Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Երբ Կը Լինի Խաղաղութիւն Ղարաբաղում. Ժերար Շալեանի Դիտարկումները

$
0
0

 

1219chalian

ԱԼԻՆԱ ՆԻԿՈՂՈՍԵԱՆ

 

Աշխարհում յայտնի կոնֆլիկտաբան (բախումներու, կնճռոտ հարցերու մասնագէտ-Խմբ.) Ժերար Շալեանը Ուրբաթ երեկոյեան (Դեկտեմբեր 15ին) Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը դասախօսութիւն կարդաց «Սիրիական եւ իրաքեան հակամարտութիւնների ամփոփումն ու հեռանկարները» թեմայով: Շալեանը պատասխանեց ներկաների հարցերին տարածաշրջանի խնդիրների, այդ թւում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ: «Սիվիլնե»չն առանձնացրել է Շալեանի որոշ մտքեր:

83ամեայ Ժերար Շալեանը զինուած հակամարտութիւնների փորձագէտ է, անձամբ այցելել է աշխարհի բազմաթիւ հակամարտութիւնների շրջաններ՝ Աֆղանստանից ու Մերձաւոր Արեւելքից մինչեւ Ղարաբաղ, Չեչնիա ու Պերու: 40ից աւելի գրքերի հեղինակ է: Երեւանում է իր «Յուշերիս Յուշերը» գրքի հայերէն հրատարակութիւնը ներկայացնելու համար:

«Ղարաբաղի, Կովկասի եւ Ռուսաստանի ազդեցութեան մասին Կովկասում հարց լուծողը Ռուսաստանն է: Ռուսաստանը 2008ին ապացուցեց, թէ ինչ կարող է անել Վրաստանի հետ: Ռուսաստանն է որոշում՝ Կովկասում կը լինի խաղաղութիւն, թէ պատերազմ: Առանց Պուտինի շատ բան հնարաւոր չէ Կովկասում, իսկ նրա հետ ոչինչ չի փոխուի:

Ղարաբաղի հարցում ներկայում եւ նախորդ աւելի քան քսան տարիներին ամէն ինչ հիմնականում կախուած է եղել Ռուսաստանից: Վերջերս դա նորից տեսանք։ 2016ի ապրիլեան քառօրեայ պատերազմից յետոյ Պուտինն իր մօտ հրաւիրեց Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին եւ, ենթադրաբար ասաց՝ բաւական է՝ վերադարձէք ձեզ մօտ, հերիք է խաղաք:

Եթէ Ռուսաստանն է որոշողը, ճի՞շդ էր արդեօք Հայաստանի ընտրութիւնը՝ դաշնակցելու Ռուսաստանին. իրականում Հայաստանը դաշնակից ընտրելու ընտրանք չունէր էլ: Դաշնակից փոխելու համար՝ լինէք Հայաստան, թէ իքս կամ իգրեկ երկիր, պէտք է միջոցներ ունենաք, պէտք է ընտրութիւն ունենաք: Հայերն իրականում ի՞նչ ընտրութիւն ունեն այսօր: Անկեղծ ասենք՝ հազիւ թէ Հայաստանը սուվերեն (գերիշխան-Խմբ.) պետութիւն է: Կը ներէք, որ այսպէս եմ ասում, բայց պէտք է իրականութիւնն ընդունել այնպիսին, ինչպիսին կայ»:

 

ԵՐՈՒՍԱՂԷՄԻ ՄԱՍԻՆ

 

«Երուսաղէմն Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու մասին Թրամփի յայտարարութիւնը ներքին սպառման համար էր, յատկապէս՝ եւանգելիստների, որոնք իսլամական ջիհադիստներից տարբերւում են միայն նրանով, որ գլուխ չեն կտրում: 30-40 միլիոն մարդ հէնց դրա համար է քուէարկում:

Թրամփի յայտարարութիւնը առանձնապէս լուրջ ընդվզման չարժանացաւ Արաբական աշխարհում: Մուսուլմաններին սա դուր չի գայ, բայց իրականում Երուսաղէմի մասին այսօր շատ աւելի հեշտ է յայտարարութիւն անել, քան երեսուն տարի առաջ, որովհետեւ մօտեցումները, գաղափարները, պաղեստինեան հարցի շուրջ զգայնութիւնը շատ թուլացել են՝ աշխարհում տեղի ունեցող մի շարք այլ զարգացումների պատճառով:

Արաբական մայրաքաղաքներում, մուսուլմանական մայրաքաղաքներում զանգուածային ցոյցեր գրեթէ չեղան: Շատ քիչ միջոցառումներ եղան, «ջիհադ» չյայտարարուեց: Կարծում եմ՝ «Ինթիֆադա» (ապստամբութիւն-Խմբ.) նոյնպէս չի յայտարարուի»:

 

ՍԻՐԻԱՅԻ ՈՒ ԻՐԱՔԻ ՄԱՍԻՆ

 

«Սիրիայում եւ Իրաքում ժամանակաւոր յաղթանակ է գրանցուել, որը պատկանում է Իրանին: Իսկ Ռուսաստանը տարել է մարտավարական յաղթանակ:

Ռուսաստանը զօրքերը կը վերադարձնի՞ Սիրիա, թէ ոչ. ես չգիտեմ Պուտինի մտադրութիւնները: Բայց ինչ վերաբերում է Սիրիայի քրդերի ու Բաշար Ասադի յարաբերութիւններին, ապա քրդերը կը փորձեն դէ ֆակտօ (իրականապէս-Խմբ.) ինքնավարութիւն ստանալ, ինչն անպայմանօրէն պաշտօնական ֆեդերալիզմ (դաշնակցային դրութիւն-Խմբ.) չի լինի, բայց կարող է դրան շատ նման մի բան լինել: Ամէն դէպքում, իրադարձութիւնները դրան են գնում, եթէ կտրուկ փոփոխութիւն չլինի: Ալեւիների ու քրդերի դաշինքը՝ Պուտինի քաւորութեամբ, տրամաբանական է:

Իրաքում ռեֆերենդում (հանրաքուէ-Խմբ.) անելով՝ քրդերն իրենք իրենց ոտքին կրակեցին»:

 

ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Թուրքիան այսօր յարաբերական մեկուսացման մէջ է, որովհետեւ կապերը խզել է իր դաշնակիցների մեծ մասի հետ: Միացեալ Նահանգների հետ յարաբերութիւնները միջակ են, ԵՄ երկրների հետ յարաբերութիւնները հիմնականում վատ են: Ինչ վերաբերում է իր յարակից երկրներին, ապա միակ պետութիւնը, որ համակրանք ունի Թուրքիայի նկատմամբ, Ադրբեջանն է:

Թուրքիան, բնականաբար, թուլացել է հարուածներից, որ ստացել է տարբեր գեներալների ու սպաների կողմից, բայցեւայնպէս մնում է հզօր պետութիւն՝ մեծաքանակ բանակով: Թուրքիայի դիրքն ու դիրքորոշումը տարածաշրջանում շատ կարեւոր են:

Կասկած չկայ, որ պարոն Էրդողանի համար քրդական հարցը թէ՛ Թուրքիայում, թէ՛ Սիրիայում ու, կարելի է ասել, նոյնիսկ՝ Ղանդիլում, որ Իրաքի հիւսիսում է, շատ կարեւոր է:

Էրդողանը պարզապէս չի կարող հանդուրժել այն գաղափարը, որ PKK-ն կարող է յանկարծ վերահսկել Սիրիայի հետ սահմանի հատուածը: Էրդողանը Պուտինի հետ հաւանաբար սա է բանակցել՝ ասելով, թէ իր համար մի հարց կայ, որ սակարկութեան ենթակայ չէ՝ Սիրիայի քրդերը չեն կարող վերահսկել Թուրքիայի սահմանին հարող տարածքը:

Ինչ-որ պահի Թուրքիան փորձեց զօրքերը մտցնել Սիրիա, ամերիկացիներն ասացին՝ ոչ, դու չպէտք է միջամտես, մենք քրդերի կարիքն ունենք: Յետոյ Թուրքիան փորձեց ռմբակոծել քրդերին, ամերիկացիներն ասացին՝ ոչ, չպիտի ռմբակոծես մարդկանց, որոնք մեզ համար են աշխատում:

Այժմ, երբ Ռաքքան ընկել է, Իսլամական պետութիւնը չկայ, եւ պարոն Թրամփն ասել է, որ այլեւս գոնէ պաշտօնապէս չի սատարում Սիրիայի քրդերին, մնում է տեսնել, թէ ինչ կը փորձի անել պարոն Էրդողանը:

Ռուսաստանը կարեւոր դիրք է գրաւում այստեղ, յատկապէս Սիրիայի հիւսիս-արեւմտեան քրդաբնակ Հաֆրին քաղաքում: Ռուսները մտադիր չեն Սիրիայի քրդերին բաց թողնել, որովհետեւ Սիրիայի ապագայի համար դա շատ կարեւոր է:

Այսպիսով, Էրդողանն այժմ փոքր ինչ դժուարին վիճակում է: Դեմագոգիա է անում, Պաղեստինի քարտն է խաղացնում: Դեռ 2008ին սկսել էր Մաւի Մարմարայով, երբ Գազային օգնութիւն էր ուղարկել: Պարոն Էրդողանը մարտավարութեան մարդ է: Նա մարդ է, որը մօտ 50 տոկոս սատարում ունի երկրի ներսում, բայց շատ քիչ սատարում՝ դրսում»:

 

«ՍԻՎԻԼՆԵԹ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles