ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ
Անցնող տասնօրեակի իրանական ներքաղաքական իրադարձութիւններին վերլուծաբանները փորձեցին տարատեսակ գնահատականներ տալ: Մեր կողմից («Ալիք» օրաթերթի կողմէ-Խմբ.), սակայն, տուեալ գնահատականները կրեցին տեղեկատուական բնոյթ, աւելորդ աճապարանքից ու դրա հնարաւոր բացասական հետեւանքներից խուսափելու համար…
Այժմ, տասնօրեայ հեռաւորութիւնից յետոյ, թւում է, թէ խնդրին առնչուող ներքին ու արտաքին միջադէպերին հնարաւոր է աւելի իրատեսական դատողութեամբ մօտենալ:
Դեկտեմբերի 28ից սկսած ու դրան յաջորդող 2-3 օրերի սոցիալ-տնտեսական բողոքի ցոյցերը, որոնք ի դէպ՝ բնական ու արդարացուած էին բնութագրւում նոյնինքն նախագահ Ռոհանիի կողմից, շատ արագ վերաճեցին քաղաքական ծայրայեղ պահանջներով երանգաւորուած ցուցական բախումների, որոնք էլ միեւնոյն նախագահի ու յատկապէս ուժային կառոյցների կողմից մեկնաբանուեցին որպէս՝ արտաքին չարաշահումների ու սադրիչ գործողութիւնների ապացոյց… թէեւ ներքին ու արտաքին քաղաքական դիտորդներ էլ եղան, որ «արտաքին գործօն»ի մասին Իրանի պաշտօնական յայտարարութիւնները «ինքնարդարացման մարտավարութիւն» բնութագրեցին, բայց եւ՝ անվիճելի փաստ է Իրանի երդուեալ թշնամիների առկայութիւնը, ինչպէս իսրայէլական, այնպէս էլ՝ արաբական մի շարք երկրների (նախկինում՝ Սադդամական Իրաք, այժմ Սէուդական Արաբիա, գումարած մի շարք արբանեակ էմիրանիստ երկրներ) տեսքով…, մանաւանդ, որ այս վերջինները ընդամէնը շաբաթներ առաջ էին բարձրաձայնել «տագնապները Իրանից ներս փոխադրելու» կոչերը:
«Արտաքին գործօն»ի վտանգը յաղթահարելու Իրանի հերթական յաջողութիւնը նաեւ կարելի է համարել նախօրէին իսկ ՄԱԿի Անվտանգութեան խորհրդի օրակարգ բերած ԱՄՆի առաջարկի մերժումը՝ Ռուսաստանի, Չինաստանի, Ֆրանսիայի, Շուէդիայի, Անգլիայի եւ դեռ միւս անդամների կողմից:
Արտաքին գործօնը կամ չարաշահումները յաղթահարելու իրանական յաջողութիւնը, սակայն, երաշխաւորուած է կարող լինել յատկապէս ներքին թէկուզեւ սոցիալ-տնտեսական գործօնների ու դրանց նկատմամբ արդար դժգոհանքների յաղթահարմամբ, որպէսզի դրան չյաջորդեն դարանակալ թշնամիների ինչ-որ տեղ անխուսափելի քաղաքական չարաշահումները:
Այս առումով էլ լաւատեսութեան հիմք է կարող հանդիսանալ այսօր իսկ կայացող պետական՝ գործադիր, օրէնսդիր, դատական ու անվտանգութեան իշխանութիւն-մարմինների համատեղ նիստը, որի արդիւնքում էլ անտարակուսօրէն առաջնահերթ հրամայականներն են լինելու Իրանի խաղաղութեան ու կայունութեան ամրակայումն ու անսասանութիւնը: