Quantcast
Viewing all articles
Browse latest Browse all 2064

Բարեգործութեան Եւ Բարերարների Մասին

ՎԱՐԴՈՒՀԻ ՔՈՒՇԵՐԵԱՆ

Դեռեւս հնագոյն ժամանակներից հայը յայտնի է եղել իր քաջազնական ոգիով, անբասիր եւ վսեմ նկարագրով: Մարդկային առաքինութեան լաւագոյն գծերի կողքին, նրան յատուկ է եղել նաեւ բարեգործութիւնը: Սա պատմական փաստ է: Բաւական է յիշել մի քանիսին՝ ազգաշէն գործերով յայտնի Վաչագան Բարեպաշտը, Կիլիկիայի Լեւոն Մեծագործ կամ Բարեպաշտ անուանուած թագաւորը, Ներսէս Մեծ քահանայապետը, որին ժողովուրդը «մեծ» է կոչել իր բարեսիրական բազում գործերի համար:
Գուցէ այսօր չունենայինք Մ. Խորենացու «Հայոց պատմութիւն»ը, եթէ չլինէր բարեպաշտ մի անձնաւորութիւն՝ Սահակ Բագրատունին, ում խնդրանքով պատմահայրը գրել եւ սերունդներին է փոխանցել մեր նախնեաց պատմութիւնը: Գրքի սկզբում պատմահայրը փառաբանում է Սահակին, նրան անուանելով՝ աստուածային շնորհներով օժտուած անձնաւորութիւն, որ նման հաճելի եւ օգտակար առաջարկ է անում, որը մօտ է նաեւ իր ճաշակին եւ աւելացնում է. «Եւ որովհետեւ մեզ հաճելի թուաց քո հրամանով մեր յանձն առած նեղութիւնն աւելի մեծ բաւականութիւն համարել, քան ուրիշներից (առաջարկուած) ուրախութիւններն ու կերուխումը»:
Որոշ անհատներ առանձնանում են շրջապատից՝ իրենց բնորոշ մարդկային բարձր առաքինութիւններով եւ այլ դրական յատկանիշներով. դրանով էլ նրանք դառնում են բացառիկ: Յայտնի նաւթարդիւնաբերող, ազգային մեծ բարերար Մանթաշեանը մէկն էր դրանցից: Նրա կեանքի մասին յամառօտ ակնարկը մեզ է փոխանցում  հետաքրքրական տեղեկութիւններ նրա բնաւորութեան դրական գծերի մասին: Ի տարբերութիւն այլ մեծահարուստների, որոնց հարստութիւնն ու պերճանքը հասցնում են այլասերման, Մանթաշեանին յատուկ են եղել՝ անյարկի խնճոյքներից ու կերուխումներից հեռու, համեստ ապրելակերպը եւ իր ազգակիցներին օգտակար հանդիսանալու պատրաստակամութիւնը:
Նրա նիւթական օժանդակութեան շնորհիւ են իրագործուել՝ Թիֆլիսի Ներսիսեան հոգեւոր ճեմարանի եւ Էջմիածնի հոգեւոր կեդրոնում բարձրացող կաթողիկոսական վեհարանի կառուցումը: Իր տրամադրած միջոցներով կառուցուել են եկեղեցիներ, դպրոցներ եւ հիւանդանոցներ: Մեծ բարերարի ազգային մտածելակերպի մասին է խօսում նաեւ ուշագրաւ այն փաստը, որ իր ազգակիցներին աշխատանք ապահովելու նպատակով, նա իր գործարաններում ղեկավար պաշտօնների վրայ նշանակել է բացառապէս հայերի:
Յիշելով բարերարներին, չպէտք է մոռանալ  բարերարութիւններով յայտնի մի մեծ գերդաստանի՝ Լազարեաններին եւս, ովքեր մեծ ծրագրեր են իրագործել կրթական եւ մշակութային ասպարէզներում: Հայազգի բարեգործների թւում նշանաւոր է նաեւ յայտնի նաւթարդիւնաբերող՝ Միքայէլ Արամեանցի անունը:
Հայ ժողովուրդը, ոչ հեռու անցեալում եւս, ունեցել է բարերարներ. նշանաւոր  հայագէտ Յ. Սիրունին իր «Պոլիս եւ իր դերը» քառահատոր աշխատութեան մէջ, հայ ամիրաներին նուիրուած բաժնում, անդրադարձել է բարեսիրական բնագաւառում յայտնի՝ Պալեան, Տատեան եւ Տիւզեան գերդաստաններին: Գրքում յատուկ գլուխ է նուիրուած՝ իր ժամանակին մեծ ժողովրդականութիւն վայելող Պէզճեան ամիրային, ով բնութագրուած է հետեւեալ տողերով, որ նա՝ «պատմութեան կ՛անցնէր իր անթուելի բարերարութիւններով եւս, որոնք զինք կը հանդիսացնէին իբրեւ մէկը հայ ժողովուրդի ամէնէն մեծ բարերարներէն»: Նշուած է, որ նրա կատարած բազում բարերարութիւններից ամենայայտնին՝ Պոլսոյ Ազգային հիւանդանոցի հիմնադրումն  է: Օրինակները բազմաթիւ են:
Դժուարին այս ժամանակներում, իւրաքանչիւրիս օգնութիւնը անչափ կարեւոր է: Բոլորս էլ կարող ենք դառնալ բարերարներ (մեծ կամ փոքր), իսկ կարիքները բազմազան են, որոշները՝ հրատապ, ինչպէս՝ սուրիահայութեան զօրաւիգ կանգնելը, Հայաստանի սահմանամերձ գիւղերին կամ բնական աղէտից տուժած շրջաններին օգնութեան ձեռք մեկնելը, եւ այլ նման ծրագրեր: Վերջերս թերթում տպուած թղթակցութիւնից պարզուեց, որ կազմակերպուելու է Ազգային վիճակախաղ՝ ի նպաստ Արցախի ազատագրուած շրջանների վերաբնակեցման ծրագրի: Հայաստանի հզօրացման ուղղուած եւ ռազմավարական նշանակութիւն ունեցող նման ծրագրերին օժանդակելը նոյնպէս բարեսիրական գործ է:
Վերոնշեալ օրինակների մէջբերումները ինքնանպատակ չեն:  Դրանք միտում ունեն խրախուսելի օրինակ հանդիսանալ նոր սերնդին՝ շարունակելու մեր հայրերի ու նախահայրերի արդար գործը, քանի դեռ ժողովրդի յիշողութիւնից իսպառ չեն անհետացել անցեալի կարեւոր դէպքերն ու դէմքերը:
Լիայոյս ենք, որ մեր օրերի պատմագիրը պատմութեան էջերի մէջ կ՛անմահացնի մեր հին ու նոր բարերարների անունները եւս, որովհետեւ ազգի պատմութիւնը կերտւում է ոչ միայն  իր թագաւորների եւ ազգային հերոսների, այլեւ՝ ազգային բարերարների կատարած հայրենաշէն գործերով:


Viewing all articles
Browse latest Browse all 2064

Trending Articles