Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մնալ Սեփական Կոչման Բարձրութեան Վրայ

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ

 

Image may be NSFW.
Clik here to view.
1024leonidmardirosyan
«Ազատ Արցախ» թերթը 95 տարեկան է: Յոբելեանական օրերին ընդունուած է յետադարձ հայեացք ձգել՝ գնահատելու անցած ուղին, հանրագումարի բերելու արդիւնքները:

Չխախտենք աւանդոյթը, բայց անցեալին նայենք առաջին հերթին նրա համար, որպէսզի վերադառնանք մեր արմատներին, վերյիշենք մեր «նախածնողին»: Ներկայիս «Ազատ Արցախ»ին կեանք է պարգեւել 1923թ. Յունիսին լոյս տեսած «Ղարաբաղի Գեղջուկ» թերթը, որն այդ անուան տակ երկար չգոյատեւեց: Հրատարկութեան գրեթէ մէկդարեայ պատմութեան ընթացքում այն ղեկավարել են աւելի քան 25 խմբագիրներ, որոնցից իւրաքանչիւրն իր ներդրումն է ունեցել նրա ստեղծագործական կենսագրութեան մէջ: Բայց, կարծում ենք, արդարացի կը լինէր այսօր յիշատակել նրա առաջին խմբագրի անունը՝ այն դարձաւ Ղարաբաղի գաւառային կոմիտէի քարտուղար Սերօ Մանուցեանը, ով այդ պաշտօնում աշխատել է մինչեւ 1924 թուականը: Յետագայում թերթը վերանուանուել է «Խորհրդային Ղարաբաղ»՝ այս անուան հետ թեւակոխելով ոչ մէկ տասնամեակ, երկար ժամանակ լոյս է տեսել որպէս «Սովետական Ղարաբաղ», իսկ ԽՍՀՄ փլուզումից յետոյ, փոխելով եւս մի քանի անուններ, 1998 թուականից սկսեց կոչուել «Ազատ Արցախ»:

Բնականաբար, փոխւում էր ոչ միայն թերթի անուանումը: Փոխւում էին ժամանակները, իսկ նրանց հետ, իհարկէ, փոփոխութիւն էր կրում թերթն ինքը, որը պատմական այս կամ այն ժամանակաշրջանում արտացոլում էր կեանքի երեւոյթները: Միանգամայն օրինաչափ է, որ 20ական թուականներին թերթը ծառայում էր ԼՂԻՄում նոր, կոմունիստական գաղափարախօսութեան ու ինտերնացիոնալիզմի (միջազգայնութեան-Խմբ.) գաղափարների քարոզչութեանը: Իհարկէ, լինելով իր ժամանակի իսկական ծնունդը, «Խորհրդային Ղարաբաղը» կոմունիստական կուսակցութեան քաղաքականութեանը համապատասխան քարոզում էր ինտերնացիոնալիզմի ու ժողովուրդների բարեկամութեան ինքնին ազնիւ սկզբունքները, որոնք, սակայն, այն արատաւոր համակարգի շրջանակներում ստայօդ էին, ինչը հաստատուեց խորհրդային գաղափարախօսութեան փլուզմամբ: Այսօր՝ անցած տարիների բարձունքից, ինչ-որ մէկը կարող է հեգնանքով եւ անգամ մեղադրանքով վերաբերուել «Խորհրդային Ղարաբաղի» այն ժամանակուայ աշխատակիցների աշխատանքին, բայց, կարծում ենք, այնուամենայնիւ, պէտք է ներողամիտ լինել, քանի որ կասկած չկայ, որ իրենց հրապարակումներում նրանք առաւելագոյնս անկեղծ էին, քանզի հաւատում էին կոմունիստական առաջնորդների մտադրութիւնների ու նրանց քարոզած արժէքների անաղարտութեանը: Ինչպէս ասում են՝ երգից բառերը դէն չես նետի: Դա նոյնպէս մեր պատմութիւնն է, եւ այն պէտք է իմանալ ու յարգել, թող որ նրա մռայլ էջերով հանդերձ գոնէ այն բանի համար, որ նրանից դասեր քաղենք:

Խորհրդային շրջանում, հակառակ խօսքի ազատութեան սահմանափակման եւ պետական խիստ գրաքննութեան հետ կապուած հսկայական դժուարութիւնների, շնորհիւ իր տաղանդաւոր աշխատակիցների, ովքեր ներկայացնում էին մտաւորականութիւնը բառիս ամենավեհ իմաստով, թերթին, այնուամենայնիւ, յաջողուեց պահպանել ազգային ինքնութիւնը, լինել ժողովրդի շահերի արտայայտողը: Ահա դրա խօսուն փաստերից մէկը. 1960ական թուականներին Հայաստանի հետ Արցախի վերամիաւորման պահանջով ԽՄԿԿ Կենտկոմ ուղարկուած յայտնի նամակի 13 հեղինակներից 5ը տարբեր տարիների աշխատել են մեր թերթի խմբագրութիւնում՝ Բագրատ Ուլուբաբեան, Լազր Գասպարեան, Բոգդան Ջանեան, Մաքսիմ Յովհաննիսեան, Գուրգէն Գաբրիէլեան:

Արդէն 80ականներին՝ Ղարաբաղեան շարժման ժամանակաշրջանում, «Խորհրդային Ղարաբաղն» արդարացիօրէն վաստակել է ղարաբաղցիների ազգային-ազատագրական պայքարի ճշմարիտ տարեգրի փառքը՝ կանգնելով իր ժողովրդի կողքին: Հէնց այդ ժամանակ էր թերթի տպաքանակը հասել իր գագաթնակէտին՝ կազմելով գրեթէ 100 հազար օրինակ, եւ այն տարածւում էր ոչ միայն Արցախում ու Հայաստանում, այլեւ նրանց  սահմաններից շատ հեռու: Այն իրավիճակում, երբ խորհրդային կենտրոնական մամուլը բացայայտ սուտ էր տարածում Ղարաբաղեան շարժման մասին, մեր թերթի ճշմարտացի խօսքը չափազանց պահանջուած էր: Թերթի նշանակութիւնը, նրա կողմից իրականացուող առաքելութեան կարեւորութիւնը հասկանում էին, իհարկէ, նաեւ Ադրբեջանի իշխանութիւնները, որոնք ամէն ինչ անում էին նրա գործունէութեանը խոչընդոտելու համար: Այն տարիներին տողերիս հեղինակն աշխատում էր «Խորհրդային Ղարաբաղ» թերթում եւ կարող է վկայել, որ լրագրողներն ստիպուած էին աշխատել Ադրբեջանի քաղաքական ու գաղափարախօսական ճնշ-ման ծանրագոյն պայմաններում, ռազմական գրաքննիչի մշտարթուն հսկողութեան ներքոյ, որը խմբագրութիւնում նշանակուել էր միութենական Կենտրոնի յանձնարարականով: Չնայած անասելի դժուարութիւններին, այնուամենայնիւ, յաջողուեց ճեղքել Լեռնային Ղարաբաղի տեղեկատուական շրջափակումն ու Շարժման մասին ճշմարտութիւնը հասցնել ոչ միայն հայ հանրութեանը, այլեւ նախկին ԽՍՀ եւ արտասահմանեան երկրների հազարաւոր ընթերցողներին: Իսկ խմբագրութեան շէնքն ինքը դարձել էր Շարժման իւրատեսակ շտաբ, որտեղ յաճախ էին անցնում «Կռունկ» կոմիտէի նիստերը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման հետ փոխուեց նաեւ թերթի կարգավիճակը, որը դարձաւ հանրապետական: Կարեւոր է, սակայն, նշել, որ անփոփոխ է մնացել թերթի հիմնական առաքելութիւնը՝ լինել ժողովրդի շահերի ու իղձերի արտայայտողն ու ջատագովը, իսկ այսօր նաեւ պաշտպանել պետութեան շահերը: Նրա գլխաւոր նպատակներն են՝ համակողմանի լուսաբանել ԼՂՀ հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային կեանքը, վեր հանել եւ օգնել լուծելու հանրապետութեան ու նրա քաղաքացիների համար հրատապ խնդիրները: Ադրբեջանի հետ շարունակուող դիմակայութեան պայմաններում պատերազմը տեղափոխուել է նաեւ տեղեկատուական ոլորտ, նշանակում է՝ թերթի գերակայ խնդիրներից մէկն է նեցուկ կանգնել Արցախի Հանրապետութեան դիրքորոշմանը եւ մերկացնել ադրբեջանական քարոզչութեան կեղծիքը:

Յենուելով թերթի լրագրողների նախորդ սերունդների փորձի ու ձեւաւորուած բազմամեայ աւանդոյթների վրայ, «Ազատ Արցախ»ի աշխատակիցները ձգտում են լինել իրենց կոչման բարձրութեան վրայ՝ ընթերցողին հասցնել ճշմարտութիւնը, գիտակցել պատրաստուած նիւթի արժանահաւատութեան, օբյեկտիւութեան (առարկայական ըլլալու-Խմբ.) ու որակի համար նրա առաջ պատասխանատուութեան ողջ չափը, իմանալ խօսքի արժէքը: Մեզ համար թանկ է ընթերցողի վստահութիւնը, ով հաւատում է մեր թերթին: Մեր ընդհանուր թերթին:

Իսկ ինչ վերաբերում է ամփոփելուն… Չենք պատրաստւում դա անել, քանի որ մեր թերթն ապրելու դեռ երկա՛ր ճանապարհ ունի: Մաղթենք նրան ստեղծագործական երկարակեցութիւն: Մեզ բոլորիս շնորհաւորում եմ յոբելեանի առթիւ:

 

ԼԷՈՆԻԴ ՄԱՐՏԻՐՈՍԵԱՆ «Ազատ Արցախ»ի գլխաւոր խմբագիրն է


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles