ՆՈՒԱՐԴ ՍՈՂՈՄՈՆԵԱՆ
Արցախի պետական համալսարանում օրերս հիւրընկալուել էր Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի աֆրօ-ամերիկեան եւ հաղորդակցութեան ուսումնասիրութիւնների պրոֆեսոր Փօլ Ֆոն Բլումը, որին ներկայացրեց համալսարանի գիտական եւ միջազգային համագործակցութեան գծով պրոռեկտոր Վալերի Աւանեսեանը:
Ցեղասպանագէտը մանկավարժական գործունէութիւնն սկսել է 1968 թուականից Բըրքլիի համալսարանում, իսկ 1980ին տեղափոխուել է Կալիֆորնիայի համալսարան, որն իր մէջ ընդգրկում է 10 համալսարաններ (Լոս Անջելեսում, Սան Ֆրանսիսկոյում, Սան Դիեգոյում եւ այլն), այդ թւում եւ Բըրքլիինը, որն իր գործունէութեամբ յայտնի է աշխարհում: Այստեղ է ստեղծուել ատոմային եւ ջրածնային ռումբը: Բլումը յայտնի է քաղաքացիական իրաւունքների համար շարժմանն իր ներգրաւուածութեամբ եւ «խն-դիրներ է առաջացրել» իր նստացոյցերի եւ բողոքի այլ ակցիաների ընթացքում, որոնք մարտահրաւէր էին Միացեալ Նահանգներում ինստիտուցիոնալ ռասիզմին (կառոյցային ցեղապաշտութիւն-Խմբ.): Նա պարտաւորուած էր զգում կանգնել այն մարդկանց կողքին, ովքեր պայքարում էին փոքրամասնութիւններին առ այսօր տանջող պատմական անարդարութիւնների դէմ: Ֆոն Բլումը հայկական հարցերի մասին սկսել է խօսել դեռեւս 20 տարի առաջ եւ իր ունկնդիրներին խոստացել է հասնել նրան, որ թուրքական ներկայիս կառավարութիւնն ընդունի երիտթուրքերի կողմից իրագործուած ոճիրը: Իսկ 2015թ. հայ իրաւաբանների առջեւ ունեցած իր ելոյթի ժամանակ վերահաստատել է խոստումը. «Թուրքական կառավարութիւնը պիտի հասկանայ, որ ժխտումն անթոյլատրելի է: Ես պարտաւոր եմ շարունակել խօսելու: Ես ազգութեամբ հայ չեմ, բայց ես մարդ եմ, եւ սա ուղղակի հայկական հարց չէ. ընդհակառակը, սա վերաբերում է բոլոր նրանց, ովքեր հոգ են տանում մարդկային պարկեշտութեան մասին»: Տարիների ընթացքում ցեղասպանագէտն առաւել ինտենսիւութեամբ (ուժգնութեամբ-Խմբ.) է սկսել զբաղուել հայկական հարցերով, ներառեալ՝ արցախեան հակամարտութիւնը: Նա սերտ յարաբերութիւններ է հաստատել Ռիչըրտ Յովհաննէսեանի եւ ամերիկահայ այլ գիտնականների հետ՝ Արցախում տեղի ունեցածի մասին առաւել լաւ պատկերացում կազմելու համար: Գիտնական-դասախօսի նպատակը միջազգային հանրութեան ուշադրութիւնը Արցախի հիմնախնդրի վրայ հրաւիրելն է:
Փօլ Ֆոն Բլումը դասախօսութիւնն սկսելուց առաջ յայտնեց իր ուրախութիւնը Արցախում գտ-նուելու առթիւ եւ ներկայացրեց իր հետաքրքրասիրութեան պատմութիւնը: Նա Հոլոքոստից կենդանի մնացած հրեայի ժառանգ է, եւ երբ ընտանիքից միայն ողջ մնացած հայրը եկաւ Ամերիկա, վերջինս հասկացաւ, որ ռասիզմն է պատասխանատու այն բոլոր գործողութիւնների համար, որ կատարուել եւ կատարւում են մարդկութեան հանդէպ: Փօլը 12-13 տարեկան երեխայ էր, երբ լսեց Հայոց Ցեղասպանութեան մասին, եւ 51 տարի է, որ խօսում եւ դասախօսում է հայերի սպանդի վերաբերեալ: Ինքը միշտ պայքարել է յանուն մարդու իրաւունքների, որի համար մի քանի անգամ բանտարկուել է: Նա ասաց, որ մինչեւ այսօր էլ ԱՄՆում կան սոցիալական խնդիրներ, անհաւասարութիւն, կանանց նկատմամբ խտրականութիւն, ռասիզմ: Նա իր ուսանողներին ոգեշնչում է, որպէսզի յետագայում հանդէս գան որպէս մարդու իրաւունքների պաշտպաններ, որպէսզի նպաստեն աշխարհում կեանքը գրաւիչ դարձնելուն:
«Արցախցիներն ապրում են ո՛չ պատերազմի, ո՛չ խաղաղութեան պայմաններում, զինուորները վտանգում են իրենց կեանքը խաղաղութիւն պահպանելու համար, իսկ երիտասարդները, կրթուելով, պատասխանատու են դառնում երկրի ապագայի համար», ասաց պրոֆեսորը, ապա խօսեց Արցախում իր անելիքների եւ Հայաստանի հետ կապուած պլանների մասին: Խնդիրներից մէկն էլ նրանում է, որ նրա այն ուսանողները, ովքեր չեն լսել ցեղասպանութեան մասին, տեղեկացուեն: Նրա բոլոր գործընկերները Հայաստանի մասին գիտեն, բայց տեղեկացուած չեն Արցախի եւ նրա պայքարի մասին: Ինքը պարտաւորուած է զգում գալ, աւելացնել իր գիտելիքները, քարոզել, որ վաղն իր ուսանողները եւս պայքարեն Արցախի միջազգային ճանաչման, խաղաղութեան համար:
Մեր այն հարցին, թէ որքանո՞վ է տեղեկացուած Ադրբեջանի՝ Սումգայիթում եւ Արցախում կատարած ոճրագործութիւնների, անձի իրաւունքի խախտումների մասին, պրոֆեսորը պատասխանեց, որ ինքը գիտի՝ 1915թ.ից յետոյ ջարդերը կրել են պարբերական բնոյթ, բայց Արցախում կատարուածի մասին պատկերացումն ամբողջական չէ, եւ ինքն այստեղ է սովորելու, իր իմացածը լրացնելու համար: Ապա աւելացրեց, որ շատ լաւ տեղեկացուած է 2016ի ապրիլեան քառօրեայ պատերազմի մասին, տեղեկացուած է հայ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի վարած խտրական քաղաքականութեան, սահմանում տեղի ունեցող իրադարձութիւնների մասին եւ իր պարտականութիւնն է համարում բարձրաձայնել մարդկութեան հանդէպ կատարուող յանցագործութիւնների մասին: Պրոֆեսորն ասաց. «Շատ վատ է, որ միջազգային մակարդակով Ադրբեջանը պատասխանատուութիւն չի կրում»:
«Ո՞րն է Ֆոն Բլումի կարծիքը, որ Իսրայէլում մերթ ընդ մերթ խօսւում է Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին՝ որպէս ճնշում, որպէս գործիք Թուրքիայի դէմ»՝ հարցին, դասախօսը պատասխանեց. «Սարսափելի է, որ Իսրայէլի խորհրդարանն առայսօր չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, սարսափելի է, որ ժողովուրդը, որը տառապել-անցել է Հոլոքոստի միջով, առ այսօր չի ճանաչել, չի դատապարտել այլ ժողովրդի անցած նման ուղին: Առաւել սարսափելի է, որ Միացեալ Նահանգներն առ այսօր չի ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը, որպէսզի չսրի իր յարաբերութիւնները Թուրքիայի հետ: Պէտք է գործել, ելնելով բարոյականութեան սկզբունքներից: Ցեղասպանութիւնը ժխտելը նշանակում է ժխտել ձգողականութեան ուժի կամ կլիմայական փոփոխութիւնների առկայութիւնը: Ես լսել եմ կարծիք, թէ դա անցեալ է, բայց՝ ոչ, մենք ապրում ենք անցեալով, մենք անցեալի մաս ենք կազմում, ես որպէս Հոլոքոստ ապրածի երկրորդ սերունդ, չեմ կարող ազատուել իմ անցեալից, եւ ես ասում եմ՝ մենք բոլորս պիտի յիշենք եւ անցեալի մաս կազմենք: Ես ուզում եմ, որպէսզի գիտակից բոլոր ազգերը սրեն իրենց յարաբերութիւնները Թուրքիայի հետ: Անընդունելի է եւ տարօրինակ է Թուրքիայի՝ 103 տարուայ վարած ժխտողական քաղաքականութիւնը, եւ այն դէմ է մարդկային իրաւունքների պահպանման բոլոր նորմերին: Էրդողանի կառավարութիւնը, իմ կարծիքով, չպիտի գոյատեւի», եզրակացրեց պրոֆեսորը՝ յաւելելով, որ մի թուրք ուսանող բողոքել է իր դէմ, որ դասախօսութիւնների ժամանակ անընդհատ խօսում է հայերի ու Հայոց Ցեղասպանութեան մասին, բայց ինքն իր ասելիքի մէջ հաստատակամ է եւ կը շարունակի քարոզել՝ արհամարհելով Ադրբեջանի «սեւ ցուցակում» յայտնուելու վտանգը:
Հարցին, թէ ինչպէ՞ս է գնահատում այսօր Հայաստանում տեղի ունեցող իրադարձութիւնները, պատասխանեց, որ ինքը հետեւում էր այն զարգացումներին, որ տեղի էին ունենում Հայաստանում յեղափոխութեան օրերին, ու հպարտ է, որ հայերը կարողացան իշխանափոխութիւն կատարել առանց զոհերի, եւ դա ամբողջ աշխարհի համար պէտք է ներշնչող լինի:
Պրոֆեսորը յայտարարեց, որ ցանկացողները կարող են համացանցով ծանօթանալ իր յօդուածներին, աշխատութիւններին, գրքերին, կարող են իրեն հարցեր ուղղել եւ ստանալ պատասխաններ, մանաւանդ որ ինքը գրում է հասկանալի եւ մատչելի լեզուով:
Ուսանողները երախտագիտութիւն յայտնեցին ե՛ւ դասախօսութեան, ե՛ւ այն բանի համար, որ Փօլ Ֆոն Բլումն ուսումնասիրում է Հայոց պատմութիւնը, ցեղասպանութիւնն՝ ընդհանրապէս: