




ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ
ԱՄՆը գիտատեխնոլոգիական (գիտական արհեստագիտական-Խմբ.) առումով աշխարհի ամենազարգացած երկիրն է: Հետեւաբար, այստեղի հայ համայնքում կենտրոնացուած է զգալի գիտական ներուժ: Խօսքը վերաբերում է ինչպէս հումանիտար (մարդասիրական-Խմբ.), այնպէս էլ բնագիտական ոլորտների (ինչպէս անհատական, այնպէս էլ ինստիտուցիոնալ (հիմնարկային-Խմբ.) մակարդակներով) հայկական գիտական ներուժին:
ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԱԿԱՐԴԱԿ
Հումանիտար ոլորտում ինստիտուցիոնալ մակարդակով հայկական գիտական ներուժը ներկայացնում են ակադեմիական եւ գիտավերլուծական ոլորտի տարատեսակ հաստատութիւնները: Դրանց շարքում առաջին տեղում են ԱՄՆ հայագիտական կենտրոնները: Ներկայում ԱՄՆում գործում են 30ից աւելի հայագիտական կենտրոններ (1): Այս ցուցանիշով այդ երկիրն առաջինն է աշխարհում: Դրանք համալսարանների կառուցուածքային բաղադրիչ հանդիսացող հաստատութիւններ են (հայագիտական ամբիոններ, ծրագրեր եւ այլն), ինչպէս նաեւ առանձին հաստատութիւններ: Վերջիններից նշանակալի են «Զօրեան» ինստիտուտը (մասնաճիւղ ունի նաեւ Կանադայում), Վաշինգտոնի Հայոց Ցեղասպանութեան թանգարանը, «Washington Policy Forum Armenia» հաստատութիւնը:
Պայմանականօրէն հայագիտական կենտրոնների շարքին են դասւում նաեւ հայագիտական միութիւնները՝ Հայագիտական ուսումնասիրութիւնների ընկերակցութիւնը (Society for Armenian Studies – SAS), Հայկական հետազօտութիւնների եւ ուսումնասիրութիւնների ազգային ինստիտուտը (The National Association for Armenian Studies and Research – NAASR), որոնք ի թիւս այլ գործառոյթների՝ հովանաւորում են գիտական միջոցառումներ (գիտաժողովներ, աշխատաժողովներ եւ այլն) (2), ինչպէս նաեւ գիտական պարբերականները, ինչպէս, օրինակ՝ Հայագիտական ընկերակցութեան ամսագիրը (Journal of the Society for Armenian Studies) եւ այլն:
Բացի ընդհանուր հայագիտական ուղղուածութեան կենտրոններից, ԱՄՆում առկայ են նաեւ նեղ մասնագիտացմամբ հայագիտական կենտրոններ, որոնք իրենց գիտահետազօտական գործունէութիւնն իրականացնում են որեւէ նեղ գիտակարգի շրջանակներում: Այդպիսի կենտրոններից նշանակալի են Դրամագիտութեան եւ հնադարեան իրերի հայկական ընկերութիւնը (ANAS) եւ Դրամագիտական ուսումնասիրութիւնների հայկական կազմակերպութիւնը, որոնք մասնագիտացած են հայկական հնադարեան եւ միջնադարեան դրամների հաւաքմամբ եւ ուսումնասիրութեամբ (3):
Մէկ այլ նեղ մասնագիտացմամբ հայագիտական կենտրոն է «Սալմաստ» ժառանգական միութիւնը, որի ուշադրութեան կենտրոնում Սալմաստ գաւառի պատմութեան, մշակոյթի, ազգագրութեան եւ այլնի ուսումնասիրութիւնն է:
ԱՄՆ հայագիտական կենտրոնները կոչուած են ոչ միայն իրականացնելու գիտահետազօտական եւ կրթական գործունէութիւն հայագիտութեան բնագաւառում, այլեւ համախմբելու հայութեան գիտական ներուժը, յատկապէս ուսանողութեան շրջանում, եւ այն ուղղորդելու համազգային խնդիրների լուծմանը: Այդ կերպ նրանց աւանդական եւ ժամանակակից գործառոյթներին (4) աւելանում է եւս մէկը՝ հայութեան մտաւոր ներուժի համախմբումը: Օրինակ՝ Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի Հայագիտական ծրագիրն ամէն տարի կազմակերպում է ԱՄՆ եւ Կանադայի համալսարաններում սովորող հայ ուսանողների հաւաքներ՝ քննարկելու նրանց կողմից առաջադրուած նորարարական գաղափարները՝ Հայութեան առջեւ ծառացած մարտահրաւէրների լուծմանն ի նպաստ (5):
Հայագիտական կենտրոններ չհանդիսացող հումանիտար ոլորտի հայկական գիտական կառոյցների շարքին կարելի է դասել առանձին ոլորտի գիտնականներին միաւորող կառոյցները: Վերջինների շարքում նշանակալի են յատկապէս իրաւաբանութեան ոլորտի հայ մասնագէտներին միաւորող հաստատութիւնները: Այդպիսիք են, օրինակ, Ամերիկահայ փաստաբանների ասոցիացիան, Հայ իրաւաբանական կաճառը:
Բնագիտութեան ոլորտի ԱՄՆ հայկական գիտական ներուժը ներկայացնող հաստատութիւնները համեմատաբար փոքրաքանակ են: Այդպիսի ամենանշանաւոր հաստատութիւնը Ամերիկահայ ճարտարագէտների եւ գիտնականների ընկերակցութիւնն է:
Որպէս առանձին ոլորտի գիտնականներին միաւորող կառոյց բնագիտութեան ոլորտում յայտնի է, օրինակ, Ամերիկահայ ճարտարապետների միութիւնը: Այս տեսակի հաստատութիւնների շարքում, սակայն, առաւել մեծ թիւ են կազմում բժշկութեան ոլորտի մասնագէտներին միաւորող կառոյցները, ինչպիսիք են Հայ-ամերիկեան բժշկական միութիւնը (Armenian American Medical Society), Հայկական բժշկագիտական համայնքը (Armenian medical scientific community – AMSC), Առողջապահութեան բնագաւառի ամերիկահայ արհեստավարժների կազմակերպութիւնը (AAHPO), կրճատ՝ Առողջապահութեան ամերիկահայ կազմակերպութիւն:
Հայկական գիտական հաստատութիւնների թւում իր ուրոյն տեղն ունի նաեւ Ամերիկայի հայ ուսանողների միութիւնը: Վերջինս աւելի շատ նման է հասարակական կազմակերպութեան, բայց քանի որ նրա գործունէութիւնն անմիջականօրէն առնչւում է գիտութեանը, ապա այն նոյնպէս դասել ենք գիտական հաստատութիւնների շարքին: Ստեղծուած լինելով 1910թ.՝ միութիւնը ԱՄՆ ամենահին կազմակերպութիւններից մէկն է: Նրա նպատակն է համախմբել այդ երկրի հայ ուսանողութեանը, նպաստել նրանց կրթական եւ մասնագիտական առաջխաղացմանը եւ ապահովել նրանց կապը հայ համայնքի հետ: Այս նպատակները միութիւնն իրականացնում է կրթաթոշակների, ուսանողների պրակտիկաների (վարժողութեանց-Խմբ.) հովանաւորման եւ այլ միջոցներով: Օրինակ՝ այն ամէն տարի կազմակերպում է լրագրութեան ոլորտի հայ ուսանողների պրակտիկա: 2017թ. վեցշաբաթեայ պրակտիկան նախատեսւում էր իրականացնել The Armenian Weekly եւ The Armenian Mirror-Spectator անգլիալեզու հայկական թերթերում (6), որոնք ամենանշանաւոր հայկական լրատուամիջոցների շարքին են դասւում ԱՄՆում եւ Կանադայում: Այս կերպ մի կողմից միութիւնը նպաստում է հայ ուսանողների մասնագիտական առաջխաղացմանը, միւս կողմից՝ խթանում նրանց կապը հայկական կառոյցների հետ:
ԱՆՀԱՏԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿ
Հումանիտար ոլորտի անհատ հայ գիտնականներ առկայ են ամենատարբեր գիտակարգերում: Քաղաքագիտութեան ոլորտի հայ մասնագէտներից կարելի է յիշատակել, օրինակ, Արման Գրիգորեանին (քաղաքագիտութեան դոկտոր, ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր), Վարդան Գրիգորեանին («Քարնեգի» հաստատութեան նախագահ), Թալին Փափազեանին (Փարիզի Սիանս-Պօ համալսարանի դասախօս եւ Հարաւային Կալիֆորնիայի համալսարանի գիտաշխատող), Սուրէն Սարգսեանին («Թաֆթս» համալսարանի Ֆլեթչերի իրաւունքի եւ դիւանագիտութեան դպրոցի գիտաշխատող, միջազգայնագէտ), Ռուբէն Շուգարեանին (նոյն համալսարանի դասախօս), Ժորժ Պուրնութեանին (կովկասագէտ, 31 գրքի հեղինակ):
ԱՄՆում հայազգի յայտնի սոցիոլոգներ են «Մերձաւոր եւ Միջին Արեւելքի ամերիկեան կենտրոն»ի փոխտնօրէն Անի Պաքալեանը, Ֆրեզնոյի պետական համալսարանի Սոցիոլոգիայի բաժանմունքի վարիչ Մեթիւ Արի Ճենտեանը, Նեւադայի համալսարանի (Ռենօ քաղաքի) Սոցիոլոգիայի բաժանմունքի պրոֆեսոր Պերճ Պերպերօղլուն (Բերբերեան) եւ այլք: Պատմութեան ոլորտի յայտնի հայ մասնագէտներից կարելի է յիշատակել Արա Սանճեանին (Դիրբոռնի Միչիգանի համալսարան), Ռիչըրտ Յովհաննէսեանին (Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարան), Ժիրայր Լիպարիտեանին (Էնն Արբորի Միչիգանի համալսարան), Ճորճ Աղճայեանին (Արեւմտեան Հայաստանի ժողովրդագրութեան մասնագէտ) եւ ուրիշների: Տնտեսագիտութեան ոլորտում յայտնի անուն է, օրինակ, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Տարօն Աճէմօղլուն (Աճէմեան): Բանասիրութեան ասպարէզում յիշատակման արժանի են Դալար Շահինեանը (Talar Chahinian – համեմատական գրականագիտութեան դոկտոր, Կալիֆորնիայի պետական համալսարանի Համեմատական համաշխարհային գրականութեան դեպարտամենտի (բաժինի-Խմբ.) դասախօս), Թամարա Քեթապղեանը (Բելիոթի քոլեջի անգլիական գրականութեան պրոֆեսոր) եւ այլք:
Հումանիտար ոլորտում նշանաւոր են նաեւ կրթութեան ոլորտի մասնագէտ, Նորթրիջի Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Հայկական ուսումնական ծրագրի խորհրդի անդամ Յասմիկ Պարանը, հոգեբան, Կոլումբիայի համալսարանի փորձագէտ Անի Գալայճեանը եւ ուրիշներ:
Խօսելով ԱՄՆ հայութեան մտաւոր ներուժի մասին՝ անհնար է շրջանցել ամերիկահայ գրողներին, որոնք, մի կողմից, թէեւ հանդիսանում են ոչ թէ գիտութեան, այլ մշակոյթի (գրականութեան) ոլորտի գործիչներ, սակայն միւս կողմից՝ նրանց ստեղծագործութիւնները, մեծ հռչակ վայելելով ԱՄՆում, չեն կարող ինչպէս չարտահայետել ԱՄՆ հասարակական կարծիքն ու տրամադրութիւնները, այնպէս էլ չանդրադառնալ զանգուածների հոգեկերտուածքի, մտածողութեան վրայ: Ներկայում ամերիկահայ գրողներից նշանաւոր են Փիթր Բալաքեանը, Քրիս Պոհճալեանը, Դոն Անահիտ ՄակՔինը եւ ուրիշներ: Փիթր Պալաքեանը ամերիկեան հեղինակաւոր Պուլիտցերեան մրցանակակիր է (7):
Բնագիտութեան ասպարէզում նոյնպէս հայ մասնագէտներ կան ամենատարբեր գիտակարգերում՝ ճարտարագիտութիւն, էներգետիկա (ուժանիւթ-Խմբ.), տիեզերագիտութիւն, ծրագրաւորում, բժշկութիւն եւ այլն: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում նշանակալի են, օրինակ, Նաիրա Յովակիմեանը (ճարտարագէտ, անօդաչու թռչող սարքերի մասնագէտ), Նորա Այանեանը (ռոբոտագէտ, Հարաւային Կալիֆորնիա համալսարանի համակարգային գիտութիւնների ամբիոնի դոցենտ (դոկտոր-Խմբ.) եւ աւտոմատ (ինքնաշխատ-Խմբ.) համակարգման լաբորատորիայի (տարրալուծարանի-Խմբ.) տնօրէն) եւ այլն:
Էներգետիկայի բնագաւառում կարելի է յիշատակել, օրինակ, Energy Renaissance ընկերութեան գործադիր տնօրէն Կիրիլ Գիչունցին եւ նոյն ընկերութեան նախագահ Յակոբ Աղանեանին:
Տիեզերագիտութեան բնագաւառում յիշատակման արժանի են ՆԱՍԱի գիտաշխատողներ Վլադիմիր Հայրապետեանը (աստղագէտ) եւ Արմէն Դուրեանը: IT (Տեղեկատուական արհեստագիտութիւն-Խմբ.) ոլորտում գործունէութիւն են ծաւալում Ալեքսիս Օհանեանը, երիտասարդ ծրագրաւորողներ Արտակ Քալանթարեանը, Սուսան Մակարեանը, Յասմիկ Քալանթարեանը, Հայկ Քալանթարեանը եւ ուրիշներ: Բժշկութեան ասպարէզում յիշատակելի անուններ են, օրինակ, Էլէոնորա Զաքարեանը (Իլինոյսի համալսարանի բժշկութեան քոլեջ), Վերժին Մատելեանը (Կալիֆորնիայի նահանգային համալսարանի Ծովային ակադեմիայի (California State University Maritime Academy – CSUM) կենսաբանութեան դասախօս, Հայկական ոսկրածուծի դոնորների հիմնադրամի (ABMDR) անդամ) եւ այլն:
ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները երբեմն շատ վաղ՝ դպրոցական տարիքում են ընդգրկւում գիտական հետազօտութիւններում: Ինչպէս, օրինակ, ՀԲԸՄ Վաչէ եւ Թամար Մանուկեան երկրորդական վարժարանի 2016-2017թթ. շրջանաւարտ Դանիէլ Մուրադեանն է ընդգրկուել Կալիֆորնիայի ճարտարագիտական ինստիտուտի գիտնական, դոկտոր Ռիչարդ Գայի ղեկավարած ծրագրում, որի նպատակն է բարելաւել երկրաշարժեր կանխատեսող սարքերի (Seismometer) տեխնիկական բնութագրիչները (բարձրացնել սարքերի կանխատեսման կարողութիւնը) (8):
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ
Գիտական ոլորտում ամերիկահայ համայնքի նպաստը Հայաստանին առայսօր իրականացուել է գիտական հաստատութիւնների ստեղծման եւ գիտական հաստատութիւններին նիւթապէս (ֆինանսապէս, սարքաւորումների եւ այլ ձեւերով) աջակցութեան միջոցով: Գիտական կառոյցների ստեղծման տեսանկիւնից ամենամեծ նուաճումը թերեւս 1991թ. ՀԲԸՄ, Կալիֆորնիայի համալսարանի եւ ՀՀ կառավարութեան գործակցութեամբ Հայաստանի ամերիկեան համալսարանի հիմնումն էր, որը ներկայում ՀՀ ամենահեղինակաւոր բուհերից մէկն է: Կարեւոր ձեռնարկներ են նաեւ ՀԲԸՄ միջոցներով Սեւանի թերակղզում Վազգէնեան հոգեւոր դպրանոցի հիմնադրումը 1993թ., «Ռոբերտ Բողոսեան եւ որդիներ» հիմնադրամի կողմից 2000թ. ՀՀ նախագահի ամէնամեայ մրցանակի հիմնումը գիտութեան եւ արուեստի ոլորտի նուաճումների համար եւ այլն:
Ինչ վերաբերում է գիտական հասատութիւններին նիւթական աջակցութեանը, ապա բազմաթիւ այդպիսի դէպքերից մէկն է 2016թ. Նոյեմբերի 19ին Հայաստանի ամերիկեան համալսարանի հիմնադրման 25րդ տարեդարձի կապակցութեամբ Լոս Անջելեսում կազմակերպուած տօնական միջոցառման ընթացքում աւելի քան 1.5 մլն դոլարի հանգանակութիւնը՝ ի նպաստ վերջինիս կրթաթոշակային ծրագրերի (9):
Ինչ վերաբերում է բուն գիտական ներուժի ծառայեցմանն ի նպաստ Հայաստանի, ապա այս հարցում արդիւնքներն աւելի նկատելի են հումանիտար, քան բնագիտական ոլորտում: Հումանիտար ոլորտում, բացի հայաստանեան գիտական կառոյցների հետ համագործակցութեան յայտնի ձեւերից (համատեղ հետազօտութիւններ ու գիտաժողովներ, հրատարակութիւնների փոխանակում եւ այլն), ԱՄՆ հայկական գիտական ներուժի նպաստը հայրենիքին ունեցել է նաեւ դրսեւորման հետեւեալ ձեւերը.
- Ֆինանսական միջոցների հայթայթում գիտական նախագծերի իրականացման համար: Խօսքը հայաստանեան գիտական կառոյցների նախագծերի իրականացման համար ամերիկեան հաստատութիւններից ֆինանսական աջակցութեան ապահովման մասին է: Այդպիսի համագործակցութեան օրինակ է 2016թ. Հոկտեմբերին Ախալցխայի Ծուղրութ գիւղի միջնադարեան Աւետարանի վերանորոգման ծրագիրը: Այն իրականացուել է Երեւանի Մ. Մաշտոցի անուան Մատենադարանի կողմից: Ծրագիրը ֆինանսաւորուել է Հարաւային Կովկասի հետազօտութիւնների ամերիկեան հաստատութեան կողմից, որի համար դիմումը ներկայացուել է Կալիֆորնիայի համալսարանի Ֆրեզնոյի մասնաճիւղի Հայագիտական ծրագրի եւ Բրանդենբուրգի համալսարանի (Գերմանիա) մագիստրատուրայի ուսանող Արուսեակ Բալդրեանի կողմից (10):
- Մասնագիտական խորհրդատուութիւն ՀՀ բարձրագոյն պետական պաշտօնեաներին: Այս տեսակէտից ամենանշանակալի փաստերից է, օրինակ, այն, որ, Միչիգանի համալսարանի պրոֆեսոր Ժիրայր Լիպարիտեանը ժամանակին եղել է ՀՀ առաջին նախագահ Լ. Տէր Պետրոսեանի խորհրդականը:
- ԱՄՆ գիտակրթական հաստատութիւնների հայազգի աշխատակիցների կողմից յատուկ ծրագրերի հիմնում՝ Հայաստանի համար կադրեր պատրաստելու նպատակով: Այս առումով հետաքրքրական է Լոս Անջելեսի Հանրային ծառայութեան USC Price վարժարանի դասախօս Ֆրանկ-Վռամ Ծերունեանի՝ յատուկ Հայաստանից ընտրուած թեկնածուների համար դոկտորանտուրայի ծրագրի հիմնման նախաձեռնութիւնը, «որպէսզի մօտիկ ապագային Հայաստան ունենայ հանրային սպասարկութեան մասնագէտ տարրերու անձնակազմ մը» (11):
Բնագիտութեան ասպարէզում ԱՄՆ հայ համայնքի գիտական ներուժի նպաստը Հայաստանին առաւել նկատելի է առողջապահութեան ոլորտում: Այն դրսեւորւում է ամերիկաբնակ հայ բժիշկների այցելութեամբ Հայաստան եւ տեղի գործընկերների հետ փորձի փոխանակմամբ, Հայաստանում բժշկական հաստատութիւնների հիմնմամբ, ԱՄՆում հայաստանցի բժիշկների վերապատրաստման կազմակերպմամբ եւ այլ ձեւերով:
Այլ ոլորտներում ԱՄՆ հայկական գիտական ներուժի ներգրաւման խթանման տեսակէտից, կարծում ենք, կարեւոր նշանակութիւն ունի վերջինիս համագործակցութիւնն այդ երկրի հայկական գործարար շրջանակների հետ: ԱՄՆ հայ գործարարների կողմից ներդրումները ՀՀ բարձր տեխնոլոգիական արդիւնաբերութեան մէջ կը մեծացնեն այդ ոլորտի գիտնականների պահանջարկը եւ կը խթանեն Սփիւռքի գիտական ներուժի ներգրաւումը Հայաստանի զարգացման գործում:
(1) Սիմաւորեան Ա., Հովեան Վ., Ղանալանեան Տ., «Արտերկրի Հայագիտական Կենտրոնները. Ներուժի Գնահատում», Եր., «Գասպրինտ», 2014, էջ 36-67, 155-160:
(2) Տե՛ս «Հայագիտական Ուսմանց Ընկերակցութէան Տարեկան Հանդիպումը», http://hayernaysor.am/cl/archives/226149
(3) Տե՛ս Ծուլիկեան Հ., «ANAS-ը Մեծարում Է Դրամագիտութեան Լեգենդին», «Ազգ», 09.12.16:
(4) Հայագիտական կենտրոնների դերակատարութեան մասին մանրամասն տե՛ս Հովեան Վ., «Արտերկրի Հայագիտական Կենտրոնների Դերակատարութիւնը», «21րդ Դար», թիւ 6, 2014, էջ 49-55:
(5) Տե՛ս «USC-ի Հայագիտականը Հայ Ուսանողներու Հաւաքներ Կը Կազմակերպէ», http://hayernaysor.am/cl/archives/225368
(6) Տե՛ս «ASA՛s Sixth Annual Journalism Internship Program Set for 2017», http://hayernaysor.am/en/archives/226299
(7) Ժամանակին Պուլիտցերեան մրցանակի է արժանացել նաեւ Վիլեամ Սարոյեանը:
(8) Տե՛ս «Դանիէլ Մուրատեան Կը Մասնակցի Կեանքեր Փրկող Ծրագիրի Մը Իրականացման», http://hayernaysor.am/cl/archives/226039
(9) Տե՛ս Over $1.5 Million Raised at AUA 25th Anniversary Gala, http://hayernaysor.am/en/archives/224286; Over $1.5 Million Raised for Vital Scholarships at AUA 25th Anniversary Gala in Beverly Hills, http://hayernaysor.am/en/archives/224721
(10) Ֆրեզնոյի Հայագիտականը Կը Մասնակցի Ծուղրութի Աւետարանը Պահպանելու Ջանքին, http://hayernaysor.am/cl/archives/226183
(11) Ֆրանք-Վռամ Ծերունէանի կ’ողմէ պատրաստուած ծրագիր մը գործադրութէան կը դրուի Լոս Անճէլըսի մէջ. Ամերիկէան Փրայս վարժարանը Հայաստանի համար պիտի պատրաստէ հանրային ծառայութէան մասնագէտներ, «Նոր Մարմարա», 08.09.2017:
ՎԱՀՐԱՄ ՀՈՎԵԱՆ՝ «Նորավանք» ԳԿՀ Գիտական-փորձագիտական խորհրդի քարտուղար, Հայագիտական կենտրոնի աւագ փորձագէտ
Ծ.Խ.- Այս յօդուածը շահեկան է իր նիւթով: Բովանդակութիւնը, սակայն, հաւանաբար տարբեր սահմանափակումներու պատճառաւ, բաւական պակասաւոր է: Իւրաքանչիւր բնագաւառի մէջ յայտնի անուններ դուրս մնացած են հեղինակի տեսադաշտէն:
Արեւելեան Հովիտ
ՀՅԴ «Բաբգէն Սիւնի» Կոմիտէ
Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ
Հոգաբարձութիւն
Եւ Երեսփոխանական կազմ,
Տիկնանց Միութիւն, Դպրաց Դաս, Կիրակնօրեայ Դպրոց
ՀՕՄի «Մեղրի» Մասնաճիւղ
ՀՄԸՄի «Ջաւախք» Մասնաճիւղ
Կու Գան Շնորհաւորելու Համայն Հայութեան
Ամանորը Եւ Ս. Ծնունդը,
Հայցելով Խաղաղութիւն Եւ Երջանկութիւն
ՀՄԸՄի Արեւմտեան Միացեալ Նահանգներու
Շրջանային Վարչութիւնը
Կը Շնորհաւորէ Համայն Հայութեան, Շրջանի Եւ Աշխարհի Տարածքին
Գործող Բոլոր ՀՄԸՄական Քոյր-Եղբայրներուն
Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
Մաղթելով Բոլորին Յաջող Ու Բարեբեր Տարի Մը
Հաւատարիմ Մնալով «Բարձրացի՛ր, Բարձրացո՛ւր» Կարգախօսին
ՀՄԸՄը Պիտի Շարունակէ Սրբազան Իր Առաքելութիւնը,
Պատրաստելով Վաղուան Ազգանուէր Հայը
Կը Շնորհաւորենք Շրջանի Եւ Համայն Հայութեան Նոր Տարին Եւ Ս. Ծնունդը
ՅԱՐԱՏԵՒ ՊԱՅՔԱՐ ՄԻՆՉԵՒ ՅԱՂԹԱՆԱԿ
ՀՅԴ «Սողոմոն Թեհլիրեան» Կոմիտէութիւն
Ֆրեզնոյի ՀՅԴ-ՀԵԴ «Գէորգ Չաւուշ» Ուխտ
ՀՅԴ «Քրիստափոր» Պատանեկան Միութիւն
Ֆրեզնոյի Հայ Դատի Յանձնախումբ – ANC Fresno
ՀՕՄի Ֆրեզնոյի «Մայր» Մասնաճիւղ
ՀՕՄի Ֆրեզնոյի «Սոֆիա» Մասնաճիւղ
Համազգայինի
Ֆրեզնոյի «Դանիէլ Վարուժան» Մասնաճիւղ
ՀՄԸՄի Ֆրեզնոյի «Սասուն» Մասնաճիւղ
ՖՐԵԶՆՕ
Phoenix – Arizona
ARF Kevork Chavoush
ARS Ararat Chapter
AYF Kedashen Chapter
Homenetmen Phoenix
ANC of Arizona
Հայ Դատի
պահանջատիրական
պայքարին
մեծ ոստում մը
կը մաղթենք
Լաւագոյն
մաղթանքներով
կը շնորհաւորենք
Նոր Տարին եւ Ս. Ծնունդը
մեր բոլոր հայրենակիցներուն
եւ բարեկամներուն
Տարօն-Տուրուբերանի
Հայրենակցական Միութիւն