Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Մայիս 28ն Իբրեւ Փորձաքար

$
0
0

vem

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ «ՎԷՄ»Ի

 

Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի ոգեկոչման արարողութիւնները խոստանում են դառնալ այն իւրայատուկ «լակմուսի թուղթը», որն առարկայօրէն ի ցոյց է դնելու ոչ միայն պետականութեան գաղափարի հանդէպ իւրաքանչիւրիս յարգանքի աստիճանը, այլեւ մեր ներկայ հանրապետութեան ինքնուրոյնութեան եւ ինքնիշխանութեան չափը:

Թէեւ մեր երկրի 1991ի վերանկախացումից յետոյ Հայաստանի Հանրապետութեան 1918-1920թթ. պատմութիւնը դուրս է բերուել քաղաքական արգելանքի դաշտից, այնուամենայնիւ, նրա հանդէպ վերաբերմունքը այդպէս էլ չի հասել ո՛չ ազգային-պետական մտածողութեան իմաստնութեանը եւ ոչ էլ գիտութեան ժամանակակից պահանջների բարձրութեանը: Եւ այդ առումով, որքան էլ դա տարօրինակ է, մենք այսօր հետ ենք մնում մեր բոլոր հարեւաներից: Ադրբեջանում 2018 թուականը հռչակուել է այսպէս կոչուած՝ «Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետութեան» տարի, իսկ Վրաստանում նոյն իրադարձութիւնը նշւում է իբրեւ Անկախութեան օր: Մինչդեռ մեզանում Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի ոգեկոչման գործընթացն ընթանալու է «Սարդարապատից՝ պետականութեան վերականգնում» պարզունակ ու հատուածական կարգախօսի ներքոյ:

vem3 Յայտնի է, որ Հայաստանի Հանրապետութիւնը 1918-1920թթ. մեր տարածաշրջանում միջազգային իրաւունքի լիարժէք սուբյեկտ դառնալու միակ յաւակնորդն էր: Ի տարբերութիւն այսպէս կոչուած «Ռուսական գործի» մասերը դիտուող Ադրբեջանի ու Վրաստանի, նա՝ որպէս Արեւմտեան Հայաստանի իրաւատէր, համարւում էր քաղաքացիական կռիւների մէջ ներքաշուած Ռուսաստանից դուրս տարածքներ ունեցող, ուրեմն եւ լիարժէք անկախացմանը պատրաստ երկիր: Մինչդեռ առաջիկայ տօնակատարութիւնների համար ընտրուած՝ «Սարդարապատից՝ պետականութեան վերականգնում» կարգախօսը Հայոց պետականութեան վերականգնման 100ամեակի քաղաքական իմաստը նոյն հարթութեան վրայ է դնում Երզնկայից մինչեւ Բաքու ձգուած, իսկ այնտեղից էլ դէպի Արցախ շրջուած՝ 1918 թուականի հերոսամարտերից ընդամէնը մէկի հետ: Այս իրողութիւնն առարկայօրէն ցուցադրում է մի կողմից՝ անկախութեան գաղափարի հանդէպ բաւարար յարգանքի, իսկ միւս կողմից՝ պատմութեան վերաբերեալ vem2հիմնարար գիտելիքների բացակայութիւնը:

«Սարդարապատ»ի նման ընկալումը 1918թ. Մայիսեան «համաժողովրդական պայքար»ի վերաբերեալ խորհրդային շրջանում յօրինուած մտակաղապար է՝ 1960ականների վերջերին թոյլատրուած սահմանափակ հանդիսութիւնների բովում ծնուած խորհրդանիշ: Մինչդեռ, ինչպէս յայտնի է, իրական Սարդարապատը ոչ թէ կասեցրել, այլ սոսկ յետաձգել է Արեւելեան Հայաստանի բռնազաւթման թուրքական պլանի իրականացումը: Նոր ժամանակների մեր Աւարայրը (Աւետիս Ահարոնեան) եղել է Ղարաքիլիսայի ճակատամարտը, որում կրած պարտութիւնն անգամ յաղթանակի իմաստ է ունեցել: Աւելին, դրանից յետոյ նոյնպէս Արեւելեան Հայաստանի վրայ կախուած վտանգը պահպանուել է եւ եթէ չլինէին 1918թ. ամրան՝ Բաքուի եւ աշնան՝ Արցախի կռիւները, այն անխուսափելիօրէն իրականութիւն կը դառնար: Ուրեմն՝ Միացեալ Հայաստանի համար մեր ժողովրդի մղած կռիւների երկար շարքն է ապահովել նրա մի մասի փրկութիւնը՝ մինչեւ Առաջին Աշխարհամարտի աւարտը թանկագին ժամանակ շահելու միջոցով: Ճիշդ այնպէս, ինչպէս Արցախի համար պայքարն է այսօր ապահովում Զանգեզուրի եւ Երեւանի պաշտպանութիւնը: Հակառակ պարագայում ոչ մի ուժ չէր կարող կասեցնել Սարդարապատից յետոյ Բաթումում կնքուած 1918թ. Յունիսի 4ի պայմանագրով Նորագաւիթում յայտնուած թուրքական բանակի մուտքը Երեւան:

Պատահական չէ նաեւ, որ ՀՀ պետական յանձնաժողովի կողմից հրապարակուած «Հայաստանի Հանրապետութեան եւ Մայիսեան հերոսամարտերի 100ամեակին նուիրուած ուղերձ» վերտառութեամբ 6 էջանոց փաստաթղթում առկայ փաստական սխալներն անցնում են մէկ տասնեակը, ինչը մեզանում պատմագիտութեան ասպարէզում տիրող խայտառակ վիճակի հերթական ապացոյցն է:

Վճռականօրէն սահմանազատուելով Սարդարապատի հերոսամարտը փառաբանելու միջոցով Մայիս 28ը «չապաեւեան էպոպէայի» վերածելու բոլշեւիկախառն փորձերից՝ միեւնոյն ժամանակ յանուն արդարութեան պէտք է խոստովանենք, որ դրանցում անմեղսունակութեան աստիճանի հասնող անտեղեակութիւնը գերակայ է քաղաքական նկրտումների հանդէպ, որովհետեւ հեռուն տանող նպատակներ հետապնդելու համար նոյնպէս պէտք է գիտելիքներ ունենալ: Յաւակնելով հայ ազգի ինքնակազմակերպման բարձրագոյն մակարդակին՝ ներկայ Հայաստանը՝ որպէս պետութիւն, պարզապէս չի կարող անտեսել Մայիս 28ի նման համազգային տօնը, ուրեմն դեռեւս բաւարար ժամանակ ունի իր կիսախորհրդային պատկերացումների պատմուճանից դուրս գալու համար:

Այդ պատճառով ստիպուած ենք բացատրել, որ անկախ պետականութեան անանց արժէքը երբեք նոյն նժարի վրայ չի դրւում նրա ձեռքբերման համար պայքարի հանգրուաններից մէկի հետ, որքան էլ հերոսական լինի այն: Այստեղ նպատակը միջոցից տարանջատելուն զուգահեռ կարեւոր նշանակութիւն ունի նաեւ անցեալի ճշգրիտ գնահատականը սեփական ինքնագնահատականի ելակէտ դարձնելու խնդիրը: Աւելին, անցեալի հանդէպ վերաբերմունք ունենալու իրաւունքը չպէտք է շփոթել անցեալի «ընտրութեան իրաւունքի» հետ: Իրենց յարգող ազգերը սեփական անցեալը չեն ընտրում, որովհետեւ նա մէկն է բոլորի համար:

Հայաստանում Մայիս 28ի հանդէպ առկայ նման պարզունակ վերաբերմունքի պատճառը նաեւ այն է, որ անցած հարիւրամեակի ընթացքում մեզանում ստեղծուած իբր թէ գիտական գրականութեան մէջ Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը այդպէս էլ դուրս չի եկել փոխադարձաբար միմեանց բացասող քաղաքական գնահատականների ոսպնեակից եւ իր տեղը գրաւել պատմութեան գիտական ընկալման տիրոյթում՝ պատմագիտութեան մէջ. պարզապէս 1991ի վերանկախացումից յետոյ տեղի է ունեցել մասնակի փոխատեղում, այսինքն՝ եթէ խորհրդային շրջանում «Դաշնակցական Հայաստան» որակուած գիտական առումով անհասկանալի կազմաւորումն էր արժանանում բացասական բնոյթի քաղաքական գնահատականների, ապա 1991 թուականից յետոյ քննադատութեան թիրախում յայտնուեցին իրենց հակապետական գործունէութեան միջոցով նրա կործանմանը նպաստած հայ բոլշեւիկները, իսկ վերջին շրջանում զգուշօրէն, սողացող ձեւով սկսեց մեղմուել նաեւ այդ քննադատութիւնը:

vem1

Ուրեմն բացասական գնահատականների մասնակի փոխարինումը դրականով փոխել է միայն պատմական փաստի գնահատման քաղաքական դիտանկիւնը, մինչդեռ պատմագիտութեան համար ելակետային նշանակութիւն ունի ոչ թէ այսօր գոյութիւն չունեցող իրականութեան փաստերի՝ քաղաքական կոնիւնկտուրայից (հանդիպութեան-Խմբ.) բխող վերաշարադրումը, այլ նախ եւ առաջ այն հարցի յստակեցումը, թէ որքանով էր Հայաստանի Հանրապետութեան ձեւաւորումն ու զարգացումը դէտերմինացուած (սահմանուած-Խմբ.) որպէս պատմական անհրաժեշտութիւն մի կողմից՝ համաշխարհային պատմութեան ժամանակագրական ուղղահայեացի, իսկ միւս կողմից՝ 1917ին փլուզուած Ռուսաստանեան կայսրութեան այլ պետական կազմաւորումների հետ համեմատութեան, այսինքն՝ իրադարձութիւնների զարգացման համաժամանակեայ հարթութեան վրայ: Քանի դեռ մենք չունենք մեր անցեալի համաշխարհային-պատմական ընկալման զոյգ յենասիւների վրայ հիմնուած որոշակի հայեցակարգ, Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնը սոսկ հաճելի կամ տհաճ փաստերի երկու կոյտ է, որոնցից օգտուելու ներկայ գործընթացն առաջնորդւում է ատելութեան հանդէպ սիրոյ չափաբաժնի գերակայութեամբ:

Անշուշտ, «երախտապարտ» ենք, որ այժմ Հայաստանի Հանրապետութեան արժեհամակարգը կրողներին աւելի շատ «սիրում են», քան ատում, բայց որպէս գիտնական պարտաւոր ենք արձանագրել, որ դեռեւս մեծն Տակիտոսի կողմից մերժուած՝ ատելութեան կամ սիրոյ վրայ հիմնուող մօտեցումները որեւէ կապ չունեն ճշմարիտ գիտութեան հետ: Գիտնական պատմաբանը՝ պատմագէտը, առաջնորդւում է ոչ թէ պատմական փաստերի մեխանիկական կրկնութեան միջոցով ներկայի անցեալացման մտասեւեռումով, այլ անցեալի մարդուն հասկանալու եւ նրա կողմից սերունդների երկխօսութեան սեղանին դրուած պատմութեան գաղափարն ըմբռնելու ցանկութեամբ:

Աւելին, ներկայի անցեալացմանը զուգահեռ՝ մեզանում նկատւում է նաեւ Մայիս 28ի նման առանցքային իրադարձութեան գնահատականը պետութեան ընթացիկ-քաղաքական «պահանջմունքներին» համապատասխանեցնելու միտումը: Իսկ դրա համար սկզբունքօրէն որեւէ նշանակութիւն չունի այս կամ այն տօնակատարութեան իմաստն ու նշանակութիւնը: Կարեւորն այն է, որ լինեն հանդիսաւոր նիստեր, բաժակաճառեր յիշեցնող ելոյթներով ուղեկցուող «ակադեմիական գիտաժողովներ» եւ, իհարկէ, առատութեան եղջիւրից թափուող մեդալներ:

Ստացւում է, որ մենք այսօր գործ ունենք «գիտական» արխաիզմի ու պաշտօնական «մոդեռնիզմի» (արդիապաշտութեան-Խմբ.) զոյգ ծայրայեղութիւնների տեսքով դրսեւորուող մի բրօունեան շարժման հետ, որի փոխբացասող ազդակները Հայաստանի պետական հաստատութիւնների մեծածախս նախապատրաստութիւնները վերածում են կատարեալ քաոսի: Որովհետեւ մի կողմից՝ իսկապէս առկայ է Մայիս 28ին ընդառաջ ինչ-որ բան անելու ցանկութիւն, միւս կողմից՝ բացակայում է տօնակատարութեան իմաստի ու նշանակութեան ըմբռնումը:

Դրան գումարւում է նաեւ այն իրողութիւնը, որ մեզանում այսօր էլ պահպանւում են մի կողմից՝ խորհրդային շրջանում, իսկ միւս կողմից էլ՝ Սփիւռքում ձեւաւորուած՝ տօնակատարութիւնների ստանդարտ օրակարգերը: Մինչդեռ մենք արդէն քառորդ դար պետական օրակարգով ապրող ազգ ենք, որը պարտաւոր է միաձուլել դրանք՝ իրենց պետական ձեւի ու ազգային բովանդակութեան մէջ: Առաջինը ենթադրում է, որ պետութիւնն ինքը պէտք է բոլորիս հրաւիրի իր 100ամեակը նշելու հանդիսութեանը, իսկ երկրորդը պահանջում է, որ առաջիկայ տօնակատարութիւնների գաղափարական բովանդակութիւնը արտացոլի Մայիս 28ի քաղաքական խորհրդին տէր կանգնելու յանձնառութիւնը:

Եւ այս զոյգ անհրաժեշտութիւնների գիտակցման պարագայում բացայայտւում է այն տխուր իրողութիւնը, որ Մայիս 28ին ընդառաջ կատարուող քայլերն արտացոլում են մեր ներկայ պետական կեցութեան եւ ազգի պատմական յիշողութեան անհամապատասխանութեան փաստը: Հայաստանում այսօր փաստօրէն առկայ են Մայիս 28ի իմաստի ու նշանակութեան միանգամից մի քանի ընկալումներ, որոնք արտացոլում են պետական պաշտօնէութեան, դէպի ուժի արտաքին կենտրոնները կողմնորոշուած քաղաքական խմբերի, ինչպէս նաեւ այդ միջոցառումներն իբրեւ «ինտելեկտուալ տուրիզմով» (մտաւորական զբօսաշրջութիւն-Խմբ.) զբաղուելու առիթ դիտարկող գիտնականների տրամադրութիւնները: Մինչդեռ Հայաստանի Հանրապետութեան 100ամեակը յարմարագոյն առիթ է՝ մեր անցեալի շուրջ ծաւալուող բանավէճերն ու քննարկումները «Հազար ու մի գիշերուայ» մղձաւանջի վերածելու փոխարէն՝ մի պահ արժանապատուօրէն կանգ առնելու եւ ստեղծուած իրավիճակը յաղթահարելու մասին մտածելու համար:

Մայիս 28ի շուրջ մեզանում բախուող ազդակների համադրումն ու յաղթահարումն աւելի բարդ գործ է, քան սեփական ընդդիմախօսի հանդէպ «փայլուն յաղթանակը», որովհետեւ պահանջում է յաղթել ոչ թէ դիմացինին, այլ ինքն իրեն: Իսկ դրա համար պարտաւոր ենք առաջնորդուել այն յստակ համոզմունքով, որ հայ ազգի բոլոր զաւակների համար, որտեղ էլ նրանք բնակուեն, 2018 թուականի Մայիս 28ը Հայոց պետականութեան վերականգնման 100ամեակն է, որը, ի տարբերութիւն նախորդ միապետութիւնների, իբրեւ հանրապետական վարչակարգ իրենով խորհրդանշում է ոչ միայն մեր անկախութեան, այլեւ ազատութեան օրը: Աւելին, Մայիս 28ը եղել ու մնում է ոչ միայն ազատ ու անկախ, այլեւ Միացեալ Հայաստանի առարկայական խորհրդանիշը:

Ուստի Հայաստանի Հանրապետութեան 100ամեակն այն հանդիսաւոր պահն է, երբ տարածաշրջանում արձանագրուող հիմնարար յեղաբեկումները հրամայաբար պահանջում են նրանով իմաստաւորուող հայոց պատմութեան գաղափարը փոխակերպել մեզ դէպի ապագայ առաջնորդող ազգային գաղափարի:

Ուրեմն՝

Ա. 2018թ. Մայիս 28ին Հայաստանը որպէս պետութիւն պարտաւոր է ողջ աշխարհին յիշեցնել, որ ինքը, 1918 թուականին վերանկախանալով իբրեւ 1878 թուականից միջազգային դիւանագիտութեան օրակարգ մտած Հայկական հարցի իրաւատէր, շարունակում է պահպանել նրա բուն առարկայի՝ Արեւմտեան Հայաստանի հանդէպ իր իրաւունքները: Իսկ դրա համար 2018 թուականի Մայիսի 28ից մինչեւ 2019 Մայիսի 28ը հարկաւոր է հռչակել Հայաստանի Հանրապետութեան միամեակ:

Բ. Այդ նպատակով ժամանակին խորհրդային շրջանում կամ Սփիւռքում կազմակերպուած ստանդարտ տօնակատարութիւնները կրկնելու փոխարէն մենք պարտաւոր ենք վերադառնալ մեր ակունքներին՝ Հայաստանի Հանրապետութեան կողմից ժամանակին որդեգրուած, բայց խորհրդային ու սփիւռքեան իրողութիւնների պայմաններում մոռացուած արարողակարգերին, մասնաւորապէս 1919 թուականի Մայիսի 28ին նշուած ՀՀ առաջին տարեդարձի հանդիսութիւնների ազգային բովանդակութեանը:

Գ. Համապատասխան տեղեկատուական դաշտի ձեւաւորման պարագայում դա հնարաւորութիւն կը տայ ապահովել Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի ոգեկոչման արարողութիւնների քաղաքական բովանդակութեան ճշգրիտ ընկալումը միջազգային հանրութեան կողմից, որի առանցքում պէտք է դրուած լինի Սան Ռեմօ-Սեւր-Վ. Վիլսոնի Իրաւարար վճիռ շղթայում ամրագրուած՝ Արեւմտեան Հայաստանի իրաւատիրոջ իրաւունքների անժամանցելիութեան գաղափարը:

Դ. Իսկ մեր երկրի ներսում պարտաւոր ենք ցուցահանդէսների, հաղորդումների, դասախօսութիւնների եւ գիտաժողովների միջոցով Հայաստանի Հանրապետութեան հիմնադիր հայրերի անանց գաղափարաքաղաքական ժառանգութիւնը դնել անկախութեան ներկայ սերնդի առջեւ ու ապահովել յաջորդական սերունդների այնպիսի երկխօսութիւն, որում առաջինի ապրած կեանքի գրքային պատմութիւնը մեր աչքերի առջեւ նորից փոխակերպուի երկրորդի կենդանի յիշողութեան:

Ե. Դրա համար հարկաւոր է սերունդների յիշողութեան շղթայի վերականգնման միջոցով գտնել արտաքուստ միայն նեղ-գիտական թուացող այն այժմէական եւ սուր հարցերի պատասխանները, որոնք վաղն անպայման նորից կանգնելու են ներկայ անկախ Հայաստանի երիտասարդ քաղաքացիների առջեւ: Դրանց համառօտ թուարկումն անգամ անհրաժեշտ ու պարտադիր է դարձնում մի այնպիսի գիտաժողով-քննարկումի կազմակերպումը, որը, վերածուելով սերունդների երկխօսութեան հարթակի, ՀՀ ձեւաւորման, երկուսուկէս տարուայ գոյութեան եւ անկման պատճառների բացայայտումով ցոյց կը տայ, որ դրանց հիմքում ընկած խորքային օրինաչափութիւններն ու մարտահրաւէրները ներկայ են նաեւ մերօրեայ Հայաստանում ու նրա շուրջը:

1918-1920 թուականների Հայաստանի Հանրապետութեան պատմութիւնն այն պարզ հայելին է, որի վրայ մէկ առ մէկ երեւում են մեր ներկայ՝ թուով երկրորդ անկախ պետութեան առջեւ ծառացած բոլոր մեծ ու փոքր մարտահրաւէրները, որոնց յաղթահարման պարագայում միայն մենք կը դառնանք համաշխարհային հանրութեան լիարժէք մասնիկը: Ուրեմն մեզ համար 1918-1920 թուականների Հայաստանի Հանրապետութիւնը ոչ թէ անցեալ է, այլ մեզանից բռնութեամբ խլուած ապագայ: 199ին մենք այդ ապագան վերածել ենք սոսկ տարտամ ու անորոշ ներկայի: Ուստի լիարժէքօրէն անկախ Հայաստանի տեսլականի հանդէպ մեր պահանջատիրական կեցուածքը խոստանում է դառնալ ազգի ու պետութեան կենսունակութեան վկայութիւնը:

Պատմութեան, յիշողութեան ու արդիականութեան մշտանորոգ սահմանագծին գտնուող Հայաստանի Հանրապետութեան 100ամեակը պատշաճ կերպով ոգեկոչելու առաջադրանքը ոչ միայն Հայոց պետականութեան հասունութեան փորձաքարն է, այլեւ ողջ հայ ազգի խաթարուած քաղաքական ինքնագնահատականի վերականգնման մեկնակէտը:

 

 


 

ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ

 

 

St. Vincent Jewelry Center

650 S. Hill Street In DTLA

213-629-2124

www.dtlaglam.com

Twitter: @SVJewelryCenter

Instagram: StVincentJewelryCenter

Facebook: SVJewelryCenter 

 

 


 

Because Education Matters

 


 

 

Ի Յիշատակ Վրէժ Կապուտեանի

 

Նուէր Կապուտեան Եւ Զաւակները

 


 

JM՚S CIGARS

www.jmtobacco.com

 


 

Mr. & Mrs. Harout

& Vicky Marashlian

 


 


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles