Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Հերթական Հանդիպում. Դարձեալ Հերթապա՞հ

$
0
0

0000AZAT-ARTSAKH

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ԱԶԱՏ ԱՐՑԱԽ»Ի

 

Մամուլում արդէն ազդարարուել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զօհրաբ Մնացականեանի եւ Էլմար Մամեդեարովի առաջիկայ հանդիպման մասին, որը պէտք է տեղի ունենայ յաջորդ շաբաթ Նիւ Եորքում բացուող ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի 73րդ նստաշրջանի շրջանակներում:

Շատերն են հարցնում՝ արժէ՞ այդ հանդիպումից ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման շուրջ լուծումներ ակնկալել, առաւել եւս՝ ճեղքումային: Պատասխանն առաւել քան ակնյայտ է՝ ոչ:

Յայտնի ճշմարտութիւն է՝ ամէն ինչ իմացւում է համեմատութեան մէջ: Այդ նպատակով՝ մի տարով յետ դառնանք: 2017թ. մօտաւորապէս այս օրերին դարձեալ Նիւ Եորքում ՄԱԿի Գլխաւոր ասամբլիայի 72րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը ձեռք էր բերուել պայմանաւորուածութիւն՝ բանակցութիւնները երկու երկրների նախագահների մակարդակով շարունակելու մասին: Պայմանաւորուածութիւնն իրացուել էր երկու պետութիւնների ղեկավարների՝ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի գագաթնաժողովի տեսքով, որն անցաւ մէկ ամսից քիչ աւելի անց՝ Հոկտեմբերի 16ին, Ժնեւում՝ 2016թ. ապրիլեան պատերազմի յարուցած երկար ընդմիջումից յետոյ: Հանդիպման կարեւորութեան մասին էր խօսում եւ այն փաստը, որ այն ողջունել է նաեւ ՄԱԿի գլխաւոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը, ով երկու ղեկավարներին կոչ էր արել հասնել հակամարտութեան խաղաղ կարգաւորման: Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ այն ժամանակ ընդունուած համատեղ յայտարարութեան մէջ, մասնաւորապէս, ասւում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացի ակտիւացման համար եւ յաւելեալ քայլեր՝ շփման գծում լարուածութեան նուազեցման ուղղութեամբ: 2018թ. Յունուարին Ժնեւին հետեւեց արտաքին գործերի նախարարների հանդիպումը Կրակովում: Շատերի մօտ այն ժամանակ յոյս յայտնուեց, որ հակամարտութեան գօտում շուտով կայունութիւն կը հաստատուի, բայց, աւաղ, յետագայ զարգացումները ցոյց տուեցին, որ յոյսն այդ խաբուսիկ էր:

Արդեօ՞ք այդ ժամանակից ի վեր փոխուել է իրավիճակը: Փոխուել է, բայց, անկեղծ լինենք՝ դէպի վատը: Այն որեւէ հիմք չի տալիս գոնէ թոյլ լաւատեսութեան համար, եւ ոչ միայն այն պատճառով, որ կողմերի դիրքորոշումները նախկինի պէս տրամագծօրէն հակառակ են: Նախ, ալիեւեան ռեժիմն էլ աւելի է խստացրել ռազմատենչ հռետորաբանութիւնը եւ աւելացնում է սպառազինութիւնը՝ առաւել յաճախակի սպառնալով նոր պատերազմով, չափազանց ճչացող պահուածք է դրսեւորում եւ շարունակում զինուած սադրանքները, ընդ որում՝ ոչ միայն ԼՂՀ եւ Ադրբեջանի զինուած ուժերի շփման գծում, այլեւ Հայաստանի պետական սահմանի մի շարք հատուածներում: Վերջերս գնդակոծութեան ենթարկուեցին Տաւուշի մարզի բնակավայրերը, Հայաստանի պաշտպանութեան նախարարութեան բանակային 3րդ կորպուսը: Երկրորդ, Հայաստանում քաղաքական որոշակի անկայունութեան կապակցութեամբ՝ յարուցուած նոր ղեկավարութեան իշխանութեան գալով, Բաքուին թուաց, որ ստեղծուած պայմաններում ռազմական շանտաժի շնորհիւ կարելի է ուժեղացնել ճնշումը Երեւանի վրայ եւ հայկական կողմից էական զիջումների հասնել: Ու եթէ նախորդ տարում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներին ՄԱԿի Գլխաւոր ասամբլէայի շրջանակներում յաջողուեց պայմանաւորուածութեան գալ նախագահների հանդիպման շուրջ, ապա այսօր նման հանդիպման հեռանկար անգամ չի նշմարւում: Բաքուի ղեկավարութեան հռետորաբանութիւնը, յատկապէս նախագահի մակարդակով, չափազանց անզուսպ է դարձել. Ալիեւն իջել է այն մակարդակին, որ փողոցային վիրաւորանքներ է թոյլ տալիս հայկական վարչապետի անձնաւորութեան հասցէին: Ակնյայտ է, որ նման ռազմաշունչ-աղմկային ֆոնին Մնացականեան-Մամեդեարով առաջիկայ հանդիպումից կառուցողականութիւն, առաւել եւս արդիւնաւէտութիւն, սպասել չարժէ:

Կարծում ենք, նախարարական հանդիպման նման ելքը գիտակցում են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Նր-անք հազիւ թէ յոյս պահեն, որ կը յաջողուի վերակենդանացնել լիարժէք բանակցային գործընթացը, որը 2016թ. Ապրիլին Ադրբեջանի սանձազերծած քառօրեայ պատերազմի արդիւնքում գործնականում մեռեալ կէտում է: Այն հարցում, որ բանակցութիւնները խորը լճացման վիճակում են, «առաջնութեան դափնին», անկասկած, պատկանում է Ադրբեջանին: Այո, հիմնախնդրի լուծման բանալին, ինչպէս յաճախ պնդում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, հայկական եւ ադրբեջանական կողմերի մօտ է, բայց չենք յոգնի կրկնելուց, որ լիարժէք ձեւաչափով բանակցային գործընթացի վերսկսման անհնարինութեան համար որոշակի պատասխանատուութիւն են կրում նաեւ միջազգային միջնորդները: Այն պատճառով, որ նրանք այնքան էլ ակտիւ, հաստատակամ ու հետեւողական չեն «Ապրիլի» տաք հետքերով Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում կայացած գագաթնաժողովներին ձեռք բերուած պայմանաւորուածութիւնների լիարժէք իրագործման հարցում: Յիշեցնենք, որ նշուած պայմանաւորուածութիւնները վերաբերում էին շփման գծում հնարաւոր զինուած միջադէպերի հետաքննութեան մեխանիզմի ներդրմանն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դիտորդական առաքելութեան ընդլայնմանը:

Մեզ չի լքում այն զգացումը, որ միջնորդներն այդ մասին պարզապէս մոռացել են, ինչը, հասկանալի է, միանգամայն բխում է Ադրբեջանի շահերից: Ստեղծուած իրավիճակում զարմանալի ոչինչ չկայ, որ Բաքուն շարունակում է զինուած սադրանքները՝ լարուածութեան բարձր աստիճանը պահպանելու նպատակով՝ դա օգտագործելով որպէս Երեւանի եւ Ստեփանակերտի վրայ ճնշման գործիք: Դժբախտաբար, Սեպտեմբերի 19ին ադրբեջանական կողմի գնդակոծութեան արդիւնքում Հայաստանի Հանրապետութեան զինծառայող զոհուեց: Միջադէպի կապակցութեամբ ՀՀ ԱԳՆն վճռականօրէն դատապարտել է Ադրբեջանի գործողութիւնները եւ միջազգային հանրութեան ու, ամէնից առաջ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ուշադրութիւնը հրաւիրել Բաքուին սանձելու անհրաժեշտութեան վրայ՝ իրավիճակի յետագայ սրացումը կանխելու նպատակով: Եթէ անգամ ընդունենք, որ համանախագահներն օպերատիւ կերպով կ՛արձագանգեն Երեւանի կոչին, մեծ է հաւանականութիւնը, որ նրանց պատասխանն աւանդաբար հաւասարութիւն պահպանող բնոյթ կը կրի: Ինչպէս ցոյց է տուել բազմամեայ պրակտիկան, միջնորդների նմանօրինակ յայտարարութիւններն ի զօրու չեն ինչ-որ կերպ ազդելու Բաքուի դիրքորոշման վրայ, նշանակում է եւ՝ ապահովելու կայունութիւն հակամարտութեան գօտում, ստեղծելու խաղաղ գործընթացի առաջմղմանը, այլ ոչ թէ նրա նմանակմանը նպաստող մթնոլորտ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles