Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ռուսական Շովինիզմի Եւ Ցինիզմի Արանքում

ԹԱԳՈՒՀԻ ՄԵԼՔՈՆԵԱՆ

Ռուսական իշխանութիւնների կողմից Օզնոբիշինօ բնակավայրի մօտ տեղի ունեցած խոշոր վթարի մասնակից  Հայաստանի քաղաքացի Հրաչեայ Յարութիւնեանի նկատմամբ ցուցաբերուած վերաբերմունքը ռուսական ցինիզմի գագաթնակէտն էր:
Վթարը տեղի է ունեցել Յուլիսի 13ին: Մանրաքար տեղափոխող բեռնատարը բախուել է աւտոբուսին, որը բաժանուել էր մասերի: Վթարի հետեւանքով 18 մարդ է զոհուել, աւելի քանը 47ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասուածքներ, նրանցից 37ը դեռ հիւանդանցում են:
Երբ դժբախտ պատահարի լուրը հասաւ Հայաստան, իրենց փափուկ աթոռներին գամուած, արտագաղթի համը դեռեւս չճաշակած մեր ռուսամոլ հանրութիւնը շտապեց դատողութիւններ անել: Սկսուեց էժանագին մեկնաբանութիւնների տարափը՝ «ամաչում եմ, որ հայ եմ», «պէտք ա պարտադիր իրանց ամէն տեղ խայտառակեն» եւ այլ՝ նմանօրինակ նվնուոցներ:
Սակայն այս մեկնաբանութիւններին չէ, որ ցանկանում եմ անդրադառնալ: Այդ մարդկանց ուղեղներին դժուար թէ հասու լինեն Արցախեան պատերազմում կռուած ազատամարտիկի հոգեկան ապրումները, ով մէկ տարի առաջ բանակում  կորցրել է 21ամեայ որդուն եւ նրա գերեզմանաքարը սարքելու համար է ստիպուած մեկնել արտագնայ աշխատանքի:
Վթարի տեսանիւթից պարզ երեւում է, որ մինչ աւտոբուսին բախուելը «Կամազ»ն արդէն իսկ մի կողմի վրայ թեքուած է եղել, սակայն այդ կադրերը ռուսական որոշ լրատուամիջոցներ «փնթիօրէն» թաքցրել են՝ ցոյց տալով միայն այն պահը, երբ բեռնատարը բախւում է աւտոբուսին:
Վթարից յետոյ միայն Ռուսաստանի պետական չինովնիկներն արթնացան քնից ու որոշեցին ճանապարհի այդ հատուածում լուսացոյց տեղադրել, աւելին՝ հէնց իրենք խոստովանեցին, որ այդ հատուածը երթեւեկութեան համար վտանգաւոր է եւ համարեա ամէն օր մահուան ելքով պատահարների պատճառ է դառնում: Տեղացիների խօսքով՝ գործարանից մանրաքար  տեղափոխելիս խցանման մէջ չյայտնուելու համար բոլոր վարորդներն էլ նախ ընտրում են համընթաց ուղին. այդպէս արագ է ստացւում:
Դէպքից յետոյ Ռուսաստանի դաշնութեան Պետդուման որոշել է օրինագիծ մշակել, համաձայն որի՝ այդ երկրի տարածքում աշխատող օտարերկրացի վարորդներին պարտադրուելու է ռուսական վարորդական իրաւունքի վկայական ստանալ: Սա նշանակում է, որ օր օրի Ռուսաստանը համալրող հայ քաղաքացիների ժամանակաւոր գրանցման կամ բազմապիսի այլ վճարումներին աւելացաւ եւս մէկը: Բնականաբար, մեր դաշնակիցները քաջ գիտակցում են, որ Հայաստանի քաղաքացիներից քչերին է  ձեռնտու կէս տարուայ ընթացքում անցնել անհրաժեշտ դասընթացներ, քննութիւն յանձնել եւ ստանալ ռուսական վարորդական վկայական, ուստի նրանք յօժարակամ կ՛ընդունեն այն կլորիկ գումարները, որի դիմաց մերոնք կը փորձեն սահմանուած ժամկէտից շուտ վկայական ստանալ: Ռուսներին հարստացնելու հերթական յաջողուած օրինագիծը պատրաստ կը լինի աշնանը:
Ռուսական հեղինակաւոր  լրատուամիջոցները, որոնց փորձը տարիներ շարունակ մեր լրատուամիջոցների համար ուղեցոյց է եղել, դէպքից յետոյ դադարեցրեցին լրատուութիւն մատուցել:  Որոշ հեռուստաալիքներ վթարի վերաբերեալ իրենց ռեպորտաժներում, անդրադառնալով հայ վարորդի «հարցաքննութեանը» յայտարարեցին, թէ Հայաստանի քաղաքացին դատարանում չէր խօսում, այլ «բառաչում էր»: Ի դէպ, 46ամեայ հայ վարորդը դատարանի առջեւ էր կանգնել ստորացուցիչ տեսքով՝ կանացի ծաղկաւոր խալաթով: Նշենք, որ մինչեւ հիւանդանոց տեղափոխուելը Հրաչեան այլ հագուստով է եղել, եւ ակնյայտ է, որ դատարան բերելիս նրան այդ տեսքով են «մատուցել» մեր ռազմավարական դաշնակիցները:
ՌԴ սահմանադրութիւնը սահմանում է, որ անձի արժանապատուութիւնը պաշտպանւում է պետութեան կողմից եւ ոչինչ չի կարող հիմք հանդիսանալ այն նսեմացնելու համար: Սակայն, եթէ Ռուսաստանը հոգեկան ապրումների մէջ հազիւ գլուխը տարուբերող մարդու կմկմոցը համեմատում է կենդանական բառաչի հետ, բնականաբար, թքած կ՛ունենայ իր կողմից հռչակուած օրէնքների վրայ:
Ռուսական ԶԼՄները գրում են, որ Յարութիւնեանին սպառնում է մինչեւ 7 տարի ազատազրկում: Նա այժմ գտնւում է մեկուսարանի ռեժիմով աշխատող հիւանդանոցում: Նրա առողջական վիճակի մասին տեղեկութիւններն իրարամերժ են:
Ի դէպ, Յարութիւնեանի վարած բեռնատարը, որը սարքին վիճակում չի եղել, նրան չի պատկանել, իսկ բեռնատարի սեփականատիրոջ մասին դեռեւս  որեւէ  տեղեկութիւն չկայ:
Որքան էլ ցաւալի է, մինչ այժմ կատարուածի վերաբերեալ գնահատական է տուել միայն ՀՀ մարդու իրաւունքների պաշտպան Կարէն Անդրէասեանը: Նա նամակ է յղել ռուսաստանցի իր գործընկերոջը եւ խնդրել ուսումնասիրել  Յարութիւնեանի նկատմամբ ստորացուցիչ վերաբերմունքի ու նման տեսքով դատարանում ներկայացնելու պատճառները եւ իր լիազօրութիւնների սահմանում անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել Յարութիւնեանին օգնելու համար:
Թէեւ այս հարցի վերաբերեալ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն այսօր  խորհրդակցութիւն էր հրաւիրուել, սակայն  դեսպանը հրաժարուել է որեւէ հարցի պատասխանել: Իսկ մեր երկրի Արտաքին գործերի նախարարութիւնն էլ կցկտուր հաղորդագրութիւն էր տարածել, որում յայտնել էր, թէ Մոսկուայում ՀՀ դեսպանատունը մշտական կապի մէջ է Հրաչեայ Յարութիւնեանի դատապաշտպանների հետ՝ նրան հնարաւոր օժանդակութիւն ցուցաբերելու համար: Ըստ ԱԳՆի՝ Հ. Յարութիւնեանը այժմ գտնւում է հիւանդանոցում, որտեղ, ըստ քննիչների, հագուստի կարիք չկայ: Այո՛,  իսկապէս հագուստի կարիք չկայ, քանի որ մինչ դուք քնած էիք՝ յարգելի՛ ԱԳՆ, Ռուսաստանն արդէն հասցրել էր «հագցնել» մեր քաղաքացուն՝ ձեզ եւ մեզ ծիծաղի առարկայ դարձնելով:
Իսկ ուր մնացին աշխարհի խոշոր հայկական համայնքներից մէկը համարուող Ռուսաստանի հայկական համայնքը, Ռուսաստանի հայերի միութիւնը եւ Ռուսաստանում գործող հազար ու մի  հայկական կառոյցներ: Ռուսական արեւի տակ ջերմացող մեր մեծամեծերը, բնականաբար, ծպտուն չեն հանի, քանի որ Պուտինն իրենց կ՛արժանացնի նոյն բախտին՝ խալաթ կը հագցնի եւ ինքնաթիռով կ՛ուղարկի՝ «հայդա» Հայաստան:
Ռուսական իշխանութիւնները դիպուկ եւ մտածուած քայլով մի ակնթարթում մեզ ներկայացրին իրենց վերաբերմունքը, այն է՝ դուք երկրորդ կարգի մարդ էք: Այսպէս էր նրանց պէտք եւ արեցին: Մնում է մենք հասկանանք, թէ ով ենք մենք նախ մեր երկրում, յետոյ՝ մեր երկրից դուրս: Հակառակ դէպքում՝ կը մնանք ռուսական շովինիզմի եւ ցինիզմի արանքում, իսկ առայժմ…
Գունատ, վախեցած, ծաղկաւոր խալաթի մէջ կծկուած  հայ վարորդի կերպարը օրինակն է խեղճացած ու լքուած մեր երկրի, ապագան՝ մեր որբացած հայրենիքի…


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles