ՎԱՀԷ ՍԱՐՈՒԽԱՆԵԱՆ
Հայաստան-Լեհաստան (1-6) խաղում երբ մերոնք արդէն 25րդ րոպէին հերթական մանկական սխալից յետոյ երրորդ գոլը բաց թողեցին, մտածեցի, որ սա այն կէտն է, որն ի ցոյց է դնում ամբողջ հայկական ֆուտբոլի հիւանդ լինելը: Հաւաքականը, մեծ հաշուով, տուեալ երկրի ֆուտբոլի հայելին է, հետեւաբար այն, ինչ տեսնում ենք դաշտում Հայաստանի ընտրանու կատարմամբ, ցոյց է տալիս մեր ունեցած ֆուտբոլի դէմքը: Բայց այնպէս չէ, որ մի ամբողջ համակարգ նոր է հիւանդացել: Մեր ֆուտբոլի հիւանդ լինելու ախտանիշները երեւում էին դեռ «Եւրօ-2016»ի ընտրական շրջափուլում, գուցէեւ դրանից էլ առաջ: Պարզապէս ԱԱ-2018ի այս վերջին փուլում ամբողջական պատկերն է ներկայանում մեզ:
Որ մէր ֆուտբոլը հիւանդ է, ապացուցում է հաւաքականի գլխաւոր մարզիչ Արթուր Պետրոսեանի յուսահատութիւնը, որը կարծես իր պացիենտին (հիւանդին-Խմբ.) բժշկելու առաքելութիւն է ստանձնել, բայց տեսնում է, թէ ինչպէս է հիւանդն իր ձեռքից գնում:
Ամենացաւալին այն է, որ հէնց վերջինս չի հաւատում ինքն իրեն: «Բոլոր ֆուտբոլիստները պէտք է փորձեն իրենք իրենց վրայ աշխատել: Պարզ է, մարզիչը միշտ էստեղ կը նստի, պատասխանատուութիւնը միշտ իր վրայ կը վերցնի, բայց արդէն ժամանակն է նաեւ, որ ֆուտբոլիստները սկսեն մտածել պատասխանատուութեան մասին: Աւելի լաւ է էստեղ հիմա գետինը մտնէի, քան նստէի ու խաղից յետոյ պատասխանէի էս հարցերին», յետ-խաղեայ ասուլիսում նշեց Պետրոսեանը: Մարզչի ու հաւաքականի եւ ընդհանրապէս հայկական ֆուտբոլի երկրպագուների յուսահատութիւնը խորացնում է այն, որ ելք գրեթէ չի երեւում: Ելքին չի հաւատում նաեւ Պետրոսեանը, ու մնում է յուսալ. «Եթէ սկսեմ պատմել, թէ ելքը որն է, դա անհնար բան է կամ էլ բարի ցանկութիւն կը լինի: Ելքը էն է, որ լաւ, ուժեղ առաջնութիւն ունենանք, ֆուտբոլիստներ ունենանք, որոնք եւրոպական աւելի բարձրակարգ ակումբներում կը խաղան: Դա է ելքը, որն էս պահին անհնար է, բայց ինչպէս ասում են, յոյսը վերջում է մահանում, մնանք յոյսով»:
Յետոյ գլխաւոր մարզիչը իբրեւ ելք դիտարկում է արտասահմանում հանդէս եկող հայ ֆուտբոլիստներին հաւաքական հրաւիրելը, քանի որ հերթափոխի՝ երիտասարդական հաւաքականի խաղացողների հետ առանձնապէս յոյսեր չի կապում, որովհետեւ նրանք չեն աճում՝ ինչ-որ կէտից սկսած. «Մեր միակ ելքը դրսից Բայրամեանի, միւս-միւսի պէս ֆուտբոլիստներին հաւաքական բերելն է, այսինքն՝ մեզ թարմ արիւն է պէտք այնպայման»: Բայց արտերկրում ֆուտբոլիստ դարձած խաղացողներին հաւաքական բերելն իրականում ժամանակաւոր լուծում է, եթէ հայաստանեան ակումբները չեն մտածում կամ վատ աշխատանքի պատճառով չեն կարողանում որակեալ կադրեր ապահովել հաւաքականների համար, ուրեմն ժամանակ առ ժամանակ բոլորս կանգնելու ենք այս նոյն կոտրած տաշտակի առաջ:
Երբ ժամանակին հաւաքականում էին Ռոման Բերեզովսկին, Սարգիս Յովսէփեանը, ապա նրանց միացան Հայաստանում աճած Ռոբերտ Արզումանեանը, Հենրիխ Մխիթարեանը, Գէորգ Ղազարեանը, Կառլեն Մկրտչեանը, դրսից էլ հրաւիրուեցին Մարկոսը, Իւրա Մովսիսեանը, Արասը, որոշ ժամանակ անց հաւաքականի ամուր կորիզ ձեւաւորուեց, ԵԱ-2012ի եւ ԱԱ-2014ի ընտրական փուլերում գլխաւոր մարզիչ Վարդան Մինասեանը կարողացաւ գրագէտ աշխատանքով լաւ արդիւնքներ գրանցել, բայց «ներքեւից» եկող որակեալ նոր սերունդ չեղաւ, տարեցներն աւարտեցին կարիերան (հանգստի կոչուեցան-Խմբ.), ֆուտ-բոլի ֆեդերացիայի նախագահը «վհուկների որս» սկսեց հաւաքականի ճամբարում, թիմից հեռացուեցին Արզումանեանը, Մովսիսեանը, Կասպարովը, ովքեր իրենց օղակներում լաւագոյններն էին, բայց նրանց փոխարինողները չկարողացան լրացնել այդ բացը, որն, ինչպէս տեսնում ենք խաղից խաղ, աւելի է մեծանում:
Մեր երկիր ժամանած օտարերկրեայ ֆուտբոլային գործիչները պարբերաբար նշում են, որ շատերը կը նախանձէին այն ենթակառուցուածքներին, որոնք կան Հայաստանում: Խօսքը մարզադպրոց-ակադեմիաների, բնական ու արհեստական խոտածածկով մարզադաշտերի մասին է, որոնցում նոր ֆուտբոլիստներ պիտի աճեն: Դրանք գուցէ շատ չեն, բայց եղածներից դուրս եկած կադրերը, փաստ է, չեն բաւարարում պահանջները: Ինչպէս կարծիք է յայտնում Արթուր Պետրոսեանը, երիտասարդները, թերեւս, բաւարարւում են ընդամէնը 6 թիմի մասնակցութեամբ բարձրագոյն խմբի առաջնութիւնում կամ մինչեւ 21 տարեկանների հաւաքականում խաղալով:
Եթէ ընդունենք, որ այդպէս է, ուրեմն մեղաւոր է ոչ միայն տուեալ պատանին կամ երիտասարդը, որը փնթի վերաբերմունք է ցուցաբերում իր գործին, այլեւ մանկապատանեկան դպրոցի այն մարզիչները, որոնք պրոֆեսիոնալ վարուելակերպ չեն սովորեցնում նրանց, միգուցէ նաեւ այն պատճառով, որ հէնց իրենք պրոֆեսիոնալիզմի պակաս ունեն:
Այս պահին ով էլ լինի հաւաքականի ղեկին, յայտնուելու է ահռելի ճնշման տակ: Պետրոսեանի տարբերութիւնն իր նախորդներից այն է, որ այլոց մէջ մեղաւորներ չի փնտռում, որովհետեւ խոցելի է ամբողջ համակարգը՝ մանկապատանեկան ֆուտբոլից մինչեւ ազգային հաւաքական ու ֆուտբոլի ֆեդերացիա: Եւ սա հասկանում են գրեթէ բոլորը: Ճնշումն իր վրայ վերցնելով՝ նա ասում է, որ ելքն այս պահին անհնար է. աւելին՝ նշում է, որ այս կազմի հետ յոյս չի կապում, ու ներկայ ֆուտբոլիստներով բարդ կը լինի պայքարել անգամ Ազգերի լիգայում, որտեղ թիմերն աւելի հաւասարազօր են լինելու: Հակադարձելն, իրօք, դժուար է:
Եթէ Մոնտենեգրոյի հետ երեւանեան խաղում առաջին կէսի 0-2 հաշուից յետոյ գիւմրեցի Պետրոսեանը կարողացաւ ընդմիջմանը «թասիբի գցել» իր թիմին, հոգեբանօրէն տրամադրել, հիմա դա էլ չի ստացւում: Երբ թիմի աւագ Մխիթարեանը խաղից առաջ ասում է, որ խաղալու են ազգի ու թասիբի համար, հանդիպման ընթացքում հարց է ծագում, թէ նրա խաղընկերներից քանիսն են մտածել Հենոյի նման:
Եւ ամենեւին պէտք չէ, որ Հենրիխն իր վրայ վերցնի պարտութեան մեղքը‘ մի տեսակ նեղացած եզրափակելով, թէ «չենք կարող բոլորին գոհացնել, ոչ բոլորը կարող են սիրել մեզ»: Երկրպագուներն ու լրագրողները միշտ էլ թիմի կողքին են եղել, ուրախացել են յաղթանակներով, ցաւել պարտութիւններով, դժուար թէ մեր երկրում ու Սփիւռքում լինի մէկը, ով Հայաստանի հաւաքականի վատը ցանկանայ, այդ ցանկութիւնն է հէնց բերում երբեմն էլ կոշտ քննադատութեան, որից խուսափել պէտք չէ:
Բայց ինչպէս չքննադատել Տարօն Ոսկանեանի կամ Կամօ Յովհաննիսեանի նման խաղացողներին, որոնք ուղղակի փնթի ու անպատասխանատու հանդիպում են անցկացնում: Նոյնը վերաբերում է դարպասապահ Գրիգոր Մելիքսէթեանին, որն Արսէն Բեգլարեանի պէս սկսել է ֆոկուսներ (աճպարարութիւններ-Խմբ.) ցոյց տալ:
Լեհերի գրեթէ բոլոր գոլերը ծնուեցին մեր ֆուտբոլիստների մանկական սխալների արդիւնքում: Այլ կերպ ասած՝ այնպէս չէր, որ մրցակիցն իր բարձր կարգի շնորհիւ սեղմեց դաշտի տէրերին սեփական տուգանայինին ու աստիճանաբար խաղային առաւելութիւնը վերածեց նիւթականի: Ուղղակի լեհերն այնքան հմուտ էին, որ ձեռքից բաց չթողեցին մերոնց շռայլած սխալները:
Առաջին դէպքում Ոսկանեանի փոխանցումից յետոյ Ադամեանից հեշտութեամբ փախցրին գնդակը, հետեւեց փոխանցում Պիշչեկին, որին պաշտպանութեան ձախ եզրում դիմաւորող չկար, որովհետեւ բոլորն առաջ էին գնացել ու այդքան արագութիւն չունէին, որ հասնէին նրա հետեւից: Արդէն 2րդ րոպէին լեհ եզրայինի փոխանցումից յետոյ Գրոսիցկու հարուածը անկասելի չէր, բայց նախ՝ նրան փակող չկար, երկրորդ՝ Մելիքսէթեանը հակառակ ուղղութեամբ ցատկեց: Վերադարձել ենք «հին ու բարի» ժամանակներին, երբ առաջին րոպէներից գոլ էինք ընդունում, այսպէս ասած, խաղը 0-1 հաշուով սկսում: Երկրորդ դրուագում էլ կրկին «հարթ տեղում» Գոռ Մալաքեանը չկարողացաւ սանձել գնդակը, մրցակիցը փախցրեց այն, յետոյ Ոսկանեանը խախտեց կանոնները, նշանակուեց տուգանային, իսկ Լեւանդովսկին 18րդ րոպէին պատի վրայով վարպետօրէն գնդակը կախեց ցանցի մէջ: Երրորդ գոլը կոմեդիա (կատա-կերգութեան-Խմբ.) էր. Մելիքսէթեանը կասեցրեց եզրից եկած փոխանցումը ու շտապեց վերցնել գնդակը, իսկ Ոսկանեանը, չգիտես, թէ ինչից վախեցած, մօտ տարածութեան վրայ ոտքով փոխանցում կատարեց նրան, դարպասապահն էլ, նորից չգիտես ինչու, վերցրեց գնդակը: Մանկական սխալներ՝ իրար հետեւից: Երբեք այսպիսի յիմար իրավիճակում մեր հաւաքականը չէր յայտնուել: Դարպասապահի հրապարակում նշանակուած ազատ հարուածի խաղարկումից յետոյ Լեւանդովսկին իր երկրորդ գոլը խփեց արդէն 25րդ րոպէին:
Ու չնայած 39րդ րոպէին անկիւնայինից Մխիթարեանի փոխանցումից յետոյ Յովհաննէս Համբարձումեանը գլխով գեղեցիկ գոլ խփեց, երկրորդ կէսում լեհերը կրկին նուէրներ ստացան: 58րդ րոպէին Բլաշչիկովսկին մատի վրայ խաղացրեց պաշտպաններին, ու չնայած հարուածը վտանգաւոր չէր, Մելիքսէթեանի ձեռքերի կողքով գնդակը մտաւ ցանցը: Այս գոլն, ինչպէս խոստովանեց Պետրոսեանը, կոտրեց թիմի ողնաշարը: Թիմերն անցկացրել էին մէկ ժամ, բայց խաղի ընթացքից պարզ էր, որ էլի գոլեր են լինելու: 64րդ րոպէին լեհերը նորից կարուսել կազմակերպեցին հայկական պաշտպանութիւնում, Գրոսիցկու փոխանցումից յետոյ գնդակը կտրեց-անցաւ ամբողջ կենտրոնն, ու աջ եզրից ներխուժած Լեւանդովսկին հաճոյքով հեթ-տրիկ ձեւակերպեց՝ 1-5: Պաշտօնական խաղերում նման հաշիւ գրանցուել էր 1996ի Հոկտեմբերի 9ին, երբ մեր թիմը պարտուել էր Եւրոպայի չեմպիոն Գերմանիային: Բայց 89րդ րոպէին մի նուէր էլ մատուցեց Կամօ Յովհաննիսեանը, որը, ինչպէս գրել ենք նախկինում, գնդակն իրենից առաջ թողնելու անլուծելի թուացող խնդիր ունի: Նրա կասեցումը տուգանային հրապարակում դարձաւ գոլային փոխանցում Վոլսկու համար՝ 1-6:
Պաշտօնական խաղերում Հայաստանը երբեք 6 գոլ չի ընդունել, սա նոր հակառեկորդ է: Այս շրջափուլում մեր ընտրանին աչքի է ընկնում հակառեկորդներ թարմացնելով: Երեւանում 0-5 հաշուով պարտուեց Ռումինիային, հիմա էլ՝ 1-6:
9 խաղում թիմը 25 գոլ է ընդունել, նոյնքան գոլ բաց էինք թողել նաեւ աշխարհի 2006թ. առաջնութեան ընտրական փուլում, բայց 12 խաղում: Այսինքն՝ եւս մի հակառեկորդ ունենք, չնայած դեռ արտագնայ խաղ կայ ղազախների հետ, ու կարող է հակառեկորդի թարմացում լինել: Ընդ որում՝ երբեք այսքան շատ խոշոր հաշիւներով չենք պարտուել մի շրջափուլի ընթացքում:
Ցաւալին այն է, որ երբեւէ մեր հաւաքականից «վառուած» թիմերն այս անգամ լիովին կարողացան ռեւանշի (վրէժի-Խմբ.) հասնել: Տեսէք, երբ 2004ին Երեւանում մերոնք ռումինների հետ 1-1 խաղացին, նրանց գլխաւոր մարզիչ, գեներալ Անգել Եորդանեսկուն պաշտօնանկ արուեց, այս անգամ ռումինները 5-0 հաշուով «ապտակեցին» մեզ: Երեւանում 2-0 հաշուով յաղթելիս Մոնտենեգրոն պարտուեց 2-3, սակայն տանը գեղեցիկ ձեւով ռեւանշի հասաւ 4-1, ինչից յետոյ այդ երկրում շեշտում էին, որ Երեւանում տեղի ունեցածը պատահականութիւն էր: Դանիացիները երեւի երբեք չեն մոռանայ 2013ին Կոպենհագենում գրանցուած 0-4 հաշուով պարտութիւնը հայերից, ինչից յետոյ չէին կարողանում «իւղոտ» հաշուով յաղթել մերոնց: Բայց Աեպտեմբերին հասան իրենց ուզածին. Երեւանում գրանցուեց 4-1: Լեհերն էլ Երեւանում երբեք չէին յաղթել, մի անգամ ոչ-ոքի էին խաղացել, մի անգամ պարտուել, բայց (Հինգշաբթի, 5 Հոկտեմբեր) ամէն ինչ կարգաւորեցին, 6-1ը երկար կը յիշուի:
ԱԱ-2018ի ընտրական 5րդ խմբում 4 թիմերի հետ խաղերում բացասական հաշուեկշիռ ունենք. Լեհաստանի հետ՝ 2 պարտութիւն, գոլերը՝ 2-8, Դանիայի հետ՝ 2 պարտութիւն, գոլերը՝ 1-5, Մոնտենեգրոյի հետ՝ 1ական յաղթանակ եւ պարտութիւն, գոլերը՝ 4-6, Ռումինիայի հետ՝ 2 պարտութիւն, գոլերը՝ 0-6:
Բանը հասել է նրան, որ նոյնիսկ Արթուր Պետրոսեանն արդէն զգուշօրէն է խօսում ղազախների հետ ամսի 8ին կայանալիք խաղի մասին: Երկու թիմերը հանդիպել են 6 անգամ, 4ում յաղթել են հայերը, մէկում՝ ղազախները, մէկ անգամ էլ ոչ-ոքի է գրանցուել: Բայց հիմա ամէն ինչ այլ է, ինչը պարզ է դառնում նաեւ Պետրոսեանի խօսքերից. «Պէտք է հասցնենք պատրաստուել, գոնէ լաւ խաղով էս փուլը վերջացնենք, ուրիշ միջոց չունենք, պարտաւոր ենք վերականգնուել, որպէսզի Ղազախստանում չխայտառակուենք, էդպէս ասեմ»: