Quantcast
Channel: Asbarez - Armenian »Կիզակէտ
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Վերջին Երեք Տարում «Գրին Քարտ»ի Խաղարկութեան Մասնակիցների Թիւն Աւելացել Է 33 Հազարով

$
0
0

 

ԼԻԼԻԹ ՄՈՒՐԱԴԵԱՆ

 

«Գրին քարտ»ի խաղարկութեան ծրագրի մասնակիցների գրանցումը մեկնարկել է այսօր եւ կ՛աւարտուի Նոյեմբերի 22ին:

Այս խաղարկութիւնը Հայաստանում մեծ տարածում ունի այն մարդկանց շրջանում, ովքեր իրենց ապագան տեսնում են ովկիանոսից այն կողմ:

Սա եւս մէկ առիթ է՝ խօսելու Հայաստանում միգրացիոն (արտագաղթի-Խմբ.) խնդիրների մասին:

Հայաստանի բազմաթիւ քաղաքացիների ԱՄՆում հաստատուելու ցանկութիւնը տարէց տարի աճում է: Հէնց դրա մասին են վկայում ԱՄՆ դեսպանատան կողմից «Ռադիօլուրին» տրամադրած տուեալները: Միայն 2015 թուականին Հայաստանից «Գրին քարտ»ի համար մուտք է արուել աւելի քան 56 հազարից աւելի դիմում 131 հազար քաղաքացու անունով: Մինչդեռ՝ 2014 թուականին դիմումների թիւը 7 հազարով պակաս: 2013 թուականին խաղարկութեանը եղել էր էլ աւելի քիչ դիմում՝ մօտ 42 հազար՝  98 հազար անունով:

Ի դէպ՝ տարէց տարի ոչ միայն «Գրին քարտ»ով Միացեալ Նահանգներում հաստատուելու ցանկութիւն ունեցողների թիւն է աւելանում, այլ ընդհանրապէս Հայաստանից մեկնողների:

Սրա մասին վկայում են ԳԱԱ սոցիոլոգիայի ինստիտուտի անցկացրած հետազօտութեան արդիւնքները: Ինստիտուտի տնօրէն Գէորգ Պօղոսեանը «Ռադիօլուրի» հետ զրոյցում յայտնեց, որ հիմնականում մեկնում են միջին տարիքի տղամարդիկ:

Վիճակագրութիւնը ցոյց է տուել, որ նախապատուութիւնը տալիս են  Ռուսաստանի Դաշնութեանը, 2րդ տեղում եւրոպական երկրներն են եւ միայն 5 տոկոսն է մեկնում Միացեալ Նահանգներ:

Իհարկէ, վերջին տարիներին բաւականին հասանելի է նաեւ վիզային ռեժիմը: Թէեւ անգամ այս պարագայում Միացեալ Նահանգները միեւնոյնն է զիջում են եւրոպական երկրներին նոյնիսկ «Գրին քարտ»ի խաղարկութեան պարագայում՝ նկատում է զրուցակիցս:

Ի դէպ՝ վերջերս Միացեալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը յայտարարել էր, որ ամերիկեան «Գրին քարտ»ի խաղարկութեան համակարգը հնացել է եւ մօտ ապագայում պէտք է վերանայ:

«Մեր ներկայիս համակարգը կը փոխարինուի միաւորների համակարգով: «Գրին քարտ» ստանալու առաջնահերթութիւն կը ստանան անգլերէնին տիրապետող, սեփական ծախսերը հոգալու հնարաւորութիւն ունեցող եւ մասնագիտական հմտութիւններ ունեցող մարդիկ», յայտարարել էր Թրամփը: Կոնգրեսում հաւանութիւն ստանալու դէպքում՝ օրէնքը կը վերացնի «խաղարկութիւնը եւ կը սահմանափակի կրթութիւն եւ մասնագիտական հմտութիւններ չունեցող մարդկանց «Գրին քարտ» ստանալու հնարաւորութիւնը: Հնարաւո՞ր է արդեօք, որ սա իսկապէս «Գրին քարտ»ի վերջին խաղարկութիւնն է եւ այլեւս ուժի մէջ են մտնելու նախագահ Թրամփի յայտարարած կանոնները: ԱՄՆ դեսպանատնից մեզ յայտնեցին, որ խաղարկային վիզաների կամ «Գրին քարտ»ի խաղարկութեան ծրագիրն արտօնուած է ԱՄՆ Կոնգրեսի կողմից, ուստի այս պահին որեւէ տեղեկատուութիւն չկայ ծրագիրը դադարեցնելու մասին:

Եւ վերջում. տեխնիկական խնդիրներով պայմանաւորուած՝ 2019թ. խաղարկային վիզաների կամ «Գրին քարտ»ի խաղարկութեան ծրագրով մասնակիցների գրանցումը սկսւում է նորից՝ այսօրուանից: Բոլոր նրանք, ովքեր խաղարկութեան մասնակցութեան համար գրանցուել են մինչեւ 2017թ. Հոկտեմբերի 18ը, պէտք է եւս մէկ անգամ գրանցուեն, որպէսզի յայտը մասնակցի խաղարկութեանը։

 

«ՌԱԴԻՕԼՈՒՐ»


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles