ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԵՐԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՎԻՃԱԿՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ԴԻԱՐԲԵՔԻՐՈՒՄ ԲՆԱԿՈՒՈՂ ՍԱՍՈՒՆԱՀԱՅԸ
ԿԱՐՕՏ ՍԱՍՈՒՆԵԱՆ
«Խաղաղութեան Գործընթաց» անուամբ յայտնի ժամանակաշրջանում Թուրքիայում բազմաթիւ բարենորոգումներ եղան ժողովրդավարացման ոլորտում: ԵՄն Թուրքիան իր չափանիշներին համապատասխանեցնելու համար փաթեթներ ներկայացնելով՝ բազում բարեփոխումներ իրականացրեց յատկապէս մարդու իրաւունքների բնագաւառում (ձեւացրեցին, թէ անում են այդ բարեփոխումները): Շատ երկար տարիներ ձգուած դադարից յետոյ Թուրքիայի սահմաններում ապրող բազմաթիւ էթնիկական (ցեղային-Խմբ.) ու կրօնական խմբեր, հանգիստ կերպով ինքնաարտայայտուելով, ի վիճակի դարձան ազատօրէն իրենց կրօնական արարողութիւններն անել (իրականում թուրքական իշխանութիւնները գիտակցաբար աչք փակեցին դրանց վրայ): Առաջին անգամ Թուրքիայի խորհրդարանում 3 հայ պատգամաւորներ ընտրուեցին, որոնցից մէկն իշխանական ղեկին գտնուող Արդարութիւն եւ զարգացում կուսակցութիւնից է, միւսը՝ գլխաւոր ընդդիմադիր եղող Ժողովրդահանրապետական կուսակցութիւնից, իսկ վերջինն էլ՝ քրդերի կուսակցութիւնը համարուող Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութիւնից:
Տարբեր կուսակցութիւնների ընտրացուցակներով ոչ-մահմեդական պատգամաւորներ ընտրուեցին: Ստամբուլից հայ պատգամաւոր ընտրուեց (ԱԶԿից Մարգար Եսայեանը), Մարդինից՝ ասորի (ԺԴԿից Էրոլ Դորան), Հաթայից՝ քրիստոնեայ (ԺՀԿից Սելին Սէյեք Բէօքեն), Իզմիրից՝ հայ (ԺՀԿից Սելինա Դողանը), Ստամբուլից եւս հայ պատգամաւոր (ԺԴԿից Կարօ Փայլանը) ընտրուեց: Մի հայ էլ (Էթյեն Մահչուփեանը) Թուրքիայի վարչապետի խորհրդական նշանակուեց:
Այս առումով հայերի համար եւս նշանակալի քայլեր ձեռնարկուեցին: Թոյլ տուեցին հայկական համայնքին ենթակայ անշարժ ու շարժական գոյքը եւ եկեղեցիները վերականգնել. նոյնիսկ որոշ հայկական եկեղեցիներ վերանորոգուեցին: Թոյլատրուեց, որ Վանի Աղթամար կղզում գտնուող Սուրբ Խաչ եկեղեցին վերականգնելով որպէս թանգարան բացուի, եւ այնտեղ տարեկան մէկ անգամ կրօնական արարողութիւն արուի: Դիարբեքիրում գտնուող՝ Մերձաւոր Արեւելքի ամենամեծ եկեղեցին՝ Սուրբ Կիրակոսը, վերանորոգուեց՝ եկեղեցու խորհրդի, սփիւռքահայերի, Կ. Պոլսոյ հայոց պատրիարքարանի եւ, մասամբ էլ, Դիարբեքիրի քաղաքապետարանի աջակցութեամբ: Ոչ-պաշտօնապէս թոյլ տրուեց, որ այստեղ տարեկան մէկ անգամ պատարագ մատուցուի: Որոշ բարենորոգումներ էին սկսուել նաեւ Ստամբուլի հայկական դպրոցներում: Որոշ շրջաններում հայոց լեզուի դասընթաց էր մեկնարկել: Մի քանի նահանգներում հայկական միութիւններ էին հիմնուել:
Սակայն 2015թ. ընտրութիւնների նախօրէին սլաքները հակառակ կողմ ուղղուեցին: ԱԶԿ կուսակցութիւնը ծայրայեղ, ազգայնամոլական արտայայտութիւններով եւ զանազան խարդախութիւններով, մի կերպ շահեց ընտրութիւնները: ԱԶԿն, Ազգայնական շարժում ազգայնամոլ կուսակցութեան հետ միաբանուելով, Սահմանադրութիւնը փոխելով եւ մի սցենարի (բեմագրութեան-Խմբ.) միջոցով յեղաշրջում կազմակերպելով, Թուրքիայում արտակարգ դրութեան ռեժիմ (վարչաձեւ-Խմբ.) սահմանեց: Ղեկավարման այդ ընկալումը կիրառուել էր նաեւ 1915թ. Մեծ Եղեռնի ժամանակ: Անցած հարիւրամեակի ընթացքում ամենաազգայնամոլ եւ ամենաբարբարոս կառավարութիւնը հէնց այս կառավարութիւն է եղել: Դիարբեքիրում, Ջիզրէում, Շըրնաքում եւ Իւքսեքովայում մարդկանց անխղճաբար սպանելով՝ նրանց ողջակիզեցին նկուղներում: Բազմաթիւ զինուորներ ու ոստիկաններ, հայերի վերաբերեալ չափազանց ցեղապաշտական արտայայտութիւններ անելով, սկսեցին իրենց դէմ դուրս եկող ամէն մի անձի ահաբեկել եւ ճնշման տակ պահել:
Այս գործընթացում Դիարբեքիրի Սուր շրջանում գտնուող Սուրբ Կիրակոս եկեղեցին մեծ վնասներ կրեց: Դարձեալ Սուրում գտնուող Սուրբ Սարգիս հայկական եկեղեցին եւ այսօր որպէս մզկիթ օգտագործուող եւ Քուրշունլու անունը կրող Սուրբ Թէոդորոս հայկական եկեղեցին եւս աւերուեցին: Ներկայում Սուր շրջանում գտնուող այդ թաղամասեր մուտքն ու ելքն արգելուած են: Այնինչ, ասորիներին պատկանող Սուրբ Աստուածածին եկեղեցում հնարաւոր է կրօնական արարողութիւններ անել, իսկ հայկական ոչ մի եկեղեցում պատարագ չի մատուցւում: Աւելին, արգելւում է այդ եկեղեցիներ գնալ: Մեզ մօտ բոլոր հին հայկական տները եւ այլ շինութիւններ քանդուած վիճակում են: Այդ աւերումները շարունակւում են: Դիարբեքիրում գտնուող բազմաթիւ պատմական յուշարձաններ հանրայնացուել են եւ զաւթուել պետութեան կողմից: Սուրբ Կիրակոս եկեղեցու պետականացման փորձի պատճառով անգամ դատարան ենք դիմել: Տեղի հայկական վաքըֆը եւ միութիւններն առանձնապէս ուշադրութեան չարժանանալու պատճառով պասիւ վիճակում են մնացել:
Միւս կողմից Թուրքիայի պետութիւնը թոյլ չի տալիս, որ հայերն իրենց ազատ կամքով պատրիարք ընտրեն: Անուղղակի կերպով ճնշումներ են բանեցւում, որպէսզի Ստամբուլում ապրող հայերի ազատ կամքով ընտրուած պատրիարքի տեղապահ Գարեգին Պէքճեանը պատրիարք չդառնայ: Եւ թոյլ չի տրւում պատրիարքի ընտրութիւններ անցկացնել: Պետութիւնը ջանքեր է թափում սրբազան Արամ Աթէշեանին պատրիարք դարձնելու ուղղութեամբ, որին օգտագործում է որպէս խամաճիկ: Այդ պատճառով Արամ Աթէշեանը հրաժարական չի տալիս: Թոյլ չի տրւում պատրիարքի ընտրութիւնների համար ճանապարհ բացել:
Ամփոփելով նշեմ, որ այսօրուայ Թուրքիայի պետութիւնը ձգտում է, իր պէս չմտածող իւրաքանչիւր անձի դէմ ճնշումներ եւ բռնութիւն գործադրելով եւ նրան ահաբեկելով, ոչնչացնել: Հետեւաբար, մենք՝ այստեղ ապրող հայերս, եւս մեծապէս տուժում ենք դրանից: Բազմաթիւ հայ գործարարներ ստիպուած եղան արտերկիր հեռանալ: Թուրքիայում մնացած միւս հայերը վախից ձայն չեն հանում: Անգամ հարկադրուած են լինում թաքցնել իրենց հայ լինելը: Այսինքն, կրիայի պէս՝ մի փոքր աղմուկի դէպքում անմիջապէս մեր պատեանի մէջ ենք քաշւում…
Թարգմանեց՝
ՄԵԼԻՆԷ ԱՆՈՒՄԵԱՆ
Akunq.net