Դեկտեմբերի 14ին հրապարակուեց աշխարհի անհաւասարութեան վերաբերեալ առաջին զեկոյցը, որի պատրաստման շուրջ Հարստութեան եւ եկամուտների տուեալների համաշխարհային բազայի (շտեմարանի-Խմբ.) (WID.world) շրջանակներում համախմբուել էին հարիւրաւոր տնտեսագէտներ աշխարհի բոլոր երկրներից: Զեկոյցը լոյս է սփռում 21րդ դարասկզբի ամէնակարեւոր սոցիալական եւ տնտեսական խնդիրներից մէկի վրայ, գրում են ֆրանսիական Le Monde թերթի յօդուածագիրներ Մարի Շարելը, Մարի դէ Վերժեսը եւ Ֆիլիպ Էսկանդը:
Մօտ 70 երկրում բաւական երկար ժամանակահատուածում (1980-2016թթ.) մանրակրկիտ հետազօտութիւն է անցկացուել եկամուտներին առնչուող հարցերի վերաբերեալ:
Եկամուտների անհաւասարութիւնը խորացել է ամէնուր
Զեկոյցում նշւում է, որ 1980ականներից ի վեր աշխարհում ամենահարուստ մարդկանց «թօփ 1 տոկոսը» ունեցել է եկամուտների 27 տոկոս աճ այն դէպքում, երբ աշխարհի ամենաաղքատների 50 տոկոսն ունեցել է 12 տոկոս աճ: Այնուամենայնիւ, երկրորդ կատեգորիան (դասա-կարգ-Խմբ.) եկամուտների առումով աճ ունեցել է զարգացող երկրների, մասնաւորապէս՝ Չինաստանի զարգացման շնորհիւ: Ինչ վերաբերում է այս երկու խմբերի միջեւ գտնուող խաւին՝ հիմնականում արեւմտեան միջին դասին, նրանց եկամուտներն ունեցել են ամենաթոյլ աճը, անգամ՝ լճացում 1980-2016թթ.:
ԱՆՀԱՒԱՍ ԱՐՈՒԹԻՒՆ ՆԱԵՒ
ՈՒՆԵՑՈՒԱԾՔԻ ԱՌՈՒՄՈՎ
Անհաւասարութիւնը չափւում է ոչ միայն եկամուտներով: Այն նաեւ կախուած է մարդկանց պատկանող ունեցուածքից, մասնաւորապէս՝ անշարժ գոյքից, ֆինանսական ակտիւներից եւ ձեռնարկութիւններում ունեցած մասնաբաժիններից: Ամբողջ աշխարհում ունեցուածքային անհաւասարութեան մակարդակը մնում է 20րդ դարի ցուցանիշից 20-30 տոկոսով ցածր:
ԱՆՀԱՄԱՍԵՌ ՎԻՃԱԿ
ՏԱՐԲԵՐ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ
Պատկերը շարունակում է տարբեր մնալ աշխարհի տարբեր շրջաններում: 2016թ. ազգային եկամտի մէջ ամենահարուստ մարդկանց 10 տոկոսի ունեցած մասնաբաժինը Եւրոպայում կազմել է 37 տոկոս՝ Չինաստանի 47 տոկոսի, Հիւսիսային Ամերիկայի 47 տոկոսի, Հնդկաստանի եւ Բրազիլիայի 55 տոկոսի համեմատ:
Անհաւասարութեան աճը տարբեր երկրներում տարբեր տեմպերով (կշռոյթով-Խմբ.) է ընթանում: Զեկոյցի հեղինակների կարծիքով՝ սա նշանակում է, որ «հաստատութիւններն ու հանրային գործիչները կարեւոր դեր են խաղում դրա զարգացման մէջ»:
ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՐՍՏՈՒԹԵԱՆ ԶԱՆԳՈՒԱԾԱՅԻՆ ԱՆՑՈՒՄԸ ՄԱՍՆԱՒՈՐ ՀԱՏՈՒԱԾ
«Փառապանծ 1930ականներին» զարգացած տնտեսութիւն ունեցող երկրներում զուտ պետական ակտիւները (բնակվայրեր, հողամասեր, պետական ձեռնարկութիւններում մասնաբաժիններ, հանած պետական պարտքը) կազմում էին ազգային եկամտի աւելի քան 40 տոկոսը: 1970ականներից ամէն ինչ սկսեց փոխուել՝ սեփականաշնորհման ջանքերի եւ պետական պարտքի աւելացման շնորհիւ: Արդիւնքում այս ցուցանիշը այժմ բացասական է ԱՄՆում եւ Մեծ Բրիտանիայում եւ թոյլ դրական՝ Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ճապոնիայում: Ռուսաստանում եւ Չինաստանում պետական ակտիւների մասնաբաժինը 1980ականների 60-70 տոկոսից այսօր հասել է 20-30 տոկոսի:
ԵՒՐՈՊԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԱԾ Է
ԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՄՈԴԵԼՈՎ
Զեկոյցի շատ բաժիններում շեշտւում է՝ Եւրոպան մի տարածաշրջան է, որտեղ 0,001 տոկոս ամենահարուստների եւ 50 տոկոս ամենաաղքատների միջեւ ճեղքուածքը նուազագոյնն է: Դա մեծապէս պայմանաւորուած է Երկրորդ Համաշխարհային պատերազմից յետոյ ստեղծուած սոցիալական մոդելով՝ առատաձեռն վերաբաշխման եւ առաւել առաջադէմ հարկման համակարգով, աշխատավարձի ոլորտում քաղաքականութեամբ, որն առաւել բարենպաստ է ժողովրդական խաւերի համար, ինչպէս նաեւ համեմատաբար էգալիտար (ամէնուն մատչելի-Խմբ.) կրթական համակարգով, կարծում են յօդուածի հեղինակները:
ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ
«ԵՐԿԱԹԵԱՅ ՎԱՐԱԳՈՅՐԻ»
ԱՆԿՈՒՄԻՑ ՇԱՀԵՑԻՆ
ՀԱՐՈՒՍՏՆԵՐԸ
1989թ. յետոյ կոմունիզմի անկումը Ռուսաստանում ուղեկցւում էր կտրուկ փոփոխութիւններով՝ ապրանքների եւ ծառայութիւնների շուկայի ազատականացում, զանգուածային սեփականաշնորհում, սրընթաց գնաճ: Աճեցին միջին եկամուտները, բայց նրանց հետ աճեց նաեւ անհաւասարութիւնը, օլիգարխները տիրացան բազմաթիւ ռեսուրսների (միջոցներու-Խմբ.):
Արդիւնքում՝ 50 տոկոս ամէնաաղքատների ստացած ազգային եկամտի մասնաբաժինը 1989ից իջել է 30ից 20 տոկոսի, մինչդեռ ամենահարուստ 1 տոկոսի մասնաբաժինը 25 տոկոսից հասել է 45ի:
ՆՄԱՆ ՄԻՏՈՒՄ ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԻ,
ԵԹԷ ՈՉԻՆՉ ՉՓՈԽՈՒԻ
Պետութիւնների կողմից ակտիւ արձագանգի բացակայութեան հետեւանքով անհաւասարութիւնը կը շարունակի խորանալ առաջիկայ տասնամեակների ընթացքում, զգուշացնում են տնտեսագէտները: Այս արագութեամբ, ըստ նրանց հաշուարկների, 2050թ. ամենահարուստ 0.1 տոկոսի ունեցուածքի մասնաբաժինը (Չինաստանում, ԵՄում եւ ԱՄՆում) կը լինի նոյնը, ինչ միջին խաւի մասնաբաժինը:
«Բայց եթէ երկրները հետեւեն Եւրոպայի չափաւոր ուղուն, ապա անհաւասարութիւնը կարող է կրճատուել, ինչպէս եւ աղքատութիւնը», հաւաստիացնում են տնտեսագէտները:
Թարգմանութիւնը՝
ԶԱՌԱ ՊՕՂՈՍԵԱՆԻ
«ՍԻՎԻԼՆԵԹ»