ԿԱՐԻՆԷ ՏԷՐ ԳԷՈՐԳԵԱՆ
Մի բարեկամուհի ֆէյսբուքեան էջում գրում էր. «Փոխանակ հարցազրոյցներ անցկացուեն Հալէպում մնացող սիրիահայերի հետ, դրանք կատարում են Երեւան գնացած եւ Նոր Տարին էլ այլ երկրներում դիմաւորած սիրիահայերի հետ»: Այսինքն՝ նրանց հետ, ովքեր հեռու են երկրում տիրող իրավիճակի դժուարութիւններից:
Բայց արի ու տես հեռացողների իրավիճակը: Տուն ու տեղ թողած, անգործ, վարձուած տների մէջ, հայաստանեան ցրտին՝ անսովոր, կենցաղին՝ խորթ, անորոշ ժամանակով ապրում են ունեւորն ու չունեւորը:
Բացի մեծ տէրութիւններից, ուր փախստականի կարգավիճակով կարող ես օգտուել երկրի օրէնքներից, այլ երկրներում, Հայաստանում նոյնպէս, սիրիահայերը նման են պանդխտութեան ցուպը ձեռքին թափառող հայերի: Թերեւս իրենց տեղերում մնացող սիրիահայերն ունեն ընդհանուր՝ լինել չլինելու եւ գոյատեւելու պայքար, սակայն հեռացողները, օրն աներկիւղ անցկացնելու հետ մէկտեղ, ունեն դրսում մնալու անորոշ ապագայ:
Խուսափում ես այցելել նրանց, հարցնել՝ ինչո՛վ են զբաղւում՝ մտաբերելով իւրաքանչիւրի տունը, գործը, դիրքը, ապրելակերպը եւ անունը: Կան յարմարուողներ, նաեւ բացառութիւններ՝ անձնական բնակարաններով, սկսուած եւ շարունակուող գործերով, սակայն կացութիւնը մտահոգիչ է:
Հայաստանը պէտք է մշակի յատուկ ծրագիր, քանի որ սիրիահայերի հիմնաւոր հաստատումը մայր հողի վրայ այն ճանապարհն է, որով կարող է իրականանալ բոլոր սփիւռքահայերի վերադարձը Հայրենիք:
Երեւան
Յունուար 3, 2013