Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Համազգայինի Հիմնադրման 90ամեակի Առթիւ

$
0
0

ԿԱՏԻԱ ՔՈՒՇԵՐԵԱՆ

 

Katia Kusherian4Ի շարս այլ ամեակների, 2018ը նշանաւորւում է նաեւ Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան յոբելեանով: Այս տարի լրանում է այս հեղինակաւոր կազմակերպութեան հիմնադրման 90 տարին: Մօտ մէկդարեայ ժամանակաշրջանը պատկառելի տարիք է որեւէ միութեան համար, բայց միայն դրանով չի չափւում այս կազմակերպութեան կարեւորութիւնն ու նշանակութիւնը համահայկական առումով:

Համազգային Հայ Կրթական եւ Մշկութային Միութիւնը հիմնուել է 1928թ. Մայիսի 28ին, Կահիրէում, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հովանու ներքոյ եւ նրա խոշորագոյն ներկայացուցիչների ջանքերով. ինչպէս՝ Համօ Օհանջանեան, Լեւոն Շանթ, Նիկոլ Աղբալեան, Գասպար Իփէկեան, Ստեփան Եսայեան եւ ուրիշներ: Միութեան նպատակն էր բարձրացնել հայութեան կրթական մակարդակը հայ լեզուով եւ հայ ոգով, հայ մշակոյթի արժէքների տարածումը ժողովրդական լայն խաւերի մէջ, զանազան ձեռնարկներով իւրայիններին եւ այլոց ծանօթացնել եւ հաղորդակից դարձնել հայութեան հուզող հարցերին եւ Հայ Դատին: Եւ այդ բոլորը իրականացնելու ատակ սերունդ պէտք էր հասցնել, որի անհրաժեշտութիւնից բխած, միութեան հիմնադրումից երկու տարի անց՝ 1930թ. բացուեց Համազգայինի Նշան Փալանճեան Ճեմարանը, 1931ին «Վահէ Սէթեան» տպարանը, իսկ 1962ից՝ լոյս աշխարհ եկաւ ցայսօր հրատարակուող «Բագին» գրական ամսագիրը:

Թատերական արուեստի վերակենդանացման եւ տարածման համար, 1941թ., Գասպար Իփէկեանի նախաձեռնութեամբ հիմնուեց Համազգայինի թատերասէրների միութիւնը, որը նրա մահից յետոյ, ի պատիւ իր հիմնադրի վերանուանուեց «Գասպար Իփէկեան» թատերախումբ, բեմադրիչ Ժորժ Սարգիսեանի ղեկավարութեամբ:

Երաժշտութեան յոյժ կարեւոր բնագաւառը, նշանաւորւում է երգահան Բարսեղ Կանաչեանի ղեկավարութեամբ գործող «Գուսան» երգչախմբի ծնունդով, 1933թ.:

Ապա, մէկը միւսի ետեւից սկսում են գործել 1960թ. Վարդգէս Աբրահամեանի ղեկավարութեամբ գործող «Քնար» ազգագրական երգի-պարի համոյթը, 1978թ. Վաչէ Պարսումեանի ղեկավարութեամբ «Ծնծղա» եւ 1980թ. Ալէքս Մնակեանի ղեկավարութեամբ «Նանոր» մանկական երգչախմբերը:

1974թ. Բեյրութում հիմն է դրւում Հայագիտական բարձրագոյն հիմնարկին, ապա տարբեր հայաշատ գաղթօջախներում մէջտեղ են գալիս կրթական հիմնարկներ, պատրաստելու համար հայոց լեզուի ու գրականութեան, հայոց պատմութեան ուսուցիչներ, խմբագիրներ եւ հանրային գործիչներ:

Կարեւոր մշակութային ներկայութիւն են «Լեւոն Շանթ» մշակութային կենտրոնը Բեյրութում, որն իր մէջ ներառում է «Թորոս Ռոսլին» կերպարուեստի ակադեմիան, «Բարսեղ Կանաչեան» երաժշտանոցը, երգի եւ բալետի դպրոցները: Նմանատիպ մշակութային մի կենտրոն է գործում Հալէպում: Այն կրում է Արամ Մանուկեանի անունը եւ ունի Բ. Կանաչեանի անուան երաժշտանոց, Մ. Սարեանի անուան կերպարուեստի ակադեմիա, Ս. Զաւարեանի անունը կրող թատերախումբ  եւ «Զուարթնոց» երգի-պարի համոյթ:

Հայաստանի Հանրապետութեան վերանկախումից յետոյ միութիւնը սկսեց գործել նաեւ հայրենիքում, ուր իր բաժինն է բերում մշակոյթի զարգացման այնքան կարեւոր գործին:  Համազգայինը կայ եւ շարունակում է գործել աշխարհի բոլոր հայաշատ գաղութներում:

Մշակութային երեւոյթները դիտւում եւ գնահատւում են տեղի եւ ժամանակի մէջ:

Տեղը, ուր ծնունդ առաւ Համազգայինը, արտերկիրն էր, աշխարհի մէկ ծայրից միւսը սփռուած հայութեան բնակավայրը, բայց ո՛չ հայրենիքը: Ժամանակը՝ Ցեղասպանութեան եւ Հայաստանի առաջին հանրապետութեան անկումին յաջորդած առաջին տասնամեակը: Ցեղասպանութեան եւ Հայաստանի առաջին Հանրապետութեան անկումի  լրջագոյն հարուածներից դեռ ուշքի չեկած եւ ոտքի տակի հողը կորցրած հայութիւնը, անտարակոյս, պիտի դանդաղօրէն մահանար, եթէ չգտնուէր նրան միացնող եւ կազմակերպող ուժը: Համազգայինի մեծ հիմնադիրները խորամտութիւնն ունեցան դաշնակցելու մի ուժի հետ, որպիսին մշակոյթն է: Եւ մշակոյթը, Համազգայինի ճանապարհով հիանալիօրէն կատարեց իր դերը: Այն եղաւ հիմնադիրի եւ ճանապարհ հարթողի դերում, եւ այսօր, երբ Հայաստանի անկախացումից յետոյ մշակութային բազմազան ձեռնարկների պակասութիւն չի զգացւում, ինչպէս օրինակ, հայաշատ Լոս Անջելեսում կամ ամէնուր, այլ մշակութային խմբերի մէջ եւ առաջինների շարքում պէտք է

յիշել Համազգայինի՝ Արա Մանաշի ղեկավարութեամբ գործող «Գուսան» երգչախմբին եւ առ այսօր գործող, մօտ կէսդարեայ կեանք ունեցող, Եղիա Հաշօլեանի եւ Սիւզի Բարսեղեան-Դարբինեանի ղեկավարութեամբ գործող «Անի» ազգագրական պարախմբին եւ շատ ուրիշների երկրագնդի տարբեր ծայրերում, որոնք միայնակ, առանց հայրենիքից եկող որեւէ օգնութեան, բոլորանուէր աշխատանքով եւ մշակոյթի միջոցով կարողացան պահել ժողովրդին եւ նրա ոգին, խանդավառելով նրան ապագայի հանդէպ յոյսով եւ ուժականութիւն հաղորդել մեր ժողովրդի մնացորդներին:

Այս տեսանկիւնից պէտք է գնահատել Համազգայինի՝ հայ ժողովրդի վերապրումի ճիգերին նուիրաբերած իր հսկայական ներդրումը:

Մնում է շնորհաւորել եւ երախտագիտութեան խօսք ասել Համազգայինին՝ իր ծննդեան 90ամեակի առթիւ եւ բարի երթ ցանկանալ:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles