ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ
Յայտնի է, որ ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման գործընթացում պաշտօնական Բաքուն բազմիցս առաջարկել է Լեռնային Ղարաբաղին տրամադրել «ամենալայն ինքնավարութիւն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում»: Ճիշդ է, դրա հետ մէկտեղ նա փակագծերը չէր բացում ու իր առաջարկը չէր կոնկրետացնում (յստակացներ-Խմբ.): Թէեւ, խոստովանենք՝ դրա կարիքը չկար էլ, քանի որ ԽՍՀՄ փլուզման համատեքստում արցախցիները, խորհրդային օրէնսդրութեանն ու միջազգային իրաւունքին խստիւ համահունչ, 1991թ. Սեպտեմբերին հռչակեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւնը ու մտադիր չեն հրաժարուել անկախութեան գաղափարից: Սակայն անցած ողջ ժամանակահատուածում Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով ժամանակ առ ժամանակ որպէս էթնոքաղաքական (ցեղային-քաղաքական-Խմբ.) հակամարտութիւնների հանգուցալուծման յաջող օրինակ առաջարկում էր նման ճգնաժամերի կարգաւորման եւրոպական փորձը:
Երկուշաբթի օրն ադրբեջանական «Թրենտ» (Trend) գործակալութեանը տուած հարցազրոյցում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ, Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամաւոր Ազայ Գուլիեւը հաղորդեց, որ Յուլիսի 11-12ը եղել էր Լայնսվայլերում (Գերմանիա), որտեղ անց է կացուել սեմինար՝ 12 երկրներից պատգամաւորների, ԵԱՀԿ ԽՎ նախագահի ու գլխաւոր քարտուղարի մասնակցութեամբ, որի ընթացքում ներկայացուել է Ալանդեան կղզիների փորձը հակամարտութեան կարգաւորման գործում: Ու եզրափակեց. «Հաշուի առնելով որոշակի նմանութիւնը, Ալանդեան կղզիների փորձը կարելի է կիրառել հայ¬ադրբեջանական լեռնայինղարաբաղեան հակամարտութիւնում»: Յիշեցնենք, որ 1921թ.՝ Ալանդների պետական պատկանելութեան ու կարգավիճակի հարցով քաղաքական ճգնաժամից յետոյ, Ազգերի լիգան ճանաչել է գերազանցապէս շուէդներով բնակեցուած կղզիների պատկանելութիւնը Ֆինլանդիային, բայց՝ լայն ինքնավարութեան իրաւունքներով:
Ուղղակիօրէն ասենք՝ Գուլիեւի արտայայտածը նոր գաղափար չէ: Դարձեալ յիշեցնենք. 25 տարի առաջ՝ 1993թ. Դեկտեմբերին, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովն Ալանդեան կղզիներում կազմակերպել էր Ադրբեջանի, Հայաստանի եւ Արցախի խորհրդարանականների հանդիպում՝ շուէդների ու ֆինների միջեւ էթնոքաղաքական հակամարտութեան լուծման փորձի հետ կողմերին ծանօթացնելու նպատակով, որը, ինչպէս ենթադրւում էր, կարող էր օգտակար լինել ղարաբաղեան կարգաւորման գործընթացում: Սակայն եւրոպական փորձի հանդէպ իր վերաբերմունքն Ադրբեջանն արտայայտել է իւրովի. հէնց 1993ի Դեկտեմբերին նախագահ Հէյդար Ալիեւը, յոյսեր կապելով հիմնախնդրի ուժային լուծման հետ, ի խախտումն կրակի դադարեցման մասին նախկինում ձեռքբերուած բոլոր պայմանաւորուածութիւնների, մարտական գործողութիւններ սկսեց ճակատի ողջ երկայնքով:
Պէտք է նկատել՝ ինքնավարութեան եւրոպական մոդելների հետ անպտուղ մանիպուլեացիաները (ձեռնավարութիւնները, խարդախութիւնները-Խմբ.) յետագայում չթողեց եւ նրա որդին՝ ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը: 2011թ. նա, Բաքւում ելոյթ ունենալով միջազգային գիտաժողովում, առաջարկեց Լեռնային Ղարաբաղի իրաւական կարգավիճակը մշակելիս օգտագործել այժմ արդէն Հարաւային Տիրոլի փորձը: Որպէս տեղեկութիւն՝ նշենք, որ Առաջին Համաշխարհային պատերազմից յետոյ այս գերմանախօս գաւառն անցել էր Իտալիային, բայց Աւստրիան շարունակում էր նրա նկատմամբ յաւակնութիւններ ներկայացնել: 1969թ. վերջին Իտալիան եւ Աւստրիան եկան համաձայնութեան, որով այս շրջանն ստանում էր ընդլայնուած ինքնավարութեան իրաւունք, սակայն Հռոմը չէր շտապում կեանքի կոչել համապատասխան դրոյթները: Վերջնականապէս հարցը կարգաւորուեց 1992թ., եւ աւստրիական իշխանութիւնները ՄԱԿին յայտարարեցին Հարաւային Տիրոլի հարցում Իտալիայի հետ հակասութիւնների դադարեցման մասին, տարածք, որը 2001թ. ստացաւ անկախ գաւառի կարգավիճակ եւ իտալախօս մէկ այլ գաւառի՝ Տրենտոյի հետ միասին այժմ մէկ ինքնավար մարզ է կազմում:
Եւրոպացիների տեսանկիւնից ե՛ւ Ալանդների ե՛ւ Հարաւային Տիրոլի դէպքերում միանգամայն հրաշալի պատկեր է ստացւում: Սակայն կոնկրետ մեր պարագայում նման զարգացումն անընդունելի է: Եւրոպական մոդելի շրջանակներում խաղաղ համատեղ գոյակցութեան մասին որքան էլ «ճիշդ» խօսքերով Ադրբեջանը քօղարկի իր գործողութիւնները, ե՛ւ քառորդ դար առաջ, ե՛ւ հիմա դրանք ամենայն համոզչութեամբ ապացուցում են, որ նրա իրական մտադրութիւնը մնում է մէկը՝ հայերին վտարել Արցախից կամ պարզապէս ոչնչացնել նրանց: 2016թ. Ապրիլեան պատերազմը դրա վառ ապացոյցն է: Ադրբեջանն արեւելեան բռնակալութիւն է՝ ֆաշիստական գաղափարախօսութեամբ, եւ եւրոպական փորձը նրա նկատմամբ պարզապէս կիրառելի չէ: Չէ՞ որ միանգամայն ակնյայտ է, որ «եւրոպական յաջող մոդելները» կարող են արդիւնաւէտ լինել եւրոպական յաջող երկրներում, որոնք հետեւում են բարոյական ու մարդասիրական բարձր արժէքներին, երկրներ, որոնց շարքին, ողջ ցանկութեամբ հանդերձ, չես դասի Ադրբեջանին, որտեղ վաղուց հայ ժողովրդի հանդէպ պաթոլոգիական (ախտաբանական-Խմբ.) ատելութիւն ու թշնամանք են սնուցում: Իսկ հակամարտութեան լուծման եւրոպական փորձի կիրառման հնարաւորութեան մասին Բաքուի պնդումներն ընդամէնը հաշուարկուած են հէնց եւրոպական լսարանի համար՝ ցուցադրելու իր թուացեալ կառուցողականութիւնը, յարուցելու արտասահմանցի լսողների համակրանքն ու դրանով իսկ թօզ փչելու միջազգային հանրութեան աչքին: Բայց հայրենական լսարանին դիմելիս ալիեւեան ռեժիմը քաղաքական քամելէոնի (գետնառիւծի-Խմբ.) նման փոխում է երանգաւորումը, իսկ դրա հետ նաեւ՝ բառապաշարը՝ սպառնալով պատերազմով եւ Հայաստանի ու Արցախի տարածքների անեքսիայով (կցումով-Խմբ.): «Երկու պետութիւնների կառավարութիւնների ու ժողովուրդների ունեցած իմաստութեան ու հեռատեսութեան շնորհիւ հակամարտութիւնը լուծուեց խաղաղ ճանապարհով», ալանդեան փորձով իր հիացմունքը չի թաքցնում Ազայ Գուլիեւը: «Յարձակման (Արցախի վրայ¬հեղ.) մասին հրամանը կ՛ընդունուի ամենապատեհ պահին՝ միջազգային քաղաքական իրադրութեան հաշուառումով», իսկ սա արդէն արտաբերեց Ադրբեջանի պաշտպանութեան նախարար Հասանովը: Ոչ իմաստուն եւ ոչ հեռատեսօրէն:
Ինչ վերաբերում է պաշտօնական Ստեփանակերտին, ապա նա բազմիցս շեշտել է, որ Արցախի Հանրապետութեան անկախ կարգավիճակը վերանայման ենթակայ չէ, եւ «Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան շրջանակներում» իրաւական կարգավիճակի մասին ցանկացած զրոյց պարզապէս անիմաստ է: Ժամանակն է արդէն, որ Բաքուն հասկանայ այս աքսիոմատիկ (հիմնական-Խմբ.) ճշմարտութիւնն ու դադարի պատրանքներով ապրել՝ թող անգամ եւրոպական: