Image may be NSFW.
Clik here to view.
«ՅԱՌԱՋ»Ի ԽՄԲԱԳՐԱԿԱՆ
Անգլիական պարլամենտում Հայաստանի մասին արուած հարցապնդումին Լլոյդ Ջորջը պատասխանել է մի ընդարձակ ճառով, որի հիմնական մտքերը հետեւեալներն են. նախ՝ Հայաստանն իր անկախութիւնը պաշտպանելու եւ թուրքական ջարդերից իրեն ապահովելու համար պիտի միմիայն իր սեփական ուժերին ապաւինի, երկրորդ՝ Անգլիան չի կարող միջոցներ ձեռք առնել նախկին Թիւրքիայի զանազան մասերում (ինչպէս օրինակ՝ Կիլիկիայում) կատարուող հայկական ջարդերի դէմ, որովհետեւ Անգլիան չի կարող ստանձնել աշխարհի ոստիկանութեան դերը:
Որքան է արդարացի իր յայտարարութիւնների մէջ Լլոյդ Ջորջը:
«Գալով Երեւանի Հանրապետութեան, նրա անկախութեան պաշտպանութիւնը միանգամայն կախուած է հայերից: Հայերը պէտք է սովորեն իրենք իրենց վստահել: Եթէ ուզում են, որ մենք օգնենք նրանց իրենց բանակը հագցնելու եւ սպառազինելու մէջ, ուրախութեամբ կ՛աջակցենք: Եթէ ուզում են, որ սպաներ տանք իրենց բանակը մարզելու համար, կատարելապէս վստահ եմ, որ Եւրոպայի մէջ չկայ մի տէրութիւն, որ այդ տեսակէտով նրանց օգնել չուզենար: Այդ լաւագոյն բանն է իրենց համար, դա պիտի բազմապատկէ իրենց ինքնավստահութիւնը, պիտի դարձնէ նրանց աւելի առնական եւ աւելի կենսունակ: Փոխանակ միշտ իրենց աչքերը դարձնելու ուրիշ երկիրները եւ պաղատանքներ ու կոչեր ուղարկելու, թող իրենք իրենց պաշտպանեն», ասել է Լլոյդ Ջորջը:
Առաջին անգամը չէ, որ հայ ժողովրդի երեսին նետւում է այն մեղադրանքը, որ նա իր անկախութիւնը ստացել է ուրիշներից եւ նրա պաշտպանութիւնն էլ ակնկալում է ուրիշներից: Եւ առաջին անգամը չէ, որ մենք պիտի կրկնենք, որ հայ ժողովուրդն իր անկախութիւնը ձեռք է բերել իր անթիւ լաւագոյն զաւակների արեան գնով եւ պաշտպանել ու պաշտպանում է այդ անկախութիւնը իր ճիգերի գերագոյն լարումով:
1917 թուի Յունուար ամսից սկսած՝ երբ ռուսական զօրքերը հեռացան Կովկասից, մինչեւ 1918 թուի Դեկտեմբեր ամիսը, երբ զինադադարից յետոյ դաշնակիցները երեւացին Անդրկովկասում, հայ ժողովուրդը մեն-մենակ է ճակատել թշնամու դէմ, առանց մի օգնութեան ոչ իր մօտիկ հարեւանների եւ ոչ էլ հեռաւոր դաշնակիցների կողմից: Չենք կարծում, որ հայ ժողովրդին հասցրած օգնութիւն համարուի 1918 թուի Օգոստոսին Բագու ժամանած անգլիական փոքրաթիւ զօրամասը, որի հրամանատարը՝ Դանստերվիլը, յետագայում պաշտօնանկ եղաւ Բագուի ճակատը լքելու համար: Եւ այն օրերում, երբ հայ ժողովուրդը չորս կողմից օղակուած էր թշնամիներով եւ այսօր էլ, ո՛չ մի դաշնակից զինուորի հրացան չի պայթել Հայաստանի սահմանների պաշտպանութեան համար, մինչդեռ հայ կամաւորների արիւնը առատօրէն հոսեց դաշնակից դրօշակների տակ ե՛ւ Պաղեստինում, ե՛ւ Դարդանելում, ե՛ւ ֆրանսիական ճակատում:
Image may be NSFW.
Clik here to view. Հայ ժողովուրդը վտանգի ժամին ստիպուած է եղել ապաւինել միայն ի՛ր իրօք առնական բանակին, որը եւրոպական մարզիչ սպաների կարիք չունի, որովհետեւ հայկական բանակի սպաներն ու հրամանատարները ցոյց են տուել, որ ոչ միայն գիտեն մարզել այդ բանակը, այլեւ վարել նրան պատերազմի դաշտում:
Իսկ այն աջակցութիւնը մեր բանակի «սպառազինման եւ հանդերձանքին», որ «ուրախութեամբ» խոստանում էր Անգլիայի նախարարապետը, մենք մինչեւ այժմ չտեսանք: Ընդհակառակը, մեր երկրի ամենամեծ ամրութիւնը՝ Կարսը մեզ յանձնելուց առաջ եւ յանձնելուց էլ յետոյ, անգլիական հրամանատարութիւնը ամենայն հոգատարութեամբ դէպի հայ ժողովրդի ինքնապաշտպանութեան գործը դուրս հանեց Կարսից այն թնդանօթները եւ ռազմամթերքը, որի պակասի մասին խօսում է Լլոյդ Ջորջը: Իսկ դրա փոխարէն մենք գիտենք, թէ ամէն անգամ, ինչ դժուարութիւններ է յարուցւում Բաթումում անգլիական հրամանատարութեան կողմից, երբ դաշնակից այս կամ այն երկրից Հայաստան է մուծւում այս կամ այն մթերքը: Պահանջ է դրւում, որ անշուշտ արդարութեան եւ հաւասարութեան սկզբունքը պահպանելու համար Հայաստան ուղարկուող կարեւոր մթերքները կիսուեն Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Եւ հեշտութեամբ անտեսւում է նոյն «Հաւասարութեան եւ արդարութեան» սկզբունքը, երբ դաշնակիցների քթի տակ Ադրբեջանը ձեռք է բերում ե՛ւ հարիւրաւոր թնդանօթներ, ե՛ւ տասնեակ հազարաւոր հրացաններ, ե՛ւ հարիւրաւոր միլիոններով փամփուշտ, ե՛ւ սաւառնակներ, ե՛ւ նոյնիսկ տանկեր: Այս բոլորից յետոյ հայ ժողովուրդը իրօք պիտի շատ աւելի մեծ առնականութիւն ունենայ, քան ենթադրում է Լլոյդ Ջորջը, որպէսզի կարողանայ պայքարել իր ազատութեան եւ անկախութեան համար: Բայց նա պայքարում է եւ դեռ կը պայքարի:
Արդարութիւնը չեն մուրում, արդարութիւնը պահանջում են: Եւ հայ ժողովուրդը իրաւունք ունի իր բաժին արդարութիւնը պահանջելու: Հայ ժողովուրդը չի խնդրում, որ օտարները գան պաշտպանելու նրա անկախութիւնը: Բայց հայ ժողովուրդը իրաւունք ունի սպասելու, որ դաշնակից պետութիւնների թշնամիներից մէկի վերաբերմամբ կիրառուի հատուցման այն չափը, որը կիրառուել է միւսների վերաբերմամբ: Մեր խօսքը Թուրքիայի մասին է:
Ճիշդ է, Բելգիան, Սերբիան եւ Ռումանիան իբրեւ դաշնակիցներ՝ յաղթող դուրս եկան այս պատերազմից: Բայց իբրեւ կռուող կողմեր՝ առանձին-առանձին վերցրած, նրանք պարտուած էին եւ զրկուած նոյնիսկ իրենց տերիտորիաներից: Եւ եթէ չլինէր գլխաւոր յաղթող դաշնակիցների կողմից դրուած վճռական պահանջը եւ ցոյց տուած բռունցքը, գերմանացիները չէին պարպի այդ երկիրները: Եւ ո՛չ յաղթող Բելգիան, ո՛չ Ռումանիան, ո՛չ Սերբիան իրենց սեփական ուժերով չէին կարող դուրս քշել գերմանացիներին իրենց երկրներից: Նոյնը պահանջում է հայ ժողովուրդը, որ նրան պատկանող հայրենիքը պարպուի թուրքերից եւ յանձնուի իրեն:
Հաշտութեան պայմանագիրը Բելգիայի վերաբերմամբ նախատեսել էր ոչ միայն բելգիական աւերուած քաղաքները վերականգնել Գերմանիայի հաշուով, այլ նաեւ վերադարձնել Բելգիային այն ամէնը, ինչ գերմանացիք տարել էին, սկսած Լուվենի գրադարանի գրքերից, վերջացրած բելգիական գիւղացիների հաւերով: Եւ մի երկու շաբաթ առաջ ռադիօն հաղորդեց, որ Բելգիան իր հաւերը ստացաւ:
Գալով հայկական նոր ջարդերի հնարաւորութեանը, ի պատասխան իռլանդացի պատգամաւոր Օքոնորի առարկութեանը, որ «ջարդերը արգելելը մեր (Անգլիայի) մեծագոյն պարտականութիւնն է», Լլոյդ Ջորջը պատասխանել է, որ Անգլիան իրօք որոշ չափով պատասխանատուութիւն ունի, սակայն «իրապէս չի կարող աշխարհի ոստիկանութիւնն ստանձնել», մանաւանդ, որ հայերի ապահովութեան հոգսը «բաւական մեծ գումար» է նստել Անգլիայի գանձարանին:
Այս յայտարարութիւնը նորութիւն չէ հայ ժողովրդի համար: Մենք գիտենք, որ մի ուրիշ նախարարապետ մի ուրիշ առթիւ կշեռքի մի թաթի վրայ էր դրել մի պրուսական զինուորի ոսկորներ, իսկ միւս թաթի վրայ ամբողջ հայ ժողովուրդը, մենք գիտենք, որ վերջին ջարդերի ժամանակ Կիլիկիայում ֆրանսական հրամանատարութիւնը սպառնացել էր ամէն մի սպանուած ֆրանսական զինուորի համար գնդակահարել երկու թուրք, մոռանալով յիշատակել այդ հրամանի մէջ, որ հայ կանանց ու երեխաներին սպաննելը նոյնպէս արգելւում է, եւ վերջապէս այժմ մեզ գալիս են ասելու, որ աշխարհի բարքը չափող կշեռքի մի թաթի վրայ դրուած է տասնեակ հազարաւոր հայ զոհերի արիւնը, իսկ միւս թաթի վրայ մի հատիկ անգլիական ոսկի: Եւ ոսկին անշուշտ աւելի ծանր է կշռում:
Եւ չարաչար սխալւում է հարցապնդման հեղինակներից մէկը՝ Ասկուիտը ասելով, որ «1915թ. եւ վերջին ջարդերի կրկնութիւնը արգելելը պահանջում է Եւրոպայի քրիստոնեայ կառավարութիւնների պատիւն ու խիղճը»:
Մեծ պետութիւնների համաշխարհային քաղաքականութիւն վարող նախարարապետները յիշում էին Եւրոպայի «պատուի եւ խղճի» մասին այն ժամանակ, երբ թողնում էին նախարարի պորտֆելը եւ դառնում սոսկ ընդդիմադիր պատգամաւոր:
Ահա՛ թէ ինչո՛ւ փոքր մորթոտուող ազգերը չեն հաւատում այլեւս այդ պատուին ու խղճին:
25 Ապրիլ 1920թ.
ԱՅՍ ԹԻՒԻ ՀՈՎԱՆԱՒՈՐՆԵՐԷՆ
Primex
Laboratories
Mr. & Mrs. Neshan
& Roubina Peroomian
Սարգիս Եւ Էլիզապէթ Թաթիկեաններ
Mr. & Mrs. Vahe & Aida Yeghiazarian
Crescenta Valley
ARF Zavarian
AYF Zartonk Chapter
AYF Karekin Njdeh
ARS Talin
Homenetmen Shant
Armenian National
Committee
Armenian American
Council on Aging