ՔՐԻՍՏԻՆԷ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Լոյս» հիմնադրամը վերջին 5 տարիներին իր բիւջէից 3.4 մլրդ. դրամի յատկացումներ է արել տարբեր կազմակերպութիւնների եւ ծրագրերի, որոնց մասին ոչ հաշուետուութիւններում, ոչ էլ մեր հարցումների պատասխաններում տեղեկութիւններ չկան: Հիմնադրամի գործադիր տնօրէնը թաքցնում է այդ տեղեկատուութիւնը:
«Լոյս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի գործունէութիւնը սասանուեց իշխանափոխութեան հետեւանքով: Յիշեցնենք, որ Ապրիլի 21ին «Լոյս»ի 61 շրջանաւարտներ բաց նամակ յղեցին վարչապետ Սերժ Սարգսեանին: Իշխանափոխութիւնից յետոյ հիմնադրամը յայտարարեց, որ այս տարի կ՛աջակցի միայն ուսումը շարունակող ուսանողներին: Այդպիսով, 2018ին ընդունուածները յայտնուեցին անելանելի վիճակում:
«Լոյս»ի հիմնադիրներն են նախկին նախագահ Սերժ Սարգսեանը եւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսեանը: Գործադիր խորհրդում, բացի Ս. Սարգսեանից եւ Տ. Սարգսեանից, ընդգրկուած են նաեւ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմէն Գէորգեանը, պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եւ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանեանը:
«Լոյս» հիմնադրամը ստեղծուեց 2009 թուականին: Հիմնադրամը հնարաւորութիւն էր տալիս աշխարհասփիւռ հայ երիտասարդներին կրթութիւն ստանալ աշխարհի լաւագոյն համալսարաններում:
«Հետք»ն ուսումնասիրել է հիմնադրամի վերջին հինգ տարիների ֆինանսական հաշուետուութիւնները եւ պարզել, որ, բացի լաւագոյն համալսարաններում ընդունուած ուսանողներին աջակցելու առաքելութիւնից, հիմնադրամը նաեւ այլ բնոյթի աջակցութիւն է ցուցաբերել 40 տարբեր կառոյցների եւ իշխանամերձ կազմակերպութիւնների՝ հիմնաւորելով դրանք կանոնադրական այլ տիպի առաքելութիւններով: Սակայն այդ յատկացումները մնացել են տեսադաշտից դուրս:
ԱՋԱԿՑՈՒԹԻՒՆ ԱՆՅԱՅՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆՆԵՐԻՆ ԵՒ ԾՐԱԳՐԵՐԻՆ
«Լոյս»ից անհասկանալի խոշոր գումարներ ու յատկացումներ են արուել յատուկ տողով, այն է՝ աջակցութիւն այլ համանման կազմակերպութիւնների եւ սոցիալական ծրագրերի, որոնց վերաբերեալ հիմնադրամը նոյնիսկ չի ցանկանում պարզաբանումներ տալ:
5 տարիների կտրուածքով նշուած տողով յատկացուել է 3.4 մլրդ. դրամ: Միայն 2017ին այն հատել է 1.6 մլրդ.ը:
«Հետք»ը գրաւոր հարցմամբ դիմեց «Լոյս» հիմնադրամի գործադիր տնօրէն Վարդան Մարկոսեանին՝ խնդրելով տրամադրել այդ տողի շրջանակներում ֆինանսական աջակցութիւն ստացած բոլոր կազմակերպութիւնների ցանկը, ֆինանսական աջակցութեան չափը եւ նպատակը՝ 2009-2017 թուականների համար:
Վարդան Մարկոսեանի պատասխանը որեւէ յստակութիւն չի մտցրել այս տողով կատարուած յատկացումների վերաբերեալ: Աւելին, գործադիր տնօրէնը 2016թ. քառօրեայ պատերազմի անուան ներքոյ փորձել է խուսանաւել եւ չի տրամադրել նշուած տարիներին այդ տողով աջակցութիւն ստացողների ցանկը, չնայած այդ մասին երկրորդ անգամ ենք գրաւոր պարզաբանում խնդրել:
«Հիմնադրամի գործունէութիւնը բաւականին ընդգրկուն է: Մասնաւորապէս, 2017թ. իրականացուած շուրջ 1.6 մլրդ. դրամի ծախսերի գերակշիռ մասն ուղղուել է.
ա) «Աջակցութիւն վիրաւոր զինուորներին եւ զինուորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպութեանը Երեւանում վերականգնողական կենտրոնի համար սարքաւորումների ձեռքբերմանը.
բ) ԼՂՀ ֆինանսների նախարարութիւն՝ 2016 թուականի Ապրիլեան քառօրեայ պատերազմից տուժած զինուորական ծառայողներին եւ խաղաղ բնակիչներին դրամական օգնութիւն ցուցաբերելու նպատակով.
գ) Տաւուշի մարզի Այգեպար համայնք-աջակցութիւն բեկորային հարուածներից վնասուած տանիքների հիմնավերանորոգմանը եւ նմանատիպ այլ ծրագրերի:
Իրականացուել է նաեւ աջակցութիւն մշակութային ոլորտի ծրագրերին, ինչպէս օրինակ.
ա) Շիրակի մարզի Գիւմրի համայնքի «Մանկապատանեկան արուեստի պալատ» ՀՈԱԿին աջակցութիւն երաժշտական գործիքներ ձեռք բերելուն.
բ) «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿին՝ աջակցութիւն երաժշտական գործիքներ ձեռք բերելուն»,-նշել է հիմնադրամի գործադիր տնօրէնը:
Վ. Մարկոսեանի հաւաստմամբ, նշուած ծրագրերը կազմել են այդ յօդուածի շուրջ 95 տոկոսը:
Նախորդ տարիներին նոյն յօդուածում ընդգրկուած ծախսերը, ըստ գործադիր տնօրէնի, նոյնպէս ուղղուել են նմանատիպ ծրագրերի ֆինանսաւորմանը:
«Վստահ եմ, որ հիմնադրամի նուիրատուները բաւարարուած են մեր կողմից իրականացուող ծրագրերի բովանդակութեամբ եւ արդիւնաւէտութեամբ, ինչի մասին լաւագոյն վկայութիւնը նրանց շարունակական աջակցութիւնն է», յայտնել է Վարդան Մարկոսեանը:
Թէ ինչո՛ւ է, այդ արդիւնաւէտութիւնը նուազել Սերժ Սարգսեանի հրաժարականի հետեւանքով, որ այս տարուայ շրջանաւարտների համար այլեւս ֆինանսական աջակցութիւն չի լինելու, հիմնադրամը որեւէ յստակեցում չի անում:
Մէկ այլ հարցմամբ խնդրել էինք նաեւ յայտնել, թէ այս տարի իրենց կրթութիւնը շարունակող 70 ուսանողներին յատկացուող ֆինանսաւորումից բացի՝ ի՞նչ նախագծեր են ֆինանսաւորուելու:
««Լոյս»ի՝ 2017-2018 ուսումնական տարուանից իրենց կրթութիւնը շարունակող կրթաթոշակառուների փաստաթղթային փաթեթների ընդունման գործընթացը շարունակուելու է մինչեւ Յուլիսի 15՝ ըստ սահմանուած կարգի: Օգոստոսի վերջին տեղի կ՛ունենայ «Լոյս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի խորհրդի նիստ, որտեղ կը քննարկուի եւ կը հաստատուի յատկացուող կրթաթոշակների բիւջէն: Կրթաթոշակների բիւջէն, ինչպէս նաեւ ֆինանսաւորման ենթակայ այլ նախագծերին եւ դրանց բիւջէին վերաբերող տեղեկութիւնները կը հրապարակուեն «Լոյս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամի 2018 թուականի գործունէութիւնը ներկայացնող հաշուետուութեան մէջ», յայտնել է Վարդան Մարկոսեանը:
«Լոյս» հիմնադրամի բիւջէի կէսից աւելին ծախսուել է այլ նպատակներով, քան աշխարհի լաւագոյն բուհերում կրթութեան աջակցութիւնն է: Օրինակ՝ 2016 թուականին «Լոյս» հիմնադրամի ընդհանուր բիւջէն եղել է 3.9 մլրդ. դրամ, որից 1.5 մլրդ.ն է յատկացուել աշխարհի առաջատար բուհեր ընդունուած 104 հայազգի ուսանողներին:
2017 թուականին «Լոյս» հիմնադրամի ընդհանուր բիւջէն կազմել է 4.7 մլրդ. դրամ, որից ընդամէնը 1.7 մլրդ.ն է յատկացուել աշխարհի առաջատար բարձրագոյն ուսումնական հաստատութիւններ ընդունուած 116 հայազգի ուսանողների: Մնացեալը տրամադրուել է տարբեր ՀԿների, կառոյցների եւ աշխատավարձերի: Վերջին հինգ տարիների բիւջէ/լաւագոյն բուհեր ընդունուող ուսանողներ յարաբերակցութիւնը, ինչպէս նաեւ այլ կազմակերպութիւններին եւ ծրագրերին ուղղուած ծախսերը՝ ստորեւ ներկայացուած գրաֆիկում.
ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ԴԵՐ ՍՏԱՆՁՆԱԾ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ
«Լոյս» հիմնադրամից 5 տարի շարունակ միլիոնները գերազանցող գումարներ է ստացել պետական ոչ-առեւտրային 5 կազմակերպութիւն եւ 1 հասարակական կազմակերպութիւն: «Լոյս»ը, կարծես, ստանձնել է կառավարութեան կամ պետական բիւջէի միջնորդի պարտաւորութիւնները եւ մշակոյթի ու արուեստի ոլորտի հաստատութիւններին շռայլօրէն գումարներ յատկացրել: Յատկանշական է, որ հիմնադրամի ֆինանսական միջոցները գոյացել են նաեւ կառավարութեան աշխատակազմից յատկացուած տարեկան 100 մլն. դրամ գումարից:
Հինգ տարիների աջակցութեան առիւծի բաժինը տրամադրուել է Էդուարդ Թօփչեանի ղեկավարած Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նուագախմբին: Յաջորդում է Յովհաննէս Չէքիջեանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը, Հայկ Դեմոյեանի ղեկավարած Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտը, Վահան Մարտիրոսեանի ղեկավարած Կամերային երաժշտութեան ազգային կենտրոնը եւ վերջինին կից գործող՝ Սոնա Յովհաննիսեանի ղեկավարած «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Բացի նրանից, որ Յովհաննէս Չէքիջեանի ղեկավարած Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը առանձին է ֆինանսաւորում ստացել, աջակցութիւն է ստացել նաեւ «Չէքիջեան» բարեգործական հիմնադրամը՝ մօտ 10 մլն. դրամի չափով 2014 եւ 2017 թուականներին՝ երգչախմբի կարիքները հոգալու եւ արտասահմանում կայանալիք համերգների համար:
«Ռոբերտ Սահակեանցի անուան անիմացիոն արուեստանոց» ՀԿն ամէն տարի 20 մլն. դրամ է ստացել հիմնադրամից անիմացիոն ֆիլմերի նկարահանման համար: Օրինակ՝ 2013 եւ 2014 թուականներին Ղ. Աղայեանի հեքիաթի հիման վրայ «Անահիտ», իսկ 2015, 2016 եւ 2017 թուականներին՝ Վարազդատ թագաւորի մասին պատմող «Օլիմպիոնիկ» լիամետրաժ անիմացիոն ֆիլմերի նկարահանման աշխատանքների համար: Այսինքն՝ 40 մլն. դրամ «Անահիտ»ին, 60 մլն. դրամ՝ «Օլիմպիոնիկ»ին: Վերջինը դեռեւս հանրութեանը չի ներկայացուել:
«Լոյս» հիմնադրամից վերջին 5 տարիներին ֆինանսական աջակցութիւն ստացած հաստատութիւնները.
«Լոյս» հիմնադրամից՝ Սերժ Սարգսեանի սանուհուն ու սանիկին. «Լոյս» մշակութային, գիտական, կրթական հիմնադրամն անցնող երկու տարիներին գրոսմայստեր Լեւոն Արոնեանի կնոջ՝ Արիանա Կաոիլիի հիմնադրած «Ճամփորդ» թերթին 95 մլն. դրամ է յատկացրել (շուրջ 200 հազար դոլար): Յիշեցնենք՝ Սերժ Սարգսեանը Արոնեանի եւ կնոջ քաւորն է:
«Ճամփորդ» շաբաթաթերթը սկսեց լոյս տեսնել 2016 թուականի Փետրուարին: Այն անվճար բաժանւում է հասարակական տրանսպորտում: Թերթի արկղերը տեղադրուած են հանրային տրանսպորտի գրեթէ բոլոր միջոցներում՝ մանուշակագոյն եւ դեղին աւտոբուսներում, տրոլէյբուսներում, միջքաղաքային երթուղիները սպասարկող միկրօաւտոբուսներում, խոշոր տաքսի ծառայութիւնների մեքենաներում: Ի սկզբանէ նշւում էր, որ այն պիտի 15 հազար տպաքանակով լոյս տեսնի: Այսօր արդէն «Ճամփորդ»ն իր կայքում յայտնում է, որ ունի օրական առնուազն 50,000 ընթերցող:
Հէնց ստեղծման տարում էլ «Լոյս» հիմնադրամը «Ճամփորդ» շաբաթաթերթին յատկացրել է 35 մլն. դրամ: Հիմնադրամի 2016 թուականի հաշուետուութեան մէջ այդ նուիրատուութիւնը ձեւակերպուած է որպէս աջակցութիւն «Ճամփորդ» հասարակական հիմնադրամին՝ օգնելու եւ առաջնորդելու երիտասարդ լրագրողներին, իրենց առաջին քայլերն անող տպագիր ԶԼՄներին, ինչպէս նաեւ աջակցելու անկախ լրագրութեան եւ քաղաքացիական հասարակութեան զարգացմանը:
2017 թուականին «Լոյս» հիմնադրամը գրեթէ կրկնապատկել է «Ճամփորդ»ի յատկացումը՝ հասցնելով 60 մլն. դրամի, չնայած թերթը տարին փակել է 10 հազար տպաքանակով: Արդէն իսկ լոյս է տեսել «Ճամփորդ»ի 111րդ համարը, որի տպաքանակը 10 հազար օրինակ է:
2014-2015թթ. հիմնադրամը նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիային է յատկացումներ արել: Մասնաւորապէս, 2014թ. 47 մլն. դրամ է յատկացրել «Օգոստոսին Նորվեգիայի Տրոմսէօ քաղաքում անցկացուած համաշխարհային օլիմպիադային մասնակցութեան համար, օլիմպիական եռակի չեմպիոն՝ Հայաստանի շախմատի հաւաքականի մասնակցութեան համար եւ Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացուելիք աշխարհի չեմպիոնի կոչման յաւակնորդների մրցաշարին Լեւոն Արոնեանի մասնակցութեան համար»:
2015 թուականին շախմատի ֆեդերացիայի 10 մլն. դրամ յատկացումը ձեւակերպուած է որպէս ընթացիկ ծրագրերի համար տրամադրուող գումար:
ՍԱՐԳՍԵԱՆԱՄԵՐՁ ԿԱՌՈՅՑՆԵՐԻՆ
2013 եւ 2017 թուականներին հիմնադրամը նաեւ աջակցել է «Այբ» կրթական հիմնադրամին: 2013ին 114 մլն. դրամ է յատկացրել «Այբ կրթական հանգոյց» ծրագրի իրականացման համար: 2017ին 24 մլն. դրամ է յատկացուել Հայաստանի գիտութեան եւ տեխնոլոգիաների (FAST) հիմնադրամ ստեղծելու նպատակով:
2016ին 40 մլն. դրամ յատկացուել է «Յանուն Գիւմրու եւ գիւմրեցիների» զարգացման հասարակական կազմակերպութեանը: Այս կազմակերպութիւնը 2015ին հիմնադրել եւ ղեկավարում է ԱԺ նախկին պատգամաւոր Մարտուն Գրիգորեանը: Նա 2009-20015թթ. եղել է «Բարգաւաճ Հայաստան» կուսակցութեան անդամ:
Մէկ առ մէկ ուսումնասիրելով հիմնադրամից աջակցութիւն ստացողների տուեալները՝ պարզ է դառնում, որ դրանց մեծ մասի հոգաբարձուների խորհրդի կազմում Սերժ Սարգսեանն է կամ նրա տիկին Ռիտա Սարգսեանը: Օրինակ՝ 2015թ. «Արագիլ» վերարտադրողականութեան բժշկութեան ա-ջակցութեան հիմնադրամին 50 մլն. դրամ է յատկացուել, իսկ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի պատուաւոր նախագահը Ռիտա Սարգսեանն է:
«Լոյս» հիմնադրամի բիւջէն գոյացել է տարբեր բարերարների եւ խոշոր, այդ թւում՝ հանքարդիւնաբերական ընկերութիւնների տրամադրած ֆինանսական աջակցութիւնից: Դրանց թւում են եղել ՀԷՑը, պատգամաւոր Սամուէլ Ալեքսանեանի «Ալեքս Գրիգ» ՍՊԸն, Սոթքի ոսկու հանքավայրը շահագործող «Գէոպրոմայնինգ Գոլդ» ՍՊԸն, Ամուլսարը շահագործել ցանկացող նախկին «Գէոթիմ» ՓԲԸն («Լիդիան»ի իրաւանախորդը), Թեղուտի հանքավայրը շահագործող «Վալլեքս գրուպ» ՓԲԸն, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, Կապանի լեռնահարստացման կոմբինատը, «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, բջջային օպերատորները, «Արդշինբանկ»ը, այլ կառոյցներ եւ անհատներ:
Կարդացէք նաեւ՝ ՀԷՑը տասնեակ միլիոնաւոր դոլարներ է փոխանցել «Լոյս» հիմնադրամին։
«ՀԵՏՔ»