Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Ադրբեջանցի Ընդդիմադիրը Ձեռնոց Է Նետում Ալիեւին, Նաեւ ԼՂ Խնդրի Հետ Կապուած Այլընտրանքային Տեսակէտ Յայտնում

$
0
0

ՀԵՂԻՆԷ ԲՈՒՆԻԱԹԵԱՆ

 

0905ilgarmamedovԱդրբեջանական ընդդիմութեան առաջնորդ, հինգ տարի անազատութեան մէջ անցկացնելուց յետոյ շաբաթներ առաջ ազատ արձակուած Իլգար Մամեդովը պայքարի նոր փուլ է սկսում եւ պատրաստւում է յաջորդ նախագահական ու խորհդարանական ընտրութիւններին: Այս մասին Մամեդովը յայտարարել է՝ բանտից դուրս գալուց յետոյ հրաւիրուած առաջին մամլոյ ասուլիսում:

«Ինձ կալանաւորելու առաջնային պատճառն իմ քաղաքական յաւակնութիւններն էին: Ինձ ազատազրկեցին, որպէսզի թոյլ չտան մասնակցել նախագահական ընտրութիւններին ու հեռացնեն քաղաքականութիւնից: Բանտախցում ինձ բազմիցս են առաջարկել հրաժարուել քաղաքական պայքարից՝ ազատութեան դիմաց, ես, բնականաբար, մերժել եմ այդ գործարքները», յայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը:

Մամեդովն ազատազրկուել էր 2013թ. նախագահական ընտրութիւններից ամիսներ առաջ, երբ յայտարարել էր, թէ պատրաստւում է մրցապայքարի մէջ մտնել գործող նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Իշխանութիւնները նրան մեղադրել էին Բաքուից քիչ հեռու գտնուող Իսմայիլի քաղաքում զանգուածային անկարգութիւններ կազմակերպելու մէջ ու դատապարտել 7 տարուայ ազատազրկման: Միջազգային իրաւապաշտպան կառոյցները Մամեդովի կալանքը որակել էին անհիմն ու անհամաչափ, Եւրոպական դատարանը եւս փաստել էր, որ նա կալանաւորուել է քաղաքական դրապատճառներով՝ պահանջելով ազատ արձակել վերջինիս՝ առանց նախապայմանների ու անյապաղ:

Ալիեւի վարչակազմը, սակայն, տարիներ շարունակ անտեսում էր ստրասբուրգեան դատարանի որոշումը եւ միայն անցած ամիս ազատ արձակեց ընդդիմադիր գործչին: Հիմա Մամեդովը պնդում է՝ հասնելու է արդարացման ու դատական հայցեր է ներկայացնելու իր ազատարզկմանը մեղսակից բոլոր 19 դատաւորների դէմ: «Մենք այս ասուլիսով փակում ենք կալանաւորման էջը, այսուհետ ես այդ հարցը կը քննարկեմ իրաւապաշտպանների ու իրաւաբանների հետ: Այժմ մեր հիմնական խնդիրն է դառնում քաղաքական պայքարը: REAL-ը իրական այլընտրանք է գործող իշխանութիւններին, եւ մենք պատրաստ ենք ստանձնել երկրի կառավարումը», յայտարարել է Իլգար Մամեդովը:

Խօսելով քաղաքական պայքարը ակտիւացնելու մտադրութեան մասին, նա նաեւ պնդել է՝ քանի դեռ Ադրբեջանում չկայ քաղաքական այլընտրանք, մրցակցութիւն ու խօսքի ազատութիւն, երկիրը չի կարող զարգանալ: «Վերջին տարիներին մի շարք ցուցանիշներով՝ տնտեսական աճով, ներդրումների ծաւալով ու արտաքին պարտքով Ադրբեջանը սկսել է զիջել Հայաստանին ու Վրաստանին», յայտարարել է Մամեդովը, շարունակելով՝ երկրում տնտեսական իրավիճակը վատթարանում է ոչ թէ նաւթի գնանկման պատճառով, ինչպէս իշխանութիւններն են պնդում, այլ մրցակցութեան պակասի ու շարունակական բռնաճնշումների:

«Քանի դեռ Ադրբեջանում հիմնարար ազատութիւններն ու իրաւունքները երաշխաւորուած չեն, քանի դեռ չկան այլընտրանքային տեսակէտներ, չի կարող լինել առաջընթաց: Լրագրողների ու ակտիւիստների (քաղաքական գործիչներու-Խմբ.) ազատազրկումը, ինչպէս տեսանք, չբերեց բարգաւաճման ու կեանքի որակի բարելաւման: Իրականում մեզ անհրաժետ են տնտեսական ու քաղաքական բարեփոխումներ, մրցակցային միջավայր, ազատ ընտրութիւններ ու արդար դատական համակարգ», մամլոյ ասուլիսին յայտարարել է ադրբեջանցի ընդդիմադիր գործիչը: Թէ պայքարի ինչ միջոցներ է ընտրելու, Մամեդովը չի բացայայտել, բայց խոստացել է՝ իրենց քայլերը կը լինեն «դիպուկ ու արդիւնաւէտ»:

Ի դէպ, ասուլիսի ընթացքում հնչած առաջին հարցերից մէկը վերաբերել է ԼՂ խնդրին: Սրա հետ կապուած էլ Մամեդովը հնչեցրել է գործող իշխանութիւնների տեսակէտներից արմատապէս տարբերուող կարծիք: «Մենք պէտք է այնպէս անենք, որ ղարաբաղցիներն իրե՛նք ուզենան ապրել Ադրբեջանի տարածքում», ասել է Իլգար Մամեդովն ու շարունակել։

«Մենք պէտք է յաջողակ լինենք ե՛ւ տնտեսական դաշտում, ե՛ւ ժողովրդավարութեան: Եթէ յիշում էք՝ 1923 թուականին կոմունիստական կուսակցութեան ժողովում Հայաստանի ներկայացուցիչները յայտարարում էին, թէ անգամ ծառերն են Ղարաբաղում թեքւում դէպի Բաքու: Եթէ մենք վերջին 25 տարիներին կարողանայինք զարգացնել մեր տնտեսութիւնը, մեր քաղաքականութիւնը տանէինք ճիշդ ճանապարհով եւ միջազգային հանրութեան կողմից ճանաչուէինք որպէս երկիր, որը պաշտպանում է մարդու հիմնարար իրաւունքները, վստահ եմ՝ Ղարաբաղում ապրող հայերը վաղուց արդէն կը թեքուէին դէպի Ադրբեջանը: Դա, սակայն, տեղի չունեցաւ, եւ այժմ Ղարաբաղի խնդիրը լուծելու համար մենք առաջին հերթին պէտք է փոխենք Ադրբեջանը եւ այն դարձնենք գայթակղիչ՝ Ղարաբաղում ապրող հայերի համար»:

Մեծ քաղաքականութիւն վերադառնալու մասին Մամեդովի այս յայտարարութիւններին զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչամեքենան վերսկսել է նրա դէմ արշաւը: Կառավարութեան վերահսկողութեան տակ գտնուող հեռուստաընկերութիւնները նրա ասուլիսն ընդհանրապէս չեն լուսաբանել փոխարէնը՝ առցանց լրտուամիջոցներում նրան վարկաբեկող յօդուածներ են հրապարակել, որոնցում պնդւում է, թէ Մամեդովն «արդարացնում է սեպարատիզմը (անջատականութիւնը-Խմբ.)»:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles