նկարած էին եւ բերին իր քով այն պատկերը, ուր մէկ միլիոն հայ կը քալէր՝ պարզած եռագոյն դրոշը, Ծառուկեանի գրած խօսքերով.

Արիւնից ծորած երիզ մի կարմիր,

Երկնքից պոկուած կտոր մի կապոյտ,

Հասուն հասկերի շող նարնջագոյն,

Եւ վեց դարերի խաւարի վրայ:

Դրո՜շ Եռագոյն…

Ան յաջորդ օրն իսկ աւանդեց հոգին»:

Ի՜նչ գերբնական ուժ էր ներշնչել Ծառուկեանին գրելու այս մարգարէական տողերը, եւ որոնց հաստատումից յետոյ անկախ հայրենիքում, նոյն գերբնական ուժն էլ նրան տարել էր անդենական աշխարհ, սակայն՝ միայն ֆիզիքապէս:

Իւրայատուկ անհատականութեամբ օժտուած գրողի պատկերն են սերնդակիցների յուշերը, իսկ նրա գործերի վերատպումը երաշխիքն է այդ գրողի անմահութեան:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles