ՆԱՅԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ
Իսրայէլի պաշտպանութեան նախարար Աւիգդոր Լիբերմանը մէկ շաբաթ Կովկասում էր: Նա երկու օր մնացել է Վրաստանում եւ մեկնել Բաքու, որտեղ մնացել է 5 օր, մինչեւ Երկուշաբթի: Ադրբեջանցի լրագրողները չեն կարողանում պարզել, թէ ինչու է ժամանել Լիբերմանը, բայց յատուկ նշում են, որ նա որոշել է Հայաստան չմեկնել:
Կովկասի հանդէպ հետաքրքրութիւնն անկասկած կապուած է Մերձաւոր Արեւելքում տեղի ունեցող իրադարձութիւնների եւ Իրանի հանդէպ միջազգային քաղաքականութեան փոփոխութեան հետ: Հայաստանը Իրանի հետ պահպանում է բարեկամական յարաբերութիւններ, ինչպէս նաեւ մտադիր է Ռուսաստանի հետ համատեղ մարդասիրական առաքելութիւն ուղարկել Սիրիա:
Ըստ ամենայնի, Իսրայէլը մտադիր է Վրաստանը եւ Ադրբեջանը օգտագործել որպէս պլացդարմ հակաիրանական քաղաքականութեան համար: Միջազգային ԶԼՄները գրում են, որ Իսրայէլը ի նշան երախտագիտութեան դրա դիմաց կարող է Ադրբեջանին աւելի շատ զէնք տալ: Ինչ վերաբերւում է Վրաստանին, ԱՄՆն ու ՆԱՏՕն սկսել են աւելի կոնկրետ խօսել ՆԱՏՕին այդ երկրի անդամակցութեան մասին: Դա էլ թերեւս երախտագիտութիւն է Վրաստանին:
Այս ֆոնին, Վրաստանի ու Հայաստանի խնդիրները գլոբալ (համերկրային-Խմբ.) գործընթացների մաս են: Վրաստանը Սեպտեմբերի սկզբին անսպասելի որոշում կայացրեց, որով արգելւում է իր տարածքով բեռնատարներով ցորենի ներկրումը Հայաստան: Արգելքը պէտք է ուժի մէջ մտնէր Սեպտեմբերի 15ին, բայց Վրաստանի կառավարութիւնը յետաձգել է 15 օրով:
Վրաստանի այս որոշումը Հայաստանում բացասական է ընդունուել: Խօսքը ռազմավարական մթերքի՝ ցորենի մասին է: Երեւան ժամանած Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձէն յստակութիւն չի մտցրել այս հարցում: Յամենայնդէպս, չի հնչել որեւէ հրապարակային յայտարարութիւն քաղաքական հնարաւոր մոտիւների մասին: Մնում է ենթադրել, թէ ով է վրացիներին «խորհուրդ տուել» արգելել ցորենի տրանզիտը բեռնատարներով:
Խնդիրն այն է, որ Բաքւում էր ոչ միայն Լիբերմանը, այլեւ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ով Բաքու է ժամանել այդ քաղաքի «բոլշեւիկա-դաշնակցական օկուպացիայից ազատագրման» 100ամեակի տօնակատարութեանը:
Դրանից առաջ Էրդողանը մեկնել էր Մուշ եւ թուրքերին շնորհաւորել Մանազկերտում յաղթանակի համար, երբ թուրքերը նուաճեցին Անատոլիան: Անատոլիան հայերի արէալն (տարածքը-Խմբ.) է, եւ 1000 տարի անց թուրքերը կարող են տօնել միայն Անատոլիայի զաւթումը, բայց ոչ դրա հանդէպ իրաւունքը: Այնպէս, ինչպէս Նախիջեւանի ու նոյնիսկ Բաքուի դէպքում:
100ամեայ պայմանագրերի ժամկէտը, որոնք կնքուել են Առաջին աշխարհամարտի ու Օսմանեան կայսրութեան փլուզման արդիւնքներով, աւարտւում է: Թուրքիան ու Ադրբեջանն ամէն ինչ անելու են, որպէսզի Ռուսաստանի, Իսրայէլի եւ այլոց օգնութեամբ երկարաձգել այն պայմանագրերի ժամկէտները, օրինակ՝ Կարսի պայմանագրի, որոնք աւարտւում են 2021թ.:
«ԼՐԱԳԻՐ»